Մարինե Նիկողոսյանի բոլոր հրապարակումները

marine nikoghosyan

Ընդմիշտ խոպան

Շիրակի մարզում գյուղերն ու քաղաքները հանդարտ ու աննկատ կերպով դատարկվում են` թողնելով միայն դատարկ փողոցներ ու լքված տներ։

Դռներից կախված ժանգոտ կողպեքները, չգիտես՝ հեգնում են, ժպտում կամ միգուցե տենչում, որ երբևէ կբացվեն, երբ կվերադառնան տերերը:

Հիմնականում տղամարդիկ են գնում «խոպան»: Շատերը գնում են գարնանը և վերադառնում ձմռանը՝ Ամանորն ընտանիքում նշելու նպատակով։ Միայն քչերն են վերադառնում, այն էլ ընտանիքը տանելու նպատակով։

Զրուցակիցս Շիրակի մարզի Կրասար գյուղի բնակչուհի Լարիսա Հովհաննիսյանն է, որի հայրը տարիներ շարունակ մեկնում է արտագնա աշխատանքի։

-Հայրդ ո՞ր թվականից է սկսել մեկնել արտագնա աշխատանքի և ո՞րն էր պատճառը։

-Տատիկս հաճախ է կիսվում իր երիտասարդ տարիների հիշողություններով, ու այդ հիշողություններից անմասն չի մնում նրա որդիների՝ արտագնա աշխատանքի մեկնելը։ Հայրս ու հորեղբայրներս առաջին անգամ արտագնա աշխատանքի են մեկնել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, երբ, ինչպես մի շարք հայ ընտանիքներում, մեր ընտանիքում նույնպես առաջացել էին ֆինանսական խնդիրներ։

-Նա մինչ օրս էլ մեկնո՞ւմ է արտագնա աշխատանքի։ 

-Այո՛, այժմ էլ մեկնում է, քանի որ աշխատատեղերի բացակայությունը խթան է հանդիսանում արտագնա աշխատանքի մեկնողների թվի ավելացմանը։ Միայն գյուղատնտեսական աշխատանքով հնարավոր չէ հարթել ֆինանսական դժվարությունները։

-Այժմ նա որտե՞ղ է աշխատում, ի՞նչ է անում այնտեղ և ինչպե՞ս եք շփվում միմյանց հետ։ 

-Հայրս այժմ աշխատում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում և զբաղվում է շինարարությամբ։ Շփվում ենք հիմնականում հեռախոսազանգերով և բջջային հավելվածներով։

-Որո՞նք են ամենադժվար պահերը թե՛ ձեր, և թե՛ նրա համար, և ինչքա՞ն է տևելու բաժանումը։

-Ամենադժվարը բաժանման հետ չհաշտվելն է, երբ կյանքիդ ամենակարևոր ու ամենաերջանիկ պահերը չեք կարողանում միասին անցկացնել։ Հուսով եմ, որ մեր բաժանումը երկար չի տևի, եթե կարելի է երկար չհամարել, մոտ վեց ամիս։

-Իսկ ապագայի ի՞նչ պլաններ կան՝ վերադառնալ, ձեզ տանել, թե՞ շարունակել այսպես ապրել։ 

-Հստակ պատասխանել չեմ կարող, սակայն հայրիկիս լավ ճանաչելով՝ կարող եմ ասել, որ այսպես էլ շարունակվելու է, քանի որ նրա միակ նպատակն ու երազանքը մեր կրթություն ստանալն ու լավ աշխատանք ունենալն է Հայաստանում։

-Իսկ ի՞նչ եք կարծում, կգա՞ մի ժամանակ, երբ ՀՀ-ում աշխատատեղերի թվի աճ կգրանցվի, և շատերը ստիպված չեն լինի թողնել իրենց ընտանիքները և գնալ արտագնա աշխատանքի։ 

-Դժվարանում եմ պատասխանել, այս խնդիրը եղել է դեռ տասնամյակներ առաջ և շարունակվում է մինչ օրս։ Այս խնդիրն իր լուծումը կստանա այն ժամանակ, երբ նոր աշխատատեղեր կբացվեն, և մեր բոլորի երազանքները կկատարվեն, ու շատ ու շատ ընտանիքներ, ինչպես նաև՝ իմը, ստիպված չեն կանգնի այս մեծ խնդրի առաջ։

marine nikoghosyan

Իմ 2017.am-ը

Երևի թե մի փոքր ուշ եմ գրել այս հոդվածս, բայց դե ինչ արած, քննություններիս չպատրաստվել չէի կարող։

Սկսեմ նրանից, որ 2017 թվականը ինձ համար մեծ ձեռքբերումների և հաջողությունների տարի էր։ Չմտածեք, թե անհաջողություններն այդ տարի ինձ չէին այցելել, պարզապես ես անտեսում և նույն վայրկյանին էլ մոռանում էի նրանց գոյության մասին։ Բայց մյուս կողմից էլ՝ ես շնորհակալ եմ նրանց՝ ինձ ավելի ուժեղ և համարձակ դարձնելու համար։ Սակայն այստեղ ես ուզում եմ ձեզ պատմել ոչ թե անհաջողություններիս, այլ ձեռքբերումներիցս ամենակարևորի մասին։

2017 թվականին իմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը եղել է մուտքս դեպի 17.am-ի հարազատ ու ջերմ ընտանիք։ 17.am-ն ինձ սովորեցրեց աշխարհին նայել ամբողջովին այլ աչքերով։ Տվեց ինձ իր յուրահատուկ անտեսանելի ակնոցը՝ աշխարհը ավելի վառ և խորհրդավոր տեսնելու համար։ Նա ինձ տվեց նորը ստեղծելու և արարելու ընդունակություն։ Սկսեցի ամեն մի երևույթի և ամեն մի պատմության մեջ փնտրել ինչ-որ հետաքրքիր բան և գրել կամ լուսանկարել այն։ Կապ չուներ՝ կստացվեր այն, թե ոչ։

17.am-ին որոշ ժամանակ թղթակցելուց հետո դարձա այն 100 լավագույն թղթակիցներից մեկը, ով աչքի էր ընկել իր ակտիվությամբ։ 17.am-ի շնորհիվ մասնակցեցի երեխաների պաշտպանության օրը կազմակերպված ֆոտոմրցույթին, որտեղ և զբաղեցրեցի պատվավոր երկրորդ հորիզոնականը։

Բայց ամենակարևորն այն է, որ 17.am-ն ինձ տվեց այնպիսի մարդկանց, ովքեր այժմ իմ կյանքում շատ հարազատ ու կարևոր մարդիկ են:

Սիրում եմ քեզ իմ հարազատ ու թանկ ընտանիք:

Կյանքի կարևորագույն նպատակն ինքնաարտահայտումն է

Այս ուսումնական տարվանից սկսած՝ Շիրակի պետական համալսարանի ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահում ամեն ամիս կամ ամիսը մի քանի անգամ անցկացվում են համալսարանականների կողմից սիրված գրքերի ներկայացում-քննարկումներ։ Ես, սիրելով ընթերցանությունը և գրքերի քննարկումները, պարտաճանաչ կերպով մասնակցում եմ այդ քննարկումներին, որոնց ներկա են լինում ինչպես ուսանողներ, այնպես էլ դասախոսներ։

Մի անգամ՝ հերթական գրքի քննարկումից հետո, ես առաջարկեցի հաջորդ անգամ քննարկել Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, որը կարդացել էի սեպտեմբեր ամսին և ինձ մոտ շատ հարցեր մնացել էին անպատասխան։ Ներկա գտնվող դասախոսներից մեկն առաջարկեց, որ հենց ես ղեկավարեմ այդ գրքի քննարկումը և հենց ինքս լինեմ օրվա բանախոս։

Պատկերացնո՞ւմ եք, թե որքան մեծ պատասխանատվություն էի վերցնելու ինձ վրա։ Լինել բանախոս խելամիտ և կյանքի մեծ փորձ ունեցող դասախոսներից հետո մի փոքր դժվար էր լինելու առաջին կուրսեցուս համար, սակայն ես վստահորեն համաձայնեցի։ Ես իմ առջև լուրջ նպատակ էի դրել, և որը պետք էր պատվով հաղթահարել։

Քննարկումից հետո վերադառնալով տուն՝ միանգամից վերցրի գիրքը և սկսեցի վերընթերցել այն։ Ամեն մի պարբերություն կրկին ու կրկին կարդալով՝ մի նոր բան էի նկատում, որը երևի կամ վրիպել էր աչքիցս, կամ միգուցե այդքան էլ ուշադիր չէի կարդացել։ Ամեն դեպքում, անհրաժեշտ էր գիրքն ամբողջությամբ ընկալել ու հասկանալ, որը, չնայած, մի փոքր բարդ էր, քանի որ գրքի ամեն մի նախադասությունը մի խորիմաստ աֆորիզմ էր, մի պարադոքս…

Ահա և եկավ իմ բանախոսության օրը և ժամը։ Մի փոքր լարվում էի, երևի պատասխանատվության զգացումից էր։ Հուզմունքից այնպես էի կարմրել (դա իմ վատ սովորություններից մեկն է), որ նույնիսկ դասախոսներն էին նկատել։ Բայց և այնպես, քննարկումն անցավ շատ հաճելի և շատ հետաքրքիր։

Ինչ անել դասերից հետո

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Արդեն ուսումնական տարվա երրորդ ամիսն է։ Երևի զբաղվածությանս պատճառով էր, որ չնկատեցի, թե ինչպես անցան վայրկյաններ թվացող ամիսները։

Համալսարանում ուսումնական առաջին շաբաթը դժվարությամբ հաղթահարեցի, քանի որ դեռ անծանոթ էի համալսարանի կարգուկանոնին, այնտեղ տիրող մթնոլորտին։ Փոքրիկ դպրոցից հետո, որտեղ բոլորս մի ընտանիք էինք և լավ ճանաչում էինք մեկս մյուսին, տեղափոխվելը համալսարան և համակերպվելը այնտեղի մթնոլորտին մի փոքր բարդ էր, սակայն աշխուժությանս և ակտիվությանս շնորհիվ կարողացա հարմարվել։

Սկզբում ծանոթացա համակուրսեցիներիս հետ. նրանց հետ ծանոթանալը և շփվելը երևի թե կյանքիս ամենակարևոր քայլերից մեկն է եղել։ Հետո ծանոթացա ինձ դասավանդող դասախոսների հետ, ի դեպ, նրանք լավագույններից լավագույնն են թե՛ իրենց մասնագիտությամբ՝ որպես դասախոս, և թե՛ իրենց խորհուրդներով՝ որպես ընկեր։

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Հետո սկսեցի մասնակցել համալսարանում անցկացվող գրեթե բոլոր ժողովներին և միջոցառումներին։ Համալրեցի ուսանողական խորհրդի անդամների շարքերը։ Որոշ ժամանակ անց, համալսարանից դուրս, որպես կամավոր միացա «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբին, ինչը կրկին կյանքիս կարևոր քայլերից էր։ Այնտեղ ևս ձեռք բերեցի խելացի և հավատարիմ ընկերներ։ «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբը հնարավորություն է տալիս ակտիվ երիտասարդներին մասնակցել մի շարք միջոցառումների և իրենց օրը դարձնել ավելի հագեցած և լի։

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Հոկտեմբեր ամսին ես և մի քանի ակտիվ երիտասարդներ «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբի, Գյումրու Երիտասարդական պալատի և «World Vision Հայաստան» բարեգործական կազմակերպության շնորհիվ այցելեցինք Գյումրու Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոն` երեխաներին զվարճացնելու և անակնկալներ մատուցելու համար։ Այնտեղ ապրող շնորհալի երեխաները մեզ համար նույնպես կազմակերպել էին անակնկալներ՝ երգի և պարի տեսքով։ Այդ օրը իմ և մյուս երիտասարդների, ինչպես նաև մեր փոքրիկների համար յուրահատուկ և առանձնակի տեղ կզբաղեցնի մեր հիշողության գրքում՝ որպես անմոռաց օր։ Եվ ես հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ խնամքի կենտրոնների կարիք այլևս չի լինի։

Արտախլեզ

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Նախորդ հոդվածներիցս մեկում անդրադարձել էի գյուղական ծանր աշխատանքներին, մասնավորապես՝ խոտհունձին։

Առաջներում այդ աշխատանքներն ավարտելուց հետո գյուղացիները մեծ խնջույքներ էին կազմակերպում և տոնում դրանց ավարտն ու երկար սպասված հանգիստը։ Այդ խնջույքներին մեր մեծերը տվել են «արտախլեզ» անվանումը։

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Արտախլեզի մասին պատմում է մեր գյուղի տատիկներից մեկը.

«Առաջներում խոտքաղի ավարտից հետո գյուղացիներով հավաքվեինք գը մե աղբըրիմ մոտ, մեր մեջի ջոջը ոտի կկանգնիր ու կըսեր.

-Գյուղացինե՛ր ջան, եկուց արտախլեզ է, լա՜վ ականջ էրեք։

Էդ վախտ գյուղացիները հերթով ոտի կկանգնեին ու կըսեին, թե ով ինչ կրա բերե իրա հետ։ Եքսի օրը ուտելիքները շալակներիս կէրտայինք դաշտ, մեր որոշած տեղը կնստեինք ու արտախլեզ կենեինք՝ կուտեինք, կխմեինք, կշնորհավորեինք մեկս մեկիս ու Աստծուն էլ շնորհակալություն կհայտնեինք, օր վերջապես պրծանք էդ գործերից։ Արտախլեզ բառն էլ կնշանակե, օր արտերից եզներով բերքը խլեցինք, բերեցինք, հասցրեցինք մեր տները»։

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Այժմ սակայն գյուղերում ոչ բոլորն են խնջույքներ կազմակերպում և տոնում, այդպես կոչված, արտախլեզը։

Մեր գյուղում բացի արտախլեզից մեկ ուրիշ հետաքրքիր միջոցառում էլ կա։ Երբ գյուղում կարտոֆիլի քանդման սեզոնը բացվում է, գրեթե բոլորի տնամերձներից ծուխ է բարձրանում։ Մարդիկ փուռ են վառել: Աթարի խորանարդիկներից փոքրիկ բուրգեր են պատրաստում և վառում այն, հետո միջին չափի կարտոֆիլներ են լցնում այդ բուրգի մեջ, իսկ վերջում բացում են կիսաքանդ բուրգը և հանում արդեն եփված և կրակից սևացած կարտոֆիլները, որոնք էլ համտեսում են հենց արտի մեջ։

Համեցե՛ք և համտեսեք ինքներդ։

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

marine nikoghosyan

Քեֆլին իմ երազանքն է

Հաճախ մտածում եմ և փորձում տարբերություն գտնել գյուղի և քաղաքի միջև։ Ի՞նչ յուրահատկություն ունի այսպես կոչված «քաղաքը», որ բոլորը ձգտում են տեղափոխվել այնտեղ։

Ես իմ կյանքում շատ գյուղերում և քաղաքներում եմ եղել, բայց երբեք տարբերություն չեմ գտել դրանց միջև, և ընդհակառակը, որտեղ էլ որ եղել եմ, միշտ ցանկացել եմ վերադառնալ իմ հարազատ գյուղը՝ իմ Քեֆլին։

Գյուղում թե՛ մեր համագյուղացիներից, և թե՛ մյուս գյուղերի բնակիչներից հաճախ եմ լսում արտահայտություններ, որոնք այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Գրեթե բոլորն ասում են, որ գյուղում կյանք չկա։ Կյանքը քաղաքում է, իսկ գյուղերում տանջվելով էլ բանի չենք հասնի։ Չգիտես՝ ինչու, բոլորին թվում է, թե քաղաքում ավելի հեշտ է ապրելը։

Այս արտահայտություններն ամեն անգամ լսելով՝ ես թևաթափ էի լինում և մտածում, որ կգա մի ժամանակ, երբ գյուղերում միայն լքված տներ և ամայի փողոցներ կլինեն։ Սակայն մտածելակերպս փոխվեց, երբ մի օր հայրիկիս ընկերներից մեկը ընթրիքի ժամանակ ասաց.

-Քեֆլին իմ երազանքն է։

Իմ կյանքում այս խոսքերը ես առաջին անգամ էի լսում. Քեֆլին իմ երազանքն է: Այս երեք բառերն ինձ ոգևորեցին և հույս տվեցին, որ ինչքան ժամանակ էլ անցնի, միևնույնն է՝ գյուղերում կլինեն ծխացող օջախներ, միգուցե մեկ-երկուսը, բայց՝ կլինեն։ Եվ ես վստահ եմ դրանում:

marine nikoghosyan

Կառավարողները

Վախ, անհանգստություն, սպասում. սրանք այն երեք զգացողություններն են, որ զգում է ցանկացած առաջին կուրսեցի սեպտեմբերի մեկի առավոտյան։ Այդ զգացողություններն այս տարի ինձ էլ այցելեցին։

Ես ընդունվել և այժմ էլ սովորում եմ Շիրակի պետական համալսարանի Կառավարում բաժնում։ Բազում ակնկալիքներ և նպատակներ ունեմ կապված այս չորս տարիների հետ։

Երբ իմ հարազատները և բարեկամները հարցնում էին, թե որ բաժինն եմ ընդունվել, պատասխանս լսելուց անմիջապես հետո գրեթե բոլորը մի փոքր խռպոտ ձայնով, և մի փոքր էլ կատակով հարցնում էին.

-Ըբը, էդ ո՞ւմ բդի կառավարես։

Եվ ամեն անգամ այս տարօրինակ հարցը լսելով ես սկսում էի ամենասկզբից ներկայացնել մասնագիտությանս բնույթն ու կարևորությունը։

Իսկ արդեն սեպտեմբերի մեկի առավոտյան ես և ընկերուհիս (նա նույնպես «կառավարողներից» է) շփոթված մտանք համալսարանի բակ։ Այնտեղ մի փոքր սպասելուց և նոր ընկերներ ձեռք բերելուց հետո առաջացանք հաստատություն այն ոգևորությամբ, որ դաս ենք անելու և ծանոթանալու ենք մյուս «կառավարողների» հետ։ Սակայն պարզվեց, որ «կառավարողներս» այդ օրը դաս չունեինք, և մեզ մնում էր միայն վերցնել դասացուցակը և պատրաստվել հաջորդ հանդիպմանը։

Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է կոռուպցիան (մաս 3)

Լուսանկարը` Եվա Հախվերդյանի

Լուսանկարը` Եվա Հախվերդյանի

-Գիտե՞ք, թեինչ է կոռուպցիան: 

-Այո: (Ժորա Հովհաննիսյան, Արագածոտն, 15 տարեկան, աշակերտ):

-Իհարկե գիտեմ (Արփինե Գրիգորյան, Արագածոտն, 39 տարեկան, տնային տնտեսուհի):

-Այո (Լիաննա Խաչատրյան, Արագածոտն, 17 տարեկան, ուսանող):

-Կոռուպցիան կյանքի ամենավատ երանգներից է, երբ դու չես ուզում ինքնազարգանալ: Օրինակ, երբ գումար ես տալիս, որ ընդունվես աշխատանքի կամ ուսման: Էդտեղ կորում ա առողջ մրցակցությունը, քո զգացումը խանգարվում ա: Գիտելիք էդպես ձեռք չես բերի, հետո կհասկանաս, որ ամենաթույլ մասնագետը կամ աշխատողը դու կլինես, համ էլ՝ հոգեպես խեղճ կլինես, էլ ուր մնաց որակը (Սասուն Տոնապետյան, Արմավիր, 17 տ., դիմորդ):

-Կոռուպցիան պաշտոնի չարաշահումն է: Երբ պաշտոնատար անձինք ինչ-որ բանի դիմաց գումար են պահանջում դիմացինից (Նաիրա Սահակյան, Արմավիր, 16տ., աշակերտուհի):

-Կոռուպցիան միայն փողերի մասին փաստված վկայությունը չի: Անգամ անհատը, որը չունի եկամուտ, կարող է իրականացնել կոռուպցիա՝ սպասելով որևէ շահ իր նման հասարակ մարդուց: Ես շահ ունենամ քեզանից, և դու ինձանից, դա նույն կոռուպցիան է (Նելլի Տոնոյան, Արմավիր, 17տ., դիմորդ):

-Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ միշտ եղել ա կոռուպցիա: Մարդիկ շատ են սիրում իրար հետ մրցակցել, անգամ քաղաքականության ոլորտում: Հենց այդ կոռուպցիա ասվածի հետևանքն է, որ մեր ժողովուրդը գնում է կործանման, հիասթափված լքում է երկիրը (Լիանա Մխիթարյան, Արմավիր, 25տ., բանասեր):

-Հիմա առանց կոռուպցիայի ոչ մի բան էլ չի լինում, ուր գնաս՝ առանց դրա չի լինում: Գործի ընդունվես՝ նույնն ա, քննություն տաս՝ նույնն ա, երեխայիդ մանկապարտեզ տանես՝ էլի նույնն ա: Մեր երկիրը կոռուպցիայի երկիր ա: Օրենքով չի թույլատրվում, է բայց հիմա ո՞վ ա օրենքին հետևում: Որ քաղաքականության մեջ չհետևեն օրենքին, էլ ումի՞ց ինչ ես պահանջում (Վիկտորիա Մարկոսյան, Արմավիր, 43տ., հացթուխ):

-Ինչ ծնվել եմ, կոռուպցիան տեսել եմ: Մանկապարտեզից սկսած: Մինչև մի բան չես տալիս, երեխային մանկապարտեզ չեն վերցնում, կամ պիտի ամիսը մեկ քաղցր բան տանեիր, որ երեխայիդ լավ նայեին: Հիվանդանոցում պիտի քույրերին գումար տաս, որ հիվանդին ինչպես հարկն ա՝ հետևեն: Հասարակ մի տեղեկանք վերցնելու համար էնքան են տանում-բերում, մինչև մի բան տաս (Նաիրա Մխիթարյան, Արմավիր, 44 տ., տնային տնտեսուհի):

-Կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է: Այն ունի մի շարք դրսևորումներ, որոնցից է՝ կաշառակերությունը, կաշառք ստանալը, կաշառք տալը, ինչու չէ, նաև կաշառքին միջնորդ հանդիսանալը: Կարծում եմ ՀՀ-ը համալրում է կոռուպցիոն երկրների շարքը (Մանե Նիկողոսյան, Երևան, 18 տարեկան, ուսանողուհի, ապագա իրավագետ):

-Իմ կարծիքով կոռուպցիան ամբողջ աշխարհում տարածված երևույթ է: Կոռուպցիան, ըստ իս, տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտն է: Կոռուպցիան արգելակում է ժողովրդավարությունը, կառավարումը և մարդու իրավունքների իրացումը` թուլացնելով պետական հաստատությունները, որոնք արդար և իրավահավասար հասարակության հիմքն են: Կոռուպցիայի պատճառով շատ կարևոր ծառայություններ չեն հասնում իրենց նպատակին: Դա էլ իր հերթին բխում է մարդկանց անտեղյակությունից: Մարդիկ այսօր, անտեղյակ լինելով, գնում են քայլերի, որոնք հանգեցնում են կոռուպցիայի: Օրինակ` շատ ծնողներ, չիմանալով, որ իրենց՝ մինչև 7 տարեկան երեխաների բժշկական ծառայություններն անվճար են, հենց իրենք են բժշկին գաղտնի գումար առաջարկում գործն արագ անելու համար (Արաքս Գարեգինյան, Շիրակ, 23 տարեկան, կենսաբան):

-Կոռուպցիան իշխանական լիազորությունների չարաշահումն է (Կարինե, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Օրենքը խախտող քայլն արդեն իսկ կոռուպցիա է (Աստղիկ, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Կոռուպցիան կաշառակերությունն է, իսկ ավելի կոնկրետ՝ երբ գումար ես տալիս ինչ-որ մեկին և դրա դիմաց նրանից ինչ-որ բան սպասում: Վանուհի, Տավուշ, 16 տարեկան, աշակերտ):

-Կոռուպցիան դա այն է, երբ մարդը չարաշահում է իր իրավունքները և իրեն թույլ է տալիս այնպիսի քայլեր, որոնք օրենքից դուրս են, օրինակ` կաշառք վերցնելը (Յանա, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Կաշառք տալ, կաշառք վերցնել (Ալիսա, Տավուշ, 19 տարեկան, ուսանող)

-Հավատու՞մ եք, որ Հայաստանում մի օր կվերանա կոռուպցիան: 

-Չեմ կարծում (Ժորա Հովհաննիսյան, Արագածոտն, 15 տարեկան, աշակերտ):

-Ո՛չ, երբեք չի վերանա: Քանի մարդկությունը կա, կոռուպցիան կլինի (Արփինե Գրիգորյան, Արագածոտն, 39 տարեկան, տնային տնտեսուհի):

-Այո, հավատում եմ: Ինչին շատ ես հավատում, անպայման կատարվում է. ես լավատես անձնավորություն եմ (Լիանա Խաչատրյան, Արագածոտն, 17 տարեկան, ուսանող):

-Այո, հավատում եմ, որովհետև ամեն մեկի համար կյանքը իրենով ա սկսվում: Եթե ուզում ես արդյունքի հասնել, հաղթող լինել՝ դու պետք ա առաջին քայլը անողը լինես (Սասուն Տոնապետյան, Արմավիր, 17 տ., դիմորդ):

-Շատ հնարավոր է, որ կգա մի օր, երբ կոռուպցիա հասկացությունը կվերանա Հայաստանից: Չէ՞ որ այդպիսի երկրներ կան: Ինչպես գիտենք՝ Հայաստանում կոռուպցիան քրեորեն պատժելի է: Պատժի խստացման, զգոն հետևողականության, ինչպես նաև՝ ցանկության դեպքում կոռուպցիայի ելքով դեպքերը աստիճանաբար կնվազեն (Նաիրա Սահակյան, Արմավիր, 16տ., աշակերտուհի):

-Ինչ վերաբերվում է կոռուպցիայի՝ Հայաստանում վերանալուն, ապա կարող եմ ասել, որ հարաբերական է. կարող է արդարությունը ուժ գտնել ու ծածկել կոռուպցիայի ուժը (Նելլի Տոնոյան, Արմավիր, 17տ., դիմորդ):

-Ես չեմ կարծում, որ երբևէ կվերանա կոռուպցիան Հայաստանում: Ախր, ամեն քայլափոխի դա է: Ընտրության ժամանակ ընտրակաշառք ա բաժանվում, ժողովուրդն էլ ո՞նց կարա չվերցնի դա, պիտի ապրի՞, թե՞ ոչ: Եթե մեր երկրում վերանա կոռուպցիան, ինձ թվում է՝ ամեն բան կսկսի հարթվել, նախ՝ զանգվածային արտագաղթը: Մարդիկ աշխատանք են փնտրում, իսկ աշխատանքի ընդունվել առանց կաշառքի չի լինում: Մարդիկ էլ իրենց հացը գնում և այլ երկրներում են փորձում ստեղծել: Մեր երկրի պատկերը հիմա սա է: (Լիանա Մխիթարյան, Արմավիր, 25տ., բանասեր):

-Այո: (Վիկտորիա Մարկոսյան, Արմավիր, 43տ., հացթուխ):

-Ո՛չ, չեմ հավատում (Նաիրա Մխիթարյան, Արմավիր, 44 տ., տնային տնտեսուհի):

-Ոչ (Կարինե, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Ոչ (Աստղիկ, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Ոչ (Վանուհի, Տավուշ, 16 տարեկան, աշակերտ):

-Այո (Յանա, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Ոչ (Ալիսա, Տավուշ, 19 տարեկան, ուսանող):

-Ինչո՞ւ չի վերանա: 

-Քանի դեռ ժամանակակից աշխարհում կոռուպցիա կա, կլինի նաև Հայաստանում: Կարծում եմ, որ չի վերանա. կվերանա միայն այն դեպքում, երբ մարդիկ իրար հավասար լինեն, ինչը անհնար է (Ժորա Հովհաննիսյան, Արագածոտն, 15 տարեկան, աշակերտ):

-Որովհետև մարդու բնույթի մեջ է: Եթե կա մարդկային փոխհարաբերություն, անպայման կա կոռուպցիա: Դրանց տարբեր տեսակները կան. եթե հարևանդ քեզ լավությոն է անում, և դու ջանում ես անպայման փոխհատուցել, դա նույնպես կոռուպցիա է: Եթե բժիշկը քեզ բարեհամբույր է վերաբերվում, ակնկալում է շնորհակալությունդ. կրկին կոռուպցիա (Արփինե Գրիգորյան, Արագածոտն, 39 տարեկան, տնային տնտեսուհի):

-Հնարավոր չէ: Կոռուպցիան եղել է, կա, ու կշարունակի մնալ: Քանի դեռ մեր ժողովուրդը, մեր ազգը իրեն չի փոխել, դա չի վերանա: Ամեն բան մարդկանցից ա կախված (Նաիրա Մխիթարյան, Արմավիր, 44 տ., տնային տնտեսուհի):

-Կոռուպցիան եղել է ու կլինի, քանի կան մարդ արարածը և չկիրառվող ու զուտ թղթին մնացող օրենքները: Դժվար է հաղթահարել, երբ չունենք բարձր գիտակցության եկած հասարակություն, որը հասկանում է՝ ինքն է իր իրավունքների պաշտպանը և իր երկրի տերը (Արաքս Գարեգինյան, Շիրակ, 23 տարեկան, կենսաբան):

-Որովհետև այն իրենից բավականին բարդ խնդիր է ներկայացնում (Կարինե, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Քանի որ այն կարծես բնավորության գիծ է դարձել (Աստղիկ, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Որովհետև այն մարդը, ով մտնում է իշխանութուն, իր պարտականությունների մեծ մասը անում է կաշառքի դիմաց: Իսկ կաշառակերությունն էլ արդեն իսկ կոռուպցիա է (Վանուհի, Տավուշ, 16 տարեկան, աշակերտ):

-Քանի որ, ցավոք սրտի, կան մարդիկ, ովքեր փորձում են հենց դրա միջոցով ապրուստ հայթայթել (Ալիսա, Տավուշ, 19 տարեկան, ուսանող):

-Եթե կվերանա, ի՞նչ է դրա համար պետք: 

-Պետք է պետության ֆինանսական վիճակը բարելավել (Ժորա Հովհաննիսյան, Արագածոտն, 15 տարեկան, աշակերտ):

-Երբ մենք ապրենք այնպիսի երկրում, որ մեզանից ոչ մեկը չունենա դիմացինի օգնության կարիքը, եթե, օրինակ, մանկավարժը ստանա բավարար աշխատավարձ, երբեք կոռուպցիայի չի դիմի (Արփինե Գրիգորյան, Արագածոտն, 39 տարեկան, տնային տնտեսուհի):

-Նախ, պետք է փոխել պետական այն մարմիններին, որոնց մեջ դա կա, որովհետև նրանցից է կոռուպցիան տարածվում, և ինչպես ասում են՝ ինչքան ունես, ավելիին ես ձգտում (Լիանա Խաչատրյան, Արագածոտն, 17 տարեկան, ուսանող):

-ՀՀ-ում կոռուպցիան (կաշառակերությունը) կվերանա այն ժամանակ, երբ կդադարեն իշխանությունները կեղծիքի ու ստի հիման վրա կառավարել երկիրը: Այս պահի դրությամբ չեմ կարծում, որ կոռուպցիան կլքի ՀՀ-ը մոտակա մի քանի տարիների ընթացքում: Օրենքի երկիր է ՀՀ-ը, բայց օրենքը ազդում է հասարակ ժողովրդի և պետական ցածր դիրքում գտնվող մարմինների վրա (Մանե Նիկողոսյան, Երևան, 18 տարեկան, ուսանողուհի):

-Կփոխվի, եթե մարդիկ հավատան իրար: Էս նոր սերունդը կփոխի: Հավատում եմ: Հիմա մարդիկ կան՝ առաջ են գնում, էդ կոռուպցիայի հետևից էլ չեն ընկնում: Ճիշտ ա, կոռուպցիան մեր երկրում շատ ա տարածված, բայց մեր էսօրվա ու վաղվա սերունդը էնքան խելացի ա, որ ինձ թվում ա՝ իրենք կփոխեն (Վիկտորիա Մարկոսյան, Արմավիր, 43տ., հացթուխ):

-Անհրաժեշտ է, որ ընտրեն արժանի մարդկանց, ովքեր պետք է զբաղեցնեն տարբեր պաշտոններ (Յանա, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

Հարցումները անցկացրեցին՝ Նաիրա Մխիթարյանը, Նարե Տիգրանյանը, Սոնա Մխիթարյանը, Մարինե Նիկողոսյանը