Էլիտա Ստեփանյանի բոլոր հրապարակումները

elita balyan

Պապս ու աղբյուրի սառը ջուրը

Արդեն մայիս ամիսն է, ու պատշգամբից նայելով կարող ենք վերջապես զգալ գարնան շունչը։ Մարդիկ արդեն սկսել են այգիներում աշխատել ու մշակել իրենց հողը։ Ե՛վ մշակում են, և՛ սիրով սպասում երախայրիքին։ Տատս ու պապս արդեն մեծ են, բայց միշտ եռանդով են աշխատում այգում, ամեն մի սերմի հատիկը սիրով են գցում հողի մեջ ու ասում՝ եթե սիրով չանես, երբեք բերք չի տա։ Պապս միշտ պատմում է, որ երբ եկան այստեղ` Կալավան, բնակություն հաստատելու, վերցրին գյուղի առաջին տունը, որը ոչ ոք չէր համարձակվել վերցնել՝ մտածելով, որ թշնամու հարձակվելու դեպքում չեն կարողանա փախչել։ Պապս ու նրա հայրը տան կիսախարխուլ պատերից տուն են շինել ու բնակվել իրենց թոռներով ու ծոռներով։

Տարիներ են անցել, բայց պապս իր սովորությանը վերջ չի տվել։ Ամեն անգամ այգի գնալիս մոռանում է հետը ջուր տանել, ու երբ ուզում է հագեցնել ծարավը, կանչում է ինձ ու աղբյուրի սառը ջուր ուզում։

Ես տրտնջալով վերցնում եմ շիշը, մաքուր լվանում այն, լցնում աղբյուրի սառը ջրով ու տանում պապիս։ Երբ մի կուշտ խմում է, բաց եմ անում իմ անծայրածիր հարցերի շարանը։

-Պապի, բա էն ժամանակ, որ նոր էիք եկել, էլի՞ էսքան շատ էիք մշակում։

-Հա, բա ինչ էինք անում, բալես, սա ինչ ա վեր, տենում ես՝ էն կետի ղրաղովն մին քյալամ ինք անում, կարտոշկա, էնքան լյավ բերք էր տալիս։

20200502_124555

-Պապի, բա էդքան բերքն ի՞նչ էիք անում։

-Է՜ բալես, քաղաքից կյալիս ին մեր բարեկամները, ամենալյավը լցնում ինք, որ տանեն իրանք էլ ծմեռը յոլա քյան։ Կարտոշկեն հատ-հատ ճոկում ինք, բաժանում մասերի ու ամենակուճուրից սկսում ինք ուտիլը, իսկ մեծը տալիս ինք բարեկամներին,- շարունակեց պապս։

-Պապի, բա դուք էիք էդ ամեն ինչը մշակում ու չարչարվում, ինչի՞ փոքրից բարեկամներին բաժին չէիք տալիս։

-Է՜ բալես, դե էն ժամանակ տհենց ա եղել։

Պապս և՛ պատմում էր, և՛ աշխատում, ու երբ հոգնում էր, նստում ու աղբյուրի սառը ջուր էր խմում։

IMG-47e99b9c794c82907ea34df6db4ea8bb-V

Հիմա սիրով եմ պատմում իմ ու պապիս զրույցները, նաև սիրով եմ պատմում, թե ամեն անգամ ինչպես եմ տրտնջալով ջուր տարել պապիս համար։ Ու հիմա, երբ ավարտեմ դպրոցս ու գնամ քաղաք՝ սովորելու, կարոտելու եմ պապիս, նրա զրույցներն ու իմ անթիվ ու անհամար հարցերը։ Կարոտելու եմ նաև, թե ոնց էի ամեն անգամ տրտնջում, երբ պապս ինձ էր կանչում ու աղբյուրի սառը ջուր ուզում։

elita balyan

Կյանքը կորոնավիրուսի ժամանակ

Ողջույն։ Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում։ Սովորում եմ տեղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում։ Ուզում եմ քեզ պատմել, թե ինչպես էր կյանքը ընթանում Կալավանում մինչև covid-19-ի ի հայտ գալը։

Ճիշտն ասած՝ այնտեղ, որտեղ ապրում եմ, փողոցներում շատ մարդիկ չկան, ու մեքենաների ազդանշաններ էլ հաճախ չես լսի։ Իմ գյուղը՝ Կալավանը, զբոսաշրջության գոտի է, ու ամռան ամիսներին այստեղ են գալիս օտարերկրացի հյուրեր։ Գյուղի բնակիչները հյուրատներ են կառուցել, ու մեր օտարերկրացի բարեկամներին հյուրընկալում են։ Մենք բոլորս մեծ սիրով ենք սպասում նրանց գալուն ու հատկապես սպասում ենք ամռան գալուն, որ կազմակերպվեն հետաքրքիր միջոցառումներ։

Գյուղում կա մեկ դպրոց, ու դպրոցն ունի ընդամենը տասնինը աշակերտ։ Հա, մի զարմացիր, ես էլ այս տարվա միակ շրջանավարտն եմ, որը բոլորի պես սրտի թրթիռով էր սպասում վերջին զանգին։ Մնացած բոլոր տարիների վերջին զանգերին ես ունեցել եմ իմ մասնակցությունը ու միշտ անհամբեր սպասել եմ, թե երբ է իմը լինելու։ Ինչպես բոլորը, այնպես էլ ես, արդեն սկսել էի վերջին զանգիս սցենարի վրա աշխատել ու մտովի ամեն ինչ պատկերացնում էի՝ անգամ դահլիճի զարդարանքը։

Կյանքը այստեղ՝ Կալավանում, ուրիշ էր, մենք երբեք դասերից հետո տանը չէինք լինում, միշտ հավաքվում ու կազմակերպում էինք հետաքրքիր խաղեր՝ լցնելով գյուղի ամեն մի անկյունը մեր ճիչերով։ Փոքրիկ Կալավանը ունի իր փոքր բասկետբոլի թիմը։ Մի քանի ամիս առաջ էր, երբ խնդրեցինք ուսուցչուհուն մեզ տանել հարակից գյուղերից մեկի թիմի հետ խաղալու ու հաղթանակած վերադարձանք։

Այժմ ես քեզ կպատմեմ, թե ինչպես մեր կյանքը փոխվեց մի քանի օրվա մեջ։ Երբ արգելեցին տներից դուրս գալ, մարդիկ մեկուսացան ու փակեցին տան դռները։ Դռները փակելը Կալավանում մի փոքր հարաբերական է. մարդիկ չեն շփվում միմյանց հետ, բայց դուրս են գալիս բակ, զբոսնում, մշակում այգին։ Գյուղում ավելի հեշտ է իրականացնել մեկուսացումը, քան քաղաքում։ Մոռացա նշել, որ գյուղում խանութ չկա, ու մարդիկ գնումներ կատարելու համար պետք է յոթ կիլոմետր ճանապարհ կտրեն, որ մի ամսվա կամ մի շաբաթվա համար ուտելու բան գնեն։ Բացի այդ՝ աշխատատեղ չկա, ու գյուղացիները հիմնականում ամռան ամիսներին են կարողանում գումար աշխատել։ Հիմա, երբ վիճակը ծայրաստիճան ծանր է, հույս էլ չունեն, որ ամռանը աշխատանք կլինի։

Երբ վիրուսի պատճառով դասերը դարձան օնլայն, մենք յուրաքանչյուր ուսուցչի հետ կազմեցինք մեր գրաֆիկը ու առանց ժամանակ կորցնելու՝ սկսեցինք դասերը։ Ես՝ որպես ավարտական դասարանի աշակերտուհի, անհամբեր եմ սպասում ուսուցիչների զանգերին։ Ու ամենից անհամբեր սպասում էի կրթության և գիտության նախարարի որոշմանը, թե ինչպես են անցկացվելու ավարտական ու ընդունելության քննությունները։ Դպրոցն ավարտելուց հետո որոշել եմ ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Երբ օնլայն դասերն ու մի գլուխ տնայիններն արդեն արել ես, տանեցիների նյարդերի վրա ազդել ես ու սոցցանցերից արդեն հոգնել ես, էլ բան չի մնում անելու։ Ուղղակի հոգնել եմ, հոգնել եմ ուղղակի հոգնելուց, հոգնել եմ անվերջ անիմաստ ու իմաստալից բաների մասին մտածելուց, իրոք, էլ բան չի մնացել անելու։ Անգամ դրսում եղանակը ուղղակի զզվելի է, չես կարող գոնե դուրս գալ ու վայելել արևը։

Տան չորս պատերը դարձել են ձանձրալի ու հոգնեցուցիչ։ Տպավորություն է, թե թռչունին գցել են վանդակի մեջ, չեն թողնում թևերը բացի ու թևածի կապույտ ու սիրուն երկնքում։ Ես, դու, նա, մենք բոլորս ենք հիմա ազատություն ուզում։

Գիտեմ, որ աշխարհում ավելի վատ բաներ էլ են լինում, գիտեմ, որ սա էլ դժվարություն է, որ պետք է հաղթահարենք միասին։

Վստահ եմ, որ մի օր էլի ուրախ ժպիտով տանից դուրս ենք գալու ու տեսնելու ենք մեր ընկերներին։ Մնանք տանը ու ինքներս մեզ հետ պայքար տալով՝ հաղթենք վաղվա արևոտ ու լուսավոր օրվա համար։

elita balyan

Դեպի Երևան

Դեռ սեպտեմբեր ամիսն էր, երբ դպրոցում քննարկումներ սկսվեցին:

-Տեսնես` էս տարի էքսկուրսիա կգնա՞նք:

-Հուսով եմ` այո, – մեկս մյուսին հույս էինք տալիս:

Արդեն գարուն էր, ու հույս էլ չունեինք, որ մեր երազանքը իրականություն կդառնա, բայց արի ու տես, որ մեր համայնքի վարչական ղեկավարն ու դպրոցի տնօրենը մեզ համար անակնկալ էին պատրաստել:

-Հավաքվեք ուսուցչանոցում, տնօրենը ձեզ կարևոր բան ունի ասելու:

-Երեխաներ, ամբողջ տարի ձեր աշխատասիրության և ուսման մեջ առաջադիմելու համար մայիսի սկզբին գնում ենք էքսկուրսիա, ուղևորությունը` դեպի Երևան: Կալավան համայնքի վարչական ղեկավարն ասաց, որ համայնքապետարանը հոգում է ողջ ճանապարհածախսը:

Դպրոցի երեխաներս շատ էինք ուրախացել: Երբ տանն ասում էինք, որ ուզում ենք էքսկուրսիա գնալ, ծնողները ուրախանում էին, սակայն գյուղից Երևան հասնելու համար  անհրաժեշտ էր ճանապարհածախս, ինչ որ մի բան ուտելու համար գումար ու նման շատ բաներ: Եթե դրանք բոլորը գումարում էինք իրար, հսկայական գումար էր ստացվում, չնայած ծնողների մեծ ցանկությանը, չէին կարողանում այդքան մեծ գումար տալ:

Էքսկուրսիային նախորդող օրը ծնողները հավաքվեցին դպրոցում: Հենց այդ   ժամանակ էլ իմացանք, որ մնացած ծախսերը հոգում է «Թայմ Լենդ»  հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը:

Դե, մեզ էլ ի՞նչ էր մնում, եթե ոչ` վայելել մեր հիասքանչ օրը:

Առավոտյան ժամը ութին շարժվեցինք Դպրաբակ գյուղից: Գնացինք Հաղթանակի զբոսայգի, իջանք Կասկադի աստիճաններով, քայլելով հասանք Հանրապետության հրապարակ, հետո գնացինք Պատմության թանգարան: Լավ տպավորություններ ստացած, մի փոքր հոգնած ու քաղցած գնացինք «Տաշիր պիցա», այնտեղ ճաշեցինք և ուղևորվեցինք Կենդանաբանական այգի: Նոր էինք ներս մտել, երբ անձրև սկսվեց:

-Ուֆ, էս անձրևն էլ ժամանակ գտավ գալու:

-Անձրև՞ն է, որ մեզ պետք է խանգարի,- ասացինք մեկս մյուսին ու գնացինք առաջ:

Կենդանաբանական այգուց դուրս եկանք թրջված ու մրսած, նստեցինք մեքենաներն ու վերադարձանք Կալավան:

Զարմանալին էլ այն է, որ ոչ մեկս չհիվանդացավ:

Մենք բոլորս շատ շնորհակալ ենք  համայնքապետարանին, Ռոբերտ Ղուկասյանին և ողջ ուսուցչական կոլեկտիվին մեզ անմոռանալի օր պարգևելու համար:

elita balyan

Լավ միջավայրը նպաստում է լավ սովորելուն

Ամեն  անգամ  դպրոց  մտնելիս  լսում  էի  այս  արտահայտությունները.

-Աթոռս չկա:

-Սեղանիս վրա խզբզել են:

-Քեզ ո՞վ ա թողել նստարանս վերցնես:

-Հա, բայց  էս իմ սեղանը չի…

Ու նման շատ արտահայտություններ: Երեխաներն ամեն օր վիճում էին սեղանի, աթոռի կամ նստարանի համար:

11 տարի է սովորում եմ Կալավանի միջնակարգ դպրոցում  և ինչ հիշում եմ,  նստում ենք անշուք ու հին նստարաններին ու սեղանների առաջ: Դրանք  արդեն անմխիթար վիճակում էին և փոխելու կարիք կար:

Մի օր, երբ գնացի դպրոց, դասարան մտնելուն պես ի՞նչ տեսնեմ. նստարանս չկա: Դուրս եկա ու երեխաներին հարցուփորձ արեցի` արդյո՞ք տեսել են նստարանս: Ահա և գտա նստարանս վերցնողին, և վեճ առաջացավ,  վեճի արդյունքում հայտնվեցի տնօրենի մոտ, և նա ասաց.

-Աղջիկ ջան, հանգստացիր, ոչ մի բան չկա, վերցրել է` հետ կվերադարձնի: Միևնույն է, մոտ օրերս նորն ենք ստանալու:

Լուրը լսելուն պես աշխարհով մեկ եղա ու դուրս թռա տնօրեն տիկին Զվարթ Քեշիշյանի աշխատասենյակից:

Բոլորս անհամբեր սպասում էինք: Ահա և մի  օր դպրոցի տնօրենը մեզ հայտնեց.

-Երեխաներ, կիրակի օրը կբերեն դպրոցի համար անհրաժեշտ նստարանները, սեղանները, գրատախտակները և կախիչները, ցանկալի կլինի, որ բոլորդ լինեք դպրոցում:58732941_3330180847008116_9062727795989282816_n

Ահա և եկավ այդքան սպասված կիրակին: Բոլորս մի մարդու նման  գտնվում էինք դպրոցում և ջանասիրաբար տեղավորում էինք նստարաններն ու սեղանները, մաքրում դրանք և հարմար տեղավորում ու միմյանց շնորհավորում:57471959_3330181243674743_428901266744147968_n

Մենք անչափ շնորհակալ ենք  Լաս Վեգասի հայ համայնքին՝ պարոն  Andy Armenian-ին,  ինչպես նաև   Armenia School Foundation- ին` գույքի նվիրաբերության և առաքման համար: Մենք շնորհակալ ենք «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանին`  կազմակերպչական աշխատանքները կատարելու համար:

Լուսանկարները` Ռոբերտ Ղուկասյանի
elita balyan

Հիշողություններ մթության մեջ

-Մա՜մ, այ մամ:

-Հա, Էլիտ, ասա:

-Մամ, կարա՞մ տատիկենց հյուր գնամ:

-Եթե գործդ վերջացրել ես, գնա:

-Ապրես, մա, դե ես թռա:

-Բարի երեկո բոլորին: Տա, բա էս ո՞ւր են հարսիկենք:

-Է՜, բալես, քյացել են իրա պապայենց տուն, կյան:

-Բա ինչի՞ լույս չկա:

-Գիդում չեմ, էնքան տանում են, պիրում, էսա սաղ տալ տեն վառեն:

Տատիկս մի փոքր բողոքեց ու միասին գնացինք հյուրասենյակ: Ես նստեցի բազմոցին ու ասացի:

-Ո՜ւֆ, ինչ անհավես ա, ե՞րբ են լույսերը տալու:

Քանի գնում, ավելի էր մթնում, ու տատիկս գնաց մոմ բերելու, որ մի քիչ կոտրի մթությունը:

Սկսեցինք զրուցել ես, տատիկս, պապիկս, ու տատիկիս մայրիկը: Նրանք սկսեցին պատմել, թե այն ժամանակ երեխաները ինչպես են լամպի լույսի տակ դաս սովորել, մոխիրով հագուստը լվացել ու վառարանի մոտ չորացրել:

-Տատ, բա մոխրով ավելի՞ չէր կեղտոտվում,- հարցրի ես:

Պապիկս արագ վրա բերեց:

-Պահ, մոխիրը սապունից լյավ ա մաքրում, մհետ փորձի, կտենաս:

-Չէ, չեմ ուզում,- ասացի ես ու ծիծաղեցի:

Զրուցեցինք երկար, տատիկս, պապիկս ու տատիկիս մայրիկը արտասանեցին տարբեր բանաստեղծություններ, բալլադներ:

«Էնքան էլ երկար էր, տեսնես ո՞նց են հիշում էդքանը»,- մտածում էի ես:

Նրանց պատմությունները, երգերը, ասմունքներն ու մեր ծիծաղը ընդհատեց լույսը:

Բոլորս միասին գոռացինք.

-Ուռա՜:

Տարիները վերքը չեն սպիացնում

Լուսանկարը` Գեղանի Ստեփանյանի

Լուսանկարը` Գեղանի Ստեփանյանի

Դեռ մեկ ամիս առաջ էր, երբ Կալավան գյուղի համայնքապետ պարոն Սամվել Ծատուրյանը եկավ դպրոց և ասաց, որ մոտակա ժամանակներս ունենալու ենք մեծ միջոցառում` նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակի երրորդ տարելիցին: Դպրոցի երեխաները ցանկություն հայտնեցին մասնակցելու միջոցառմանը: Գրականության և հայոց լեզվի ուսուցչուհի Արմինե Հարությունյանը և երաժշտության ուսուցչուհի Հերմինե Ղազարյանը միջոցառման պատասխանատվությունը վերցրին իրենց ուսերին:

Ուղիղ մեկ ամիս պատրաստվում էինք կայանալիք միջոցառմանը: Ի դեպ, միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն Կալավան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները, այլ նաև Դպրաբակ գյուղի աշակերտները:

Ահա և եկավ սպասված օրը՝ ապրիլի 11-ը: Միջոցառմանը ներկա էին Արմենակ Ուրֆանյանի մայրը, Քյարամ Սլոյանի մայրը, Անդրանիկ Զոհրաբյանի ծնողները, Կրասնոսելսկի երկրապահները, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին: Նրանց հանձնվեցին շնորհակալագրեր, ներկա էր նաև Ճամբարակի քաղաքապետը, հրավիրված էին զինծառայողներ` գեներալ Մուրազ Սարգսյանի գլխավորությամբ:

Լուսանկարը` Գեղանի Ստեփանյանի

Լուսանկարը` Գեղանի Ստեփանյանի

Միջոցառումը տեղի ունեցավ Կալավան գյուղի խաչքարի մոտ, որը կառուցվել է Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի հիշատակին:

Միջոցառման ավարտից հետո մոտեցանք Անդրանիկի, Արմենակի և Քյարամի մայրերին, լուսանկարվեցինք նրանց հետ: Լուսանկարվելուց հետո ասացին, որ շուտ-շուտ կայցելեն մեզ, բայց փոխարենը պետք է լավ սովորենք:

Լուսանկարը` Գեղանի Ստեփանյանի

Լուսանկարը` Գեղանի Ստեփանյանի

Անդրանիկ Զոհրաբյանի հայրը Կալավան գյուղին նվիրեց նկար, որտեղ պատկերված էին Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը:

Տարիները վերքը չեն սպիացնում:

«Անհայտ հասցեի» անակնկալ այցը Կալավան

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Վերջերս կրկին Կալավան էին եկել «Անհայտ հասցե» հեռուստախաղի մասնակիցները: Կազմակերպել էին հետաքրքիր համերգ, բերել էին իրենց հետ ծաղրածու և վագրիկի կոստյումով խաղավարի։ Ուրախացրին փոքրիկ երեխաներին, կազմակերպեցին հետաքրքիր խաղեր, հաղթողներին բաժանեցին փափուկ խաղալիքներ:

Նրանք իրենց հետ բերել էին գեղարվեստական գրքեր, գրենական պիտույքներ: «Անհայտ հասցե» հեռուստախաղի պրոդյուսեր Սահակ Ասատրյանը բերել էր իր գիրքը, որը կոչվում է «Հոգուս մտորումները»։ Այդ գրքից հաջորդ օրը տնօրենը բոլորիս բաժանեց։ Ի դեպ, ասեմ, որ Սահակ Ասատրյանը շատ գեղեցիկ է գրում:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Ասացին, որ անպայման էլի կգան Կալավան, քանի որ շատ էին կապվել մեր գյուղին: Ու նաև ասացին, որ նման միջոցառումներ էլի ու էլի են կրկնվելու: Հա, ի դեպ, մոռացա նշել՝ նրանք պատվոգիր հանձնեցին «Time land» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանին, շնորհակալություն հայտնեցին, որ միշտ եղել է իրենց կողքին և օգնել է ամեն հարցում, պատվոգիր տվեցին նաև Հովիկ Ղուկասյանին։

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Հիանալի արկածներով ու անմոռաց օր ունեցանք «Անհայտ հասցե» հեռուստախաղի մասնակիցների հետ, անչափ շնորհակալ ենք նրանց նման հետաքրքիր միջոցառում կազմակերպելու համար, միշտ կհիշենք նրանց ու կկարոտենք:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Սակայն սա դեռ ամենը չէ: Օրեր առաջ Կալավան էին եկել Ջուլիետա Բաբայանը և Գոռ Հարությունյանը՝ Գրողների միությունից: Մեզ համար կազմակերպել էին ասմունքի երեկո։ Գոռ Հարությունյանը բերել էր իր գիրքը, որը կոչվում է «Միջանկյալ զրույց»: Բարձր դասարանի երեխաները նաև հինգ բջջային հեռախոս նվեր ստացան։

Հաղթանակած կալավանցիները

Սովորական առավոտ էր, երբ վեր կացա անկողնուցս, որ գնամ դասի: Դասը սկսվեց, եկավ ֆիզկուլտուրայի ուսուցչուհին՝ Ստելլա Բարսեղյանը, և ասաց.

-Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում տեղի է ունենալու սպորտային մեծ փառատոն, տարիքը՝ անսահմանափակ, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել:

Դասամիջոցի զանգը հնչելուն պես տնօրեն տիկին Քեշիշյանը մեզ բոլորիս հավաքեց և ասաց․

-Պետք է անպայման մասնակցենք և հաղթենք:

Մենք ոգևորված համաձայնեցինք, ընտրեցինք մեզ համապատասխան սպորտաձևը և տրամադրվեցինք մարտական:

Հաջորդ օրը ժամը 10։00-ին եկավ համապատասխան մեքենան, և մենք ուղևորվեցինք դեպի Ճամբարակ: Այնտեղ մեզ դիմավորեց ֆիզկուլտուրայի ուսուցչուհին, ոգևորեց ու ասաց.

-Պետք է անպայման հաղթենք: 

Մենք մասնակցեցինք բազկամարտին, շախմատին, հազար մետր վազքին և նարդիին: Բոլորը հիացած էին Կալավանի և Այգուտի դպրոցներով, ուսուցչուհին ցնծում էր:

Մենք մասնակցեցինք սպորտային մեծ փառատոնին, ծանոթացանք նոր մարդկանց հետ, բարձր պահեցինք թե՛ դպրոցի պատիվը, թե՛ գյուղի: Ուրախ, հաղթանակած վերադարձանք գյուղ:

Ես անչափ ուրախ եմ, որ ապրում եմ փոքրիկ, բայց արդեն մեծ անուն ունեցող Կալավանում:

Անհայտ հասցե

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Մի քանի օր առաջ Կալավանում էին «Անհայտ հասցե» հեռուստախաղի մասնակիցները: Նրանք ժամանել էին այստեղ նկարահանումներ անցկացնելու: Հետաքրքիր մարդիկ էին: Նրանց թվում կային նաև հայտնի դերասաններ: Նկարահանումները տևում էին մինչև երեկոյան 6.30, դրանից հետո գյուղացիները կարող էին այցելել նրանց և տեսնել, թե ինչով են զբաղվում ազատ ժամանակ: Հա, մոռացա նշել, որ նրանք ամբողջ օրը գտնվում էին անտառում և անգամ գիշերում էին այնտեղ:

Մենք որոշեցինք այցելել «Անհայտ հասցեի» մասնակիցներին ու տեսնել, թե ինչով էին զբաղվում: Մենք լուսանկարվեցինք հայտնի դերասաններից մեկի հետ, չեմ ուզում բացահայտել, քանի որ ամեն ինչ անհայտ է՝ թող սա էլ մնա անհայտ: Մի փոքր մնացինք այնտեղ ու վերադարձանք տուն:

-Երեխեք, գիտե՞ք, որ Վիկ Դարչինյանը գալիս է էսօր,-հաջորդ օրն ասաց երեխաներից մեկը:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

-Ո՞նց թե՝ գալիս է: Չեմ հավատում, հաստատ գալի՞ս է, չե՞ք խաբում, չէ՞:

Եվ իրոք, Վիկ Դարչինյանը եկավ: Նրան Դպրաբակ գյուղից դիմավորեց Ռոբերտ Ղուկասյանը: Ցավոք սրտի, ինձ բախտ չվիճակվեց տեսնել նրան: Շատ էր շտապում, բայց խոստացավ, որ էլի կայցելի Կալավան ու մյուս անգամ ավելի երկար կմնա:

Դե ինչ , վերադառնանք մեր «Անհայտ հասցեին»:

Տատիկիս տանն էի, երբ լսեցի անծանոթ ձայներ ու միանգամից դուրս թռա:

-Բարև Ձեզ:

-Վայ, բարև Ձեզ:

«Անհայտ հասցեից » էին: Երբ դուրս եկա, տատիկս արդեն նրանց հետ ջերմ զրույցի էր բռնվել, ու նրանց զրույցից հասկացա, որ ինչ-որ բաներ էին ուզում գնել:

Տատիկս, հարսիկս և ես նրանց հյուրասիրեցինք նոր թխած հաց, պանիր, որը պատրաստել էր տատիկս, և այգուց նոր քաղած լոլիկ ու վարունգ:

Նրանք տատիկիս ասացին, որ կվճարեն ամեն ինչի համար: Տատիկս ասաց, որ գումարի կարիք չկա: Նրանք վճարեցին միայն ալյուրի համար: Տատիկս դա էլ չէր վերցնում, ուղղակի ստիպեցին ու ասացին, որ դրանով իրենց միշտ հիշենք: Գրկախառնվեցին տատիկիս հետ, շնորհակալություն հայտնեցին ու գնացին իրենց «Անհայտ հասցեն»:

Նկարահանումներն ավարտվեցին, նրանք հեռացան այն մեքենայով, որով եկել էին. մեր գյուղի Սամվել քեռու 66-ով: Նրանք նախընտրել էին այդ մեքենան:

Գնալիս կանգնել էին տատիկիս տան բակում, վճարել ամեն ինչի համար: Դերասաններից մեկը, թող սա էլ մնա գաղտնի, պապիկիս հետ պապիկիս քաշած տանձի օղին էր խմել ու հրաժեշտ տվել: Ափսոս, այդ պահին այնտեղ չեմ եղել, որ անմահացնեմ այդ կադրը:

Նրանք եկան, հիացան մեր բնությամբ, հավանեցին մեր գյուղը և մի քանիսն էլ ասացին, որ անպայման էլի կայցելեն Կալավան:

Կալավանս, թեև հեռու, աշխարհից կտրված, բայց կամաց-կամաց հայտնի է դառնում:

Ճամփորդության առաքելությունը

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Երեք օրով Կալավան էին ժամանել Լեհաստանից յոթ աղջիկ: Նրանք ներկայացնում էին Travel with mission կազմակերպությունը: Կազմակերպության շրջանակներում տարբեր երկրներում վերանորոգում են դպրոցի դասասենյակներ, ճաշարաններ և այլն: Նրանք որոշեցին այս անգամ գալ Հայաստան և վերանորոգել Կալավան գյուղի միջնակարգ դպրոցի երկու դասասենյակ: Ապակիները ձեռք էին բերվել EtnoArmenia Tours-ի միջոցներով, իսկ շինարարական նյութերն ու մնացած պարագաները բերել էին իրենց հետ:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Ամեն առավոտ ժամը ուղիղ 9-ին գնում էին դպրոց և սկսում վերանորոգումը:

Գյուղի երիտասարդներից մի քանիսն օգնում էին նրանց: Դպրոցի երեխաները ամեն օր նրանց հետ հավասար աշխատում էին, անգամ վեց տարեկան փոքրիկ Ոսկանն էր նրանց օգնում, դարձել էր իրենց փոքրիկ ընկերը:

Քանի որ ժամանակը շատ քիչ էր, նրանք չհասցրեցին ամբողջությամբ ավարտել աշխատանքը, և գյուղի երիտասարդները խոստացան ավարտին հասցնել կիսատ աշխատանքը:

Նրանք դատարկաձեռն չէին եկել: Դպրոցի երեխաներին բերել էին գրենական անհրաժեշտ պիտույքներ:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Գրկախառնությամբ բաժանվեցինք՝ միմյանց կրկին հանդիպելու ակնկալիքով:

Մենք բոլորս անչափ շնորհակալ ենք նրանց նման հիանալի գործ կատարելու համար: