Սոնա Զաքարյանի բոլոր հրապարակումները

sona zakaryan

Ամանորյա խոսք ու զրույց

2018-ն էլ մոտեցավ իր ավարտին։ Խառը տարի էր՝ խառը հույզերով, զգացողություններով ու հեղափոխական շնչով։ Հայ ազգի համար բավականին հիշարժան տարի էր՝ բացառիկ իրադարձություններով։

Յուրաքանչյուրիս համար տարին տարբեր էր։ Ոմանց երազանքներն ու նպատակները իրականացան, ոմանք հիասթափություններ ապրեցին, ոմանք գտան իրենց կեսերին, ոմանց սրտերն էլ կոտրվեցին և հազար ու մի այսպիսի իրադարձություններ։ Անկախ նրանից, թե տարին ինչպիսին էր յուրաքանչյուրիս համար, գալիք տարվա հետ կապված բոլորս էլ մեծ հույսեր ունենք։ Այ օրինակ մեր նոր, գլխավոր տոնածառը շատերին հույս տվեց։

Դե գիտեք, որ դեկտեմբերի ամենաթեժ քննարկումներից մեկն էլ Հայաստանի գլխավոր տոնածառն էր, որի վրա բավականին գումար էր ծախսվել։ Շատերը անչափ ուրախ էին տոնածառի տեղադրման համար, շատերն էլ անընդհատ բողոքում ու իրենց դժգոհությունն էին արտահայտում, թե բա` ինչո՞ւ եք այդքան գումար ծախսել այդ տոնածառի վրա, եթե բազում աղքատ ընտանիքներին այդ գումարն ավելի անհրաժեշտ էր։ Երբ այդպիսի մեկնաբանություններ կարդացի, մտածում էի. «Իսկ ինչո՞ւ այդ նույն մարդիկ իրենց տանը շքեղ տոնածառ դնելիս գոնե մեկ անապահով ընտանիքի մասին չեն մտածում և որ այդ շքեղ լույսերի ու զարդարանքների փոխարեն կարող են օգնել թեկուզ մեկ անապահով ընտանիքի»։

Ակամայից հիշեցի նաև, որ նախորդ տարիներին անընդհատ բողոքում էին հին տոնածառից, ուզում էին, որ փոխվեր։ Դե ինչ արած, ամեն ինչից բողոքողներ միշտ էլ կլինեն։

Այս տարի էլ տոնածառի մասին գրված կատակների վրա էլ չենք ծիծաղի։

Տոնածառը փոխեցին, բայց շատ մարդիկ չփոխվեցին։ Գուցե տարին փոխվի, նրա՞նք էլ փոխվեն։ Բա որ ասում են` կարմիր կովը կաշին չի փոխում, ճի՞շտ են ասում, թե՞ սխալ։ Կարծում եմ մարդուց է կախված։

Անկախ շատ մարդկանց փոխվել կամ չփոխվելուց մեր Ամանոր նշելու սովորույթները չեն փոխվի։ Ինչպես միշտ, կնշենք ճոխ սեղաններով, եթե պետք լինի` վարկերի տակ ճռռալով, թանկացումներից բողոքելով։ Ինտերնետում անդադար կքնարկվեն տոլման, խոզի բուդը, «ստալիչնին», հավի քրքրված մսով աղցանն ու բլինչիկը։ Նոր տարին կավարտվի, մի անգամ էլ հին Նոր տարին կնշենք։ Ու այսպես ամեն տարի։

Դե ինչ, այս տարին էլ ավարտվեց։ Անկախ ամեն ինչից, եկեք Նոր տարին նոր և ուրախ սրտով դիմավորենք։ Բարի եղեք, ժպտացեք ու դրական էներգիա տարածեք։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Սիրում եմ բոլորիդ։

Հ. Գ. Հատուկ ուզում եմ շնորհավորել սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին, ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ բոլորիդ ու խաղաղություն մեր սահմաններին։

sona zakaryan

Մի քանի օրից քննություններ 12-րդ դասարաններում

Արդեն բավական ժամանակ է, ինչ լոգարիթմների և սինուսների աշխարհում եմ և փորձում եմ համակերպվել նրանց ապրելակերպին, բայց կարծում եմ, որ չի ստացվում։ Հիմա կմտածեք, որ տարօրինակ բաներ եմ ասում։ Լավ, կփորձեմ տարօրինակ ձևով չարտահայտվել ու կոնկրետ ասել, թե ինչի մասին է խոսքս։

Շուտով մաթեմատիկայի քննության եմ։ Ես՝ Սոնա Զաքարյանս 12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտ եմ և պատրաստվում եմ մաթեմատիկայի քննություն հանձնել։ Մի տեսակ չի հնչում, չէ՞։ Ինչ արած, ոչինչ չեմ կարող փոխել և ուզեմ, թե չուզեմ, պետք է քննությունը հանձնեմ և բավարար կամ բավարարից բարձր ստանամ։

Քննություններ հանձնելու այս համակարգը դպրոցում, ինչ խոսք, ապշեցուցիչ է։ Հիմա բացատրեմ, թե ինչպես է ամեն ինչ իրականանում։

Սկսեմ գյուղերից։ Գյուղերում դպրոցները հիմնականում միջնակարգ են և 12-ամյա։ Այդ պատճառով գյուղի դպրոցներում հոսքեր ընտրելու հնարավորություն չի լինում։ Անցնում են ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքի դասագրքերով։

Ավագ դպրոցում տարբեր հոսքեր կան։ Աշակերտները ընտրում են այն հոսքը, որ համապատասխանում է իրենց նախասիրություններին, շատ դեպքերում էլ ուղղակի ցանկություններին։ Օրինակ, եթե դու սովորում ես լեզվաբանական հոսքում, դեկտեմբերին պետք է հանձնես մաթեմատիկա և պատմություն առարկաներից քննություններ և երկրորդ կիսամյակում կենտրոնանաս այն առարկաների վրա, որոնք քեզ պետք են։ Սա նշանակում է, որ հունվարից անցնում ես միայն հայոց լեզու, գրականություն և որևէ օտար լեզու։ Դրանցից էլ քննություն կհանձնես հունիսին։ Լավ է, չէ՞, որ մաթեմատիկա էլ չենք անցնի երկրորդ կիսամյակից, բայց մի բայց կա։ Անընդհատ փորձում ենք հասկանալ թե ի՞նչ իմաստ ունի մաթեմատիկա առարկան կես կիսամյակ անցնելը, այն էլ 12-ի լեզվաբանական հոսքում։

Դե մնացած հոսքերի մասին էլ հերթով չպատմեմ։ Ում ինչ պետք չէ` կհանձնի դեկտեմբերի վերջին, ինչ պետք է՝ հունիսին։

Ընդհանուր հոսքի աշակերտներն էլ բոլորը հունիսին կհանձնեն, որովհետև ըստ ավագ դպրոցի կանոնադրության, այդ աշակերտները չեն պատրաստվում պետական բուհեր ընդունվել։

Բայց չէ՞ որ գյուղերում էլ շատ երեխաներ կան և նրանք էլ են ցանկանում ընդունվել։ Եվ բնականաբար ընդունվում են, ինչ անենք, թե ընդհանուր հոսք են։

Մի շատ հետաքրքիր փաստ ևս։ Ֆիզկուլտուրա առարկան այս կիսամյակով ավարտում ենք, բայց արի ու տես, որ մայիսին ֆիզկուլտուրայից քննություն ենք հանձնելու։

Այս ամենի մասին գրելիս ինքս էլ եմ փորձում հասկանալ` ինչ եմ գրում, որովհետև այս ամենը ուղղակի շիլաշփոթ է։ Երբեք չես կարող ավագ դպրոցի վերաբերյալ ինչ-որ հստակ բան ասել։

Միակ հստակ բանը այն է, որ ավագ դպրոցը ժամանակի կորուստ է։ Ժամանակի կորուստ է, ոչ թե ուսուցիչների կամ աշակերտների պատճառով, այլ բուն կրթական համակարգի։ Տարբեր դասագրքեր կան սովորելու համար, տարբեր շտեմարաններ, տարբեր ուսուցիչներ են դասավանդում, տարբեր կրկնուսույցներ։

Եթե երեխան գնում է կրկնուսույցի մոտ պարապելու, նրա ինչի՞ն է պետք ավագ դպրոցը։ Իսկ եթե դպրոցը այսպիսի խառը վիճակում չլիներ, նորմալ ծրագիր ունենար, ու երեխաները սովորեին` ինչ իրենց պետք է, ապա էլ առանձին չէին պարապի։ Եթե ուսուցիչները գնահատված լինեին իրենց աշխատանքի համար և նորմալ վարձատրվեին, ապա առանձին պարապմունքներ չէին անցկացնի։

Այս ամենը գալիս է վատ կրթական համակարգից և անընդհատ կատարվող փոփոխություններից։ Ավագ դպրոցը այսօր փորձադաշտ է դարձել։ Տարբեր փորձեր են իրականացվում, բայց ցավոք, ոչ մեկն էլ օգուտ չեն տալիս։

Հ. Գ. Հաջողություն բոլոր նրանց, ովքեր քննություն են հանձնելու։ Պի՛նդ մնացեք։

sona zakaryan

Բուլիինգ` հալածա՞նք

Աշխարհում ամենաքննարկվող խնդիրներից մեկը բուլիինգն է (bullying), որը որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն է այլ անձի նկատմամբ։

Բուլիինգը մի քանի տեսակներ ունի։ Այդ տեսակներից են` կիբեր բուլիինգը, ֆիզիկական բուլիինգը, վերբալ բուլիինգը և հարաբերական բուլիինգը։

Այսօր շատ պետություններում բուլիինգը մեծ խնդիր է համարվում, և մի շարք միջոցներ են ձեռնարկվում այն հնարավորինս կանխելու համար։

Եթե բուլիինգը տղաների շրջանում արտահայտվում է վերբալ (ծաղրելու միջոցով) և ֆիզիկական (հարվածելու և ծեծելու միջոցով), ապա աղջիկների շրջանում այն արտահայտվում է հարաբերական (այս միջոցով անձին փորձում են մեկուսացնել շրջապատից և կանխամտածված նրան բացառում են հասարակությունից) ձևով։

Բուլիինգը ամենաշատը տարածված է դպրոցներում։

Այս երևույթի մասին շատ է խոսվում ու քննարկվում տարբեր երկրներում, հատկապես՝ զարգացած պետություններում, օրինակ՝ ԱՄՆ-ում։ Եվ բնականաբար, այն հենց ԱՄՆ-ում էլ ամենաշատն է տարածված։

Բուլիինգի մասին, իհարկե, կարելի է անվերջ խոսել և բազում քննարկումներ անել, հատկապես ուրիշ պետությունների մակարդակով։

Բայց երբևէ մտածե՞լ եք, որ Հայաստանում այս երևույթը նույնպես շատ մեծ խնդիր է։ Մենք՝ հայերս, այս խնդրին այդքան էլ մեծ կարևորություն չենք տալիս, ինչը ցավալի է և բնականաբար ցավալի հետևանքներ է ունենում։

Հայաստանի շատ դպրոցներում բուլիինգը մեծ տարածում ունի։ Թույլերին ճնշելը և ինքնահաստատվելը կարծես դարձել է վատ սովորություն, որի «դեմն առնելը» բավականին դժվար է։ Տղաների մոտ այս երևույթը ավելի շատ է նկատվում, քան աղջիկների։

Շատ տղաներ սիրում են ճնշել իրենցից ֆիզիկապես թույլ կամ տարբերվող տղաների։ Այսպես ասած՝ իրենց «լավ տղայի» տեղ են դնում ու մի բան էլ հպարտանում դրանով։

Ասեմ՝ իմանաք, որ ձեր այդ պահվածքը «լավ տղայի» պահվածք չէ, այլ ուղղակի հոգով տկար, անմիտ ու դեռ չմեծացած մեկի պահվածք է։ Ձեզ ուղղակի պետք է մի փոքր մեծանալ ու մեկ էլ ամպերից ցած իջնել, որ ձեզ չերևակայեք՝ մտածելով, թե ձեզնից լավը չկա կամ ձեզնից տարբերվողները «վատն են»։

Վերջերս բուլիինգի դեպքի ականատես եղա, որը բավականին ազդեց ինձ վրա։ Ծանոթներից մեկի երեխան, որի ընտանիքը վերջերս է տեղափոխվել Հայաստան, հաճախում է հայկական դպրոց։ Բավականին անվստահ ու ամաչկոտ երեխա է, ինչի պատճառը, կարծում եմ, գուշակեցիք՝ ինչն է։ Օրերով դպրոց չէր գնում, և ծնողները չէին կարողանում հասկանալ՝ ինչու։ Հետո պարզվեց, որ դասընկերները, իմիջիայլոց, և՛ տղաները, և՛ աղջիկները, ճնշում են տղային՝ ծաղրում են, պիտակավորում։ Մի օր էլ հայրը նկատել էր, թե ինչպես են դասընկերները տղային ծեծում, իսկ նա չի կարողանում պաշտպանվել։ Սա իրոք սարսափելի է։ Արդյունքում տղան դառնում է ագրեսիվ, չի գնահատում ինքն իրեն ու շատ անվստահ է, ինչը իհարկե շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։

Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են ֆիզիկական թերություններ ունեցող, սոցիալապես անապահով վիճակում գտնվող, բնավորության գծերով մյուսներից տարբերվող, ինչպես նաև շատ հայրենադարձ երեխաներ։

Միջնակարգ դպրոցների աշակերտներին ավելի հեշտ է ճիշտ ուղղության վրա դնելը, քան ավագ դպրոցների աշակերտներին, քանի որ միջնակարգ դպրոցից է սկսվում աշակերտի մարդ տեսակի ձևավորումը։

Ավագ դպրոցում պատկերը մի փոքր այլ է, քանի որ այստեղ բուլիինգի պատճառը հասուն չլինելն ու երևույթներին անլուրջ վերաբերվելն է։ Եվ էլի պետք է նշեմ տղաներին, որովհետև այդ ոչ հասունությունը հենց նրանց մոտ եմ նկատել։ Տեսնում ես ավագ դպրոցում սովորող տղա՝ բավականին խոշոր, մորուքով, և մտածում, թե հասուն, խելացի մարդ կլինի, բայց հենց խոսում է, ամեն ինչ պարզ է դառնում։ Այնպես որ, արտաքին տեսքով երբեք չի որոշվում մարդու հասուն լինել կամ չլինելը։

Հասուն չլինելն էլ, կարծում եմ, դաստիարակությունից է գալիս։ Շատ ցավալի է, որ մեր շատ հայ ընտանիքներում երեխաներին չեն դաստիարակում այնպես, որ հետագայում նրանք հանդուրժող և կարեկցող լինեն։ Գուցե մտածեք, որ սրանք, այսպես ասած, փոքր բաներ են, բայց բուլիինգը սկսվում է հենց այսպիսի փոքր բաներից։ Հայաստանում բուլիինգը բավականին մեծ տարածում ունի, և այն հնարավորինս կանխելու համար պետք է անպայման միջոցներ ձեռնարկել, քանի որ հետևանքները կարող են անդառնալի լինել։

sona zakaryan

Ինչի համար է դպրոցը

Դպրոց, դասեր, էքսկուրսիաներ, դպրոցական առօրյա։ Այս ամենի մասին իրականում չպետք է խոսեի, բայց քանի որ դրանք դեռ իմ կյանքի մի մասն են կազում, պետք է խոսել դրանց մասին։

Դպրոցական կյանքը կարծես մի անհաղթահարելի լաբիրինթոս լինի, որը մենք վերջիվերջո հաղթահարում ենք։ Զարմանալի է, չէ՞։ Անհաղթահարելի լաբիրինթոս, որը հաղթահարվում է։ Իսկ թե ինչի գնով՝ աշակերտներից լավ ոչ ոք չի կարող պատկերացնել։ Շատերը կարող են վկայել, որ դպրոցը իրենց ոչինչ չի տալիս, շատերն էլ՝ հակադրվել այդ կարծիքին։ Մարդիկ տարբեր են, մարդկանց մտածելակերպը տարբեր է, և բնականաբար, կարծիքներն էլ են տարբեր։ Առհասարակ, երբ ինչ-որ աշակերտ բողոքում է դպրոցից, շատ այլ աշակերտներ, և հատկապես՝ ուսուցիչներ, սկսում են, այսպես ասած, քարկոծել նրան նման կարծիք ունենալու համար։ Առաջ են բերում այն, թե իրենք ինչքան նվիրված են և իրենց համար ինչքան կարևոր է աշակերտին կրթելը, որ աշակերտը իրավունք չունի այդպես արտահայտվելու դպրոցի մասին (ինչը, իհարկե, քննադատությունն է), որ դրանով ուսուցիչներին է վիրավորում և այլն։

Կարծում եմ, որ ուսուցիչները չպետք է այս ամենը վերագրեն իրենց, քանի որ աշակերտները հիմնականում բողոքում են կրթական համակարգից և ավագ դպրոցի անարդյունավետ լինելուց։

Աշակերտների, հատկապես՝ ավագ դպրոցի աշակերտների 80%-ից ավելին դպրոց գնում են ստիպված։ Շատերը հաճույքով չեն մասնակցում դասերին, շատերն էլ ուղղակի թքած ունեն դասերի վրա։ Տարբեր պատճառներ կան՝ առարկան չսիրելը, ուսուցչին չսիրելը, հավես չունենալը և այլն։ Բայց սա չէ մեր գլխավոր խնդիրը։ Այս ամենը ավելի շատ կրթական համակարգից է գալիս։

Մենք ունենք շատ վատ կրթական համակարգ, և այդ համակարգը բարելավելու համար մեզնից երկար ժամանակ ու մեծ ջանքեր կպահանջվեն։ Ինչքան էլ ունենանք իրենց գործին նվիրված ուսուցիչներ, միևնույնն է, այդ ամենը չի փոխվի, եթե կրթական համակարգը չփոխվի։

Պատմության դասաժամին քննարկում էինք, թե ինչպիսին էր կրթությունը սովետական ժամանակաշրջանում, և եկանք այն եզրակացության, որ խորհրդային ժամանակաշրջանում մենք ունեցել ենք շատ լավ կրթություն ու կրթական համակարգ, որը հետագայում, կարելի է ասել, «քանդվել է»։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է փոխվի նաև «քանդվելուց» հետո մարդկանց մոտ ձևավորված մտածելակերպն ու վերաբերմունքը դեպի կրթությունն ու կրթական համակարգը։

Այսօր ես և հազարավոր աշակերտներ ստիպված ենք գնում դպրոց, փորձում ենք սովորել ինչ կարող ենք, փորձում ենք հարմարվել «քանդված» կրթական համակարգին և այդպես փորձելով էլ ավարտում ենք դպրոցը՝ թողնելով բազում լավ ու վատ հիշողություններ։

Դպրոցը պետք է ձգի աշակերտներին, եթե ոչ բոլորին, գոնե մեծ մասին։ Դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ աշակերտը ոգևորված կլինի, կցանկանա սովորել, կցանկանա հասարակությանը պիտանի մարդ լինել։ Եվ վերջապես, դպրոցը միայն գիտելիք ստանալու համար չէ։ Դպրոցը մարդու անհատականությունը բացահայտելու, նրա մարդկային տեսակը գնահատելու և նոր արժեքներ ձևավորելու համար է։

sona zakaryan

Գնացի՜…

Եվս մեկ գեղեցիկ առավոտ մի փոքրիկ գյուղում, որը շրջապատված է հսկայական լեռներով։ Մազերը ծամ արած մի աղջիկ նստած ծառի տակ գիրք է ընթերցում։ Գիրքը պատմական է ու գրված մեծ հայրենասիրական ոգով։ Այն շատ հետաքրքիր է, ուստի աղջիկը չի ուզում դադարեցնել կարդալը նույնիսկ այն ժամանակ, երբ մայրը նախաճաշի է հրավիրում։

-Սոնա՜, արի՛, նախաճաշի ժամն է։

-Ի՞նչ ես եփել, մամ։

-Քո սիրելի հնդկաձավարը ու տնական կոմպոտ։

-Մա՛մ, գիրք եմ կարդում, տասը րոպեից այդտեղ կլինեմ։

Կարծում եմ՝ արդեն գուշակեցիք, թե ով է այդ աղջիկը։ Ես եմ։

Նա գրեթե վերջացրել է գիրքը, և արցունքները հոսում են նրա աչքերից։ Ինչո՞ւ է նա այսքան զգայուն, ինքն էլ չգիտի։

-Միաո՜ւ…

-Վա՜յ, ինչ լավ փիսիկ է։

-Հե՜յ, արի այստեղ, ուզում եմ քեզ շոյել։

-Սոնա՜, տասը րոպեն անցավ արդեն,- լսվում է մայրիկի ձայնը։

-Գալիս եմ, գալիս։

-Մենք պետք է գնանք այգի և ազնվամորի հավաքենք, որ ձմեռվա համար մուրաբա պատրաստենք։

-Լավ, մամ։

-Մամ, որ տեղափոխվեմ քաղաք, ինձ կկարոտե՞ս։

-Ինչո՞ւ ես միշտ այդպիսի հարցեր տալիս, եթե արդեն գիտես պատասխանը։

-Կարծում եմ, որ մեր նպատակները ստիպում են մեզ հեռու գնալ, ուսումնասիրել նորը, բացահայտել իրականությունը և ինչպես դու ես ասում՝ հանել մեր գունավոր ակնոցները։

-Ես գիտեմ, թանկագինս, ու վստահ եմ, որ դու ամեն ինչ ճիշտ կանես։

-Ես քեզ սիրում եմ, մամ։

-Ես էլ քեզ, բալես։

-Մա՞մ։

-Ջան։

-Չմոռանաս ինձ ազնվամորու մուրաբա ուղարկել։

Պահանջվում է մաքուր միջավայր

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

Հայ-բելգիական փոխանակման ծրագիրը ինձ համար մեծ հնարավորություն էր, որպեսզի բացահայտեմ ինչպես Երևանը, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերը։ Որոշ բացահայտումներ շատ հետաքրքիր էին ու հաճելի, որոշներն էլ իսկապես տհաճ։

Ուզում եմ խոսել տհաճ բացահայտման մասին, որը կարծում եմ, այնքան էլ բացահայտում չէր, որքան ուսումնասիրություն։ Փաստորեն համարյա ամբողջ Հայաստանը պատված է աղբով, և եթե այսպես շարունակվի, երևի մի օր կթաղվենք աղբի մեջ։ Պոլիէթիլենային տոպրակները սավառնում են շրջապատում՝ բախվելով շատերին՝ պատճառելով անհարմարություն։ Դե, անհարմարությունը պատճառվեց, բայց դե պատճառվեց ու անցավ, ու ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում։ Չկա մի փողոց Երևանում, որ քայլեմ ու աղբ չտեսնեմ։ Իրականում շատ եմ բարկանում, երբ այսպիսի իրավիճակների եմ հանդիպում, ու նաև, որ մարդկանց դա չի էլ հետաքրքրում։ Շատերը հիմա երևի կասեն, որ ծեծված թեմա է, և այլն, և այլն, բայց սա այնպիսի թեմա է, որը միշտ քննարկվում է, բայց լուծումներ հիմնականում չեն տրվում։

Կազմակերպվում են մի շարք սեմինարներ, բնապահպանական միջոցառումներ և այլն, բայց մարդիկ այդպես էլ չեն հասկանում, որ աղբի համար աղբաման գոյություն ունի։ Շատերը դժգոհում են, որ տվյալ տարածքում չկա ոչ մի աղբաման, և նրանք ստիպված են դա անել։ Այո՛,համաձայն եմ, որ որոշ տեղերում աղբամանի խնդիր ունեք, բայց մի՞թե դա նշանակում է, որ աղբը պետք է գետնին թափել:

-Մի թուղթ ա, էլի, ի՞նչ ա լինելու։

Ու այսպես ասում են շատերը, իսկ արդյունքում այդ «մի թուղթ ա էլին» դառնում են «լիքը թղթեր», ու մենք ապրում ենք շատ տհաճ միջավայրում։ Գիտե՞ք, ամենացավալին որն է։ Ամենացավալին այն է, որ անգամ երբ աղբաման կա մի քանի մետր հեռավորության վրա, նրանք միևնույն է, աղբը գետնին են նետում։

Աղբամաններ տեղադրելը շատ քիչ է, երբ մարդկանց մեջ չկա հասարակ բարեկրթություն ասվածը։ Հետո՞ ինչ, որ քաղաքապետ դեռ չունենք, դա ոչ մի կերպ չի արդարացնում այս բարձիթողի իրավիճակը։ Ամեն անգամ երեկոյան զբոսնելիս Երևանում ոչ թե հաճույք եմ զգում, այլ բարկություն։

Ես չեմ ուզում, որ իմ երկիրը, քաղաքը ու գյուղը աղբով պատված լինեն,իսկ աղբի առաջացրած հետևանքների մասին ավելորդ է անգամ խոսել։ Եթե բոլորը մտածեն ու պարտադիր աղբը նետեն աղբամանը, խնդրի առնվազն 80%-ը կլուծվի։ Մնացած 20%-ն էլ բնապահպանության նախարարության ճիշտ ու կազմակերպված աշխատանքի շնորհիվ կլինի։

Միայն մի բան եմ ցանկանում, որ այս նյութը կարդալուց հետո մարդիկ գոնե փոխվեն մի քիչ ու աջ ու ձախ չաղտոտեն։ Չեմ հասկանում, ձեզ հաճելի՞ է ապրել մի տեղ, ուր աղբն ամենուր է։

«Ստեղ ծնվել ենք, ստեղ էլ կմեռնենք…»

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

Հարցազրույց արզականցի Զավեն և Հենրիկ պապիկների հետ

-Մի քիչ կպատմե՞ք ձեր մասին։

-Թոշակառու մարդ ենք, թոռներին ենք խաղցընըմ, թոռների համար ձմեռվա կեր ենք դըզըմ։

-Սիրո՞ւմ եք Արզականը։

-Հա, բա մեր ծննդավայրն ա, ստեղ ծնվել ենք, ստեղ էլ կմեռնենք։ Էլ ո՞ւր էթանք էս հասակին, էթալու տեղ չկա, մի տեղ կա, էն էլ չենք էթալու՝տանելու են։

-Ի՞նչ նպատակներ եք ունեցել, երբ երիտասարդ էիք։

-Չհասկացանք, ջահելությունը էկավ անցավ, կորավ։ Մտածում էինք՝ միշտ տենց լեն ու բոլ պիտի լինի էս աշխարհը։ Ուզել ենք շոֆեր դառնանք, տրակտորիստ դառնանք՝ դառել ենք, սովետի վախտն էր։

-Իսկ ի՞նչ եք կարծում, հիմա՞ է լավ, թե՞ սովետի ժամանակ։

-Իհարկե սովետի ժամանակ։ Ամենակարևորը աշխատանքի տեղ կար, տնից բոլորս աշխատում էինք, աշխատանք կար, ապրուստ կար, ապահովված էինք։ Աշխարհի ծերը էթում էինք, գիտեինք, որ պետությունը մեզի պաշտպանըմ էր։

-Անգամ հեղափոխությունից հետո՞։

-Դե տեսնանք, էլ առաջվա ջահելը չենք, որ հետաքրքրվենք ու խառնվենք էդ գործերին։ Տարբերություն կա, լավ կլինի հաստատ։

-Իսկ երիտասարդության մասին ի՞նչ եք մտածում։

-Ոսկի երիտասարդություն ա մեր երիտասարդությունը։ Բա գյուղում էլ ցույցեր արեցին, առավոտից Երևանում էին լինում, մասնակցում էին ցույցերին։

-Տեղեկացանք նաև, որ ունեք նոր գյուղապետ, լա՞վ եք արդյոք տրամադրված։

-Շատ լավ ենք տրամադրված։ Հին գյուղապետը հանրապետական էր, 6 միլիոն դրամը, որ պետք ա փոխհատուցեր գյուղացիներին կարկուտի պատճառած վնասների համար, բաժանեց բարեկամներին։

-Փաստորեն դրա համա՞ր հեռացրեցին։

-Ինքը փախավ, է, չհեռացրին։

-Ձեր այգին մշակու՞մ եք։

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Հենրիկ պապիկը լուռ էր, բայց Զավեն պապիկը արագ վրա բերեց.

-Հա, բա ինչ եմ անում: Ի՞նչ անենք, որ 91 տարեկան եմ։ Կով էլ ունեմ, հենա, արածում են: Այգի եմ մշակում երեխեքիս ու թոռներիս համար։

-Արտագաղթի մասին ի՞նչ կասեք։

-Արտագաղթը շատ ա, գյուղում մի թաղամաս համարյա դատարկված ա։ Հենա՝ թոռս էլ 30 տարեկան ա, չի ամուսնանում: Ասում ա՝ գնում եմ Իսպանիա։ Ասում եմ, այ տղա, ամուսնացի՛, բայց լսող չկա։ Տենց բաներ, բալա ջան։

Հարցազրույցը վարեցին՝ Սոնա Զաքարյանն ու Ինեսա Զոհրաբյանը

Հյուրը

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

“Exploring the world through the lens of camera” ծրագրի շրջանակներում

Արզականում ամենահետաքրքիր իրադարձությունը հյուրընկալ ընտանիքին հանդիպելն էր, այն էլ Ազիզյանների ընտանիքին։ Ընտանիքում Բացի մեզնից ուրիշ հյուրեր էլ կային։ Հյուրերից ամենաուշագրավը, թերևս, Սուսան տատիկն էր, ով հենց ամենասկզբից տարբեր կատակներ էր անում ու ապահովում մեր բարձր տրամադրությունը։

Սուսան տատիկը Արարատից եկել էր Արզական՝ Ազիզյաններին հյուր։ Երբ հարցրեցի, թե ինչպես է սկսվել նրանց բարեկամությունը, նա շատ մեծ ոգևորությամբ պատմեց.

-Կարենս ու Սասունը (տանտերը) իրար հետ ծանոթացել են Չեխոսլովակիայում ծառայելիս, մոտիկ ընկերներ են դարձել ու դրանից հետո բարեկամություն ենք հաստատել։

Տարբեր առիթների գալիս ենք, այցելում Արզական՝մեր բարեկամների տուն։

Բելգիացի մասնակիցներից մեկը մոտենում է Սուսան տատիկին նկարելու.

-Աղջի՛, սպասի մազերս սանրեմ՝ նոր նկարի։

Ու ավելացնում.

-Էս օտարերկրացիները բայց լավն են, ես իրենց ընդունում եմ ոնց որ հայի, եթե գալիս են Հայաստան, ուրեմն մեզի սիրում են։ Ես շատ երկրներ չեմ այցելել, կուզեի գնայի աշխարհ տեսնեի, բայց Հայաստանից դուրս երբեք չեմ ապրի։ Հենա, որ Մորենը ինձ տանի Բելգիա, մեծ հաճույքով կգնայի տեսնեի,-ավելացնում է ծիծաղելով։

Ի դեպ նշեմ նաև, որ Սուսան տատիկը Մորանին շատ էր հավանել, անգամ կատակում էր, որ նա պետք է մնա Հայաստանում և ամուսնանա հայ տղայի հետ։

-Այ ցավդ տանեմ, Հայաստանը լավն ա: Ես Հայաստանում ծնվածս օրվանից ոչ մի տեղ չեմ ուզում գնալ, մենակ թե՝ պատերազմ չլինի։ Հայաստանը կծաղկի անպայման։

Ճաշում ենք։ Ճաշելու ընթացքում բազմաթիվ կատակներ անելուց և մեր տրամադրությունը բարձրացնելուց հետո սկսվեց հայ աղջիկների մասին զրույցը.

-Մեր հայ աղջիկներին շատ եմ սիրում՝ նամուսով են, հարգանքով, բայց որ մի սխալ բան եմ տեսնում, հարազատի նման նեղվում եմ։ Էս Մորանը ոնց որ իսկական հայ լինի, ի՞նչ կլինի, որ պահենք Հայաստանում։

Նորից սկսվում է կատակների շարանը, ու մենք ծիծաղում ենք։

-Սուսան տատի՛կ, ախր, ձեր կատակները շատ լավն են։

-Ես կատակներ շատ եմ սիրում անել, հատկապես՝ քեֆերին և ուրախություններին։ Ես սիրում եմ երեխեքի հետ երեխա ըլնեմ, տատիկների հետ՝ տատիկ։ Չեմ սիրում, որ ջահելները ինձնից նեղվում են, ասում են՝ խոսեցինք, ծիծաղեցինք՝ ջղայնացավ մեր վրա…

Մեր ջահելներին շատ եմ սիրում, իրանք մեր երկիրը դբա լավն են տանելու,-եզրափակեց Սուսան տատիկը։

Վերջում վերցրեց Մորանի ակնոցը, դրեց, թե բա՝ ինձ նկարեք։

-Հաջո՜ղ ժուռնալիստներ ջան, դուք եք ինձ հայտնի դարձնելու։

Հայ բելգիական “exploring the world through the lens of camera” ծրագիր. Օր ութերորդ

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Առավոտն սկսեց զարթուցիչի խլացուցիչ ձայնով։ Մի կերպ արթնանալով արթնացրի Ամալյային ու Մորենին, ու շտապեցինք նախաճաշելու մեր սիրելի հյուրընկալ ընտանիքի հետ։ Ես, Եվան, Ամալյան, Ինեսան, Մորենը, Յիցըն ու Լենկան հյուրընկալվել էինք Ազիզյանների տանը։

-Եկեք բալա ջան, եկեք հաց կերեք,-լսվում է Վալյա տատիկի ձայնը հյուրասենյակից։

-Էկան, սիրուն, խելոք բալաները էկան,-ավելացնում է Սուսան տատիկը։

-Իսկ մեղր կա՞,-ինչպես միշտ հարցնում է Լենկան ու ժպտում։

Ուրախ, զվարթ նախաճաշում ենք, Սուսան տատիկը տարբեր հումորներ է անում, ինչպես նաև մածուն քսում Մորենի արևահարված ուսերին։ Մորենը ծիծաղում է, բայց չի ընդդիմանում Սուսան տատիկին։

Գյուղում ուխտի օր է, ինչպես նաև խաղողօրհնեք, և շատ հյուրեր կան, հատկապես մեր հյուրընկալ ընտանիքում։

Բաժանվել էինք 3 խմբի։ Մի խումբը պետք է բարձրանար վանք՝ նկարահանելու ուխտավորներին և իրադարձությունները, մյուս խումբը որոշեց հանդիպել Արա Խաչատուրյանի հետ, ով Ֆրանսիայից քայլելով հասել էր Հայաստան։ Իսկ մեր խումբը մնաց հյուրընկալ ընտանիքում, որպեսզի տեսնի ու լուսաբանի ուխտի հետ կապված իրադարձությունները, ինչպես նաև նկարահանի թոնրում արվող ավանդական խորովածը։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Տանը բոլորը խառնված էին իրար՝ սեղանի պատրաստություն են տեսնում ու պատրաստում են ավանդական մատաղը, որից պետք է անպայման մի կտոր ուտել ասելով՝ ընդունելի լինի։ Թեև շատ էինք շտապում, բայց հասցրեցինք ճաշակել մատաղը, խմբով նկարվել ու ցտեսություն ասել մեր շատ սիրելի հյուրընկալ ընտանիքին։ Բոլորս հերթով ջերմորեն գրկում էինք նրանց ու լսում նրանց օրհնանքը։

-Աստված ձեզ պահապան,-ասում է Վալյա տատիկը արցունքները սրբելով։

-Լավ մնացեք։

Մի փոքր տխուր, բայց նաև ոգևորված քայլում ենք մեզ ծանոթ դարձած ճանապարհով։ Միավորվում ենք մյուսների հետ և գնում բարբիքյու փարթիի՝ խորոված ուտելու, որի. պատրաստմանը պետք է ինքներս էլ մասնակից լինեինք։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Ավտոբուսից իջնելուն պես տեսնում ենք Եվայի ծնողների ժպտացող դեմքերը և լսում փոքրիկ Անգելինայի ուրախ ու զրնգուն  ծիծաղը։

Մեր բելգիացի ընկերները շատ են հավանել հայկական խորովածը, իսկ Ռեդուանը հայկական կենաց է ասում, դե իհարկե, Արմանի ու Սուրենի օգնությամբ։

Հետաքրքիր և հագեցած օր էր, վերջապես վերադարձանք հյուրանոց։ Դե ես էլ որոշեցի ուշ քնել ու գրել ութերորդ օրվա օրագիրը։

Սոնա Զաքարյան

***

Ներկայացնում ենք մեր մասնակիցներինarman baghdasaryan

Հարցազրույց Արման Բաղդասարյանի հետ

-Ինչպե՞ս  եղավ, որ մասնակցեցիր  այս  ծրագրին:

-Անցյալ տարի ես և քույրս մասնակցել ենք «Մանանայի» կազմակերպած մեդիա-որքշոփին, ու ես պարբերաբար թղթակցում եմ 17-ին: Հայտարարությունը քույրս էր տեսել: Ասաց, որ ամբողջ օրը տանը նստած եմ, ոչինչ չեմ անում, մասնակցեմ և ինչ-որ բան սովորեմ: Այդպես ես որոշեցի մասնակցել, նոր մարդկանց ճանաչել, նոր բաներ սովորել, անգլերենս զարգացնել:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիր ծրագրից:

-Մեծ հույսեր չէի կապում, որովհետև մտածում էի՝ ավելի լավ է երազանքների մեջ չընկնեմ: Հիմա տեսնում եմ, թե ինչքան նոր բաներ ենք սովորում լրագրությանից, լուսանկարչությունից, միգուցե հետագայում նաև կինոյի վերաբերյալ: Արդեն ավելի մեծ ակնկալիքներ ունեմ:

-Արդյո՞ք բոլոր ակնկալիքներդ արդարացան:

- Նոր մարդկանց ճանաչեցի թե՛ Բելգիայից, թե՛ Հայաստանից: Հիմա զգում եմ, որ անգլերենս համեմատաբար ավելի լավ է: Բոլորի հետ շփվում եմ: Մեր բելգիացի հյուրերի հետ շատ հագեցած ժամանակ ենք անցկացնոմ:

-Այս մեկ շաբաթվա ընթացքում ի՞նչն է ամենաշատը տպավորվել:

-Ամենաշատը տպավորվել է այն անձրևոտ օրը, երբ բոլորս անձրևի տակ թրջվելով քայլում և զվարճանում էինք: Արզականի այս երեք օրերը նույնպես տպավորվեցին, որովհետև ամեն ինչ շատ լավ և հետաքրքիր էր:

-Մեր կատարած ճանապարհորդություններից ո՞րն է քեզ ամենաշատը դուր եկել:

-Ինձ ամենաշատը դուր է եկել Դիլիջանը, քանի որ այնտեղի բնությունը և մաքուր օդը ինձ ամեն անգամ զարմացնում են:

-Պատմիր տարօրինակ պատմություն, որ տեղի է ունեցել այս ծրագրի ընթացքում:

-Երբ մենք Արզականում էինք, առաջին գիշերը ես, Սուրենը և Ռեդուանը միասին մի սենյակում էինք: Մենք պառկած ուրախանում, ծիծաղում էինք և պահի ազդեցության տակ հասկացանք, որ հիմա տեղի է ունենում մի անհավանական բան. երևանցին, հրազդանցին և մարոկկացին միասին մի սենյակում քնում են Արզական գյուղում: Դա շատ անհավատալի բան էր:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

-Ի՞նչ ես սովորեցրել քո ընկերոջը՝ Ռեդուանին:

-Սովորեցրել եմ հայերեն բարեկիրթ բառեր, որոնք նա կարող է օգտագործել շփման մեջ: Նրան սովորեցրել եմ ինչպես իրեն պետք է պահի «հայ տղան»:

***

Հարցազրույց Ռոուին Դը’Հոլանդերի հետredoin

-Ինչքա՞ն ժամանակ է, որ «Թումուլտի» անդամ եք:

-Չորս տարի առաջ էր, երբ ես մասնակցեցի փոխանակման ծրագրի:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

-Ու՞մ գաղափարն էր Հայաստան գալու ծրագիրը:

-Մայիսին ես և Լիոն եկանք «Մանանա» կենտրոն և քննարկեցինք, թե ինչ ենք անելու այս երկու շաբաթվա ընթացքում: Հետո մենք վերադարձանք տուն, իրար նամակներ գրեցինք, և այդպես կազմեցինք ծրագիրը: Երեք օրով էինք եկել: Դա հեղափոխությունից անմիջապես հետո էր: Բոլորը շատ դրական էին տրամադրված: Նրանք ասում էին, որ սա նոր սկիզբ է: Շատ հաճելի էր դա լսել այն ժամանակ:

-Հիմա ձեր տպավորությունները տարբերվու՞մ են առաջին այցելության տպավորություններից:

-Առաջին անգամ, երբ եկել էի Երևան, ես գիտեի միայն, թե ինչպիսին է Երևանը, բայց հիմա ես գնացի այլ քաղաքներ և գյուղեր: Իմացա, թե ինչպես են ապրում Հայաստանի ուրիշ հատվածներում:

-Ի՞նչն է ձեզ դուր գալիս հայերի մեջ:

-Հյուրընկալությունը: Ամեն տեղ, որտեղ գնում ենք, նրանք մեզ հրավիրում են սեղան նստելու: Իրոք շատ հաճելի է հանդիպել հայաստանցիներին:

-Ի՞նչը չեք հավանում հայերի մեջ:

-Մենք միասին աշխատելու մի ձև գիտենք, դուք՝ մեկ այլ, և մենք պետք է հարմավենք ու դա է, որ ես այնքան էլ չեմ հավանում: Մենք պետք է խումբ դառնալու ճանապարհ գտնենք: Բայց դա էլ է հետաքրքիր:

-Պատմեք մի հետաքրքիր պատմություն, որ պատահել է այս ընթացքում:

-Ես շատ տպավորված էի, երբ մենք եկեղեցիներ էինք այցելում և գնում էինք տեսնելու Հայաստանի բնությունը: Դա առաջին անգամն էր, որ դուրս էի եկել Երևանից: Իրոք շատ տպավորիչ էր տեսնել եկեղեցու մոտի ջրվեժը:

-Հայկական ո՞ր սովորույթն է ձեզ ամենաշատը դուր գալիս:

-Այն, որ ընտանիքում երբ հյուր է լինում, ամենապատվավոր տեղում հյուրերն են ու հետո նոր ընտանիքի անդամները: Կարծում եմ դա իրոք տպավորիչ է:

Լիլիթ Վարդանյան, 15տ.

***

Sunday the 12th of august

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Today was our last day at the amazing host families. When we woke up we had a big breakfast with bread, potatoes, mashed potatoes, meat, yoghurt, homemade cheese,… Morane and Sona had to rush the breakfast, they had to leave the house at ten o’clock to meet their group for an interview. The others, who didn’t have an interview planned, could rest a bit more and work on their project. Around lunchtime some went to the church to watch the ceremony, others met a guy who had walked from France to Armenia and some stayed at a host family to see how the food was made.

At half past three we gathered at the main house to leave for the barbecue after a long goodbye to our host families. At the barbecue we could swim but most of us just hang around and talked to each other. When the food was ready we all sat in a tent and ate. We had chicken, pork, salads, bread, vegetables and more. After dinner we hung around again, we pet a dog and ate dessert.

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

When we cleaned up we went to the bus to go back to Yerevan, the bus ride was really long and finally we arrived at Manana. We picked up our stuff and had an exhausting walk back to the hostel since we were carrying everything we brought. At the hostel we divided the rooms and mixed up Armenian and Belgian girls (the early and late sleepers). We unpacked and after that we could do what we wanted at the hostel.

 Jitse Van Nueten

Հայ Բելգիական “Exploring the world through the lens of camera” ծրագիր. օր չորրորդ

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Բարև: Շարունակում եմ ներկայացնել մեր ճամբարային օրագրի 4-րդ օրը: Առավոտյան ստուգում ենք  օրակարգը. մեր ամբողջ օրն ընթանալու  էր «Մանանա» կենտրոնում:

Իջնում ենք աստիճաններով, անցնում ենք մի քանի փողոց և ահա հասնում ենք կենտրոնի շենքին: Աննան հաշվելով բարձրանում է աստիճանները, հասնում ենք 5-րդին` առավոտյան մեր մարզանքը ինքնըստինքյան կատարած:

Օրվա առաջին կեսի  թեման էր լրագրությունը, ինչպես պատմություն գրել, հարցազրույց վարել, «գրողական գործիքներ» և այլն:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Սովորում ենք, որ պետք է նախապես պատրաստվել հարցազրույցի, ունենալ հարցերը, աշխատել, որ բաց հարցեր տրվեն, կարևորը՝ կարողանալ լսել զրուցակցին, զւոյցն անպայման ձայնագրել:

Լավ, անցնում ենք հաջորդ թեմային`պատմություն գրելուն (storytelling): Իրականում ավելի հեշտ է գրել ուրիշի կամ ինչ-որ առարկայի կամ երևույթի մասին, քան քո մասին: Դրանում ես համոզվեցի, երբ մեզ հանձնարարվեց գրել պատմություն մեր մասին: Մենք գրում ենք մեր պատմությունները անգելերն լեզվով, հետո հավեսով  ճաշում ենք, էներգիա ենք հավաքում  ու անցնում ենք արդեն պատմությունները քննարկելուն: Յուրաքանչյուրի պատմությունը եզակի էր և հետաքրքիր:

Հետո սկսում ենք գրել տարբեր գաղափարներ, որոնք հուզում են մեզ, և մի քանի օրից պիտի դառնան մեր գործողությունների հիմքը: Թղթի վրա գրված են տարբեր թեմաներ`աղբահանություն, աղտոտվածություն, գյուղի խնդիրներ, մշակույթ, անօթևանների խնդիր, Սևանի խնդիրներ… Սրանք մենք պետք է դարձնենք մեր պատմությունների, ֆոտոպատմությունների, ֆիլմերի առարկան: Ընդմիջմանը բարձրանում  ենք պատշգամբ, այնտեղ բելգիացի Ռևդուանը երգում էր.

-Սիրտս հանեմ, տամ, տամ, տամ…

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Փաստորեն հարսանիքների և խնջույքների երգացանկը իրոք երջանկացնում է  մեր հյուրերին, և նրանք նույնիսկ անգիր են անում:

Հետո  շարունակում ենք ուղեղյին գրոհը, իսկ այդ ընթացքում տոպրակները ձեռքներին գալիս են բելգիացիները. այսօր մեզ մոտ բելգիական մշակութային երեկո է: Նրանք սկսում են պատրաստել բելգիական ընթրիքը, իսկ մենք օգնում ենք նրանց: Երեկոյի ընթացքում «Թումուլտի» երեխաները պատմում են Բելգիայի, նրա կառավարության, բնակչության, թագավորների մասին: Կազմակերպել էին  նաև խաղ իրենց սպորտի  վերաբերյալ: Նրանք մեզ սովորեցրեցին բելգիական  պար, երգ: Հետո համտեսեցինք նրանց պատրաստած ընթրիքը և  քաղցրեղենը:

Արդեն ժամը 23.00  ն է. հավաքում ենք մեր իրերը, շնորհակալություն ենք հայտնում և գալիս ենք տուն: Հա, արդեն տուն  ենք կոչում մեր հյուրանոցը:

Մշակութային փոխանակման ևս մեկ օր ավարտվեց: Սպասեք վաղվա արկածներին:

Ինեսա Զոհրաբյան

***

 Ներկայացնում ենք ծրագրի մասնակիցներին

Հարցազրույց հայ֊ բելգիական  ”Eploring the world through the lense of a camera” ծրագրի մասնակից Մորան Փիթերզի հետMorane

-Ինչպե՞ս իմացար ծրագրի մասին և ինչու՞ որոշեցիր մասնակցել։

-Ընտանիքիս հետ ուսումնասիրում էի ծրագիրը, ու նրանց խորհրդով որոշեցի մասնակցել։ Ես անգամ չգիտեի, թե Հայաստանը որտեղ է, բայց մտածեցի, որ հետաքրքիր կլինի, ու պետք է անպայման դիմեմ։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիր ծրագրի հետ կապված, և արդյո՞ք դրանք արդարանում են:

-Ակնկալում էի շփվել տարբեր մարդկանց հետ, ծանոթանալ հայկական մշակույթին, ձեռք բերել նոր ընկերներ ու սովորել նոր բաներ։ Ականկալիքներս արդարանում են, միայն չէի պատկերացնում, թե այսպիսի շոգ կլինի։

-Այս չորս օրերը բավակա՞ն էին Երևանի մասին կարծիք կազմելու համար։

-Երևանը շատ գեղեցիկ քաղաք է՝ հիանալի բնությամբ։ Հիանալի մարդիկ: Հաճոյախոսում եմ,- ավելացնում է ծիծաղելով։

-Ի՞նչ կարծիք ունես ծրագրի վերաբերյալ։

-Շատ հետաքրքիր է, որովհետև բոլորը ոգևորված են անում ամեն ինչ։

-Եթե Հայաստանում սովորելու կամ ապրելու հնարավորություն ունենայիր, ի՞նչ կանեիր։

-Եթե հնարավորություն ունենայի կամ կրթաթոշակ, կարծում եմ, կապրեի։

-Ի՞նչ բացահայտեցիր Հայաստանում, որը Բելգիայում չկա։

-Տաք եղանակը, ինչպես նաև շենքերը։ Բելգիայում շենքերը փոքր են և հարթ, ինչպես նաև գունավոր չեն։

Հարցազրույց Ամալյա Հարությունյանի հետ

-Ինչպե՞ս իմացար «Մանանայի» մասին։

-Երկու տարի առաջ թղթակիցներից մեկի հետ շփվելով իմացա «Մանանայի» մասին։ Որոշեցի գրել նրանց և այդպես ուղարկեցի առաջին նյութս։ Դրանից հետո նյութերս սկսեցին տպագրվել, և ես դարձա «Մանանայի» անդամ։

-Ի՞նչ ակնկալիքներ ունես առաջիկա օրերի հետ կապված։

-Հուսով եմ, որ բելգիացի մասնակիցները ավելի ակտիվ կլինեն, և մեր շփումը ավելի կամրապնդվի, քանի որ ցանկանում եմ նրանց հետ կապը պահպանել նաև հետագայում։

-Ի՞նչն է ամենից շատ քեզ դուր եկել այս չորս օրերի ընթացքում։

-Ինձ շատ է դուր եկել քաղաքում քայլելը։ Չորս ժամից ավելի քայլեցինք քաղաքում ու բացահայտեցինք Երևանը մեր բելգիացի ընկերների հետ, կարծում եմ, որ շատ հետաքրքիր էր։ Մեր պատասխանատվությունը նույնպես մեծ էր, քանի որ մենք էինք նրանց առաջնորդում։ Իրոք շատ հետաքրքիր էր այդ առաջադրանքը կատարելն ու մեր արկածները Երևանի փողոցներում։

-Ի՞նչ տպավորություններ ունես բելգիացի քո հասակակիցներից։

-Նրանք շատ հետաքրքիր են ու յուրահատուկ, ինչպես նաև տարբերվում են իրարից իրենց հետաքրքրություններով։ Կարծում եմ, որ նրանց դեռ պետք է բացահայտել։

-Ի՞նչ կավելացնես։

-Այս օրերին նաև մտերմացա հայ մասնակիցների հետ։ Շատերը կային, ում չէի ճանաչում, բայց հիմա բավականին մտերմացել եմ նրանց հետ և հուսով եմ, որ մեր մտերմությունը էլ ավելի կամրապնդվի, թե՛ հայերի և թե՛ բելգիացիների հետ։

Հարցազրույցները վարեց Սոնա Զաքարյանը

Day 4th

The day 8 august started with a breakfast from the hostel.The specialty of the day was a dough with cheese and egg that is called Khachapuri. After that we got ready, we walked to the manana center and had a workshop about the techniques of writing story and news also for how to prepare for a interview.

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

They explained how you would best do a interview an edit it. We wrote each a story about yourself and read it for the groep. After the workshop we ate a greek taco on the terras in the shadow. We took a break of thirty minutes and talked with each other. Later we brainstormed for ideas for our project and talked about the difference between subject as example global subject and inveramental subject. When we were ready we started collecting ideas for the project. We created groups for the differents ideas. The Belgian youth began cooking for their culture evening and preparing the quiz for the armenians. The armenians help cooking until a few Belgians started the quiz. The quiz was a way to explain to belgian country in a fun way. The Belgian youth cooked smashed potatoes with carrots and sausage; As dessert they had sweets from there home country like pastry with apple. That was the night closier

Morane Peeters