Կարեն Ջանոյանի բոլոր հրապարակումները

karen janoyan

Պատմում է մայրս

«1988 թ. նոյեմբերի 21-ին Նախիջևանի Զնաբերդ գյուղում սովորական առավոտ էր: Ամեն ինչ կարգին էր թվում մինչև այն պահը, երբ հայտարարեցին, որ դասերը հետաձգվում են, և բոլորին ուղարկեցին տուն: Պարզ երևում էր, որ մի բան այն չէ, բայց մեզ ոչինչ չէին ասում: Հեռուստացույցով ցուցադրվում էին Սումգաիթի ջարդերը: Ավելի ուշ տեղեկացանք, որ մի հայ կին, ով ամուսնացած էր ադրբեջանցու հետ, զանգել և զգուշացրել էր, որ գիշերը գյուղի վրա հարձակում է լինելու  ադրբեջանցիների կողմից, և հարկավոր է փախչել: Սակայն դա այդքան էլ հեշտ չէր, քանի որ գյուղը երեք կողմից շրջապատված էր ադրբեջանական գյուղերով, և գրեթե անհնարին էր թվում աննկատ փախչելը: Երեկոյան արդեն ամեն ինչ մտածված էր: Մենք պետք է գիշերը սարերի միջով աննկատ անցնեինք ադրբեջանական գյուղերի կողքով, որպեսզի հասնեինք Հայաստան: Հիշում եմ, ոտքով քայլում էինք սարերի միջով, առանց որևէ շշուկի և լույսի, իսկ արահետները կարծես անդադար երկարում էին: Բայց մեզ հաջողվեց հաղթահարել այդ ամենը և հասնել հայկական գյուղերին, որտեղ մեզ օգնությունն արդեն սպասում էր: Փրկվեցինք»:     

Այս ամենը պատմում է մայրս: Երբ նա 17 տարեկան էր, Նախիջևանի վերջին հայկական գյուղից` Զնաբերդից, ընտանիքով գաղթել են Հայաստան` թողնելով իրենց հարազատ գյուղը: Նա միշտ կարոտով է հիշում իր մանկության տունը: Երբ նա պատմում է, չեմ կարողանում հավատալ, որ այդ ամենի ականատեսը մայրս է եղել: Թվում էր, նման տեղահանություններ, արտագաղթ եղել են դարեր առաջ, և այդ մասին միայն դասագրքերից կարող ես իմանալ, բայց…

karen janoyan

Բազմակողմանի զարգացած մարդ

«Քո հայրը դասարանում ամենալավ մաթեմատիկա իմացողն էր, դու ինչի՞ ես թույլ մաթեմից»: Շատ եմ լսում այս արտահայտությունը այն մարդկանցից, ովքեր ճանաչում են ինձ և հորս:

Հայրս եղել է դասարանում ամենալավ մաթեմատիկա իմացող աշակերտներից մեկը, սակայն ես թույլ եմ այդ առարկայից: Պատճառը այն չէ, որ չեմ սիրում մաթեմատիկան, այլ փոքր-ինչ դժվարանում եմ: Հայրս աշխատում է արտերկրում: Կարծում եմ սա է պատճառը, որ ես դժվարանում եմ այդ առարկան սովորել, քանի որ շատ ժամանակ չեմ անցկացնում հորս հետ: Միգուցե այստեղ լիներ, կօգներ, կբացատրեր, կխրախուսեր:

Ես ավելի շատ սիրում եմ հումանիտար առարկաներ՝ օտար լեզուներ և պատմություն, սակայն ավելի կարևոր եմ համարում բնագիտական առարկաների իմացությունը, քանի որ դրանք շատ են կապված առօրյա կյանքի հետ:

Իհարկե յուրաքանչյուր առարկա ունի իր կաևորությունը: Կարծում եմ, մեկ առարկայի լավ տիրապետելը քիչ է համակողմանի գիտելիքներ ունենալու համար:

Մարդիկ պետք է լինեն բազմակողմանի զարգացած և ունենան որոշակի տեղեկություններ բոլոր առարկաներից:

Անկեղծ զրույց

Լուսանկարը՝Կարեն Ջանոյանի

Լուսանկարը՝Կարեն Ջանոյանի

Մի քանի օր առաջ պատանի թղթակիցներով այցելել էինք Գնդեվազ գյուղ: Մենք շրջում էինք գյուղում և փորձում լուսանկարել այնտեղի առօրյան և մարդկանց: Սկզբում մարդ չկար փողոցներում: Պատճառը երևի անտանելի ցուրտն էր: Հետո հանդիպեցինք մի պապիկի, ով պատրաստվում էր մաքրել գոմը: Մոտենալով նրան սկսեցինք զրուցել և հարցեր տալ գյուղի առօրյայից: Նա ներկայացրեց գյուղի կյանքն իր դժվարություններով և պատմեց իր մասին: Ես նրան հարց տվեցի և պատասխանից, անկեղծ ասած, մի քիչ զարմացա: Հարցը սա էր. 

-Եթե հնարավորություն լիներ քաղաք տեղափոխվելու, կգնայի՞ք:

Իսկ նա պատասխանեց.

-Էդ ո՞ր մի հիմարը չէր գնա:

Պատասխանը լսելով բոլորս մի պահ ծիծաղեցինք: Հետո ես ասացի, որ կան շատ մարդիկ, ովքեր գյուղը գերադասում են քաղաքից, և պետք չէ մտածել միայն գյուղից փախնելու մասին, այլ պետք է մտածել այն զարգացնելու և շենացնելու մասին:

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր աշխատասեր գյուղացի այս երկրի տերերից մեկն է, որովհետև գյուղը պետության հիմքն է:

Վարպետ Մելիքը

Հիշում եմ, երբ փոքր էի, մի օր առավոտյան ինչ-որ ձայն էր լսվում: Դռնից դուրս նայելով, ես փորձեցի պարզել, թե ինչ ձայն է դա, և տեսա սպիտակ մազերով մի ծերունու, ով դանդաղ տաշում էր կարմիր տուֆ քարը: Նա այնքան էր աշխատել քարերի հետ, որ ձեռքերն արդեն կոշտացել էին: Միայն ձեռքերին նայելով երևում էր, թե որքան աշխատասեր մարդ է:
Քեզ է՞լ հետաքրքրեց, թե ով էր նա:
Ազատեկ գյուղի վարպետի ընտանիքում ծնվեց չորրորդ որդին՝ Մելիքը: Որդիներից միայն Մելիքը բռնեց հոր ուղին և դարձավ քարտաշ, իսկ մյուս երեք եղբայրները՝ Մելսիկը, Սուրիկը և Հուսիկը, մեկը` ինժեներ, մյուսը` հաշվապահ, իսկ երրորդը դարձավ տնօրեն: Նրանք ունեին ևս երկու քույր: Նախնիները եկել էին Խոյից դեպի Ազատեկ, որը նշանակում է ազատ տարածք:
Քրոջ հետ Ազատեկից տեղափոխվելով Երևան, Մելիքը կառուցել է իր և իր քրոջ տները, այնուհետև իր տունը վաճառելով, տեղափոխվել քաղաք Վայք (նախկինում Ազիզբեկով): Եվ արդեն Վայքում կառուցել է իր սեփական տունը:
Որոշ վարպետներ այդ թվում նաև ինքը, կառուցել են Վայքի մշակույթի կենտրոնի շենքը և այլ բնակելի շենքեր: Նրա կառույցների մասին կարելի է խոսել ժամերով: Մարդ, ով աշխատեց նույնիսկ իր կյանքի վերջին տարիներին, կառուցելով Մարտիրոս գյուղի եկեղեցին:
Այդ մարդը պապս էր՝ վարպետ Մելիքը:
Նա արդեն վեց տարի է` մահացել է: Մահացել են նաև նրա երկու եղբայրները և քույրերը: Այսօր էլ նրա կառուցած շինությունները կանգուն են, և նրան հիշում են որպես աշխատասեր մարդու, որպես վարպետ Մելիք: