seda mkhitaryan

Լուսինեն

Նա սովորական մարդ է, 20 տարեկան մի աղջիկ, որը արտաքինից ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից։ Գեղեցկադեմ է, մի քիչ կարճահասակ, ունի կարճ մազեր և կանաչ աչքեր։

Մանկությունից հիշում է. «Երեսառած երեխա էի, բավականին երկար մազեր ունեի, ու միայն մի դեպքում էր, որ դրանք հարդարելիս չէի լացում, երբ հայրս էր դա անում»,- ասում է Լուսինեն։

Լուսինեն իր կյանքի ամենալավ օրը համարում է իր ընդունելության քննության օրը, որովհետև, իր խոսքով ասած, իր «առաջին ինքնուրույն քայլն էր»:

Դա մի օր էր, որն իրեն տարավ դեպի նպատակ։ Իսկ նպատակն էր՝ ընդունվել ՎՊՀ հայոց լեզվի և գրականության բաժին։ Նա առաջին դասարանից էլ գիտեր, որ ուզում է դառնալ մանկավարժ։ Կանաչ աչքերով աղջիկը սիրում է հայոց լեզուն, իսկ գրականությունը նրա տարերքն է։ Լուսինեն ընդունվեց համալսարան։ Սիրում է իր կուրսեցիներին ու նրանցից յուրաքանչյուրի հետ շփվում է որպես առանձին անհատ։ Նա ընկերությունը համարում է մի բան, առանց որի մարդն ապրել չի կարող։ Դասախոսական կազմին անդրադառնալիս Լուսինեի դեմքին ժպիտ հայտնվեց, և նա ասաց, որ այդ անձնակազմի մեջ գտել է մեկին, որը իր կարծիքով ամենաանթերի մարդն է աշխարհում։ Այդ դասախոսը Գայանե Մալումյանն է, որը Լուսինեին դասավանդում է գրականություն։

-Բառեր չունեմ նրա մասին ասելու, բառերը շատ սովորական են նրա մասին խոսելու համար, դա տեսնել ու զգալ է պետք։ Ցանկանում եմ, որ վայելես նրա ուսանողը լինելու պատիվը։

Սակայն Լուսինեի կյանքում տեղի ունեցած մի իրադարձություն ամբողջովին փոխեց նրա կյանքը։

-Կյանքիս ամենավատ օրը հորս մահվան լուրն իմանալու օրն էր, մի քանի վայրկյանում կյանքս գլխիվայր շուռ եկավ։ Հայրս ինձ համար ամբողջ աշխարհն է, նրա մասին անցյալով խոսել չեմ կարողանում, որովհետև նա ինձ հետ է ամեն վայրկյան։

Սակայն այս դժբախտությունը չկոտրեց Լուսինեին, և նա չհանձնվեց, պայքարեց և կանգնեց սեփական ոտքերի վրա։

Հոր մահվանից հետո Լուսինեի հոգսերը կրկնապատկվել են։ Այժմ Լուսինեն ապրում է ոչ միայն իր, այլ նաև իր ընտանիքի` փոքր քրոջ և մոր համար։ Նա աշխատանքի է ընդունվել խանութում։

-Փորձում եմ ամեն կերպ լրացնել այն բացը, որն առաջացել է հորս մահվանից հետո: Ամեն ինչ անում եմ, որ փոքր քույրս ոչ մի բանի կարիք չունենա՝ թե ֆինանսապես, թե հոգեպես։

Աշխատելու փաստը Լուսինեն համալսարանում որպես զենք երբեք չի օգտագործում, չնայած հարկ եղած դեպքում նրան օգնում են և դասախոսները, և գործընկերները։

Կյանքում ամեն ինչի փորձում է հասնել ինքնուրույն, շատ դժվար է օգնություն ընդունում։

Լուսինեն այժմ միայն մի բանի համար է ափսոսում, որ ամաչել է հորից, կուզենար, որ նրա հետ ավելի ջերմ հարաբերություններ ունենար հասուն տարիքում։

-Մեր վերջին խոսակցությունը հեռախոսով էր։ Ափսոսում եմ, որ լսեցի նրան և համաձայնեցի, որ ավելի ուշ զանգի: Իսկ հայրս առաջին անգամ իր խոստումը չկատարեց…

Նա իրեն համարում է ուժեղ մարդ, և դա իսկապես էլ այդպես է։

Շատ եմ ուզում, որ Լուսինեն երբեք չկոտրվի և հասնի իր նպատակների իրագործմանը: