Սեդա Մխիթարյանի բոլոր հրապարակումները

Մշակույթի նախարարը Լոռու մարզում էր

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Մարտի 29-ին Վանաձորի երիտասարդները հանդիպեցին  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր Լոռու զարգացման կենտրոնի «Բանավեճ, քննարկում, փոփոխություն» ծրագրի շրջանակներում` բանավեճի ակումբի անդամների նախաձեռնությամբ։

Նախարարի առաջարկությամբ հանդիպումն ավելի շատ ուներ հարցուպատասխանի ձևաչափ։

Երիտասարդները նախարարին հարցեր ուղղեցին մշակույթի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ։

Հարցերի գերակշիռ մասը մարզերում մշակութային կյանքի ակտիվացման մասին էր։

Արմեն Ամիրյանը նշեց, որ վերջին շրջանում հսկայական աշխատանք է տարվել պատմամշակութային հուշարձանների նորոգման և պահպանման համար։ Նա նշեց, որ այդպիսի լայնածավալ աշխատանք կատարվել է նաև Լոռիում` Օձուն համայնքում։

Նախարարը անդրադարձավ նաև հայաստանյան կինոարտադրությանը և հեռուստաեթերին։ Նրա խոսքով հեռուստատեսությունը, թատրոնը պիտի բավարարեն հանրության պահանջարկը և ավելացրեց, որ հեռուստաեթերը պետք է տա այն առաջարկը, որը հանրության համար կդառնա պահանջարկ։

Մշակույթի զարգացման գործում կարևորելով երիտասարդների դերը, նախարարը նշեց, որ իրենք պատրաստ են քննարկելու ցանկացած առաջարկ։ Հանդիպման ընթացքում երիտասարդները հանդես եկան մի շարք առաջարկություններով, որոնք նախարարը խոստացավ ընթացք տալ։

Արմեն Ամիրյանի խոսքով մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը շատ կարևոր է, քանի որ հենց մարզերում, ժողովրդի մեջ են իրական տաղանդները, և պետք է նրանց բացահայտել։

seda mkhitaryan

A կետից B կետ՝ երթուղայինով

Կանգառ։

Նայում եմ օդում սավառնող պոլիէթիլենային տոպրակին։ Վախենում եմ, որ հիմա կընկնի գլխիս։ Իր գույնից ու նախնական տեսքից վաղուց զրկված տոպրակ է` քամու ճիրաններում։ Մտքումս քամին պոկում է մազերս, տանում խառնում տոպրակին, ու հիմա նրանք միասին են թռչում։ Մեզնից ամեն մեկը մի տոպրակ է, որը թռչում է կյանքի քամիներում։ Քանի՞ անգամ եք վախեցել, որ տոպրակը կընկնի ձեր գլխին։ Տոպրակի ու մազերիս ճախրանքը դադարում է։

Երթուղայինը գալիս է։ Կանգնում է ուղիղ իմ դիմաց։ Մտնում եմ ներս։ Նստելու տեղ չկա։ Ես իմ ներկայությամբ լցվում եմ առանց այդ էլ լիքը մեքենայի մեջ։ Ինձ թարս են նայում։ Դե, ես զբաղեցրի դեռևս ազատ մեկ քառակուսի սանտիմետր տարածք։ Դե, ավելացավ ևս մեկ թթվածին սպառող։ Այն կինը, որի վրա ես հանգամանքների բերումով կռացած եմ, ձեռքով դեմքից այն կողմ է տանում մազերը։ Սպասեք, դրանք իմ մազերն են, փաստորեն քամին դրանք չի պոկել։ Կողքիս աղջկա մազերը երկար չեն ու չեն խանգարում մյուսներին։ Սկսում եմ ատել երկար մազերս։ Հետևի շարքում նստած մի երեխա ինձ հիշեցնում է մեկ այլ երեխայի։ Այդ երեխայի միայն կապույտ գլխարկն ու դրա տակից երևացող շեկ մազերն եմ տեսնում։

Կանգառ։ Իջնում են մի քանի ուղևոր։ Ժպիտը դեմքիս՝ նստում եմ արդեն ազատ նստարանին։ Իսկ ժպիտը իջնում է դեմքիցս։ Սպիտակ մազերով տատիկ։ Նորից կանգնած եմ։

Կանգառ։ Սա արդեն իմ կանգառն է։ Իջնում եմ։ Մի խումբ ուսանողներ նույնպես իջնում են։ Ամբոխի միջով քայլում եմ։ Ամբոխ, որտեղ միայն աղջիկներ են։ Բոլորը նման են իրար։ Կտկտոցներ եմ լսում` առանց իմ համաձայնության։ Հպարտ քայլում եմ, որովհետև իմ քայլերը չեն աղմկում ու ոչ մեկին չեն խանգարում։ Հենց այդ պահին հիշում եմ մազերս։ Երանի քամին դրանք պոկած լիներ։ Արդեն ինձ են խանգարում։

Կատվի մլավոցը խլացնում է կտկտոցը։ Անկյունում նստած է, հոնքերն էլ կիտած են։

Էլի թռչող տոպրակ։

Կանգնած փողոցի մի կողմում սպասում եմ։ Մյուսներն անցնում են։

Կանաչ լույս` դիմացի լուսակիրին։ Ես ու կողքիս կանգնած պապիկը անցնում ենք։

B կետ։

seda mkhitaryan

Տաքուկ ֆիլմեր

Տեղավորվեցի տաքուկ բազկաթոռի մեջ։ Փայտերը ճարճատյունով վառվում են վառարանում։ Կողքի սենյակում հեռուստացույցով իմ ամենասիրելի ֆիլմն է` «Մենք ենք, մեր սարերը»։ Անգիր գիտեմ ֆիլմի ամեն կադր ու ձայն։ Հարյուր  անգամ նայել  եմ։ Կան ֆիլմեր, որոնք չեն հնանում։ «Դե, տղերքը սոված էին, երկու ոչխար ենք մորթել…» լսվում է Իշխանի ձայնը…

Հայկական այս հին ֆիլմերի ձայների տակ է անցել իմ մանկությունը։ Դրանք նայելով եմ ես սկսել հասկանալ, թե ինչ է կինոն։ Հասկանալ ու սիրել։ Բնական են այդ ֆիլմերը։ Նայելիս տեղափոխվում ես իրենց աշխարհ. Իշխանի հետ ոչխար ես մորթում, Ավագի քնկոտությունը ստիպում է հորանջել, Պավլեի հետ միասին կռիվ ես տալիս անարդարության դեմ, Զավենի հետ ընդունվում ես համալսարան։

Հիմա այդպիսի ֆիլմեր չեն նկարահանվում (դե, հայկական, իհարկե)։

Հայերը ճաշակով են եղել։ Ի՞նչն է պակասել տեսնես։ Այս ֆիլմերը հիմնականում  նկարվել են սովետական շրջանում ու այդ տարիների կյանքի մասին են։ Գուցե Հրանտ Մաթևոսյա՞ն այլևս չունենք, որ նրա գրածների հիման վրա ֆիլմ նկարենք։ Չգիտեմ։ Բայց բոլոր ֆիլմերի հիմքում հո նրա գրածները չե՞ն։

Հիմա մեր ֆիլմերը հիմնականում կատակերգական ժանրի են ու բոլորում գրեթե նույն սյուժեն է։

Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը կամ Ազատ Շերենցը այլևս չկան, բայց մի՞թե հիմա լավ դերասաններ չունենք։ Հաստատ կունենանք։ Խնդիրը սրանում էլ չէ։

Միգուցե հարցը ֆինանսավորո՞ւմն է, պակաս հնարավորությունները։ Բայց այս դեպքում էլ առհասարակ ֆիլմեր չէին նկարվի։

Բայց մի ֆիլմ կա, որը կարելի է բացառություն համարել`«Կյանք ու կռիվ»-ը։

Մտածում եմ, իսկ Իշխանը հարևան սենյակում լողացնում է Ավագին ու համոզում ամուսնանալ։

seda mkhitaryan

Տոներն անցան

Դարակումս դրված գրքերը ինձ են սպասում: Բերել եմ գյուղ, որ արձակուրդին կարդամ։ Արձակուրդը շուտով կավարտվի, իսկ գրքերը երևի կմնան առանց կարդալու։

Ժամանակը կրկնակի արագ է անցնում, երբ ազատ օրեր են։ Տոներն անցան, ու հիմա «հետտոնական սթրես» կոչվածը փաթաթվել է վզիս։

Այս տարվա Ամանորը սիրուն չէր։ Առանց ձյուն ձմեռվա հեքիաթը կիսատ էր, կամ` չկար։

Անցած տարվա փետրվարին ծնված փոքրիկի համար սա առաջին Ամանորն է, ճիշտ է, նա այնքան էլ չի հասկանում չարազից, բլինչիկից ու տոլմայից, բայց դե մենք էլ նրա չափ չենք կարող հասկանալ հրաշքներից, հեքիաթներից ու Ամանորից։

Ինչևէ, մի տարի էլ անցավ, մի եղևնի էլ տոնածառ դարձավ, մի անգամ էլ շամպայնի բաժակները իրար զարկվեցին, կրկին բոլորը իրար շնորհավորեցին, հյուրեր եկան ու գնացին, մենք ինչ որ տեղեր հյուր գնացինք, ու մի թղթապանակ էլ ավելացավ համակարգչի մեջ «Ամանոր» անունով, բայց կողքի թիվը տարբեր է՝ «2018»։ Ամբողջ Ամանորը դարձավ ընդամենը մի քանի լուսանկար ու պահվեց համակարգչում։

Հիմա նստած եմ արդեն ոչ մեկին չգերող տոնածառի կողքին ու զգում եմ բնական եղևնու հոտը: Վառարանը երգում է, դրսում ձյուն չկա, իմ մտքում «Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է…» երգն է, ու մտածում եմ` տեսնես երբվանի՞ց և մինչև ե՞րբ է ժամանակի պարույրը պտտվելու, մինչև ե՞րբ են բոլոր ամանորները իրար նման լինելու, մինչև ե՞րբ ենք եղևնին տոնածառ դարձնելու։ Հռետորական հարցեր չեն, բայց դառնում են այդպիսին։

Կարմիր խաղալիքը կախվել է տոնածառին ու նրա մտքում էլ երևի նույն հարցերն են։

Բայց արդյո՞ք բոլոր ամանորները նույնն են։ Երևի` չէ, այ օրինակ, անցած Ամանորին դու 17 տարեկան էիր, հիմա 18 ես, բայց տարբերությունը միայն այդ մի տարին չի… Այդ մի տարվա մեջ քո կյանքում շատ բաներ են փոխվել։ Մի տարի առաջվա այն աղջիկը հիմա հաստատ նույնը չի։ Նա հիմա նոր մտքեր ու երազանքներ ունի, նա հիմա աշխարհին մի քիչ ավելի «մեծի» աչքերով է նայում։

Ձմեռը թակում է պատուհանը

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Իրեն թողնես՝ մազերդ կպոկի, վերարկուդ հագիցդ կհանի ու պտտեցնելով կտանի օդում: Գլխարկիդ հետքը կկորցնես, այտերդ նրա ապտակներից կկարմրեն, իսկ աչքերդ փոշուց կփակվեն… Այո, քամին ընդունակ է այս ամենին։

Իսկ այս մեկը իր սպիտակ փաթիլները կլցնի մազերիդ, կհալվի` հենց կպչի ձեռքիդ, վերևից այնպես կթափվի կարծես առաջ երբեք չի թափվել… Այո, ձյունն էլ այս ամենին է ընդունակ։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Բայց կարծում եմ, արդեն ժամանակն է, որ քամին իր հետ ձյուն բերի։

Ժամանակն է, որ արևը վաստակած հանգստի գնա։

Ժամանակն է, որ աշնան վերջին տերևը պոկվի։

Ժամանակն է, որ ձյունը գա ու մաքրի ամեն բան, տանի իր հետ վատ հիշողությունները ու հիշեցնի, որ աշխարհը միշտ պիտի սպիտակ լինի, ոչ թե միայն ձմռանը, և այլն էլ միայն արտաքուստ։

Ժամանակն է, որ ձմեռը թակի քո պատուհանը։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

seda mkhitaryan

Լուսինեն

Նա սովորական մարդ է, 20 տարեկան մի աղջիկ, որը արտաքինից ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից։ Գեղեցկադեմ է, մի քիչ կարճահասակ, ունի կարճ մազեր և կանաչ աչքեր։

Մանկությունից հիշում է. «Երեսառած երեխա էի, բավականին երկար մազեր ունեի, ու միայն մի դեպքում էր, որ դրանք հարդարելիս չէի լացում, երբ հայրս էր դա անում»,- ասում է Լուսինեն։

Լուսինեն իր կյանքի ամենալավ օրը համարում է իր ընդունելության քննության օրը, որովհետև, իր խոսքով ասած, իր «առաջին ինքնուրույն քայլն էր»:

Դա մի օր էր, որն իրեն տարավ դեպի նպատակ։ Իսկ նպատակն էր՝ ընդունվել ՎՊՀ հայոց լեզվի և գրականության բաժին։ Նա առաջին դասարանից էլ գիտեր, որ ուզում է դառնալ մանկավարժ։ Կանաչ աչքերով աղջիկը սիրում է հայոց լեզուն, իսկ գրականությունը նրա տարերքն է։ Լուսինեն ընդունվեց համալսարան։ Սիրում է իր կուրսեցիներին ու նրանցից յուրաքանչյուրի հետ շփվում է որպես առանձին անհատ։ Նա ընկերությունը համարում է մի բան, առանց որի մարդն ապրել չի կարող։ Դասախոսական կազմին անդրադառնալիս Լուսինեի դեմքին ժպիտ հայտնվեց, և նա ասաց, որ այդ անձնակազմի մեջ գտել է մեկին, որը իր կարծիքով ամենաանթերի մարդն է աշխարհում։ Այդ դասախոսը Գայանե Մալումյանն է, որը Լուսինեին դասավանդում է գրականություն։

-Բառեր չունեմ նրա մասին ասելու, բառերը շատ սովորական են նրա մասին խոսելու համար, դա տեսնել ու զգալ է պետք։ Ցանկանում եմ, որ վայելես նրա ուսանողը լինելու պատիվը։

Սակայն Լուսինեի կյանքում տեղի ունեցած մի իրադարձություն ամբողջովին փոխեց նրա կյանքը։

-Կյանքիս ամենավատ օրը հորս մահվան լուրն իմանալու օրն էր, մի քանի վայրկյանում կյանքս գլխիվայր շուռ եկավ։ Հայրս ինձ համար ամբողջ աշխարհն է, նրա մասին անցյալով խոսել չեմ կարողանում, որովհետև նա ինձ հետ է ամեն վայրկյան։

Սակայն այս դժբախտությունը չկոտրեց Լուսինեին, և նա չհանձնվեց, պայքարեց և կանգնեց սեփական ոտքերի վրա։

Հոր մահվանից հետո Լուսինեի հոգսերը կրկնապատկվել են։ Այժմ Լուսինեն ապրում է ոչ միայն իր, այլ նաև իր ընտանիքի` փոքր քրոջ և մոր համար։ Նա աշխատանքի է ընդունվել խանութում։

-Փորձում եմ ամեն կերպ լրացնել այն բացը, որն առաջացել է հորս մահվանից հետո: Ամեն ինչ անում եմ, որ փոքր քույրս ոչ մի բանի կարիք չունենա՝ թե ֆինանսապես, թե հոգեպես։

Աշխատելու փաստը Լուսինեն համալսարանում որպես զենք երբեք չի օգտագործում, չնայած հարկ եղած դեպքում նրան օգնում են և դասախոսները, և գործընկերները։

Կյանքում ամեն ինչի փորձում է հասնել ինքնուրույն, շատ դժվար է օգնություն ընդունում։

Լուսինեն այժմ միայն մի բանի համար է ափսոսում, որ ամաչել է հորից, կուզենար, որ նրա հետ ավելի ջերմ հարաբերություններ ունենար հասուն տարիքում։

-Մեր վերջին խոսակցությունը հեռախոսով էր։ Ափսոսում եմ, որ լսեցի նրան և համաձայնեցի, որ ավելի ուշ զանգի: Իսկ հայրս առաջին անգամ իր խոստումը չկատարեց…

Նա իրեն համարում է ուժեղ մարդ, և դա իսկապես էլ այդպես է։

Շատ եմ ուզում, որ Լուսինեն երբեք չկոտրվի և հասնի իր նպատակների իրագործմանը:

seda mkhitaryan

Մեր «Իմփաքթ»-ը

Հայաստանի շատ համայնքներում գործում են «Իմփաքթ» ակումբներ։ Մեր համայնքում՝ Քարինջում, ևս գործում է «Իմփաքթ» ակումբ։ «Իմփաքթ»-ը երիտասարդական խմբակ է, որի նպատակն է՝ համախմբել համայնքի երիտասարդներին, նրանց զինել ամենատարբեր գիտելիքներով ու հմտություններով, որի արդյունքում երիտասարդները իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են համայնքի զարգացմանը։

«Իմփաքթ»-ը մեր գյուղում է 2015 թ.-ի մարտից և այս ընթացքում ակումբը հասցրել է իրականացնել բազմաթիվ ծրագրեր ու միջոցառումներ։ Այն գործում է «World Vision» միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ։ Ակումբի անդամների թիվը տարեցտարի ավելանում է: Սկզբում երեխաները թերահավատորեն էին մոտենում խմբակին, բայց իրականացված ծրագրերն ապացուցեցին, որ ակումբն իսկապես կարող է դրական փոփոխություններ բերել։

-Ես մեզ համարում եմ կայացած, խելացի, մի նպատակի շուրջ հավաքված թիմ,- նշում է ակումբի անդամ Շուշան Մխիթարյանը։

Այժմ ակումբը հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, որը կոչվում է «Գեղական այգի»: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գյուղում ստեղծել այգի, որը ակումբի առաջնորդ Տիգրան Մխիթարյանի խոսքով, «կնպաստի Քարինջ համայքնում երեխաների և երիտասարդների կրեատիվ ժամանցի կազմակերպմանը»։

Գյուղական համայնքներում միշտ էլ քիչ են կամ բացակայում են ժամանցի կենտրոններն ու երիտասարդների ազատ ժամանցի կազմակերպմանը նպաստող կառույցները, այս առումով այս այգին կարող է դառնալ այն վայրը, որը կլինի ինչպես ժամանցի կազմակերպման լավ տարբերակ, այնպես էլ նոր գաղափարների ու ծրագրերի յուրօրինակ դարբնոց։

Ծրագրի իրականացմանն աջակցում են «World Vision»-ը և Թումանյան համայնքի համայնքապետարանը։

Այսպիսով՝ «Իմփաքթ»-ը շարունակում է իր գործունեությունը մեր համայնքում՝ փորձելով ավելի լավը դարձնել այն և նպաստել նրա զարգացմանը։

Բերքահավաք

-Վաղն առավոտյան շուտ պիտի վեր կենաք։

-Բայց մամ, հազիվ շաբաթ_կիրակի է, ինչի՞ շուտ վեր կենանք։

-Որովհետև շատ գործ ունենք անելու, խնձորը պիտի քաղենք, կակալը (ընկույզը) պիտի թափ տանք: Մի խոսքով, էգուց բերքահավաք ենք անելու։

Այս խոսակցությունը մեր տանը տեղի ունեցավ ուրբաթ երեկոյան: Ես ու քույրս Վանաձորից էինք եկել մեր տուն՝ Քարինջ,, ու մայրս մեզ նախապատրաստում էր առաջիկայում իրականացվող ծրագրերին։

Գյուղում աշունը շատ գործաշատ է: Բոլորը ձմռան պատրաստությունների մեջ են, ձմռան՝ այն միակ եղանակի, երբ գյուղացին ինչ-որ չափով հանգստանալու և ամբողջ տարվա չարչարանքը վայելելու հնարավորություն ունի։

seda mkhitaryan

Ես արդեն ուսանող եմ

Այս սեպտեմբերը տարբերվող էր, բայց այս նախադասությունը՝ ոչ։ Բոլոր նրանք, ովքեր ընդունվել են բուհ կամ տեղափոխվել են այլ դպրոց, արդեն ասել են այս նախադասությունը հազար ու մի ձևերով ու երանգներով, բայց միտքը, իհարկե, նույնն է։

Ինձ համար էլ այս սեպտեմբերի 1-ը դարձավ նոր և ուրիշ, դարձավ այլ ապրելակերպի սկիզբ ու իր հետ բերեց շատ ու շատ փոփոխություններ, որոնք հավակնում են դառնալ առօրեական։ Այո, այսուհետ կփոխվեն իրերի ու դեմքերի անունները, դասարանը լսարան կդառնա, դպրոցը՝ համալսարան, մեր ոտքերին փոխարինելու կգան լեփ-լեցուն երթուղայինները, դասղեկը կդառնա խորհրդատու, դասընկերն էլ կուրսընկեր։ Փոփոխություններն իսկապես շատ են, բայց դրանցից ամենակարևորը թերևս միջավայրի փոփոխությունն է։ Այդ փոփոխությունն ստիպում է գիտակցել ինքնուրույնությունդ, օգնում է ինքդ քեզ բացահայտել նոր կողմից ու հասկանալ, որ աշխարհում տեղդ գտնելն ամենակարևորն է, հասկանալը, որ մարդուն ոչինչ հենց այնպես չի տրվում։

Կանգառից առաջին անգամ ինքնուրույն համալսարան հասնելը այնքան էլ հեշտ չէ՝ չնայած, որ դրանում էլ մի ամբողջ բացահայտում կա, մի ամբողջ դրամա, որ նույնիսկ կարող է դառնալ նոր նյութի թեմա: Իրականում ես չեմ մոլորվել, ինչպես շատերիդ մտքով հիմա անցավ, ես նույնիսկ չեմ էլ ուշացել, բայց, այնուամենայնիվ, այդ 3 թե 4 րոպեի ճանապարհը դարձավ ինքդ քեզ գիտակցելու ուղի։ Ու առհասարակ, նոր միջավայրում մի պահ մոլորվում ես։ Բայց սպասեք, առաջին շաբաթն արդեն հետևում է, և ես հաղթահարել եմ այն, մնացյալն ավելի հեշտ է լինելու, որովհետև նորություններն ու անծանոթ երևույթները քիչ-քիչ բացելու են իրենց դեմքն իմ առջև ու դառնալու են սովորական մի բան։

Վանաձորի պետական համալսարանը սիրով ընդունեց ինձ ու ինձ նման էլի 200-ից ավելի առաջին կուրսեցիների։ Համալսարանի դասախոսները, ավագ կուրսեցիներն ու բոլորը պատրաստ են օգնել քեզ ու պատասխանել քո ամենահիմար ու միամիտ հարցերին, որոնց գոյությունը նորմալ է։

seda mkhitaryan

Նախաուսանողական անհանգստություն

Ինչպես յուրաքանչյուր լավ բան, ամառն էլ շուտով կավարտվի, իսկ ամռան ավարտը մեզ կտանի ուսման: Շատերին
այնտեղ, որտեղ արդեն մի քանի տարի է՝ սովորում են, իսկ ոմանց էլ, հանձինս ինձ, նոր ուսումնական
հաստատություն։
Վախեր չունեմ, անհանգիստ չեմ, կարծում եմ՝ կկարողանամ հարմարվել ու ընտելանալ նոր միջավայրին, կգտնեմ
նոր ընկերներ: Այսքանը պատկերացրի, իսկ իրականում վախեր ունեմ ու անհանգստանում եմ: Ինչպե՞ս կլինի,
կկարողանա՞մ հաղթահարել տնից հեռու ապրելու դժվարությունը, կսովորե՞մ քաղաքին, կկարողանա՞մ ինքնուրույն
գնալ համալսարան, հե՞շտ կմտերմանամ կուրսեցիներիս հետ: Չգիտեմ, ամեն դեպքում՝ կփորձեմ, և բացի դրանից՝ ես
ուսանող քույր ունեմ, ու հույսս նրա վրա է, մինչև ես ամեն ինչ կսովորեմ ու կանեմ ինքնուրույն։
Եթե անկեղծ՝ դեռ լիովին չեմ կարողանում պատկերացնել, որ սեպտեմբերի մեկին դպրոց չեմ գնալու, իմ դասարան
չեմ մտնելու: Երբ դեռ չէի ընդունվել, անհանգստանում էի, որ հնարավոր է՝ չստանամ անհրաժեշտ միավորներ
քննություններից, ու ֆիզիկայի ուսուցչուհիս ասաց. «Մնացած աշակերտները ինչպես են ընդունվել, դու էլ
կընդունվես», և ընդունվեցի: Հիմա էլ ես եմ ինքս ինձ ասում. «Ուրիշներն ինչպե՞ս են սովորել ու հարմարվել, դու էլ
կսովորես»: