Արմինե Կարապետյանի բոլոր հրապարակումները

armine karapetyan

Դեպի նոր հնարավորություններ

Արդեն չեմ էլ հիշում՝ ամսի քանիսն էր, երբ տեսա, որ Ամերիկյան խորհուրդները իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ֆլեքսի Սյունիքի մարզի այն աշակերտների ցուցակը, ովքեր հաղթահարել էին երկրորդ փուլը ու պիտի մասնակցեին երրորդին: Իրականում համ սպասում էի, համ կասկածում: Ես էդպիսի ժամանակներում միշտ մի քիչ կասկածելու տեղ թողնում եմ, որ հետո ինչ-որ բան շատ ծանր չտանեմ:

Հա՛, կարդացի ցուցակում անունս ու վազեցի անգլերենի ուսուցչուհուս մոտ: Ես վստահորեն կարող եմ ասել, որ ընկեր Ավագյանը մեզնից շատ է ուրախանում մեր հաջողությունների համար: Դե, չեմ էլ ուզում ասել, նկարագրել նրա ուրախությունը, երբ իմացավ, որ իր երկու աշակերտներն էլ (ես և ընկերուհիս) հաղթահարել են երկրորդ փուլը։

Այս ամենից մի քանի օր անց զանգ ստացա, ասում էին, որ հոկտեմբերի 17-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, ներկայանամ երրորդ փուլին մասնակցելու համար: Սա ինձ համար նորություն չէր, նախորդ տարի անցել էի այս ամենի միջով, բայց հիմա տրամադրվածությունս այլ էր: Մենք սկսեցինք գրել շարադրությունները, թեստերը, ու ամեն ինչ շատ հավես էր ու տրամադրող: Օրվա երկրորդ կեսին մեզ՝ մասնակիցներիս, բաժանեցին խմբերի խմբային աշխատանք կատարելու համար: Մենք եթե ոչ գերազանց, ապա շատ լավ կատարեցինք խմբային աշխատանքը: Ուրախ, ընկերական ու փոխըմբռնման մթնոլորտ էր թևածում ամենուր:

Ու եկավ այդքան սպասված հարցազրույցի ժամանակը: Ես մոտավոր գուշակում էի՝ ինչ հարցեր կարող են լինել, բայց համոզված չէի: Ես երբեք Ֆլեքսից առաջ չեմ պարապել։ Միայն մի բան էի ուզում, որ հարցնեին․ դպրոցից դուրս ինչո՞վ եմ զբաղվում: Պատկերացնո՞ւմ եք՝ այդ հարցն էլ տվեցին ինձ: Եթե հնար լիներ, ժամերով կարելի էր խոսել այդ թեմաների մասին, որոնք, իրոք, հետաքրքիր էին, ու որոնց, անկասկած, կարելի էր ստեղծագործական պատասխաններ տալ: Դե այս ամենից հետո մեզ մնում էր միայն հայտերը լրացնել ու սահմանված ժամկետում հասցնել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ: «Ամենադաժան» ու ամենաշատ ուշադրություն պահանջող հատվածն ինձ համար դա է: Ես երկար դեգերումներից հետո՝ հոկտեմբերի 29-ին ավարտեցի, իսկ 30-ին թղթերս տարանք գրասենյակ՝ մտքում հույսեր փայփայելով, որ այս տարի մի բան կստացվի: Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր օգնեցին ինձ լրացնել, ավարտել այս ամենը:

Իսկ վերջում ուզում եմ ուղղակի հաջողություն մաղթել այն աշակերտներին, ովքեր հասել են այս փուլ ու ապրիլին սրտատրոփ սպասելու են զանգի, որը կամ կբացի նոր հնարավորությունների դռներ, կամ… էլի կբացի նոր դռներ:

Համենայնդեպս, ես գիտեմ մի պարզ ճշմարտություն․ չպիտի լինի այնպիսի հանգամանք, պատճառ, որը կստիպի քեզ երբևէ զենքերդ վայր դնել, ընկրկել:

armine karapetyan

Ինչպես սովորել պատմություն

-1988 թվականի փետրվարին շատ իրադարձություններ կան՝ համարյա իրար հետևից, ուշադիր կլինեք, քննությանը լինում են… 1988-ի փետրվարին սկսվել է Արցախյան շարժումը։

Այսպես սկսվեց մեր պատմության դասը, երբ ընկեր Բաղդասարյանը իրեն հատուկ առոգանությամբ բացատրում էր դասը և «ստիպում», որ առանց աչքերը փակելու՝ այդ իրադարձությունների մասնակիցը դառնանք: Իրականում պատմության ժամերին մեզնից շատերը «դասարանը լքում են», հետ տալիս ժամանակի հսկայական անիվն ու մտքով հասնում ոչ այնքան հեռու՝ 20-րդ դար, ակամա դառնում պատմության կրողն ու ականատեսը: Ու պատմության քառուղիներում իրականացրած էքսկուրսիայից հետո՝ մեր գլխում հարցերի տեղատարափ է սկսվում, միտքն ալեկոծվում է, ու հարցերն ասես ռմբակոծում են ուղեղը:

Այս դասը բացառություն չէր. չգիտեմ՝ ինչու, 90-ականներն ինձ համար բավականին հետաքրքիր շրջան են, որն իր մեջ ներառում է նաև կյանքի ու ազատության համար մղված հերոսական պատերազմը: Ու դրա համար էր, որ երկրորդ պարբերությանը չհասած՝ ընդհատում էինք ուսուցչին ու հղում մեզ հուզող հարցերը:

Ընկեր Բաղդասարյանն արցախցի է ու անցել է թե՛ արցախյան գոյամարտի, թե՛ ապրիլյան քառօրյա մարտերի թոհուբոհի միջով: Ու այն հարցից հետո, թե ինչպես էր մշակված «Կոլցո» օպերացիան, սկսվեց իրական հարց-պատասխանի հեղեղ: Պատմածներն իսկապես շշմեցնող ու հպարտացնող էին: Մեկ-մեկ զարմանում էի մեր ազգի կամքի, զորության ու հավատի վրա:

Պատմում էր, որ եղել են օրեր, երբ ադրբեջանցիները 2000-2500 գրադ կայան են նետել Ճարտար գյուղի (այժմ՝ քաղաք) վրա, իսկ այդ ժամանակ գյուղացիները զբաղված են եղել իրենց առտնին գործերով:

-Մենք հավաքվել էինք հորքուրենց տանը՝ համարելով, որ դա ամենաապահով վայրն էր պատսպարվելու համար, որովհետև բավականին հաստ պատեր ուներ: Մի քանի ընտանիքներ մի քանի տարի ապրել են միևնույն հարկի տակ: Ու այնժամ, երբ թշնամին անդադար ռմբակոծում էր բնակավայրը, մենք թութ էին թափ տալիս, դոշաբ էինք պատրաստում ու ստեպ-ստեպ դուրս գալիս՝ տեսնելու արդյոք կրակը մարել էր, թե ոչ…

-Բա ձեզ բան չէր լինո՞ւմ, չէիք վախենո՞ւմ:

-Ես 4-5-րդ դասարանի երեխա էի, բայց շատ լավ հիշում եմ, որ մեր գյուղի 4 տոննայանոց ջրհորում ոչ մի գրամ ջուր չէր մնացել. հրդեհ էին հանգցրել: Մի անգամ կրակի բոցերը հասել էին մեր տանն ու բոլորը՝ ծանոթ, անծանոթ, տարածքից հեռացնում էին փայտերն ու այն իրերը, որոնք կարող էին նպաստել հրդեհի տարածմանը: Ու այդպես նրանք փրկեցին մեր տունը:

-Ընկեր Բաղդասարյան, որ Ձեր գյուղը գրավեին, հետո ի՞նչ էր լինելու, հասնելու էին Ստեփանակերտ ու վե՞րջ:

-Դե, իրենց ռազմավարական պլանի համաձայն՝ նրանք ցանկանում էին օղակել Արցախը, հայաթափել Շահումյանի շրջանը: Բայց դա նրանց չհաջողվեց:

-Երեխեք, ինչ հետաքրքիր ա, չէ՞: Էնքան կուզեի գոնե մեկ օր ապրեի էդ ժամանակներում,- ասում էի ես՝ մեկը, ով ապրիլյան քառօրյային արցունքն աչքերին հետևում էր լուրերին, ու ամեն կորուստի հետ թևաթափ լինում, ամեն հաղթանակով՝ թևավորվում:

-Երբ մերոնք սկսեցին ազատագրական մարտերը, նրանք ատամ էին կռճացնում, որ պարտվել են, ու մի օր էլ ադրբեջանական մի ջոկատ մտնում է սահմանամերձ Նախճիվանիկ, Վարազաբուն և Փրջամալ գյուղերը՝ նպատակ ունենալով գերի վերցնել Նինա անունով բժշկուհու, ում ամուսինն ու որդին Մարտունու գլխավոր ճակատների հրամանատարներից էին: Ադրբեջանցիներին հաջողվում է Նինային և ևս 9 այլ կանանց գերեվարել, ու երբ Նինային ստիպում են, որ իր ամուսնուն ու որդուն հետ կանչի ռազմի դաշտից, վերջինս հրաժարվում է: Այդ դեպքից հետո անցնում են տարիներ, և այդ տասը կանանց մասին ոչ մի լուր չի ստացվում: Միան պատերազմի ավարտից հետո՝ շատ տարիներ անց, Ռոստովում ապաստանած մի ադրբեջանցի հարևանին պատմում է իր հայրենակիցների վայրագությունների մասին ու ամաչում դրանց համար: Ու գիտե՞ք՝ ինչ է պարզվում, որ ադրբեջանցու հարևանը հենց վերոնշյալ Նինայի համագյուղացին է եղել: Նրա պատմածի համաձայն՝ Նինային և ինը կանանց անասելի տանջանքների ենթարկելուց հետո, նետել են խոր փոսի մեջ և ողջակիզել: Համագյուղացին նյութը ներկայացնում է թերթին, որով էլ կանանց հարազատները տեղեկանում են նրանց դաժան ճակատագրի և տխուր վախճանի մասին:

Զլը՛նգ…

-Վա՛յ, երեխե՛ք, դասը չհասցրի. չէ, չսովորեք, կբացատրեմ՝ նոր, բավականին շատ իրադարձություններ կան:

Զանգը տվեց, ու ես, որ հայտնվել էի այդ իրադարձությունների կիզակետում, սթափվեցի: Մինչ ուսուցչուհին պատմում էր, աչքերումս արցունքները սառել էին, ու հազիվ էի զսպում հուզմունքս:

Աշխարհում կան մարդիկ, որոնք ծնվել են որ ավիրեն, ոչնչացնեն ու սպանեն իրենց շուրջը: Ու չգիտեմ՝ ինչից է, ամեն անգամ Հայաստանի, Արցախի մասին լսելիս՝ հպարտությունից աչքերս լցվում են:

Մենք անկախության սերունդն ենք:

armine karapetyan

Մի՛ կորցրեք, մարդի՛կ

Վարդգես Պետրոսյանը մի դիպուկ խոսք ունի. «Մի՛ կորցրեք, մարդի՛կ»: Բայց այս բառերի վրա դրված շեշտերը շատերի վրա հաճախ չեն էլ ազդում: Ախր, հրամայական է, չէ՞: Պիտի անպայման ենթարկվել, թե չէ ներսումդ ապրող հայոց լեզուն կխառնվի իրար:

Երբևէ մտածե՞լ ես՝ ի՞նչ կլինի, երբ դեմ գնաս մտքիդ քերականությանն ու շարահյուսությանն ու շեշտերիդ թիվը կրկնապատկես: Ոչինչ: Հազիվ թե բան փոխվի, եթե մարդու (որն արդեն կոչականն է)  վրա ոչ մի ազդեցություն չկա:

Երևի մեզ ուրիշ կետադրական նշաններ են պետք, եղածները չեն հերիքում: Էնպիսիններն են պետք, որոնք իրենց մեջ կամփոփեն մեր զգացմունքները, ապրումները ու արարքները: Էնպիսինները, որ նույնիսկ կբացատրեն քո անհուն լռությունը:

Ես կետադրությունից սկզբից փախչում էի. դժվար էր ու անտանելի: Ժամանակի ընթացքում կետադրությունը դարձավ լեզվի մեջ ամենահետաքրքիր ու հեշտ բաժինն ինձ համար: Բայց, հավատացած եղեք, դա նրանից չէր, որ շարահյուսական կանոններն անգիր էի անում կամ տրամաբանորեն տեղադրում, այլ կյանքում, կյանքի լեզվի մեջ հանդիպում էի դրանց ու փորձառու դառնում, այնքան հմուտ, որ դժվար թե վրիպեի:

Որտեղից ուր հասա: Հա՛, խոսքս կիսատ թող չմնա: Թեկուզ հրամայող շեշտերը մեզ չեն համոզում հետևել կարևոր կանոններին, բայց մենք հո՞ գիտենք, որ կարող ենք:

Կյանքը, իրոք, շատ կարճ է ինչ-որ բան կորցնելու, վերագտնելու ու փոշմանելու համար: Դրա համար ձեզ եմ դիմում ՄԱՐԴԻԿ, որ կյանքում երբեք չկորցնեք ամենաթանկը:

Ո՞նց, դուք չգիտե՞ք մեր գյուղը

Կամավորական աշխատանքների, մրցույթների, ճամբարների պատճառով գյուղից՝ Գորայքից, հաճախ եմ բացակայում: Չգիտեմ՝ լավ է, թե չէ: Համենայնդեպս, ինձ համար հաճելի է ու հետաքրքիր:

Ու ամեն անգամ նոր մարդկանց հանդիպելիս, ծանոթանալիս, երբ հարցնում են՝ որտեղից եմ, պատասխանը ստանալուց հետո այդպես էլ չեն տարբերակում: Այդ օրերին հուշող, բանալի բառերն ու շրջանները մտքումս պտտվում են: Ու հարցնելիս հաճախ ասում եմ.

-Գիտե՞ք՝ Սպանդարյանի ջրամբարը որտեղ է գտնվում:

Շատերը մտաբերում են, շատերը՝ ոչ:

Վերջերս գործս հեշտացել է, մի քիչ հեշտ է ստացվում:

Սպանդարյանի ջրամբարի փոխարեն ասում եմ՝ Ամուլսար, ու բոլոր հարցերը միանգամից լուծվում են: Վերջին իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ Ամուլսարը դարձավ հասարակության քննարկման համար մեկ թեման:

Իհարկե, գլուխ գովելու մեծ առիթ չէ, որ Ամուլսարը մեր գյուղի մոտ է գտնվում, բայց գոնե օգնում է ընկերներիդ պատմել, բացատրել, թե, վերջիվերջո, որտեղից ես:

Ես շատ մեծ հույս ունեմ, որ ապագայում իմ գյուղը շատ պատճառներ կունենա, որով կճանաչեն իրեն, դե ես էլ, ինչպես միշտ, կհպարտանամ դրանցով: