Գոռ Բաղդասարյանի բոլոր հրապարակումները

arxiv

Մեր նոր տանը

Գրքերն անկանոն նետված էին մերկ սենյակի հատակին: Մենք զբաղված էինք տան վերանորոգման գործերով, ներկում էինք պատերը: Այս շենք նոր էինք տեղափոխվել, բայց բոլոր հարևաններին դեմքով ճանաչում էինք: Եվ դա այնքան էլ դժվար չէր: Մեր նոր բնակարանը առաջին հարկում էր, պատշգամբը բացօթյա էր, իսկ մեր հետաքրքրասեր հարևանները օգտվում էին այդ փաստից և «կինոդիտում» էին կազմակերպում իրենց համար:

-Հը՞, էսօր ի՞նչ են ավելացրել,- հարցրեց մի տատիկ և տեղավորվեց մյուսների կողքին:

Նրանք արդեն երկար նստարան էին դրել պատշգամբի տակ և ուշադիր հետևում և վերլուծում էին մեր բոլոր արարքները:

-Հեչ,- պատասխանեց մի ուրիշ տատիկ, որը միաժամանակ լոբի էր մաքրում և լցնում ոտքերի տակ դրված ջրով լի դույլի մեջ,- պատերն են ներկում:

-Յա-ա,- ձգեց նորեկը:

Ես աչքի պոչով տեսա, որ մեր տան բոլոր աշխատողները լարվեցին` այնքան էլ հաճելի չէ, որ բոլոր շարժումներդ ուրիշի խոսակցության թեման են:

-Ախր, ասա՝ ինչի՞ եք սպիտակ ներկում,- փնթփնթաց մի տատիկ` միաժամանակ սուրճ խմելով,- կկեղտոտվի շուտ: Կանաչ անեիք, բորդո:

Հայրիկիս դեմքն սկսեց կարմրել` բարկանում էր: Բայց, իհարկե, ոչինչ չասաց, նա շատ համբերատար մարդ է:

-Յա՜, էս ռեմոնտն էլի սկսա՞վ,- բացականչեց մի պապիկ` դուրս գալով շքամուտքից,- բա ինչի՞ չեք կանչում:

Նա կրկին անհետացավ, իսկ քիչ հետո հայտնվեց 5-6 ուրիշ ծերուկների հետ: Նրանք չէին մոռացել նաև նարդին` իր սեղանով ու աթոռներով:

-Էհեյ, բարև ձեզ, էհ, ո՞նց եք, է՜,- բարձր բղավեց ծերունիներից մեկը` ձեռքով անելով մեզ: Ի տարբերություն տատիկների` նրանք սովորություն ունեին զրուցել «ներկայացման դերասանների» հետ և նույնիսկ խորհուրդներ տալ:

-Էսօր ներկում եք, հա՞,- ասաց մեկ ուրիշը` զառերը առնելով բռունցքի մեջ,- բա մի հատ հարցներիր, խորհուրդ տայինք:

-Շատ շնորհակալ եմ,- քթի տակ պատասխանեց ներկարարներից մեկը, բայց ի պատասխան, միայն ժպտաց ծերունուն:

-Բա՞, տղա ջան, ոնց տեսնում եմ, թարս ես բռնել վրձինը,- չափից ավելի բարձր բղավեց պապիկներից մեկը,- մի տես, հարյուր անգամ քսում ես:

-Ամեն ինչ լավ է, շնորհակալ եմ,- ժպտալով ասաց ներկողը:

-Բա՜, բա,- ինքնագոհ ժպտաց խորհրդատուն:

Խորհուրդներն իրար շարունակեցին մինչև երեկո: Պապիկների ու տատիկների լավ կողմն այն է, որ նրանք շուտ են գնում քնելու: Միայն այդ ժամանակ նստեցինք հանգստանալու:

-Ես տեղափոխվելու եմ,- միանգամից վրա բերեց հայրիկս,- ոնց որ թե կենդանի կինո ենք:

-Ես կասեի՝ ակվարիում,- մռայլ տեսքով ասաց մայրիկս:

Ես ցանկացա ասել, որ կենդանաբանական այգին ամենալավ նկարագրությունն է այդ դեպքի համար, բայց դրա փոխարեն վախից վեր թռա. սենյակում մի նոր մարդ էր հայտնվել: Նա հանգիստ, գիտակի տեսքով զննեց պատերը, հետո անշտապ, բայց գործնական սկսեց.

-Վերանորոգո՞ւմ եք,- ոչ ոք չպատասխանեց, բոլորս քարացել էինք:

-Ես այդպես էլ գիտեի,- շարունակեց նորեկը և գոհ ժպտաց,- հոգնա՞ծ եք:

Ոչ մի պատասխան:

-Այդպես էլ գիտեի,- կրկնեց այդ մարդը,- ձուկը հենց նոր մաքրել եմ, թարմ է, հենց նոր բռնած: Հեսա,- նա ցույց տվեց իրերը,- նստել եք պլիտայի վրա, միացրեք, ձուկ եփեք, հատը հարյուր դրամ, ուզո՞ւմ եք:

Շարունակությունը չերկարեց: Վրդովված բղավոցների ներքո անկոչ հյուրը դուրս գնաց այն ճանապարհով, որով եկել էր` այսինքն պատշգամբից:

Այսպիսի դեպքեր եղան ամեն օր, որքան որ մենք զբաղված էինք վերանորոգմամբ: Մենք տեղափոխվեցինք, բայց հայրիկս փակեց պատշգամբը, մենք հազիվ համոզեցինք նրան պատուհան սարքել:

Գոռ Բաղդասարյան, 13տ., 2001թ.

arxiv

Օրվա հերոսը

Մի սովորական առավոտ ես դպրոց էի գնում: Չէ, ավելի ճիշտ, մի սովորական առավոտ, երբ մենք ընտանիքով դպրոց էինք գնում, էլի սկսեցի մրթմրթալ.

-Հայրիկ, արագ քշիր, ուշանում ենք:

Հայրիկն ինձ չլսեց, բայց երբ հասանք դպրոցի մոտ, ես, սովորությանս համաձայն, խելագարի պես բացեցի դուռն ու դուրս թռա: Ավելի ճիշտ, ոտքս հանեցի դուրս և զգացի, որ մեքենան դեռ չի կանգնել:

-Հայրիկ, հետ քշիր, հետ,- բղավեցի ես:

Իսկ թե ես ինչպես կարող եմ բղավել, կպատկերացնեք, եթե ասեմ, որ ինձ համեմատում են Ջելսոմինոյի հետ: Այո, բղավոցն այնքան բարձր էր, որ նույնիսկ կողքի մեքենաները կանգնեցին: Հայրիկը վախից գունատվել էր:

Հետո ես հանգիստ իջա մեքենայից, ասես ոչինչ չէր պատահել ու վազեցի դպրոց: Միայն կոշիկիս կրունկն էր մնացել անիվի տակ, ցավն էլ արագ անցավ: Ես հանդիսավորությամբ կաղալով մտա դասարան:

-Ինչու՞ես կաղում,- հարցրեց ուսուցչուհին:

Վերջապե~ս…

-Մեքենայի անիվն անցավ ոտքիս վրայով,- հերոսին վայել լրջությամբ ասացի ես ու մի լավ կաղալով, բայց արժանապատվորեն, նստեցի տեղս:

-Ի՞նչ ես ասում, շա՞տ է ցավում,-այնպես վախեցավ ուսուցչուհին, որ ես մտահոգվեցի, թե արդյո՞ք չափը չեմ անցել՝ տպավորություն գործելու համար:

-Մի քիչ:

Տղաները նախանձով նայեցին ինձ: Նրանք ամեն ինչ կտային իմ փոխարեն լինելու համար: Կարելի է ոտքը ջարդել, գլուխը, չէ, ամենալավն, իհարկե, աջ ձեռքի կոտրվածքն է. գիպս, բոլորը գրում են, իսկ դու սխրանքի պատրաստ դեմքով նայում ես հեռու-հեռուն…

Դու օրվա հերոսն ես…

Իսկ նախանձողներից ես չեմ նեղանում, քանի որ ինքս էլ էի նախանձել ուրիշներին:

Գոռ Բաղդասարյան, 12տ., 2000թ.

arxiv

Բաժանում

-Գիտես, չէ՞, որ քեզ շատ ենք կարոտելու,- ասաց մայրիկը` ուշադիր նայելով դեմքիս:

-Ըհը, չանհանգստանաք,- ասացի ես արդեն քանիերորդ անգամ:

Նայեցի մյուսներին: Հայրիկը ոչինչ չէր ասում, բայց ձեռքը չէր իջեցնում ուսիցս: Նրա կողքին Մուշն ու Հոնն էին, երկուսն էլ` լուռ: Հոնը գլուխը հենել էր Մուշի թևին, աչքերն իջեցրել, ասես ուզում էր ինչ-որ բան ասել, որ լավ զգամ, ուղղակի չէր կարողանում: Մուշը կողք էր նայում, մերթ-մերթ քիթը վեր քաշում:

-Գիտես, չէ՞, որ քեզ շատ ենք կարոտելու, Գոռ ջան,- կրկնեց մայրիկս,- օրերն ենք հաշվելու:

-Գնացեք տուն, թող Մուշենք քնեն,- ասացի ես, բայց գիտեի, որ դեռ երկար են մնալու:

-Զգույշ կմնաս,- ասաց հայրիկը` փորձելով ձայնին անհոգության երանգ տալ:

-Չմտածեք,- պատասխանեցի ես:

Վերջապես Հոնը գլուխը բարձրացրեց, նայեց ինձ: Միշտ այդպես է նայում` առանց ժպտալու, առանց խոսքերի, ասես մեծ մարդ լինի: Հաճախ նույնիսկ անհարմար եմ զգում, ասես Հոնը չլինի: Այն ժամանակ էլ այդպես նայեց, հետո աչքով արեց, բայց դա միայն ես նկատեցի:

Մուշն էլ նայեց ինձ ու ժպտաց: Ոնց որ մայրիկը լինի: Վերջինս էլ էր ժպտում ու հայացքը չէր հեռացնում իմ դեմքից:

-Արդեն գնամ,- ասացի ես:

-Զգույշ կլինես:

-Ըհը:

-Նամակներ կգրես:

-Ըհը:

-Մենք քեզ կկարոտենք:

Ես դանդաղ հետ-հետ գնացի` ինձ մեղավոր զգալով, ասես վատ բան եմ արել:

-Գնացեք,- նորից ասացի ես:

Ոչինչ չպատասխանեցին:

Շրջվեցի ու առաջ քայլեցի: Չորսն էլ կանգնած էին` ամենաթանկ մարդիկ ինձ համար: Հոնը կրկին աչքերն իջեցրել էր, Մուշը կողք էր նայում, հայրիկը լուռ շոյում էր Հոնի գլուխը, իսկ մայրիկը ժպտալով ինձ էր նայում:

Սրահը դատարկ էր, ինչի համար շատ շնորհակալ էի: Դանդաղ առաջ էի քայլում, գիտեի, որ նրանք նայում են ինձ, սպասում, որ նորից ձեռքով անեմ: Առաջին անգամ հասկացա, որ նրանք իսկապես հաշվելու են օրերը, իսկապես հաշվելու են:

Այլևս չշրջվեցի, որովհետև ժպտալ չէի կարող, իսկ նրանք, իհարկե, ժպիտի էին սպասում:

Գոռ Բաղդասարյան, 15տ., 2003թ.

Ստվերների գույները

arxivՄեր բակը միշտ ստվերների մեջ էր։ Արևն ասես մոռանում էր անցնել մեր շենքերի վրայով։ Բոլոր օրերը սև ու սպիտակ էին, նույնիսկ հիմա չեմ հիշում մյուս գույները։ 

․․․Ես ու Մուշը բակում ենք։ Ուրիշ մարդ չկա։ Ամեն ինչ ստվեր է, միայն սև աստղերի նման փայլում են Մուշի աչքերը։ Այդ փայլը երբեք չի հանգում, նույնիսկ, երբ եղբայրս լաց էր լինում։ Ձայներ չկան, լռություն է․․․

․․․Դատարկ փողոցով անցնում է դատարկ թափոր։ Առանց երաժշտության, առանց բարձր լացի։ Բոլորի կոշիկները միապաղաղ ձայնով հարվածում են անձրևից մգացած ասֆալտին։ Ահա դագաղը։ Զինվոր է։ Երիտասարդ է։

-Խեղճ երեխան․․․

-Կյանք չտեսավ․․․

Թափորը կորավ։

-Աստված ողորմի, վայ դրա մորը․․․,-հառաչեց մայրիկը․․․

․․․Ես հայրիկի գրկում եմ։ Ստվերները նոսրանում են։ Մի բան կարծես ուրիշ լինի։ Եվ իսկապես։ Հեռվում երևում է տրամվայը։ Կարմիր, վառ կարմիր։ Տրամվայը մոտենում է, կանգ է առնում։ Որքան մեծ է ու կարմիր։ Դա ամենավառ գույնն է, որ ես հիշում եմ։ Ես ինչ-որ բան եմ բացականչում, բայց ի պատասխան, միայն հայրիկի ժպիտն է։ Մյուս մարդիկ լուռ են։ Նրանց դեմքերը մնում են մոխրագույն, նույնիսկ տրամվայի գույնը չի փոխանցվում նրանց։ Բայց միևնույն է, ես ուրախ եմ, անչափ ուրախ։ Կարմիր գույնը արտացոլվում է աչքերումս, իսկ զանգը դեռ երկար արձագանքում է ականջներումս․․․

․․․Տրամվայը կիսադատարկ է։ Նստած եմ հայրիկի ծնկներին և նայում եմ դուրս։ Փողոցները նույնպես կիսադատարկ են և մոխրագույն։ Իսկ ներսում ամեն ինչ ուրախ է, և մարդիկ կարծես ավելի ուրախ են։ Բայց դա կարևոր չէ, որովհետև հայրիկը ժպտում է, իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ լավ է։ Մենք գնում ենք այնքան, մինչև տրամվայը հասնում է վերջին կանգառին․․․

․․․Զանգը վերածվում է գրամեքենայի չխկչխկոցի։ Մութ է։ Ես պետք է քնեմ։ Ճտճտում է նավթի լամպը։ Էլի չխկչխկոց։ Շուտով ես այդ աղմուկը այլևս չեմ լսում, ես վաղուց դա չեմ լսում, վարժվել եմ։ Երևում է մայրիկը, որը կռացել էր գրամեքենայի վրա, իսկ հայրիկը աշխատում է ինչ-որ թղթերի վրա։ Մի պահ անասելի ջերկություն եմ զգում, որ նրանք այդքան մոտ են, իսկ հետո ամեն ինչ սառում է և լողում։ Ես քնում եմ։ Փողոցում աղմուկ չկա, միայն գրամեքենայի չխկչխկոցն է հիշեցնում, որ աշխարհը կենդանի է․․․

․․․Ծնվեց Հովնանը։ Ես արդեն 7 տարեկան եմ։ Մենք կանգնած ենք հիվանդանոցի պատի տակ։ Մայրիկը մեզ ցույց է տալիս նորածին Հովնանին։ Նա փաթաթված է կարմիր ծածկոցով, իսկ դեմքը դժվար է երևում, բայց դրա փոխարեն երևում է մայրիկի՝ ուրախությունից փայլող աչքերը։ Նրանք փայլում են ճիշտ Մուշի աչքերի պես։ Գուցե մի քանի տարի հետո այդպես փայլեն նաև Հոնի աչքերը։ Ես զգացի, որ հայրիկը ժպտում է։ Իսկ իմ նոր եղբոր ծածկոցը կարմիր է, վառ կարմիր, տրամվայի պես։ Եվ ես նույնպես ուրախ եմ։ Օրերը սկսեցին գունավորվել, ցուրտը համարյա ցրվեց․․․

․․․Հովնանն արդեն տանն է։ Ես ու Մուշն ուշադիր նայում ենք նրան։ Իմ եղբայրը պառկած է մահճակալին, որը շատ մեծ է նրա համար։ Դժվար է պատկերացնել, որ մեր ընտանիքում նոր անդամ կա։ Բայց մենք սիրում ենք նրան։ Ես դա հասկացա, երբ տեսա, թե որքան ուրախ են մայրիկն ու հայրիկը, ինչպիսի ջերմություն են արձակում Մուշի աչքերը և, վերջապես, որքան լավն է մեր կրտսեր եղբայրը։

Ձայները շատացան։ Գույները վերադարձան, իսկ ստվերներ ես շատ հազվադեպ եմ տեսնում։ Հովնանի ծնունդով ամեն ինչ փոխվեց, չնայած ես դա հիմա եմ հասկանում․․․

․․․Այդ տարի վերջացավ պատերազմը։

Գոռ Բաղդասարյան, 15 տ․,
2003թ.