Մարինե Իսրայելյանի բոլոր հրապարակումները

marine israyelyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Հրաժեշտից առաջ

Միշտ գնահատել եմ ճամբարային ծրագրերը առավելպես նոր ընկերների ձեռքբերման համար: Իհարկե, հնարավոր չէ միաժամանակ բոլոր մասնակիցների հետ ընկերանալ, բոլորի հետ ծանոթանում ես, բայց երբ կարողանում ես երկուսի հետ մտերմանալ, դա իսկապես մեծ ձեռքբերում է:

Բացի բազմազան մեդիագիտելիքներից Դիլիջանի ճամբարում ես երկու մեծ տիեզերք բացահայտեցի. Մարիամը՝ Ամասիայից և Նոնան՝ Եղեգնաձորից: Նրանք երկուսն էլ տարբեր են, ունեն ինքնատիպ հետաքրքրություններ: Մարիամը թունդ հայրենասեր-համայնքասեր է և հարգում է բոլոր այն ամասիացիներին, որոնք ձգտում են ինչ-որ լավ գործ անել իրենց հայրենի գյուղի համար, իսկ Նոնան պայծառություն է, լավ տրամադրություն, ուղղակի հրաշք աղջիկ:

Այնքան ուրախ եմ, որ գոնե ինտերնետի միջոցով կարող եմ շարունակել շփումս այնքան հաճելի մարդկանց հետ, որոնցից պիտի բաժանվեմ ճամբարի ավարտին: Բացի նրանցից ճամբարի անձնակազմի և մասնակիցների շրջապատում գտնվելը, միասին աշխատելը իսկական երջանկություն է: Այնքան հաճելի է տեսնել բոլորի անկեղծ սիրալիր վերաբերմունքը բոլորիս նկատմամբ:

Երբ մասնակցում ես բազմաթիվ ճամբարների, զուգահեռներ անցկացնելով համեմատում և գնահատում ես յուրաքանչյուր մանրուք: Վեցօրյա հաշվարկներից և փորձից հետո իմ մասնակցած ճամբարների բուրգի գագաթին հայտնվեց Դիլիջանի մեդիա ճամբարը, որի համար շնորհակալությունս հայտնում եմ «Մանանա» կենտրոնին:

Դիլիջանյան մեդիա ճամբար. օր երկրորդ

Գիշերվա անուշ քնից հետո առավոտը ավելի անուշությամբ բացվեց մեր հաճելի անձնակազմով սենյակում: Ընկերական հարաբերությունները ավելի ծիծաղելի և ամուր երանգ են ստանում նախաճաշի ժամին:  Ճաշարանում կերակրում են միայն, երբ սեղանի կազմը լրացված է լինում: Ահա այդ պահին քաղցը մեզ ստիպում է հավաքել մեր հարևան սենյակների ընկեր-ընկերուհիներին  և հաղթարշավել դեպի ճաշարան ՝ տիկին Գայանեի պատրաստած համեղ ճաշերը համտեսելու: Հետո իհարկե մեզ ավելի հետաքրքիր աշխատանքներ էին սպասում: Մենք վերհիշեցինք լուսանկարներ անելու մի շարք կարևոր հիմունքներ, որոնք արդեն սովորել էինք Զիկատարի դասընթացի ժամանակ: Անցանք նաև կանոններ կապված արդեն վիդեո և ֆիլմ նկարելու հետ: Այնուհետև բաժանվելով խմբերի, հարցազրույցներ վերցրեցինք միմյանցից: Բավականին հետաքրքիր անցավ, քանի որ հարցազրույցի միջոցով կարողացանք ավելի լավ ճանաչել միմյանց ու մտերմանալ: Ճաշից հետո վարպետության դաս ունեցանք «ՊանՖոտո» գործակալության  ֆոտոլրագրող  Արամ Կիրակոսյանի հետ: Մի քանի ժամում քննարկեցինք ֆոտոյի 200 տարվա պատմությունը . դիտեցինք հայտնի լուսանկարիչների աշխատանքները՝ այդ թվում նաև Արամ Կիրակոսյանի աշխատանքները: Ամենատպավորիչը ինձ համար  հոգեբուժարանում գտնվող մարդկանց լուսանկարներն էին: Դեմքեր, որոնցից յուրաքանչյուրը իր մեջ մի յուրօրինակ, իր տեսակի մեջ ամենաճիշտ իրականությունն էր ամփոփում:
Հետո ֆիլմերի գաղափարների ընտրության քննարկում եղավ, որը շարունակվեց ընթրիքից հետո: Վաղը մենք ֆիլմ ենք նկարելու:

Քանի որ օրը հագեցած էր, մեզ 21:30-ին  հանգիստ տրվեց: Մի մասը շտապեց քնելու, մի մասն էլ որոշեց մի քիչ ժամանցային խաղեր խաղալ:

Մարինե Իսրայելյան

***

Արդեն մի քանի ամիս շարունակ «Մանանայի» հետ  աշխատել ենք միայն օնլայն: Երեխեքին ՝ մյուս թղթակիցներին էլ չէի ճանաչում, միայն կարդացել էի շատերի նյութերը ու դրանով ծանոթացել էի նրանց աշխարհայացքին: Իհարկե, այդքանը  բավական չէր  ընկերանալու համար: Եվ ահա մենք ՝ թղթակիցներիս մի մասը, մեդիա ճամբարում ենք: Հիմա ընկերանալու, շփվելու ժամանակն է:

Այսօր երկրորդ օրն է,  ու մեզ արդեն հանձնարարվեց երեք հոգանոց խմբեր կազմել և միմյանցից հարցազրույց վերցնել: Այս հանձնարարության հիմքում ընկած էր,  տեսանկարահանման և հարցազրույցի  վերաբերյալ ստացած գիտելիքների վերանայումը: Բայց ինչպես ես հետո գլխի ընկա, այստեղ  մենք ևս մի բան շահեցինք: Մենք ճանաչեցինք իրար շատ մոտիկից: Դե պատկերացրեք, մեկս մյուսիցս հարցազրույց վերցնելու համար  գրում ենք բազմաթիվ հարցեր, ապա տալիս ենք այդ հարցերը, և շատ անկեղծ պատասխանում:

Ես աշխատում էի Վահեի ու Անիի հետ: Մի քսան րոպե նկարհանման վայր ման եկանք` մեր սովորած նոր տեխնիկական պահանջներին համապատասխան: Մեկ լույսն էր վատը, մեկ դրսում աղմուկ էր, հյուրանոցի  ճաշարանում սառնարանների ձայնը  թույլ չտվեց, և այդպես   վերջապես գնացինք Անիի ննջասենյակ, փակեցինք պատուհանները, անջատեցինք սառնարանը և համարյա թե կատարյալ լռության մեջ սկսեցինք:
Առաջինը  ինձ էին հարցեր տալիս: Ես մեկ «շաշ-շաշ» պատասխաններ էի տալիս, մեկ զայրանում էի հարցերի վրա, ու դառնում ընդհատման պատճառ: Դե, ինչպես բոլոր նկարահանումների ժամանակ, այդպես էլ  այստեղ, մեկ էլ մեզ այցելեց  անկառավարելի  ծիծաղ» կոչվածը, որը մեզ ուղեկցեց  նկարահանումների ողջ ընթացքում: Ե՚ս, Անին, հետո` Վահեն: Ես  երկուսին էլ շատ լավ ճանաչեցի,  շնորհիվ իմ մանրակրկիտ հարցադրումների: Ես  տալիս էի նախատեսածից շատ հարցեր: Չնայած նրան, որ նախատեսված էր շատ կարճ հարցազրույց  անց կացնել, ես ավելի ու ավելի էի «մանրանում»: Վերջում էլ ասեմ`
«լավ էլ կենեի, ես  չէի կրնա էտ հնարավորությունը բաց թողնայի, ես բդի ճանչեի չէ՚՞»:

Մարիամ Հայրապետյան

marine israyelyan

Աստղի մի շող մանկությունից

Աստղիկ տատիս բնավորությունն այդպիսին էր. նա ինձ համբուրում էր միայն ծննդյանս տարեդարձին: Դեռ դպրոց չէի գնում և մի օր այնքան կենտրոնացա այս կետի վրա, որ հիմարաբար նույնիսկ կարծեցի, թե նա ինձ չի սիրում: Ես այնքան էի նեղանում, ամաչում էի ինքս մոտենալ, իսկ նա ինձ չէր կանչում: Նեղանում էի նաև մեր գյուղում ապրող մի տատիկից, որը երբեք չէր պատասխանում իմ բարևին: Մեծանալով հասկացա, որ իմ բարևները չեն հասնում այդ տատիկին, քանի որ նա շատ տարիներ էր արդեն, ինչ չէր լսում: Հասկացա  նաև, որ չնայած իր զգացմունքների արտահայտման մեջ խիստ չափավոր լինելուն, տատիս  սրտում բոլոր թոռնիկների համար էլ սիրո մի-մի ծով էր թաքնված:

Այսպիսով իմ մանկական ապստամբությունը այնքան հասունացավ, որ ես դիմում-բողոքով ներկայացա վերին ատյան՝ հորս: Նա ուշադրությամբ լսեց, բայց ոչինչ չասաց:

Հաջորդ օրը ամառային մի այրող օր էր, ես, ամեն ինչ մոռացած, ցատկոտում էի պատշգամբում՝ անվերջ ձանձրացնելով մայրիկիս իմ բարձրագոչ ելույթներով. իրականում ես խնդրում էի մայրիկիս, որ խնդրի ընկեր Վարդանյանին (մեր դպրոցի տնօրենին) ինձ դպրոց ընդունել, սակայն անկախ իմ շտապողականությունից նախադպրոցական տարիներս համառորեն երկարում էին: Հանկարծ աչքերս նկատեցին ճամփին Աստղիկ տատիս՝ դեպի մեր տուն եկող հանդարտաքայլ կերպարանքը: Ես մոտեցա պատշգամբի ծայրին և իմ անվերջ աճապարանքով սկսեցի սպասել, արագ-արագ սպասում էի, իսկ նրա քայլերը մանր էին ու դանդաղ: Եկավ (այս պահը հիշողությանս մեջ անջնջելի է մնացել, որպես խնամքով թաքցված սիրո հանկարծաշող ճառագայթ) դեռ աստիճանների գլխին՝  պատշգամբին չհասած, ինձ դիմեց մի այնպիսի ջերմությամբ, որ սիրտս մինչև հիմա էլ լցվում է.

-Ճուտ ջեն, արի պաչեմ,- պարզ էր՝ մանկական միամտությունս կոտրել էր նրա բնավորությունը: Ես վազեցի նրա գիրկը, երկու թուշիկներիս տատիս ամուր պաչիկները ստացա, և ձեռքիս մեջ սահեցին ղարալի (սալոր) երկու կարմիր չուչխելներ (քաղցրավենիք): Նուրբ կարմիր գույն ունեին այդ չուչխելները, իսկ համը չեմ հիշում: Երևի գույնի նման էլ նուրբ քաղցրություն կունենային՝ տրվելու առիթի պես քաղցր:

Իմ Աստղիկ տատը հիմա երկինք է գնացել, որ իր մեղմ լույսով զարդարի գիշերային երկնակամարը: Ես մանկական պարզությամբ հիմա էլ կբողոքեի, միայն թե… Կարողանար գալ…

մարինե իսրայելյան

Բացահայտում

Կարծեմ չորս տարեկան կլինեի, երբ մի օր այնպիսի գյուտ արեցի, որ չորսամյա փոքրիկիս համար Նյուտոնի գյուտերից ավելի թանկ էր: Դպրոց չէի գնում, մանկապարտեզ էլ չեմ գնացել, և ոչ ոք ժամը ութին ինձ չէր արթնացնում: Ես քնում էի սրտիս ուզածի չափ և մեծանում: Մի առավոտ արթնացա, երբ արևը առատորեն լուսավորել էր սենյակս: Քույրս ու եղբայրս արդեն դպրոց էին գնացել: Խոհանոցից ափսեների շըխկշըխկոց էր լսվում. հասկացա՝ մայրս նախաճաշ էր պատրաստում: Վայելում էի արթնանալուց հետո անկողնում մնալու հաճույքը: Այսօրվա պես հիշում եմ՝ մեծ բավականությամբ ձգվեցի, հորանջեցի և, ինչպես պատահեց, ձեռքս կրծքիս ընկավ… Ոնց էի լալիս, ցատկում անկողնուս մեջ, կանչում մայրիկիս, և երբ մայրս խոհանոցից տագնապահար հասավ ու գրկեց ինձ, ես, արցունքներս կուլ տալով, սկսեցի բացատրել իրավիճակը` ձեռքս կրծքիս սեղմած.«Մա՛մ, ըստի մի բանա շըրխկըմ, շըրխկը-դըրխկը, շըրխկը-դըրխկը…»: Մորս սարսափահար դեմքը լուսավորվեց ներողամտությամբ, մեղմ ժպիտով պատասխանեց տագնապիս և ջերմ համբույրներով ողողեց արցունքներից կարմրած աչքերս ու թուշիկներս: Հասկանո՞ւմ ես, ընթերցող, ես սիրտս էի գտել…

մարինե իսրայելյան

Մանվել պապը

Ջուջևանում է ապրում Մանվել պապը: Նա հիանալի շվիահար է, բայց արդեն քանի տարի է, ինչ չի նվագում: Հաճախ էինք լսում նրա սրտակեղեք նվագը: Նա միշտ անցնում էր մեր այգու կողքի ճանապարհով՝ կովերին էր ման տալիս ու նվագում: Մանվել պապի անբաժան ընկերն իր էշն էր: Միասին էին անտառից փայտ բերում, խոտը արտից տուն հասցնում, խանութ գնում, մի խոսքով՝ ընտանիքի առօրյա գործերը միասին էին հոգում: 

Պատահեց այնպես, որ մի երեկո անտառում էշը կորավ: Երկար փնտրտուքից հետո ծերունազարդ Մանվելը հոգնեց ու սիրտը կախ վերադարձավ տուն:  Երբ մութն իր թևերը փռեց անտառագյուղի վրա, ամեն կողմից լսվեցին շնագայլերի կլանչոցները…

Կորած կենդանին էլ էր զգացել տուն վերադառնալու անհրաժեշտությունը, բայց վերադարձի ճամփին՝ անտառափեշին գտնվող մեր տան ետևում, գայլերի ոհմակի զոհ դարձավ: Հաջորդ առավոտյան դեռ լույսը կարգին չէր էլ բացվել, երբ արթնացանք աղիողորմ լացի ձայնից: Մանվել պապն էր ողբում: Առավոտ գիշերով դուրս էր եկել ընկերոջը փնտրելու և գտել միայն նրա ոսկորները:

Յոթ օր մենք արթնացանք շվիի թախծոտ մեղեդուց: Յոթ օրից հետո լռեց: Այդ օրվանից հետո էլ երբեք չլսեցինք նրա շվիի սրտակոտոր ձայնը:

մարինե իսրայելյան

Երբ հասկացա, որ մեծացել եմ

Կյանքը իրար հետևից իր հարվածներն է հասցնում՝ առանց շունչ քաշելու ժամանակ տալու, և ի՞նչ է մեզ մնում, եթե ոչ հնազանդորեն կրել մեզ բաժին հասած ճակատագիրը: Բայց մարդն ունի նաև մտածելու և ամեն ինչ վերլուծելու աստվածային կարողություն, և կյանքի մեծ մասը քննում է իր հետ կատարվածը: 

Ես էլ, ինչպես բոլորը , ունեմ իմ յուրահատուկ ներաշխարհը, իմ երկնաթռիչ երազանքները, սպասումները, բայց…  Երևի ուրիշ ժամանակ ես այսպես չէի մտածի և աշխարհը չէի ընկալի այսպես. չէ որ այնքան սպասել էի… Այս ուստարվա սկզբին ես մասնակցեցի Ամերիկյան խորհուրդների Վաշինգտոնյան գրասենյակի կողմից անցկացվող Flex ծրագրին, քննությունները, կարծում եմ, այնքան էլ վատ չէի հանձնել, ու անհամբերությամբ գարնանն էի սպասում` պատասխանն իմանալու համար: Վախենում էի երազել, բայց երազանքները գաղտագողի ներթափանցում էին ուշադրությանս պատուհանի փոքրիկ ճեղքից և, ինձ իրենց ձեռքերի վրա առնելով, տանում հեռու-հեռու՝ դեպի Նոր աշխարհի ափերը: Իմ մտահորիզոնում Ամերիկան պատկերանում էր կոլումբոսյան Եվրոպայի բնակիչների աչքերով, այսինքն, մի հեռու, ոսկով ու արկածներով լի աշխարհ, որտեղ միայն ես եմ պակասում հեքիաթն ամբողջացնելու համար: Հետո հանկարծակի արթնանում էի ճամփորդությունից, և, օրինակ, գտնում ինձ դասասենյակում նստած երկար դասամիջոցին, երբ բոլորը դրսում են, իսկ ես, չգիտես ինչու, մոռացել եմ դուրս գալ: Բարկանում էի ինքս ինձ վրա, բայց երևակայությունս միշտ հաղթում էր ինձ: Բայց ահա պատասխանը եկավ բացասական: Չգիտեմ ինչ զգացի, երբ պատահաբար աչքովս ընկավ այդ նամակը: Երևի ոչինչ, ես չտխրեցի, քանզի այլևս տխրելու տեղ չկար, իմ ողջ կենտրոնացումը, ուշադրությունն ու մտքերը հայրս էր. մյուս օրը նա հիվանդանոց էր գնալու, և շատ հավանական էր, որ սրտի շտապ վիրահատություն կատարվեր:

Համակարգչի առջև նստած իբր գիրք էի կարդում՝ փորձելով անհանգստությունս բթացնել, երբ հանկարծ էլփոստս բացվեց ու տեսա նամակը: Թեթև քմծիծաղ անցավ դեմքովս, ես տեսա այնքան խնամքով կառուցված երազանքիս փլուզումը, որն ինձ համար այլևս նշանակություն չուներ: Թե ինչպես եկավ հաջորդ օրը, չիմացա, բայց երբ հայրս զանգեց հարցնելու` ինչպես եմ (ինչ-ինչ պատճառներով ինձ չհաջողվեց ուղեկցել նրանց), ես հազիվ տիրապետելով թրթռացող ձայնիս, սկսեցի ոգևորել պապայիս, բայց այդ խոսքերը գուցե ավելի շատ ասվում էին ինձ քաջալերելու համար, քան նրան: Հետո հիվանդանոց, սպասման անանց ժամեր…

Երբ մարդը նյարդերի գերլարումով ինչ-որ բանի է սպասում, ցանկացած պատասխան հանգեցնում է անզուսպ արցունքների: Հենց այդպես եղավ, երբ քույրս զանգեց ու ասաց, որ ստուգման արդյունքը բոլորովին էլ այն չէ, ինչ մենք էինք կարծում: Հոգիս թռավ, բարձրացավ երկնքից էլ վեր և… Աշխարհն այնտեղից այնքա՜ն գեղեցիկ էր: Ես ինձ մեծ զգացի, իսկ այդ մեծությունից, ա՜խ, Ամերիկան այնքա՜ն փոքր էր…

Հիմա նստած եմ խաղաղ, երջանկությունից նույնիսկ մի քիչ ապուշացած, և ոչինչ չի պղտորում հոգուս անդորրը: Եվ այն, ինչ հիմա մտքիս գալիս է, այն է, որ աշխարհում կան մեծ ու փոքր բաներ, որ հաճախ փոքրերին մենք նայում ենք խոշորացույցով, տխրում, լալիս, երջանկանում ու երազում խոշորացված: Բայց այսօր իմ խոշորացույցն ընկավ ձեռքիցս, ու կյանքը տեսա իրական չափերով: Ես հասկացա, որ մեծացել եմ:

մարինե իսրայելյան

Պայքար խնձորի այգու համար

Ես Մարինեն եմ: Ապրում եմ Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում` Ջուջևանում: Այստեղ է գտնվում մեր չքնաղ այգին` տասնամյա խնձորենիներով:  Այգին ողջ ընտանիքով ենք մշակում, և աշխատանքի մեծագույն վարձատրությունը կարմրաթուշ խնձորներն են: Մինչև բերքի հասունացումը երեք-չորս անգամ ջրում ենք:  Շատ եմ սիրում նստել ջրվող ծառի կողքին, նայել, թե ինչպես է ջուրը թափանցում չորացած հողի փշրանքների մեջ, լցնում ճեղքերը, ինչպես  է հողը հագենում և ծառը պայծառանում: Բացի ջրելը, ծառերին անհրաժեշտ է նաև ամենամյա  բուժիչ սրսկումներ, և ամեն անգամ սրսկումից հետո սրտի տրոփյունով ես սպասում եմ, որ հանկարծ անձրև  չգա: Սակայն արդեն չորս տարի է, չնայած հոգատար խնամքին, այգին ոչ մի հատ խնձոր չի տվել: Գարնանը` ծառերի ծաղկման շրջանում, սպիտակ ծաղիկները ծածկվում են սպիտակ ձյան փաթիլներով ու թափվում: Հայրս որոշել է այս տարի չմշակել այգին:
Գարուն է, ես սկսել եմ փխրեցնել ծառերի հիմքի հողը, հաճույքով եմ անում այդ ամենը, բայց միայնակ ամբողջը չեմ կարողանա:

Մենք շատ ենք սիրում մեր այգին, և համոզված եմ , որ հայրս էլ իմ եռանդից կոգևորվի և ևս  մեկ անգամ կփորձի վաստակել բնության բարեհաճությունը:

Հավատում եմ

 

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի

Սա իմ դպրոցն է՝ փոքրիկ ու հարմարավետ կառույց, փոքր դասարաններով՝  փոքր գյուղի, իմ` Տավուշի մարզի Ջուջևան գյուղի համար: Երկար դասամիջոցն է. դուրս եկա դասարանից, մոտեցա միջանցքի մեծ պատուհանին, որից բացվում է բակի գողտրիկ պատկերը՝  եզրին կորացած ուռի,   նրա տակ՝ նստարան:  Գեղեցկություն, բայց… Մի պահ ինձ օտար զգացի և սկսեցի օտարի աչքերով դիտել կյանքիս տասնմեկ տարիների պայծառ օրրանը: Միշտ ամենաատելին ինձ համար եղել է կառույցների դատարկությունը, հատկապես կրթօջախի, իսկ հիմա աչքերիս առաջ ծավալվում է լքվածությունը, երկար միջանցքը լուռ է և դատարկ, ականջներումս հնչում է լռության ճիչը: Ահա, վերջապես, բակում երկու փոքրիկ տղա երևացին, վազվզեցին մի քիչ և շուտով էլ անհայտացան՝ կտրելով ինձ իրենց նայելու հաճույքից: Երկար դասամիջո՛ցն է, ո՞ւր են հապա այս փոքրիկ դպրոցի բոլոր անկյունները լցնող երեխաների զանգակահունչ ծիծաղները,  ուսուցիչներին զայրացնող, բայց բաղձալի խառնաշփոթը, աղմուկը, ո՞ւր են երեխաները… Նրանք չկան. դպրոցում վաթսուն աշակերտ է սովորում, և այդ թիվը գնալով նվազում է: Վեց շրջանավարտին փոխարինելու է գալիս երեք մանուկ: Սերունդը կիսվում է, գյուղն է կիսվում, կիսվում է Հայաստանը:

Այս դպրոցը երբեք էլ շատ աշակերտ չի ունեցել, բայց երբ երեք-չորս տարի առաջվա իննսունը դնում ես վաթսունի կողքին, տեսնում ես երկրիդ ապագան: Կարիք չկա ողջ Հայաստանը շրջել, կարճ ու երկար ուսումնասիրություններ կատարել, համակարգի մի փոքրիկ բջջից էլ կարելի է ստանալ իրավիճակի ամբողջական պատկերը:

Ես ավարտում եմ արդեն, և իմ փոխարեն գալու է ընդամենը… Կես երեխա… Դպրոցում երեխա չկա. սա միջազգային հանրությանը ներկայացվող գեղանկարի հակառակ կողմն է, իսկ թշնամին միշտ առկա է և շատ:  Հայաստանը պատմական երկար ուղի է անցել վատ ժամանակների բացարձակ գերակշռումով, սակայն ապրել,  արարել ու հաղթել է: Ես չեմ հուսահատվում, որովհետև հավատում եմ հաղթանակիդ, ՀԱՅԱՍՏԱՆ: