Արման Բաղդասարյանի բոլոր հրապարակումները

arman baghdasaryan

Հետտոնական

Հիմնված է իրական իրադարձությունների վրա:

Պատմության ընթացքում ոչ ոք չի տուժել:

Ժամը 15:00:

-Արմ, հաստա՞տ կդիմանանք:

-Արդեն եկել ենք, հետդարձի ճանապարհ չկա, Դավ ջան: Պետք է սպասենք ու դիմանանք:

Ժամը 15:30:

-Քառասունհինգ հոգի,- ասաց մի ծերունի:

«Պարապությունից դրել հատ-հատ հաշվել է»,- մտածեցի ես:

Հինգ րոպե անց մեզ մոտեցավ բարձրահասակ, օպտիկական ակնոցներով, սափրված գլխով մի տղամարդ և հարցրեց.

-Դո՞ւք էլ եք սպասում:

-Հա:

-Հա-հա-հա-հա,- բարձր ծիծաղեց սափրագլուխը և հեռացավ:

Ժամը 16:17:

-Վայ, չէ, այլևս չեմ դիմանում:

-Հա, լավ, դիմացեք, բան չմնաց,- ասացի ես մի երիտասարդ տիկնոջ:

-Չէ, ես գնացի:

«Ավելի լավ, գնա»,- մտքում ասացինք ես և Դավիթը:

Ժամը 16:50:

Մարդիկ սկսեցին անհետ կորչել:

-Անուշիկ, բալես, ո՞ւր ես:

-Մա՜մ, այ մամ, ո՞ւր ես:

-Դա՜վ, Դավո՜…

Մնացի մենակ:

Մարդիկ սկսեցին պակասել: Դա լավ էր, բայց մրցակցությունն ավելանում էր: Ամեն մեկն իր համար էր. ոչ մի զիջում, ոչ մի գրամ խիղճ:

Միայն դաժան պայքար:

Ժամը 17:55:

Սոված եմ, հոգնել եմ, ծարավ եմ:

Մի պահ մտածում էի հանձնվելու մասին, ուզում էի լքել կռվի դաշտը, բայց հավաքեցի ուժերս, քանի որ միայն ուժեղներն են հաղթում:

Ժամը 18:30:

-Դավ, արի այս կողմ:

-Ես արդեն մտածում էի, որ կորցրել եմ քեզ ընդմիշտ:

-Ոչ, ես քեզ երբեք չեմ լքի:

Ժամը 19:47:

Վերջապես:

Մենք արեցինք դա:

Մենք հասանք մեր նպատակին:

-Բարև ձեզ, մեզ 15 հատ լավաշ տվեք…

arman baghdasaryan

Բռնոցի

-Ապե, հիմա գնում ենք օֆիս, թրեյնինգին կմասնակցես ու կորոշես՝ ուզում ես աշխատել, թե չէ:

-Դե, գնացինք կանգառ:

Ես և Կոստը (անունը Սամվել է, «ածականն» է Կոստ) նստեցինք ավտոբուս և հինգ րոպե հետո սկսեցինք զրուցել մեր կողքի աթոռին նստած պապիկի հետ:

-Պապի ջան, ո՞ւր ես բա գնում:

-Սոչի,- ասաց նա զվարճալի դեմքով:

Մնացած մասը մեր խոսակցության, այսպես ասած, «ոչ եթերային» էր:

Օֆիսում Կոստը մասնակցեց թրեյնինգի, որից հետո մենք դուրս եկանք, ինչ-որ անծանոթ բակում նստեցինք, որպեսզի ես Կոստին ևս մեկ անգամ բացատրեմ հարցման թղթերը լրացնելու ձևը:

Այդ պահին մի կին անցավ՝ տարիքով, սև երկար զգեստով, տարօրինակ աչքերով, հետաքրքիր ոսկեգույն մեծ վզնոցով և, ինչպես ասաց հետո Կոստը, կարմիր «դուբից» պատրաստված ձեռնափայտով:

Քանի որ Կոստը միստիկ և անհավանական բաներին շատ է հավատում, ասաց.

-Արմ, հանկարծ էս կնգա աչքերի մեջ չնայես:

-Կոստիկ, թարգի, եքա մարդ ես,- ասացի ես և ուշադիր նայեցի այդ կնոջ աչքերի մեջ:

-Արմ, դու տեսա՞ր էդ կնգա վիճակը: Ինքը մի հատ միստիկ կերպարի ա նման, ես կարդացել եմ, որ իրա աչքերի մեջ նայելուց հետո վատ բան ա լինում:

-Կոստ, քեզ բուժվել ա պետք, տեսա՞ր դրա վզնոցը, լրիվ Թուփակ էր:

Մենք նստեցինք այդ բակում, որպեսզի մի քիչ հանգստանանք, և այդ պահին լսեցինք կնոջ ձայն.

-Վայ, վայ, բռնեք, փախավ:

Հիմա դարակի մութ անկյունից հանեք ձեր երևակայությունը և պատկերացրեք՝ վազում է մի տղա՝ պայուսակով, ականջները ձեռքերով փակած:

«Կարո՞ղ ա պայթուցիկ ա դրել ու փախչում ա»:

Կոստը միանգամից վազեց նրա հետևից, իսկ ես՝ Կոստի հետևից:

Կոստը բռնեց տղայի ձեռքից, ես վազեցի, որ հարվածեմ տղային, բայց մի տարիքով մարդ, ով նույնպես այդ տղայի հետևից էր վազում, ասաց.

-Չէ, չէ, ապեր, չխփես:

Տղան Կոստին հրեց և շարունակեց վազել:

Ես անցա Կոստին, հետո Կոստը հավասարվեց ինձ, թվում էր, թե ուղղակի մրցավազք է:

Տղան վազեց մի փակ շքամուտքով շենքի մոտ, որտեղ մենք բռնեցինք նրան:

-Ի՞նչ ես արել, արա, խոսա, թե չէ․․․

-Չէ, ախպերս, բան չի արել, չխփես,- վերջապես հասնելով մեզ՝ ասաց տարիքով մարդը:

-Ապեր, բաց թող՝ փախնեմ, էլի, խնդրում եմ բաց թող, իրանք ինձ ուզում են բռնեն:

-Արմ, աուտիստ ա, բան մի արա, թող էդ մարդը հանգստացնի,- ինձ մի կողմ տանելով՝ շշուկով ասաց Կոստը:

Նստեցինք, որ շունչներս կարգավորենք, մեկ էլ Կոստն ասաց.

-Բա որ ասում էի՝ էդ կնգա աչքերի մեջ չնայե՞ս:

2018-1940=78

Լուսանկարը՝ Արման Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Արման Բաղդասարյանի

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

78 տարեկան է Հայաստանի ամենահին վարսավիրանոցը: Այն գտնվում է Գյումրիում: Բոլոր վարսավիրները տարիքով են, միայն մեկն է երիտասարդ: Այնտեղ միայն տղամարդկանց մազերն են կտրում, քանի որ ինչպես վարսավիրներից մեկը ասաց՝ այստեղ տղամարդու հոգեբանությամբ է ամեն ինչ արվում:

Այդ մթնոլորտը, տարիքն առած վարսավիրները, հին պատերը, ամեն ինչը կարծես ստիպի քեզ, որ մազերդ հենց այդտեղ կտրես:

-Ստեղ շատ մարդիկ են մազ կտրում։ Ժամանակին էն մեկը գալի մազերը ստեղ էր կտրում, հիմա տղային ա բերում ստեղ մազ կտրելու,- պատմում էր վարսավիրը:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Ամենածեր վարսավիրը 84 տարեկան էր: Ցավոք, չկարողացա նրա հետ խոսել․ գործով էր զբաղված:

-Էն երկրաշարժի կինոն տեսե՞լ եք,- չսպասելով պատասխանին՝ վարսավիրը շարունակեց,- Ռուսաստանից եկել էին այ էն աթոռի մոտ մի դրվագ նկարեն ու գնան:

Այդքանով գովքի ժամը չավարտվեց:

-Արամեն էլ էր եկել: Մազերը կտրեց, փողը չտվեց, ականջները կտրեցինք,- լուրջ դեմքով ասաց հաշվարկներ անող վարսավիրը:

-Եվրոպացիներ էին եկել, էդ ժամանակ էլ պարկետը քանդած, ծակված էր, եկել պառկել՝ նկարվում էին պարկետի հետ:

-Պարկետը էն ա, տեսնում եք՝ նորը խփեցինք, եկել դժգոհում էին, թե բա՝ մեզ էն հինն էր դուր գալիս: Հիմա արի ու մի ասա՝ մեր «կամֆո՞րտն» ա կարևոր, թե՞ ձեր ուզածը:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

-Մրցույթներ էլ ենք հաղթել: Պետք է մեկ հոգու վրա երեք տեսակի «պրիչոսկա» անեինք: Հաղթեցինք:

Իսկ ես նստած լսում և մտածում էի, թե ինչու գալուց առաջ մազերս այսքան կարճ կտրեցի:

Հայ- բելգիական “Exploring the world through the lens of camera” ծրագիր. օր տասնմեկերորդ

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Այս անգամ այսպես: 

Օր տասնմեկ,

Նույն տեղում քնած էի ես,

-Երեխաներ, պատրաստվեք,

Արման, մենք չենք սպասելու քեզ,

Դու գնա լվացվիր,

Այնուհետև կշտացիր:

Դուրս եկա ես հոսթելից,

Տեղյակ չեմ այսօրվա գործերից,

«Մանանա» ենք հասնում,

Հովնանը մեր հեռախոսներն է վերցնում.

Մեր պատիժն էր:

Քննարկումը հետաքրքիր էր,

Գործը շատ էր,

Ժամանակն էր քիչ:

Ֆիլմի միտքը լավն էր,

Մոնտաժը՝ մի քիչ:

Ժամն է լանչի,

Այսօր կուտեմ կանաչի,

Չէ, սա կատակ էր:

Կարտոֆիլը տաք էր,

Կշտացա,

Չաղացա,

Միացա,

Թանգարան գնացողներին:

Ստացա

Բանալին գիտելիքների:

Հետո ազատ էի:

Բայց պարապ էր:

Կանչեց Դիանան ինձ «Մանանա»,

Ասաց՝ Վալերիան միայնակ ա:

Գնացի օգնեցի,

Հայերենից անգլերեն թարգմանեցի:

Տիկին Ռուզաննայի հետ խոսեցի,

Հետաքրքիր խաղ խաղացի:

Էհ…

Հոգնեցի,

Ընթրիքի ժամն է,

Իսկ մենք ուշանում ենք:

Մի՞թե սա փորացավ է:

Ես հասկացա պատճառը՝ մենք սոված ենք,

Վերջապես «Կովկաս» եկանք,

Խաչապուրի ու խինկալի ես կերա:

 

Դուրս եկանք,

Մութ քաղաքում ման եկա:

Զանգ եկավ.

«Գալիս ենք, Լիլիթ ջան»:

Ներս մտա,

Շատ գործեր կան:

Սկսեցինք հարցազրույցը թարգմանել

Ես և Մարիամը:

Արդեն եկել է ժամը,

Որ նստեմ նյութ գրեմ:

Այսպես:

Կավարտեմ ես օրագիրը,

Իսկ ժամեր անց Գյումրի է գնալու իմ թիմը:

ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ “EXPLORING THE WORLD THROUGH THE LENS OF A CAMERA” ԾՐԱԳԻՐ. Օր երկրորդ

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Այսօր դուք նստելու եք «մարշրուտկա»

Մոտավորապես էսպիսի բառերով սկսվեց ծրագրի մեր երկրորդ օրը:

Նախաճաշից հետո ուղևորվում ենք դեպի «Մանանա»:  Էստեղ մեզ նոր  արկածներ էին սպասվում:  Բաժանվում ենք 4 խմբի, մեզ տրվում է 4 ժամ, 7 առաջադրանք ու ողջ Երևանը, որ պիտի բացահայտեինք բելգիացի մեր ընկերների հետ:

Մենք պետք է գտնեինք թանգարաններ, եկեղեցիներ, ցայտաղբյուրներ, լուսանկարեինք ու լուսանկարվեինք նրանց հետ, հագնեինք հայկական  տարազ, և, իհարկե, երթևեկեինք մեր երթուղային տրանսպորտով` ճանաչելով Երևանը այլ անկյուններից:

Երևանի, մեր` մասնակիցների ու ճամփորդությունների խառնված մայրուղիներում արկածներն ու զվարճալի պատմությունները անխուսափելի էին` ճանապարհը կորցնելուց մինչև անգլերենին տիպիկ ռուսերենով պատասխանող մարդիկ:

Բայց ամենաէքստրեմալը  Բելգիայի մասնակիցների հետ երթուղային նստելն էր: Իրենք զարմացած ու հետաքրքրված էին մեր փոքրիկ ու հին փոխադրամիջոցներով ու մի քիչ էլ բարկացած էին երևանյան շոգից:

Բացահայտելով Երևանը` մենք հասցրինք բացահայտել իրար, շփվել և ավելի մտերմանալ միմյսնց հետ:

Ճաշից հետո ֆոտոյի որքշոփն էր: Սովորեցինք լուսանկարելու հիմնական կանոնների, լուսանկարում կարևոր տարրերի մասին:IMG_9793

Քննարկեցինք մի շարք հարցեր, խոսեցինք դոկումենտալ լուսանկարչության մասին, դիտեցինք մի քանի ֆոտոշարքեր արված թղթակիցների կողմից և հետո փորձեցինք մեր սովորածը օգտագործել գործնականում: Սկսեցինք լուսանկարներ անել՝ շրջելով Երևանով:

Ընթրիքից հետո մեզ մոտ հայկական մշակույթի երեկո էր: Մեր ընկերներին հյուրասիրեցինք հայկակսն խոհանոցին բնորոշ ուտեստներ, պարեցինք հայկական ժողովրդական պարեր ու փորձեցինք սովորեցնել բելգիացի մեր ընկերներին:

Օրն ավարտեցինք միասին երգելով,  խոսելով, անցկացնելով հետաքրքիր և ուսուցողական ժամանակ:

Հա, ի դեպ, լուսանկարներ անելու ընթացքում Բելգիայի մասնակիցների հետ զրուցելով քայլում էինք: Ամեն մեկը պատմում էր իր երկրից ու բացատրում իրենց լեզվից հետաքրքիր տարրեր: Չէի հասցրել Սոնային դիմել՝ ասելով. «Սոն, լսի»,  Ռևդուանը հարցրեց,  »Is it mean listen?»:

Վստահ եմ` ծրագրի ավարտին բելգիացիները մեզ հետ հայերենով են  հաղորդակցվելու:

Ամալյա Հարությունյան

***

Ներկայացնում ենք ծրագրի մասնակիցներին

Հարցազրույց Վալերիա Կորոլյովայի հետ 

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-Որտեղի՞ց ես իմացել ծրագրի մասին և ո՞րն էր նպատակը ծրագրին մասնակցելու:

-Ես միշտ երազել եմ ճանապարհորդել, ծանոթանալ նոր մարդկանց հետ, ուսումնասիրել այլ երկրների մշակույթը և այդ ամենի մասին ֆիլմեր նկարել: «Թումուլտը» ժամանել էր մեր դպրոց և ֆիլմմեյքինգով զբաղվող երեխաներին ներկայացրել էր այս ծրագիրը:

Ես նայեցի մանրամասները «Թումուլտի» էջում, խոսեցի ծնողներիս հետ և ահա ես այստեղ եմ:

-Արդեն երկու օր է՝ Երևանում ես, ի՞նչ տպավորություն ունես ծրագրից:

-Մինչ գալս ես համարյա ոչ մի բան չգիտեի «Թումուլտի» և «Մանանայի» մասին, բայց հիմա ես ունեմ բավական շատ տեղեկություն և կարող եմ ասել, որ տպավորություններս առավել քան լավն են:

-Ինչպիսի՞ն էին քո ակնկալիքները մինչ ծրագիրը և ինչպիսի՞ն են դրանք հիմա:

-Մինչ գալս ես ցանկանում էի իմանալ ամեն ինչ ֆիլմերի մասին և հիմա նույնպես անհամբեր սպասում եմ դասընթացներին, նաև մտածում էի, որ շփումը երկու ազգերի միջև այդքան էլ չի ստացվի, բայց հիմա տեսնում եմ, որ դա այդպես չէ:

-Բավարա՞ր էր քեզ համար այս երկու օրը Երևանի մասին կարծիք կազմելու:

-Այո: Ճիշտն ասած, ես չէի կարող պատկերացնել, թե ինչպիսին են այստեղ մարդիկ: Ես մտածում էի, որ այստեղ մարդիկ լցված են չարությամբ, բայց հիմա տեսնում եմ, որ չկա ոչ մի չարություն, հայ ժողովրդի կողքին ես ինձ ապահով եմ զգում:

Նաև շատ է դուրս եկել քաղաքի ճարտարապետությունը:

-Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր եկել Երևանում:

-Ցայտաղբյուրները: Կյանքումս առաջին անգամ էի տեսնում ցայտաղբյուր: Եվ շենքերը: Ամեն ինչ հին ոճի մեջ է, ու հենց այդ հնությունն է գեղեցկացնոյմ քաղաքը:

-Եթե լիներ հնարավորություն Հայաստանում բնակություն հաստատելու,արդյո՞ք կցանկանայիր:

-Ես հաստատ կապրեի այստեղ մեկ տարի, բայց ոչ ընդմիշտ, որովհետև ես ծնվել եմ Բելգիայում և չեմ կարող հենց այնպես թողնել իմ երկիրը և տեղափոխվել Հայաստան:

-Ի՞նչ բացահայտեցիր Հայաստանում, որ չկար Բելգիայում:

-Վարորդներն են այստեղ տարօրինակ: Այնպիսի տպավորություն է, ասես նրանք չեն ենթարկվում կանոններին:

-Նկարագրիր երկու բառով Հայաստանը:

-Անտիկվար, պատրիոտիկ:

-Նկարագրիր երկու բառով «Մանանան»:

-Կրեատիվ, հյուրընկալ:

Հարցազրույց Աննա Անդրեասյանի հետ

-Ինչպե՞ս ես իմացել «Մանանայի» մասին:

-Երեք տարի առաջ «Մանանայի» թիմը եկել էր մեր դպրոց, և երբ ես իմացա, թե ինչով են նրանք զբաղվում, հասկացա, որ ուզում եմ դառնալ «Մանանա» թիմի անդամ:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Ւ՞նչ ակնկալիքներ ունես առաջիկա երկու շաբաթներից:

-Ակնկալիքներս շատ են, բայց ամենաշատը ուզում եմ ներկայացնել իրենց մեր մշակույթը և ամեն ինչ իմանալ Բելգիայի մշակույթի մասին:

-Ի՞նչն է ամենաշատը քո դուրը եկել այս երկու օրվա ընթացքում:

-Ինձ շատ դուր եկավ մեր շրջագայությունը Երևանով: Ես նրանց պատմում էի ամեն շենքի մասին, ամեն փողոցի մասին:

-Քո տպավորությունները բելգիացի քո հասակակիցներից:

-Նրանք շատ հետաքրքրասեր են, հետաքրքրվում են հայկական մշակույթով, և մենք ունենք շատ ընդհանուր բաներ, որոնց շնորհիվ մեր մտերմությունն ավելի է ամրապնդվում:

-Ի՞նչ կցանկանայիր ավելացնել:

-Հուսով եմ, մենք կանցկացնենք լավ ժամանակ այս երկու շաբաթվա ընթացքում, կսովորենք նոր բաներ, կփոխանակվենք գիտելիքներով: Հուսով եմ, որ նրանք կգնան այստեղից միայն լավ հուշերով:

Հարցազրույցները վարեց՝ Արման Բաղդասարյանը

***

Today was quite a day.

It started off being kind of mellow for the ones who woke up early. They had a delicious and varied breakfast, had time to shower and get ready on their own tempo.
For the ones who didn’t, well they just had to hurry up.

When everyone was out the door, the rumor was spreading that this morning, we would walk in groups of 4-5-6 through Yerevan and they had to reach the most destinations as possible. And like they tend to say, rumor has it.
After a very interesting, beautiful and most definitely tiring walk of four hours, we all met at the lunch place. The music was good, but the lighting and music could use some help.

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

After that, we arrived at Manana Center to have our afternoon photography workshop. We were very exhausted of our four-hour walk so many of our brains were not able to function as they should. Then off course we had our 4 o’clock coffee break and got the assignment to go to take photo’s with what we just learned.

At around 7:30 we all met in front of the hostel so we could go to dinner. I’m sure nobody excepted dinner to be such a luxury, it was the first real Armenian cuisine of our trip. We had the opportunity to try all kind of Armenian meals, not all were a success but most of them were delicious.
After diner we had regained the strength that we had lost during the day and we returned to the hostel where we were able to get to know the Armenian culture in a very nice way.
Food, general information and a large amount of dance were all to be admired. After a while, the tired people went to bed and the evening slowly came to an end.

 Rédouan Muyldermans

arman baghdasaryan

Սևան սթարթափի կամավորի օրագիր

Օր 1

Երեկո: Ռադիոտուն: Մարդիկ: Ճամպրուկներ: Ճանապարհ: Սևան: Նյութատեխնիկական պահեստ: Փոցխ: Գործ: Գիշերվա ժամը երեք: Վրան: Անհանգիստ գիշեր:

Օր 2

Զարթնեցինք: Մեծ քանակությամբ գործ: Միայն գործ: Գիշեր: Վրան: Անհանգիստ գիշեր:

Օր 3

Եկան սթարթափերները: Գործ: Գործ: Գործ: Օգնեցեք: Գիշեր: Արդեն հանգիստ գիշեր:

Օր 4

Ազատություն: Նոր մարդիկ: Խարույկ: Մաֆիա: Հաճելի օր: Գիշեր:

Օր 5

Դասընթաց: Սեղանի ֆուտբոլ: Սևանի մաքուր ջուր: Ջան, հավի միս: Խորոված: Դիսկոտեկ: Հոգնեցի: Բայց անհանգիստ գիշեր:

Օր 6

Կարկուտ: Անձրև: Փախչում ենք: Իրանցի սթարթափեր։ Հաճելի շփում: Թաց: Բայց ուրախ: Էլի գիշեր:

Օր 7

Վոլեյբոլ: Վրացիներին պարտվեցինք: Ոչինչ: Բլոտով հաստատ կհաղթենք: Խառը զգացողություններ: Անքուն գիշեր։

Օր 8

Անհետաքրքիր սթարթափներ: Այ, էս մեկը լավն էր: Ա, դե լավն ա, էլի, 4-րդ ջոկը: Մնամ այսօր իրենց մոտ: Ցուրտ գիշեր:

Օր 9

Ահավոր վատ օր էր, չեմ պատմելու: Չքնեցինք:

Գնալու ժամանակն է: Ոչ ոք չի ցանկանում գնալ:

Էլի երեկո: Էլի ռադիոտուն: Էլի մարդիկ: Բայց արդեն Երևան:

Մտնում եմ տուն: Ինչ անսովոր է: 9 օր բաց տարածքում, և հիմա չորս պատի մեջ նստած:

Բարև, շոգ Երևան, ես կարոտել էի:

arman baghdasaryan

«Բայց մարդիկ մնացին նույնը»

Ես արդեն հոգնել էի, բայց շարունակում էի վազել, քանի որ գիտեի, թե ինչ կլինի ինձ հետ, եթե կանգ առնեմ: Ուժերս ամբողջովին սպառվել էին, իսկ նրանք չէին հոգնում: Ոտքս սայթաքեց, ես ընկա և գիտակցությունս կորցրեցի:

Հեռախոսիս զանգը լսեցի.

-Ալո:

-Չե՞ս իջնում:

-Հա, Դավ ջան, նոր զարթնեցի: Մի տաս րոպեից դուրսն եմ:

Մահճակալս հավաքեցի, լվացվեցի, հագնվեցի, բրդուճ կերա և դուրս եկա:

-Ի՞նչ կա:

Պաչիկ, պաչիկ:

-Երրորդը ո՞ւր ա:

- Հասնում ա:

Բակում երեխաների ձայները գնալով շատանում էին, հետևաբար՝սկսվեց:

-Երեխեք, եկեք ներքևի բակ, ստեղի պուլպուլակի ջուրը կամաց ա:

-Չէ, էլի, երեխեք, մամաս չի թողնում մեր բակից դուրս գամ:

Ես լսում էի երեխաների խոսակցությունը, հիշելով իմ մանկությունը, մեկ էլ զգացի, որ կողքից սառը ջրով մի փոքրիկ աղջիկ ջրում է ինձ, իսկ նրա տատիկը նկարում է այդ ամենը իր «տելեվիզրի» չափ հեռախոսով: Եվ հենց այդ պահին հինգերորդ հարկից մի կին ջուր լցրեց մեր և երեխաների վրա:

-Է՞ս ով էր: Անշնորհքի մեկը, չես տեսնո՞ւմ հեռախոսը:

-Հա, լավ, հատուկ չարեց մարդը, մի վիրավորեք,- ասացի ես, փորձելով հանգստացնել այդ կնոջը:

-Արի, բալես, էսի զիբիլանոց ա, հայաթ չի:

Վերջապես եկավ մեր երրորդ ընկերը, ով արդեն որոշ չափով թրջված էր:

Այս անգամ մենք որոշել էինք առանց դույլերի, առանց ուրիշ ջրող միջոցների գնալ քաղաք:

Կարապի լճի ջուրը շատ կեղտոտ էր, որոշեցինք գնալ Հրապարակի շատրվաններ:

Համարյա հասել էինք տեղ, երբ ականատես եղանք հետևյալ տեսարանին:

Մի տղա, մոտավորապես իմ տարիքի, արագ հեծանիվ էր քշում, որպեսզի իրեն չջրեն, իսկ մյուս տղան կանգնել էր հեծանվորդի դիմաց, որպեսզի ջրեր նրան: Հեծանվորդը չէր հասցրել կանգնեցնել հեծանիվը, և հարվածի հետևանքով ջրողը դեմքն էր վնասել (բայց լուրջ բան չէր եղել), իսկ հեծանվորդը ընկել էր հեծանիվի հետ: Քառասունից հիսուն տարեկան մի տղամարդ, ով իմ կարծիքով, ջրող տղայի հայրն էր կամ ինչ որ ուրիշ բարեկամ, ապտակում է հեծանվորդին, և նույն տարիքի մի այլ տղամարդ նույնպես ապտակում է այդ տղային: Ապտակներից հետո սկսվեցին հայհոյանքները հեծանվորդի ուղղությամբ, իսկ հեծանվորդը լուռ բարձրացավ գետնից, նստեց իր հեծանիվն ու գնաց: Մենք չհասցրեցինք այդ ամենը կանխել, միայն հասցրեցինք ապտակողների վրա գոռգռալ, բայց դա հեծանվորդին արդեն չէր օգնի:

Զայրացած և ապշած մենք քայլեցինք դեպի շատրվանները և միանգամից տեսանք հետևյալը.

-Էտ ո՞նց ես ջրում ինձ, տեղը չե՞ս բերում ինձ:

Պարապած մարմնով մի տղա այս խոսքերն ասելով հրեց իրենից տարիքով փոքր տղայի, այնուհետև շպրտեց այդ տղայի դույլը և գնաց: Այս անգամ ես չցանկացա խառնվել: Չէ, ես չվախեցա այդ տղայի պարապած մարմնից, ուղղակի հասկացա, որ այսօր այսպիսի տեսարաններ շատ եմ տեսնելու, և ամեն մեկին խառնվելով, խնդիրների մեջ կգցեմ համ ինձ, համ ընկերներիս:

Համենայն դեպս մեր օրը լավ անցավ: Լավ ջրվեցինք, լավ ջրեցինք:

Տուն գալուց ես հիշեցի ուսուցիչներիցս մեկի խոսքերը, որոնք լսելուց հետո միշտ ասում էի, որ սխալվում է.

«Հեղափոխությունը փոխեց երկիրը, բայց մարդիկ մնացին նույնը»:

arman baghdasaryan

Կորել է իմ սերը

Դեպքը տեղի ունեցավ մեկ ամիս առաջ: Արթնացա առավոտյան ժամը իննին, որովհետև պետք է գնայի Մալայան աչքի կլինիկա: Լվացվեցի, հագնվեցի, թեյ խմեցի, տանից դուրս եկա, սիրելիիս հաջողություն ասացի և վերելակով իջա առաջին հարկ: Ուղիղ մեկ ժամ սպասելուց հետո եկավ հինգերորդ համարի երթուղայինը: Քանի որ Մալայանում ինձ  «տշում» էին մեկ սենյակից մյուսը, վերադարձա տուն ահավոր հոգնած:

Երբ հասա մեր հարկ, հասկացա, որ ինչ-որ բան պակասում է, բայց այդ պահին իմ ուղեղը «մտածում էր» միայն թավայի միջի հավի թևիկների մասին: Երեկոյան դուրս եկա բակ, որպեսզի հանդիպեմ ընկերներիս: Ժամը տասի կողմերն էր, ես և Գռնոն (հանկարծ չփոխեք Գառնիկ գրեք), քանի որ նույն շենքից ենք, միասին մոտեցանք վերելակին: Երրորդ հարկում ես դուրս եկա վերելակից և առաջարկեցի Գռնոյին մի քիչ զրուցել մեր հարկում:

Եվ հանկարծ հասկացա, թե ինչն է պակասում.

-Գռնո, չկա… Սերս չկա, Գռնո… Տարել են, փախցրել են:

-Հա, էլի, չկա:

-Ախ, սիրտս, ես չեմ դիմանա էս ցավին, Գռնո:

-Լավ, ախպեր, չմտածես, կգտնենք սիրուդ: Հել տուն, հանգստացիր, վաղվանից կսկսենք որոնումները:

Ես այնքան վատ էի ինձ զգում, որ նույնիսկ չկարողացա Գռնոյին բարի գիշեր ասել:

Ամբողջ գիշեր չկարողացա քնել, մտածում էի իմ սիրո մասին:

Հաջորդ օրը առավոտից  դուրս եկա իմ սիրուն ման գալու: Ամենուրեք հարցուփորձ արեցի, նկարագրեցի նրա գեղեցկությունը, բայց ոչ ոք չկարողացավ ինձ օգնել:

Հույսս կտրած վերադարձա տուն: Չէի կարողանում չմտածել իմ գեղեցկուհու մասին:

«Պետք է մտքերս ցրեմ»,-մտածեցի ես և որոշեցի ինձ տալ խմիչքին:

Մեկ բաժակը դարձավ երկու, երկուսը՝ երեք, երեքը՝ վեց… Ստոպ, ի՞նչ վեց: Չէ, ես արդեն վատ եմ: Հավաքիր քեզ, Արման: Դու ուժեղ ես: Ապտակ, ևս մեկ ապտակ: Շատ ուժեղ էր, գիտակցությունս կորցրեցի: Բացում եմ աչքերս: Մեկ ժամ անգիտակից պառկած էի: Լվացվեցի, հաց կերա, կարծես արդեն լավ եմ:

Այդ դժբախտ դեպքից հետո անցել է մեկ ամիս, բայց ցավը  միևնույնն է, կա ու դեռ երկար կմնա:

Էհ, տեսնես հիմա որտե՞ղ է հեծանիվս:

Հ.Գ. Գողացել են կարմիր գույնի «Ֆիլիպս» ֆիրմայի հեծանիվ: «Ֆիլիպս» բառը գրված է հեծանիվի վրա մեծ սպիտակ տառերով: Եթե տեսնեք այդպիսի հեծանիվ, խնդրում եմ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով. 094-94-49-26:

arman baghdasaryan

Դարակի մութ անկյունում

-Արման, նայի, ոնց որ դեմք լինի:

-Ո՞ւր ա:

-Հենա, նայի, էն աչքերն են, էն դեմքն ա, էն էլ՝ բերանը:

-Հա էլի, սպասի նկարեմ արագ, քանի դիտակետից չեմ կորցրել: Անի, նայի, էն էլ ոնց որ կոկորդիլոս լինի:

-Չէ, ես ձկան եմ նմանեցնում:

-Վայ, չէ, երկուսս էլ սխալ ենք, վիշապի ա նման:

-Չեմ հասկանում՝ ո՞ւր է վիշապ այնտեղ:

-Սպասի՝ ֆոտո անեմ, էդ մասը ցույց տամ: Հեսա, նայի:

-Հա, իրոք վիշապի ա նման:

-Նայի, դեմքը փոխվեց, էլի աղջկա ա նման, ու ինչ սիրուն ա լույսն ու ստվերը դեմքի:

-Հա տեսա, վերևի ամպն էլ մազերն են:

-Լավ ա, էլի, երևակայություն ունենալը:

Եթե հասկացար՝ ինչ էի պատմում, ուրեմն մենք ընդհանուր շատ բան կունենանք: Իսկ եթե չես հասկացել, ուրեմն ասեմ՝ խոսքը ամպերի մասին էր: Եթե չես կարողանում գործի դնել քո երևակայությունը և թողել ես այն դարակի մութ անկյունում՝ փոշոտվելու, ապա կարող ես հետևել մեր օրինակին. սպասիր երեկոյան ժամին, երբ արևն արդեն մայր է մտնում, մոտեցիր պատուհանին, նայիր ամպերին և սկսիր նմանեցնել ամեն մի ամպը մի բանի: Բայց երևակայությունդ այնքան գործի չդնես, որ թռչես երկինք ու չիջնես ներքև: Պետք չէ մոռանալ, թե որտեղ ենք մենք ապրում, կարելի է ապրել իրական կյանքով, բայց երևակայությամբ մի քիչ հետաքրքրացնել այսօրվա խղճուկ կյանքը:

arman baghdasaryan

Բրդոտ օրեր

Մեկ շաբաթ առաջ մեր տանը սկսվեց բուրդ, վերմակ ու բարձր լվանալու սեզոնը: Այդ գործով զբաղված էինք ես և տատիկս: Ես ընդհանրապես չեմ ուզում հիշել այդ բրդոտ, ավելի ճիշտ՝ փրչոտ օրերը, բայց ստիպված կհիշեմ: Տատիկս ասաց, որ գնամ ու առնեմ երկու հատ էն դեղին շատ մեծ տոպրակներից:

Հագա դուրս գնալու շորերս, այսինքն՝ բոթասներս ու դուրս եկա տանից:

Բակում, ինչպես միշտ, երեխաները ֆուտբոլ էին «տժժցնում»: Դե, ես ինչպես միշտ շեղվեցի իմ առաքելությունից և ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլասեր տղա՝ տեսա գնդակը և ասացի.

-Ճժեր, հլը պաս տվեք, մի հոգի էլ թող «վռո» կայնի:

Փոքրերը տվեցին գնդակը, և ես սկսեցի հավեսով խաղալ նրանց հետ: Հաճելի էր:

«Թո՜ւ, արա, տոպրակ պիտի առնեի»,- մտածեցի ես: Թողնելով գնդակը և երեխաներին՝ վազելով գնացի տոպրակ առնելու: Թեթև քամին փչում էր դեմքիս, և ինձ թվում էր, թե կինոյի մեջ եմ. տարօրինակ զգացողություն էր:

Հասա շուկա: Շուկայում մի սպիտակ մորուքով մարդ կա, որի անունը ես դեռ չգիտեմ: Ես ավելի ճիշտ եմ համարում տոպրակ գնել այդ մարդուց, քան «Երևան սիթիից», կամ մեր շենքի մոտի «Մեր տուն» սուպերմարկետից:

Մոտեցա այդ պապիկին, որը երիտասարդի աչքեր ու ձայն ուներ:

-Բարև ձեզ, էն մեծ դեղին տոպրակներից ունե՞ք:

-Հա, տղա ջան, ունեմ, հատը՝ 150 դրամ:

-Ինձ երկու հատ տվեք, էլի:

-Տղա ջան, ամեն ինչ արա, որ էս երկրի կառավարմանը չընտելանաս:

Ես չհասկացա, թե ինչ նկատի ուներ այդ մարդը:

-Սովորիր, տղա ջան, սովորիր, որ ապագայում մասնագիտություն ունենաս ու 300 հազար կամ 400 հազար աշխատես: Էս երկրում կամ հարուստ կա, կամ աղքատ:

-Միջին խավ չկա:

-Այ ապրես, տղա ջան: Ես բարձրագույն կրթություն եմ ստացել, ինժեներ եմ, բայց տես, տոպրակ եմ ծախում, 30 հազարը ի՞նչ փող ա տուն պահելու համար: Դրա համար, տղա ջան, հասիր քո նպատակներին, որ իմ օրի չլինես: 300 դրամ, էս էլ քո տոպրակները:

Ես վերցրի տոպրակներս, տվեցի գումարը, շնորհակալություն հայտնեցի և քայլեցի դեպի փողոց:

Ի՞նչ կլիներ, եթե բոլոր այն մարդիկ, ովքեր տաքսու վարորդ են, վուլկանիզացիայում են աշխատում, տոպրակ են վաճառում շուկայում՝ աստիճանների վրա, բայց ստացել են բարձրագույն կրթություն, աշխատեին իրենց մասնագիտությամբ և անգամ զբաղեցնեին բարձր պաշտոններ՝ անգրագետ պատգամավորների և չինովնիկների փոխարեն, ապա ի՞նչ կփոխվեր այս երկրում:

Հասա տուն, տվեցի տատիկին տոպրակները: Բոլորը գոհ էին, նույնիսկ՝ 300 դրամ աշխատած տոպրակ վաճառող ինժեները: