Տաթևիկ Հարոյանի բոլոր հրապարակումները

Մեկ ժամ Թումանյան գրադարանում

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջը նշում էր գրադարանավարի օրը: Աշխարհի շատ երկրներ հայտնի են իրենց շքեղ ու հարուստ գրադարաններով: Գրադարանի դերն ու կարևորությունը մեծ է յուրաքանչյուր ազգի ինքնագնահատականի, գիտելիքի ու գիտության հանդեպ սիրո ու հոգատարության համար: Դեռ հին ժամանակներից հայ իրականության մեջ մեծ կարևորություն է տրվել գրին ու գրականությանը, անգամ հայ դիցաբանության մեջ ունեցել ենք գրի ու դպրության աստված՝ Տիրը` Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում  էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։

Ներկայումս, տեխնիկայի և գիտության զարգացմանը զուգահեռ, «կենդանի» գրքի հանդեպ ուշադրությունը կորել է կամ նկատվում է նման միտում, իսկ գրադարան գնալը դարձել է հազվագյուտ մի բան: Գրադարան գնալու փոխարեն՝ տվյալ գիրքը բեռնում են և վերջ:

Հոկտեմբերի 7-ը, ՀՀ կառավարության որոշմամբ, արդեն երկրորդ տարին է, ինչ նշվում է որպես Գրադարանավարի օր, որի նպատակն է` հետաքրքրություն սերմանել գրադարանի, գրքի և առհասարակ ընթերցանության հանդեպ:

Գրադարանավարի օրը Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները, ժամանակակից մոտեցմամբ համեմված, ընդգծեցին այն փաստը, որ որքան էլ ապրում ենք տեխնիկայի ու գիտության սրընթաց աճի դարում, այնուամենայնիվ, ցանկացած նյութ գտնում ենք գրքերում, և շփումը նրանց հետ իմաստացնում է յուրաքանչյուրին: Միջոցառման խորագիրն էր՝ մեկ ժամ Թումանյան, նպատակը՝ ստեղծել գրադարանային իրավիճակ թումանյանական նոտաներով, սյուժեն՝ երեխաներին դասախոսի կողմից հանձնարարածը կատարելը՝ գրել սցենար, որի ամբողջ ընթացքը երևաց միջոցառման ողջ ընթացքում:

Միջոցառմանը տրված համարձակ լուծումները (ի զարմանս բոլորի՝ «Մի կաթիլ մեղրը» ներկայացվեց ռեփի տեսքով) ոչ միայն չխանգարեցին, այլև լրացրին և այլ կողմից ներկայանալի դարձրին Թումանյանին: Քոլեջի տնօրեն Իսկուհի Վարդանյանը արժևորեց գրքի դերը հայ հասարակության շրջանում և գրադարանների կարևորությունը մեզանում: Հորդորեց առավել մեծ նշանակություն տալ իրական գրքերին և առավել հաճախ օգտվել գրադարաններից:

Երբեք ուշ չէ գնալ երազանքին ընդառաջ

Լուսանկարը` Տաթևիկ Հարոյանի

Լուսանկարը` Տաթևիկ Հարոյանի

Հարցազրույց mulberry-house-ի հիմնադիր Հովհաննես Սողոմոնյանի հետ

-Պատմեք Ձեր մասին, որտեղի՞ց եք:

-Ես ապրում եմ ՀՀ ամենագեղեցիկ համայնքներից մեկում՝ Խոր Վիրապում (Փոքր Վեդի), ծնվել եմ 1990 թ. հուլիսի 14-ին, անունս Սողոմոնյան Հովհաննես է:

-Դուք mulberry-house-ի հիմնադիրն եք: Մինչ դրան անդրադառնալը կխնդրեի նշեիք՝ ի՞նչ կրթություն ունեք և այլ գործունեությամբ զբաղվե՞լ եք մինչ սա:

-Ես ունեմ միջին մասնագիտական կրթություն, ավարտել եմ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջը, մասնագիտությամբ ծրագրավորող եմ: Սրանից երեք տարի առաջ աշխատել եմ ՄԱԿ-ի գրասենյակում՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան:

Աշխատել եմ ՀՀ-ում, ԼՂՀ-ում և ՌԴ-ի հայ համայնքների հետ: Այսինքն՝ այդ տարածաշրջաններում հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանն եմ եղել:

-Ինչպե՞ս առաջացավ mulberry-house կառույցի մտահաղացումը, ո՞րն էր ստեղծման նպատակը:

-Մտահաղացումը շատ շուտվանից կար, ուղղակի մտորումների մեջ էի՝ ուզում էի հասկանալ, տեսնել՝ արդյոք կաշխատի, թե չէ: Մեր խաղողի այգու մոտ ունեինք թթենի, որը տնկել է պապս մոտ 17 տարի առաջ, դրա համար տարածքը կոչվեց թթենի, անգլերեն անվանումն ենք տվել։ Այստեղ շատ տուրիստներ գալիս էին ու ասում՝ գնանք թթենու մոտ նկարվելու: Ծառը և մեր այս տարածքը, որը բացել ենք թթենուն կից, գտնվում են Խոր Վիրապի վանք չհասած՝ մոտ 500 մ հեռավորության վրա։ Այդ տարածքում միակ ու ամենամեծ թթենին է, էդտեղից էլ տեսարան է բացվում դեպի բիբլիական Արարատը և Խոր Վիրապը, և իսկապես շատ գեղեցիկ տեսարան է նկարվելու համար։

Մենք այս աշխատանքը սկսելիս մեր առջև նպատակ դրեցինք ներկայացնել Հայաստան աշխարհը և հայ ժողովրդին, որովհետև յուրաքանչյուր վաճառակետ խոսում է Հայաստանի մասին, հայ ժողովրդի մասին։ Երբ դու շփվում ես տուրիստի հետ, նա սկսում է կարծիք կազմել: Մեր նպատակն այն է, որ ճիշտ կարծիքով և մեծ բավականություն ստացած հեռանան Հայաստանից: Ցանկանում ենք, որ մեր միջոցով ինչ-որ չափով կարծիք կազմեն մեր մշակույթի, ավանդույթների մասին:

Լուսանկարը` Տաթևիկ Հարոյանի

Լուսանկարը` Տաթևիկ Հարոյանի

Որպես հավելում նշեմ, որ վերջերս ունեցանք հյուրեր Մոսկվայից, նկարիչներ էին։ Այն պատկերը, որ բացվում է մեր մոտից, փորձեցին կտավների վրա պատկերել, ի դեպ, այդ օրվա նկարները կարող եք տեսնել, և առհասարակ, մեր մասին կարող եք տեղեկանալ մեր ինստագրամյան էջից:

-Իսկ ի՞նչ եք վաճառում և որտեղի՞ց եք ձեռք բերում:

-Մեր համայնքի բնակիչներն են պատրաստում: Ունենք գինիներ՝ բալի, նռան, մուսկաթի և կախեթի՝ կիսաքաղցր և չոր, դեղձի, ծիրանի, խնձորի օղիներ:

Բացի խմիչքից՝ ունենք նաև չրերի մեծ տեսականի՝ բնական հումքով պատրաստված, առանց շաքարի, նաև ունենք մի չրի տեսակ, որ ՀՀ-ում միայն մենք ենք վաճառում, կոչվում է սուջուխ, բայց կլոր տեսակն է, դա ոչ մի տեղ չկա: Կան նաև գաթաներ, որոնք նույնպես մեր համայնքում են պատրաստում:

-Որպես այս տարածքի հիմնադիր ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց, ովքեր նման գաղափար են ցանկանում իրագործել, ինչպե՞ս սկսել:

-Ես իմ գործը սկսել եմ մեկ գաթայից, հետո քիչ-քիչ հավաքելով՝ հիմա արդեն ունենք մոտ 71 տեսակի ապրանք, որոնք դեռ խմբավորված չեն, բայց աշխատում ենք նաև այդ ուղղությամբ:

-Իսկ ի՞նչ պլաններ ունեք:

-Ունենք հովանավոր Իռլանդիայից: Երբ մի անգամ եկել նստել էր մեզ մոտ, ես տեղում չէի եղել, նա մի բացիկ էր թողել, որն ինձ մոտ է հիմա։ Մենք կապ էինք պահում իր հետ և սպասում ենք, մյուս ամսվա վերջում կգան ֆինանսավորման նպատակով: Էստեղ լինելու է ճաշելու վայր, հենց եկողը կարող է թխել լավաշ, գաթա, խորոված պատրաստել: Հյուրատան նման մի բան է լինելու:

Լուսանկարը` Տաթևիկ Հարոյանի

Լուսանկարը` Տաթևիկ Հարոյանի

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

-Եղե՛ք մաքուր: Այսինքն՝ մաքուր աշխատանք և մաքուր եկամուտ: Չխաբել, լինել հյուրասեր:

-Երբվանի՞ց եք սկսել գործել:

-Ապրիլի 23-ից սկսել ենք գործել: Մայիսի 23-ին նշեցինք մեր մեկամսյակը:

-Մեկ ամիս է, ինչ գործում եք: Ի՞նչ հետաքրքիր հյուրեր եք ունեցել կամ ի՞նչ դեպքեր են եղել, որ կցանկանայիք նշել։

-Կցանկանայի առանձնացնել երկուսը: Մեկը հենց Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էր (ի դեպ, մենք ամեն առավոտ, երբ 7:30 բացվում ենք, մեզ մոտ հնչեցնում ենք նրա երգերը և տարածքում ունենք անվճար ինտերնետ մեր բոլոր այցելուների համար), մեր առաջին հյուրերին ընդունեցինք 8:40, նրանք հենց ֆրանսիացիներ էին, եկել էին Հայաստանը տեսնելու Շառլի աչքերով։ Երբ խումբը կանգնեց, ճանապարհը փակվեց մոտ 10 րոպեով, և սկսեցին երգել Շառլ Ազնավուրի «La Bohème» երգը։ Հետո ես նռան գինի հյուրասիրեցի նրանց, վերջում նորից նույն երգով հրաժեշտ տվեցին մեզ: Մյուս պատմությունն այն է, որ մեզ մոտ ամուսնության առաջարկ արվեց։

 

tatevik haroyan

Ինչու գնալ թանգարան

Մայիսի 18-ը Հայաստանում և աշխարհի մոտ 150 երկրներում նշվում էր թանգարանների միջազգային օր: Այն հռչակվել է թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին:

Առաջին հայացքից կարելի է ասել՝ սա մի տոն է, երբ թանգարանները անվճար են, ու կարելի է այցելել ու ժամանակ անցկացնել, անգամ չորոշելով՝ որն արժե գնալ կամ, առհասարակ, մեզ ինչ է տալիս թանգարան գնալը:

Սակայն թանգարան գնալը, թանգարան մտնելը և թանգարանի ցուցադրությունները յուրացնելը էսթետիկ հաճույք են, ինչպես նաև թատրոնը, որտեղ հազվադեպ ենք լինում․ ժամանա՞կն է քիչ, թե՞ հետաքրքրությունը:

Երեկ թանգարանների միջազգային օրն էր, հասցրի լինել միայն Հայաստանի պատմության թանգարանում, որը հիմնադրվել է 1919 թ.-ին, իսկ այցելուների համար բացվել է 1921 թ.-ի օգոստոսի 20-ին: Ինչո՞ւ լինել հենց հենց այս թանգարանում։ Առաջին՝ այն գտնվում է Հանրապետության հրապարակում, որի կողքով բազմիցս անցած կլինեք, և որ ամենակարևորն է, այնտեղ ներկայացված են մեր ազգի պատմությունը, մշակույթը, ցուցադրված են մեր երկրի տարբեր տարածաշրջանների տարազներ, զարդեր, կարևոր անձանց որոշ անձնական իրեր։ Շատ հետաքրքիր էր Անի քաղաքի և նրանում գտնվող եկեղեցիների մանրակերտը, որտեղ ներկայացված էին քաղաքի եկեղեցիները և պարիսպները, որոնք կառուցվել են տարբեր արքաների կողմից։ Հետաքրքիր էր տեսնել արքաների հատած դրամները, նրանց զենքերը, տարբեր ժամանակներում կիրառված սրերը, նիզակները, վահանները։ Կարծես պատմության միջով անցնես, ու ամեն անգամ մի բաժին մտնելիս՝ նոր մի զգացողություն է համակում քեզ։ Հաճելին այն է, որ այլազգիները նույնպես սիրով ու հետաքրքրությամբ էին նայում ցուցադրվող յուրաքանչյուր դետալի:

Իհարկե, այսքանը շատ քիչ է, որ պատկերացնեք այն հաճույքը, որը տալիս է այդ թանգարանը (անգամ վիքիպեդիան այդ հարցում չի օգնի): Եվ սա միայն մեկն է այն թանգարաններից, որ կան մեզ մոտ:

Կարևորն այն է, որ թանգարան մտնելիս հասկանանք՝ ուր ենք եկել և ինչ ենք ուզում տանել այստեղից:

tatevik haroyan

Ավագ քրոջ իրավունքով

Երբ փոքր էի, երբեք չէի մտածի, թե մի օր եղբայրս, որն ինձանից չորս տարի փոքր է, կմեծանա, և ավելին, կավարտի դպրոցը ու կգնա բանակ։ Մեծը լինելով` միշտ հետևում էի ոչ միայն իր, այլև քույրիկիս ու փոքր եղբորս մեծանալուն, ու չէի էլ նկատում, որ իրենց հետ և իրենցից առաջ ես եմ մեծանում։

Այնքան մեծացա, որ իրենցից առաջ ես ավարտեցի դպրոցը, ընդունվեցի համալսարան, դա էլ ավարտեցի, և հիմա անհամբերությամբ սպասում եմ քույրիկիս` համալսարանն ավարտելուն, սպասում եմ, թե երբ փոքր եղբայրս կավարտի դպրոցն ու կհաստատի իր քայլերն այլ, ավելի բարձր ասպարեզում։ Իսկ մինչ այդ ուզում եմ ասել, որ իմ թանկագին  մեծ եղբորը շատ եմ կարոտել: Այդքան կարոտում են բոլոր այն քույրերը, ովքեր եղբորը ճանապարհում են բանակ և Ամանորի հրաշքին սպասելու փոխարեն, սպասում հեռավոր ԼՂՀ֊ից մի թանկ զանգի։

Երբեմն զարմացած հայացքով նայում եմ այն անցյալին, երբ եղբորս հետ գնում էի դպրոց, օգնում էի դասերը պատրաստելուն ու միշտ ասում էի` երբ ես մեծանալու, որ ինքնուրույն անես դասերդ։

Հիմա նա և իր նման ու տարեկից շատ տղաներ պաշտպանում են հայրենիքի սահմանները, ինքնուրույն, առանց ավագ քույրերի հոգատարության։ Հիմա ես եմ ինձ փոքր զգում իր առաջ, զգում իր օգնության կարիքը։

Իմ սիրելի զինվոր֊եղբայր, շնորհավոր Սուրբ Ծնունդ: Այն առաջին անգամ նշում ենք առանց քեզ, բայց այն համոզումն ունենք, որ դու ես ապահովում մեր խաղաղ կյանքը, դու ես կանգնում սահմանին, որ մենք հանգիստ քնենք: Դու ես այդտեղ, որ քույրդ խաղաղ երկնքի տակ այս տարի ավարտի համալսարանը, եղբայրդ` դպրոցը, իսկ ես` ձեր ավագն ու ձեզ շատ սիրող քույրը, հպարտանա ձեզանով։

Լավ է չանել ոչինչ, քան անել ոչինչ

Հարցազրույց Արտաշատի Ամո Խարազյանի անվան Պետական  դրամատիկական թատրոնի փոխտնօրեն, դերասան, տիկնիկավար Կամո Նաղդալյանի հետ

-Պատմեք Ձեզանից. որտե՞ղ եք ծնվել, ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը։
-Ես ծնվել եմ Գարդման աշխարհում, դա պատմական Գարդման աշխարհն է, որ հիմա մեզ մոտ չի, ցավոք, (ցավոտ հարցեր ես տալիս)։ Ամեն մարդ ինչ֊որ ձևով իր մանկությանը կապված է։ Էն գյուղը, որտեղ որ ես ծնվել եմ` անտառներով շրջապատված, հրաշալի բնությամբ, պատմական հին հայկական աշխարհ, եկեղեցիներ։ Սահակ Սևադայի ամրոցը (մեր պատմությունից լսել ենք իր մասին) ընկնում է մեր գյուղի հարակից տարածքում։ Էնտեղ դարերի պատմություն կա, հայ ժողովրդի պայքարը, որի վկայությունը գրված է քարերին, խաչքարերին։
Իմ մանկությունը մինչև 8 տարեկան էդտեղ է անցել, հետո մեզ հայտնի Արցախյան դեպքերի հետ կապված ընտանիքով տեղափոխվել ենք Երևան, հետո` Փոքր Վեդի։
Շատ մանրամասն չեմ  հիշում` ինչպես, ինչու եկանք հենց Փոքր Վեդի, բայց տեղափոխվեցինք: Սկզբում հայրս մեզ` երեխաներիս էր բերել, ապա նաև մյուսները եկան, և հաստատվեցինք ու դարձանք տեղի բնակիչ։ Դա հայրս էր որոշել։

-Ընտանիքում քանի՞սն էիք։
- Էդ ժամանակ տատս, պապս, ծնողներս և հինգ երեխաներ։
Երկու պապիկներս մի քանի ամիս ապրեցին, շատ ծանր տարան էդ ամեն ինչը, որ իրենց տուն ու տեղը, իրենց ստեղծածը թողեցին ու դուրս եկան։ Մահացան։ Դժվար էր։ Մենք երեխա էինք, մենք էլ չէինք համակերպվում։
-Ինչու՞ ընտրեցիք հենց դերասանի մասնագիտությունը։
-Ակտիվ էի դպրոցում, ինչ բեմադրություն լինում էր, ինձ ընդգրկում էին։ Հիշում եմ` խաղացել եմ Արա Գեղեցիկ։ Շատերն էին ասում, որ լավ դերասան կդառնամ, ես էլ ուշ, բայց հասկացա, որ իմը սա է։
- Իսկ ինչպե՞ս տանն ընդունեցին այն փաստը, որ պետք է թատերական ինստիտուտ ընդունվեք, դերասան դառնաք։

-Սկզբում, ճիշտն ասած, լավ չընդունեցին, ասում էին` մեր ազգում ե՞րբ է դերասան եղել։ Հայրս,  հատկապես, շատ էր ուզում, որ ես իրավաբան դառնամ։ Բայց փաստը նա է, որ ես ավարտեցի թատերական ինստիտուտը։
Լավ կրթություն եմ ստացել, լավ ուսուցիչ ենք ունեցել։ Ռուբեն Բաբայանի արվեստանոցն եմ ավարտել, ով տիկնիկային թատրոնի տնօրենն է, հիմա էլ ինստիտուտի ամբիոնի վարիչն է։
-Հիշո՞ւմ եք առաջին խաղացած դերը։
-Առաջին խաղացած դերը եղել է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, «Անահիտ» ներկայացման մեջ հեքիաթասացի դերն եմ խաղացել։
-Քանի՞ տարի է, ինչ աշխատում եք թատրոնում։
-1998 թվից սկսել եմ աշխատել տիկնիկային թատրոնում, 2010-ից` Արտաշատի թատրոնում։
-Արտաշատի թատրոնում հիմա փոխտնօրեն եք, ինչպե՞ս ստացվեց։
-Արդեն մի քանի տարի է, որ առաջարկ կար, դրա համար ծրագիր գրեցի, ներկայացրեցի նախարարին: Սկզբում վերապահումներով ընդունվեց այդ փաստը, բայց քանի որ անձնակազմը նույնպես կողմ էր իմ` փոխտնօրեն նշանակվելուն, իսկ դա շատ կարևոր է, հաշվի է առնվում նաև ստեղծագործական խմբի կարծիքը,  արդեն մեկ տարի է` այդ պաշտոնին եմ: Բայց ես մի պահանջ առաջ քաշեցի, որ պետք է լինեմ դերասան-փոխտնօրեն, քանի որ դա ինձ համար առաջնային է։
-Աշխատում եք նաև տիկնիկային թատրոնում։ Ավելի շատ սիրում եք խաղալ բեմի՞ վրա, թե՞ տիկնիկներին խաղացնել բեմում։

-Տիկնիկային թատրոնը հրաշք աշխարհ է։ Երկուսն էլ սիրում եմ։ Այն նեղ օղակ չէ, այնտեղ և’ տիկնիկն է, և’ դու, կամ միայն տիկնիկն է։ Աշխատում եմ նաև դրամատիկական թատրոնում, բայց տիկնիկայինը բարդ է, անշունչ առարկային պետք է կենդանություն տաս, ինչքան պետք է էներգիա ունենաս, որ կարողանաս։ Դրա համար տարիներ են պետք, որպեսզի յուրացնես տիկնիկի հետ աշխատելու տեխնիկան: Եվ հետո ասեմ, որ երեխաների համար խաղալը էլ ավելի պատասխանատու է։ Երեխաները զգում են ամեն ինչ, ձեռքդ երևաց, ինչ֊որ բան էնպես չարեցիր, ամբողջ ներկայացումը չի ստացվի։ Պետք է շատ ջանք թափես, որ կարողանաս նաև համոզել։
-Կա կարծիք, որ հատկապես երիտասարդները հիմա թատրոն չեն գնում։ Ի՞նչ կասեք այդ մասին։
-Ես այդքան երիտասարդներին չեմ մեղադրում, որքան, թե ինչ են բեմադրում։ Մենք մեկ տարվա ընթացքում, կարելի է ասել, հեղափոխություն արեցինք։ Այս տարվա ընթացքում 5 նոր բեմադրություն ենք արել, և արդյունքը չուշացավ։ Եվ մեր հանդիսատեսն ավելացավ, և ներկայացումների թիվը, և ֆինանսական հոսքը, որոնք շատ կարևոր են թատրոնի, դերասանների համար։
Ամեն ինչ գցել հանդիսատեսի չգալու, չհետաքրքրվելու վրա, էդքան էլ ճիշտ չի։
Ամբողջ Արարատի մարզում այդ մի թատրոնն  է և Երևանից մոտ 20 կմ է հեռու։ Եթե որակ չապահովենք, կգնան Երևան` ներկայացում նայելու։ Բայց ասեմ, որ այս տարի ունեցել ենք հանդիսատես Երևանից, մշակույթի համալսարանի աշխատակազմը լսել էր, որ ունենք մի ներկայացում` «Որբերի կացարանը» վերնագրով, որի ռեժիսորը Բագրատ Գևորգյանն էր, եկել էին դիտելու։ Նաև ունեցել ենք հանդիսատեսներ Էջմիածնից։
Մեր հետագա պլանների մեջ մտնում են շրջագայությունները, նաև փառատոներին մասնակցելը, որը շատ կարևոր է թատրոնի համար։
Նաև պետք է ասեմ, որ մեր մարզպետը օգնեց աբոնեմենտային համակարգի ներդնելուն դպրոցներում: Առաջին անգամ երեխաները կարող են մեկ տոմսով երկու ներկայացման մասնակցել, որը ողջունելի քայլ է ներկայիս իշխանությունների կողմից, իսկ երեխաների համար հիանալի հնարավորություն է արվեստի հետ շփվելու և զարգանալու։
-Եղե՞լ է մի ներկայացում, որը խաղալիս մեծ պատասխանատվություն եք զգացել և ավելի մեծ սիրով եք խաղացել։ Ի՞նչ ժանրերում եք հանդես եկել։

-Բոլորն էլ սիրում եմ անխտիր, բայց ավելի շատ պատասխանատվություն եմ զգացել «Բեթղեհեմի աստղի տակ» ներկայացումը խաղալիս։ Այդ ներկայացման մեջ, անկախ նրանից, թե ինչ դերով ես ներկայանում, ուրիշ զգացողություն ես ունենում։ Մեկ էլ շատ ազդվում ես, երբ Ձմեռ պապիկ ես։ Բոլոր ժանրերով էլ խաղացել եմ, և այն կարծիքին եմ, որ դերասանը բոլոր ժանրերում էլ պետք է լավ խաղա, հակառակ դեպքում չպետք է խաղա։ Միջակություն չեմ սիրում։ Ինչպես մտածողներից մեկն է ասել` լավ է չանել ոչինչ, քան անել ոչինչ։

tatevik haroyan

18 համարի ավտոբուսի տատիկը

-Ըհը, մեկը եկավ, սրանով էլ կգնամ, ոնց որ թե սա էլ է գնում,- մտածեցի ես ու նստեցի 18 համարի երթուղայինը կայարան հասնելու համար։

Առավոտից շատ էի քայլել, ու աչքերս փայլեցին, երբ բարձրանալով ավտոբուս, ազատ նստարան գտա, ու քանի որ տրամադրությունս էլ մի քիչ անհաջող էր, նստեցի և շրջապատին անտարբեր նայում էի պատուհանից, երբ հանկարծ հետևում մեկն ասաց.

-Էս հասնում ա, չէ՞, կայարան։

Ակամա պտտվեցի, տեսա մի տատիկի։ Կողքինից հետաքրքրվում էր, թե ավտոբուսը հաստատ հասնո՞ւմ է կայարան, ու ես չթողեցի ուրիշը պատասխաներ։

-Հա, հասնում է, ես էլ էնտեղ պետք ա իջնեմ, որ հասնենք, կասեմ՝ միասին կիջնենք։ Եկեք կողքիս նստեք, ավելի լավ է։

Տատիկը արդեն կողքիս էր, ասում է՝ գյումրեցի եմ, եկել էի գործերով, հիմա էլ հետ եմ գնում տուն։

Չգիտես՝ ինչու, այնքան ջերմ թվաց տատի ներկայությունը, որ առանց երկար-բարակ մտածելու՝ դու-ի անցա, ու սկսեցինք խոսել։

Տատիկի անունը Ասյա է, նա գյումրեցի է, երկրաշարժի պատճառով հիմա «դոմիկում» է ապրում։ 75 տարեկան է Ասյա տատիկը։ Ապրում է միայնակ, բայց սիրտը լիքն է ջերմությամբ ու սիրով։ Երբ նայեցի նրա դեմքին, այնքան շնորհակալ հայացքով էր նայում ինձ։ Ու հիշեցի, որ պապս ասում էր, թե մեծերը նման են երեխաների, որոնք իրենց երջանիկ են զգում մի փոքր ջերմ վերաբերմունքից անգամ։ Նրանք շնորհակալ են զգում, նրանք երջանիկ են լինում։
Տատիկը շնորհակալ էր, ես երջանիկ էի։

Միասին իջանք կանգառում։

-Բալա ջան, դե գնա, ես կգնամ արդեն։

-Չէ, է՜, տատի, ես քեզ հետ եմ գալիս։ Համ էլ չասացիր՝ անունդ ի՞նչ է։

-Ասյա։

-Իմ անունն էլ Տաթև է։

-Վայ, Տաթև ջան, Տաթև վանք։

Միասին, ոնց ասեմ, երկու ընկերուհիների պես զրուցելով քայլում էինք, ուղղակի տատիկն ասաց, որ ընկել է, ու ոտքը ցավում է, չի կարող արագ քայել։

-Դու իմ ոտով չես կարա քայլես։

-Ինչի չէ որ, դանդաղ կքայլենք, համ էլ երկար կզրուցենք։

Չնայած իմ ճանապարհն այլ կողմում էր, ես տատիկին տարա մինչև անցումը։

-Տաթ ջան, համար ունե՞ս։

-Հա, տատի ջան։

-Դե, գրիչ հանի, գրեմ մոտս, որ գնամ տուն, կզանգեմ քեզ։

-Հա, հա, գրի տատի ջան, սպասի՝ քոնն էլ ես գրեմ։

Դե ինչ, տատիկի նոթատետրում գրվեց համարս, կողքին` Տաթև, Կայարան։ Ինչի՞ կայարան։ Բա որ հիշի, թե որ մեկն եմ, որովհետև բոլոր համարներն էդ գրքույկի մեջ էին։ Իսկ ես գրեցի` Ասյա տատիկ։ Մենք շատ երջանիկ էինք այդ պահին, գրկախառնվեցինք։ Շատ ջերմ։ Երկար։ Հոգատար։ Հարգանքով։ Քնքշանքով։ Դե ինչ, մենք բաժանվեցինք, ու չնայած, որ ես մինչ այդ մռայլ էի ու երեսիցս կայծակ էր ցայտում, տատիկից բաժանվելիս անկախ ինձանից ժպտում էի, ուրախ էի ու եթե մոռանայի տարիքս, կցատկոտեի։

Չէ, լուրջ, մի ծիծաղեք, այդպես է, երբ արածդ սրտովդ է, ու ոչ միայն քո սրտով է, դու քեզ երջանիկ ես զգում։ Կապ չունի՝ այդ պահին ինչ տրամադրություն ունես, կապ չունի, որ ոչ մեկին չես ուզում տեսնել այդ պահին, միայն մի փոքրիկ ջերմ վերաբերմունքը դրա կարիքը զգացողին ցույց տալը քեզ էլ հաստատ կուրախացնի ու կխաղաղեցնի։

Երբ դու փոքր էիր, առաջին քայլերդ ուղեկցում էին ծնողները` բռնելով ձեռքիցդ։ Երբ մեծանում ես ,ու քայլերդ դանդաղում են, ուզում ես, որ ձեռքդ բռնեն։

tatevik haroyan

Գիշերվա առեղծվածը

Արարատյան դաշտի աստղազարդ մի երեկո էր, երբ ես որոշեցի դուրս գալ բակ ու իբրև թե զով եղանակին գիրք կարդալ, բայց դրա փոխարեն «վայելեցի» սարսափելի շոգն ու մոծակների ներկայությունը: Հազիվ էի մի քանի էջ կարդացել, երբ ծառերի հետևից ինչ-որ ձայներ լսվեցին: Նայեցի այդ կողմը, ոչինչ և ոչ ոք չկար, բայց հենց այդ պահից ինչ-որ վախ սողոսկեց մեջս, ու ամեն մի տող կարդալիս նայում էի այդ ուղղությամբ:

Երբ արդեն մոռացած ձայնի մասին կրկին լարված գիրքս էի կարդում, նորից ձայներ լսվեցին: Ծառերն սկսեցին իրար գալ, նրանք կարծես դևի կերպարանք առած եկել էին մեր բակ: Գիշերն ամեն ինչը վերափոխել էր: Այն ծառը, որն առավոտները ծառավարի կանգնած էր իր տեղում, հիմա քայլում է, ուզում է խոսել, վաշ-վիշ է անում: Այդ պահին մտքիս եկավ Թումանյանի «Լոռեցի Սաքոն»: Նա էլ գիշերվա ահասարսուռ տեսարանից խելագարված իրեն Դեբեդը (բնագրում՝ Դևբենդ) նետեց և մահացավ:

Հանկարծ սթափվեցի ու սկսեցի ծիծաղել: «Ախր, սա զուտ երևակայության և գիշերվա ներգործության արդյունք է, Տաթևիկ, հանգստացիր»,- հորդորում էի ինձ:
Ու չնայած գիրքս այդպես էլ կիսատ մնաց, բայց ինձ մի բան պարզ դարձավ: Անգամ խիզախ մարդը, ինչպիսին լոռեցի Սաքոն էր, կխելագարվեր գիշերվա ահից, այն էլ Լոռվա սարերում: Ես էլ արդեն դևերի ներկայությունն էի զգում, բայց Թումանյանն օգնեց ինձ սթափվել ու հասկանալ, որ սա զուտ պատրանք է, որը գիշերվա ներգործությամբ և վախի առկայությամբ դառնում է սարսափելի մի բան: Մտածում էի՝ ախր, այդքան էլ վախկոտ չեմ, որ այդպես խառնվել էի իրար, բայց արի ու տես, որ գիշերը դևից էլ վատը դուրս եկավ, ավելի վախենալու դարձավ, քան սարսափ ֆիլմը ու վախեցրեց ինձ:
Երբ մի օր էլ կրկին նստեմ գիշերը դրսում գիրք կարդալու, չնայած, որ լույսը միացրած է, բայց մի փոքր այն կողմ ծառերի ստվերներն են ու դիվահար ճյուղերը, ես կհիշեմ այս օրը ու լոռեցի Սաքոյին: Թեև էլի ծառերը ոտքեր կառնեն, որ գան դեպի ինձ, այդ ժամանակ այլևս չեմ վախենա ու միայն մի լավ կծիծաղեմ:

Հուսամ, որ այդպես կանեմ:

tatevik haroyan

Լուսանկարներով և իրական կյանքում

Բոլոր ուսանողների պես ես էլ շատ զբաղված եմ լինում, դե էն զբաղվածությունների նման՝ միջանկյալների եմ, բանավոր քննությունների եմ պատրասվում և այլն: Դրանից բացի նաև պրակտիկայի էի մեկ ամիսը, որը շատ հաճելի, բայց միաժամանակ ահավոր հոգնեցնող էր: Արդեն պրակտիկայիս ամենապարտավորեցնող վերջին շաբաթն էր ,երբ զանգ ստացա «Մանանա» կենտրոնից և հրավիրվեցի Հայաստանի պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությանը: Սկզբում չգիտեի՝ ինչ պատասխանել, բայց զգացողություն ունեի, որ մի ինչ-որ հետաքրքիր բան է լինելու: Համաձայնեցի:

Եկա ու… Չէի սխալվում, տեսա պատանիների մի հոծ բազմություն. «Մանանայի» սաներն էին, մի հիանալի մթնոլորտ: Մի տեսակ հպարտության նման մի բան զգացի՝ չէ որ ես էլ եմ այդ սաներից մեկը: Սկսեցի նոր ծանոթյուններ հաստատել երեխաներից շատերի հետ, այնքան հաճելի էր շփվելը նրանց հետ ,ամեն մեկը մի յուրահատուկ կերպար էր:
Հետո սկսեցի ծանոթ դեմքեր փնտրել, ճիշտ է, շատերին չէի ճանաչում, բայց իրենց նյութերից արդեն գիտեի: Օրինակ, կարդացել էի մի տղայի նյութ, ով «ժարիտի» մասին էր գրել, կամ կարդացել էի հայերիս մեջ տարածված հնդկականների քննարկումներին վերաբերող նյութերը, սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների գրած նյութերը, քառօրյա պատերազմի ու նրան հաջորդող օրերի մասին, հարցազրույցները, տոներին վերաբերող մի շարք հետաքրքիր նյութեր… Մի խոսքով, ես գտա նրանց, որոնց գիտեի միայն իրենց գրած նյութերով ու լուսանկարներով, ու հիմա տեսնում եմ իրականում: Էն պահն էր, որ տեսնում ես հայտնի մարդկանց էկրանից այն կողմ ու այս կողմ…
Ես հպարտ եմ, որ «Մանանան» կա իմ կյանքում, ու ինձ հնարավորություն է ընձեռում շփվելու նման տաղանդավոր երեխաների հետ և ունենալու նման լավ ընկերներ:
Հ.Գ. Պատանիներն իմ պատկերացրածից ավելի լավն էին…

tatevik haroyan

Մարդկանց մեջ պակասել է բարությունը

Ներկայացնում եմ  հարցազրույց  պապիկիս՝ 66-ամյա Խաչիկ Մանուկյանի հետ:
Պապս օրինակ է ինձ համար, նրա նպատակասլացությունը թևեր է տալիս ինձ, որ ես էլ լինեմ այդպիսին:

-Պա′պ,պատմիր քո մասին, որտե՞ղ ես ծնվել և ինչպե՞ս է անցել մանկությունդ:

-Ես ծնվել եմ Ապարանի շրջանի Բուժական գյուղում, մեծ ընտանիքում: Ապրել, մեծացել եմ Բուժականում, 8-ամյա կրթություն ստացել, բայց միջնակարգ կրթությունս ստացել եմ հարևան`Երնջատապ կոչվող գյուղում` Եղիշե Չարենցի անվան դպրոցում: Դրանից հետո աշխատել եմ կոլտնտեսության վարչությունում, տարբեր գործեր եմ կատարել: Էն ժամանակ ասում էին՝ կոլխոզը գյուղացու ընդհանուր տնտեսությունն  է, դա կոմունիստական համակարգի լոզունգն էր, իհարկե: Ապա, 1969 թվականին մեկնել եմ խորհրդային բանակ և 2 տարի ծառայել եմ: Ինձ տարան Ռուսաստանի խորքերը` Մարիյսկի ինքնավար մարզ է կոչվում: Յոշկարոլա քաղաքում էի`Մոսկվայից 2500 կմ դեպի   հյուսիս:

-Պա՛պ, ասացիր, որ ձեր ընտանիքը մեծ էր: Քանի՞ քույր-եղբայր էիք:

- Մեր ընտանիքը իրոք մեծ էր,  հորս անունը՝ Մարգար էր, մորս անունը` Լուսիկ: Տանը 6 տղա և 2 աղջիկ էին մեծանում: Ես եղել եմ նախավերջին զավակը: Քույրերիս հետ շատ չեմ ապրել, որովհետև   շուտ են ամուսնացել`մինչև իմ ծնվելը: Եղբայրներիցս մեծ էին: Իրենցից հետո ծնվել է մեծ եղբայրս՝ Հարությունը, ապա Նորիկը, Նուրիջանը, Մարատը, ես և փոքր եղբայրս՝ Վաչագանը:

-Եթե տանը շատ  տղաներ կան, հնարավոր չէ, որ ինչ-որ հետաքրքիր միջադեպ, զվարճալի մի բան չլինի, կհիշե՞ս նման մի դեպք:

-Եղբայրներիս հետ, տարբեր առիթներով, հաճախակի էինք վեճի բռնվում:  Ոնց որ ասած, օրվա հաճելի ու հետաքրքիր պահերն էին: Կարծես, այդպես էլ պետք է լիներ: Հիշում եմ… Մի   անգամ եղբորս հետ նստած էինք թոնրի մոտ` ոտքներս կախել էինք մեջը, որ տաքանանք` հաց թխելուց հետո թոնիրը շատ տաք է լինում: Ես իրեն խաբեցի ու  ձեռքի տանձը խլեցի: Ու քանի որ խաբվել էր` ծիծաղեցի վրան: Ինքն էլ զայրացավ ու իմ ոտքը կպցրեց թոնրի տաք պատին: Ես ձայն հանեցի, որ մաման ու պապան գային ու իրեն ծեծեին: Բայց, ընդանրապես, եղբայրներով շատ սիրով էինք ու եթե կռվում էինք, ընդհարվում, դա ընդամենը 20 րոպե էր տևում` լացում էինք,  հետո միանգամից հաշտվում:

-Պա՛պ, ասացիր, որ ծառայել ես սովետական բանակում, հետո աշխատել, բայց գիտեմ, որ  աշխատել ես մանկուց, ինչպե՞ս ստացվեց:

-Ես իմ  առաջին  գումարը վաստակել եմ, երբ 7-8 տարեկան էի: Այն ժամանակ Արարատյան դաշտավայրից գալիս էին մեր լեռնային գոտիներ, նաև  Բուժական` փայտ տանելու: Փայտ էին կտրում` խաղողի վազերին որպես հենանոց ծառայեցնելու համար: Ես գնում, օգնում էի, և ինձ վարձատրում էին: Շատ լավ եմ հիշում, երբ ստացա առաջին գումարը, տվեցի մայրիկիս, որ դրանով ալյուր գնի և հաց պատրաստի բոլորիս համար:

-Բանակ գնալ-գալուց հետո ինչո՞վ ես զբաղվել:

-Երբ վերադարձա բանակից, արդեն 21 տարեկան էի, 2 ամիս հանգստացա, հետո գնացի Երևան` աշխատանք փնտրելու: Այն ժամանակ Երևանում շինարարության նախարարություն կար՝ «Գյուղշինը», որը գտնվում էր Արաբկիր համայնքում: Ընդունվեցի որպես վարորդ, աշխատեցի  6 տարի, հետո տեղափոխվեցի Աշտարակի «Գյուղշին»: Դրանից հետո տեղափոխվել եմ Նաիրի շրջանի Զորավանի խոշոր եղջերավոր անասունների բտման կայան` որպես վարորդ:

-Եղե՞լ ես արտասահմանյան որևէ երկրում Ո՞ր երկիրն է քեզ դուր եկել և ինչո՞ւ:

-Այո՛, եղել եմ Չեխոսլովակիայում` 15 օրով, Հունգարիա եմ գնացել 40 օրով` հիմնարկն էր գործուղել: Հետո, հիմնարկի կողմից  աշխատանքի եմ մեկնել Ռուսաստան, Լեհաստան,  Բուլղարիա, Մակեդոնիա, Թուրքիա, և′ հանգստանալու, և′ աշխատելու նպատակով: Երկրներից  ինձ շատ էր դուր եկել Չեխոսլովակիաննիր հնություններով, մայրաքաղաքը` Պրագան,  որը գրեթե ամբողջությամբ կառուցված է ջրի վրա, որտեղով շատ գետեր են անցնում և շատ գեղեցիկ կամուրջներ կան:

-Այդքան շրջել ես տարբեր երկրներում, ծանոթացել ես շատ մարդկանց հետ, ի՞նչն ես ամենից շատ գնահատում մարդկանց մեջ:

-Մարդիկ, իհարկե, պետք է լինեն ազնիվ և արդար: Չպետք է լինեն խարդախ և խաբեբա: Յուրաքանչյուրը պետք է կարողանա իրեն դրսևորել, եթե բոլորն այդպիսին լինեն, մարդիկ հանգիստ և հանդարտ կապրեն… Դա է կյանքի կարևոր հիմքը: Իսկ եթե անազնիվ լինեն, իրարից գողանան` ներքին պատերազմ,  ջախջախում կլինի և՛ մարդկության համար, և՛ ամեն ինչում:

-Պապ, ի՞նչ ես կարծում, ի՞նչն է պակասում մարդկանց:

-Մեր  ժամանակներում ահավոր պակասել է բարությունը, իսկ նենգամտությունը և թշնամությունը շատ է: Իհարկե, դա գալիս է մարդկանց սոցիալական անապահովությունից, բայց դա հիմնավոր արդարացում չէ: