Տաթև Թելունցի բոլոր հրապարակումները

Tatev Telunc new

Մտքեր ու հուշեր Հայաստանից

Ողջույն: Արդեն գրեթե երկու տարի է, ինչ ես Հայաստանում մշտապես չեմ բնակվում: Ես ժամանակավորապես ապրում եմ Գերմանիայում, աշխարհի 80-ից ավելի ազգերի մարդկանց հետ: Գիտեմ, որ ապրելակերպս առաջին հայացքից թվում է շատ գրավիչ և հարուստ տարբեր փորձառություններով, այդպես էլ կա: Բայց հեռավորությունն ու աշխարհին ավելի մոտ գտնվելը ինձ ավելի շատ կապեց  աշխարհի մյուս կողմում գտնվող, իմ փոքր ու վտանգի մեջ ապրող տան հետ:

Անկեղծ ասած, երբ Հայաստանում էի, շատ էի ցանկանում փախչել, տեսնել աշխարհը, ծանոթանալ նոր քաղաքների ու մարդկանց հետ, փոխել իրականությունս… Դա անելը ինձ հաջողվեց: Այժմ ես մուտք ունեմ ավելի շատ գիտելիքների, ռեսուրսների, հնարավորությունների և մարդկանց հետ, բայց շատ հաճախ, երբ նստած եմ լինում դասարանում, խոսում եմ ընկերներիս կամ ուսուցիչներիս հետ, քայլում եմ փողոցներով, փորձում եմ քուն մտնել, և այլն, ուղեղիս խորքից ինձ պատում են հիշողություններ, մտքեր, և նույնիսկ խոսքեր ու ձայներ, որոնք լսել եմ Հայաստանում, տանը, կամ Գորիսի փողոցներում:

Երբեք չեմ հասկացել, երբ մարդիկ նախկինում ասում էին, որ կարոտում են տունը: Ես միշտ եղել եմ ճանապարհին, տան զգացում հազվադեպ եմ ունեցել: Բայց վերջերս նման մտքերը դարձել են հազարավոր մտքերիս մի մեծ հատվածը: Չգիտեմ, արդյոք սա այն գիտակցումի՞ց է, որ տունս կարող է պատերազմի պատճառով մի օր պաշտոնապես էլ իմը չլինել, կամ նրանից, որ տատս, ում իմ տունն էի համարում, էլ չկա, կամ նրանից, որ անկեղծորեն նախանձում եմ բոլոր նրանց, ովքեր հիմա շանս ունեն լսել հայերեն ձայներ իրենց շրջապատում, լինել տանը և ուտել հայկական ուտելիքներ, բայց փաստը նրանում է կայանում, որ ես կարոտում եմ այն ամենը, ինչը ժամանակին այդքան սովորական է եղել, որ դրա բացակայությունը այժմ գալիս է հիշողությունների ու կարոտի միջոցով:

Ճիշտ են ասում, որ պետք է հեռու լինել երբեմն, որ ավելի մոտ զգաս: Հիմա ես ավելի շատ եմ գնահատում այն, ինչ ունեցել եմ, բայց երբեք չեմ արժեվորել, քանի որ այն իմ ժամանակի նորման է եղել: Օրինակ, այստեղ երբ խնդրում են հայերեն խոսել, սիրում եմ պատասխաններ տալ Գորիսի բառբառով, Հայաստանի համը զգում եմ այլազգի օդանավակայաններում հայկական ուտելիքներով, սենյակիս Հայաստանի դրոշին նայելով և այլն:

Մի խոսքով, անչափ շնորհակալ եմ այն փորձի համար, որի միջոցով կարողանում եմ սովորել աշխարհի մասին և ճանաչել աշխարհը, ինչպես նաև գիտակցել ու անսահման սիրել Հայաստանի յուրօրինակությունը այդ ամենի մեջ և զգալ զգացմունքներ, որոնք իմ անձի հետ ժամանակին չէի ասոցացնում:

tatev telunts

Միջազգային ուսանողի տունը

Տունդ լքելը ու աշխարհի այլ ծայրերում այն գտնելը դաժան է, բայց միջազգային ուսանողները դա երևի հասկանան, երբ կարողանան իսկապես հեռու գնալ:

Հունվարի 19-ին առավոտյան ժամը 6-ին ես արթնացա, որ հետևեմ երազանքիս: Եղանակը սառեցնող էր, ներսիս զգացողությունները սիրտս ու մտքերս իրար էին միացնում ու խորքից մեկը մյուսին սպառնում ու հույս էին տալիս:

Հասա հրապարակ, կանգնած էր UWC տանող ավտոբուսը, որ պետք է վերցներ ինձ ու երրորդ փուլ հասած մյուս ֆինալիստներին: Օրը սկսել էի խառը, բայց կարևորը՝ վերջացրի ժպիտով:

2 օր անց իմացա, որ անցել եմ: Ինչ խոսք, անչափ ուրախ էի: Էնպես, ոնց թիթեռին թև ու կյանք են տալիս ապրելու, բայց կարճ ժամանակ անց արևի ու հեռվի լույսը խամրում է, ու զվարճանքը նվազում է: Հենց էդպես էլ ինձ հետ եղավ:

Ես երևի թե հիմա պետք է սկսեի պատրաստել իրերս, թե ինչ վերցնեմ հետս, ոնց կարոտը խցկեմ ճամփաների, քարերի ու ծառերի արանքում, բայց փոխարենը անհույս հույսով թարմացնում եմ դեսպանատների ու կորոնավիրուսային նորությունների մասին հոդվածները ու սպասում լուրի: Անորոշությունը դարձել է ճամպրուկս, որի մեջ օր օրի իրար վրա են հավաքվում սպասումը, հեռու երազանքները, արդեն չզգացած կարոտս, նոր քոլեջիս մասին սպասելիքները, կյանքի անհավատալի դադարը:

Կյանքը դադար է վերցրել աշխարհի ձայներից, ինձ ու իմ նմաններին թողել էն քամու հույսին, որ կարող է հայտնվել, բարձրաձայնել մեր անորոշ ապագայի մասին, մեր՝ անձամբ նվաճած, բայց բախտի քմահաճույքին թողնված նպատակների մասին:

Էս ամենի հետ մեկտեղ էլ ուզում եմ ասել, որ եթե ես կարող եմ սովորել Գերմանիայում, լինել UWC ուսանող և այլն, դա կատարելության թելի սկիզբն է, իսկ էդ թելը լիքը հույզերի ու զգացմունքների կծիկ է: Գիտեմ, որ կարոտելու եմ տունս, ընկերներիս, ընտանիքիս, քաղաքս, մարդկանց, օդը, բայց պետք է սովորեմ տունս դարձնել այն վայրը, որտեղ լինում եմ, կարոտս դարձնել գնահատանք, հին ընկերներիս մտքումս ու սրտումս պահել, իսկ հայրենիքիս կարոտն առնել դրա դրոշը այլ ազգերի մեջ բարձրացնելով, դրա մասին աշխարհին պատմելով:

Առայժմ սպասում եմ…

tatev telunts

Մարդուն մարդ է պետք

Իմ մենակ սենյակում նստած, իմ մենակ ներկայի մեջ պարտադրված ես կարոտում եմ հին օրերը, որոնց մասին երբեք չեմ մտածել: Հիշողությունները գալիս են հեռուներից, այն օրերից, որոնք սկսել եմ ակամա, ավարտել եմ լուսնի հայտնվելուց մի քիչ հետո: Գեղեցիկ է ու առեղծվածային այն միտքը, որ մենք կողքից չենք կարողանում տեսնել, բայց մեր միտքը դա տեսնում է ու մեզ ցույց տալիս: Ինչքան էլ ասենք, որ ավելի լավ է հեռու մնանք մարդկանցից, թունավոր են, կծող, խոցող ու սպանող, բայց երջանկությունն իրական չէ, եթե այն չես կիսում ուրիշի հետ: Ես կարոտում եմ այն օրերը, երբ բոլորս մինչև գիշերվա ուշ ժամը փողոցում խոսում էին, միասին ժամանակ անցկացնում, խաղում: Հետո բոլորս ինչ-որ մի ժամի անհետանում էինք, տունը լիքն էր, ամեն ինչ պարզ էր ու անկեղծ: Ժամանակ, ի՞նչը փոխեց քեզ, կամ ինչո՞ւ փոխեցիր դու մեզ: Հիմա փողոցը դատարկ է, տունս նույնպես, ես էլ դատարկ եմ: Երբեմն կարոտում եմ այն օրերը, որտեղ նախընտրում էի մենակ մնալ, բայց կողքիս առնվազն մի քանիսը կային: Ընդհանրապես չեմ ափսոսում, որ ինձ ուրիշներից մեկ-մեկ հեռու եմ պահել: Պահն էր այդ զգացմունքները խցկում գլխիս ու տրամադրությանս մեջ: Ես ոչինչ չեմ ափսոսում, բայց կարոտում եմ: Մեկ-մեկ մտածում եմ, որ օրերը իրենց առեղծվածային օրինաչափությունը ունեն։ Օրերի մի շարք կա, երբ ամեն ինչ ջերմ է, աննկատ ու արագ, հետո կամաց-կամաց ամեն ինչ կորչում է, դու էլ խելքդ ես կորցնում, ուզում ես պահը կանգնեցնել, որ ամեն ինչ ավելի չկապտի, մեկուսացնի, մենակեցնի:

Դեմքիս միմիկաները սառում ու կանգնում են, երբ մտքերս ու հիշողություններս են ինձ հյուր գալիս ու սատանայի ձայնով, սրտիս զարկերակները քաշքշելով գլխուղեղիս մեջ կտկտացնում: Ու ես հիշում եմ, որովհետև կարոտում եմ, կարոտում եմ, որովհետև էլ չկա, էլ չկա, որովհետև ինձանից տարել են, ինձանից տարել են, որովհետև ես չեմ պահել: Ու որովհետև գնացածները էլ նույնը չեն լինում, եթե հանկարծ գալիս են։ Ինձ մնում է հուսալ, որ նոր եկողներն էլ կլինեն աննկատ, պարզ ու անկեղծ, որ հետո հիշելուց աչքերիս առաջ տատանվող պատկերներն ու ֆանտազիաները ներսս սիրուն կոտրեն էն զգացումով, որ կարոտում եմ, բայց չեմ ափսոսում:

Մինչ նոր հիշողություններ: Մինչ նոր մտքեր:

Ջայ Ջագաթ 2020-ը Հայաստանում

2020 թվականի փետրվարի 15-ից ապրիլի 2-ը Հայաստանով է անցնելու «Հանուն արդարության և խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավը: Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ համամարդկային համախմբման կոչով գլոբալ քայլարշավը՝ մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձևավորելու նպատակ ունի:

Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված քայլարշավը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին Նյու Դելիից: Ներառելով աշխարհի 10 պետություն և անցնելով շուրջ 14000 կմ  ճանապարհ, քայլարշավի նպատակն է հասնել Ժնև՝ Շվեյցարիա, 2020-ի սեպտեմբերին, որտեղ Ջայ Ջագաթի մասնակիցները միանալու են տեղական նախաձեռնությունների 8-օրյա համաժողովին:

Քայլարշավի աշխարհագրության մեջ ներառված երկրներում Հնդկաստանից և աշխարհի մի շարք այլ պետություններից ժամանած շուրջ 50 մասնակիցներն ու պատվիրակներն իրականացնելու են ոչ բռնի փոփոխություններին նվիրված համաժողովներ, դասընթացներ, թրեյնինգներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ:

Ջայջագաթցիները կքայլեն Հայաստանի մի սահմանից մյուսը՝ ճանապարհին հյուրընկալվելով Հայաստանի գյուղերում և քաղաքներում, հանդիպելով տեղի բնակչությանը, այցելելով պատմամշակութային հուշարձաններ և կոթողներ: Քայլարշավի մասնակիցները ներկա կլինեն նաև Թավշյա հեղափոխության 2-ամյակին նվիրված Երևանում կայանալիք «Ոչ բռնությանը» համաժողովին, ինչպես նաև Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Փետրվարի 22-23-ը ջայջագաթցիները Գորիսում էին, որտեղ ծանոթացան քաղաքին, բնակչությանը և մշակույթին: Ջայջագաթցիների սկզբունքներից մեկը երիտասարդությանը ներառելն է խաղաղության և արդարության վրա հիմնված աշխարհ ստեղծելուն, այդ իսկ պատճառով էլ հատուկ հանդիպում եղավ տեղի երիտասարդության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպում-քննարկումը լի էր ջերմությամբ, խաղաղությամբ և մարդասիրությամբ, որը ջայջագաթցիները բերել էին իրենց հետ աշխարհի տարբեր անկյուններից և հավաքելով ճանապարհին՝ տարածում էին իրենց եղած վայրերում: Քննարկումը եզրափակեցինք ջայջագաթցիների կյանքի և Հնդկաստանում տիրող բարդ իրավիճակների, մարդկանց իրավունքների խախտման և անհավասարության մասին և Ջայ Ջագաթի հիմնով: Հա՜, մոռացա ասել, թե ինչ է նշանակում Ջայ Ջագաթ: «Ջայ Ջագաթ» նշանակում է հաղթանակ աշխարհին: Հաղթանակ, որին պետք է հասնենք բոլորովս՝ աշխարհը մեր տունը դարձրած, ճանապարհներ հաղթահարելով, մեր իրավունքները իմանալով և մնացածինը պաշտպանելով, ռասսիզմը, սեքսիզմը, խտրականության և անարդարության բոլոր տեսակները կոտրելով:

Իրենց պատմությունը լսելիս մտածում էի, թե ինչքան հետաքրքիր ու արկածներով կյանք են իրենք ապրում` իրենց աչքերում հավատը ու հոգում աշխարհը ամփոփելով:

Մի խոսքով, իրենց ապրելակերպը շատ ոգևորեց ինձ, նոր գաղափարներ ու մտքեր տվեց: Փոփոխություններին հասնելու ճանապարհը պետք է շինված լինի արդարության, խաղաղության ու մարդասիրության հիմքերի վրա, ճիշտ այնպես, ինչպես ջայջագաթցիներն են անում:

tatev telunts

Չմտածված բառերը ձեր

Չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց ինձ համար բառերն ավելի խոցող են եղել, քան ուրիշ ինչ-որ բան: Մենք հաճախ ենք արտաբերում բառեր, որոնց մասին չենք մտածում, դրանք երբեմն մեզ համար լինում են սովորական կատակներ, որոնց բնույթը մենք չենք էլ հասկանում, որոնց ազդեցության մասին մտածելիս մեր ներսում թմրում են բոլոր զգացողությունները: Բայց իրականում բառերն ունեն անսահման մեծ ուժ, որոնցով մենք կա՛մ ինչ-որ մեկին ուրախացնում ենք, կա՛մ կոտրում: Օրինակ՝ այն տղային, որի տկար մարմնի կամ ցածր ձայնի պատճառով դու վրան ծիծաղեցիր, երևի տանը քեզ հիշելով թաքուն արտասվել է և ատել ինքն իրեն քո ասած խոսքերի պատճառով, որոնց մասին դու երևի երբեք չես մտածել: Աղջիկը, որին դու անվանում ես գեր կամ անխնամ, օրերով երևի ոչինչ չի ուտում, իսկ դու նրան անտեսում և ծաղրում ես: Ծակ կոշիկներով դպրոց եկած դասարանցիդ երևի քեզ նման գիշերը փափուկ անկողնում չի քնում, մայրիկի պատրաստած համեղ ուտելիքները չի կարողանում ուտել, քանի որ մայրը հիվանդ է, իսկ ինքը գիշերը աշխատում է, որ գոնե հաց և դեղ առնի, այ դրա համար էլ կոշիկներ չունի: Այն կարճ մազերով աղջիկը, որին դու անվանեցիր ոչ կանացի և տհաճ, միգուցե մի ժամանակ ունեցել է գեղեցիկ վարսեր, բայց մի պահ ատել է իր սեփական վարսերը և կարծել է, թե դրանցից ազատվելով կազատվի իր անհանգստությունից ու հոգին կրծող տականքից: Քո ասած կոպիտ բառերի պատճառով ինչ-որ մեկը լաց է եղել, թերագնահատել է ինքն իրեն, խորտակվել է մտքերի մեջ ու մնացել այնտեղ: Իսկ քեզ համար դա պարզապես կատակ էր, դու ինչ մեղավոր ես, որ նրանք կատակդ չեն հասկանում… Նրանք քո կատակը չեն հասկանում, դու էլ նրանց հոգին, նրանք քո անտանելի լպիրշ ծիծաղը չեն հասկանում, դու՝ նրանց հոգին կրծողին:

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Աշնանային Քութայիսի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Աշունն ու Գորիսը

tatev telunts

Կամքիս հակառակ

Եվ որովհետև ես բարդ եմ, երբեմն ես իմ կամքին հակառակ՝ բարդացնում եմ ամեն ինչ։ Եվ որովհետև ինձ նույնպես չեն հավատում ու վստահում՝ երբեմն իմ կամքին հակառակ, ես նորից ոչնչի և ոչ մեկի չեմ հավատում։ Եվ միգուցե դու իմ ընկերն ես, և միգուցե ես քեզ հետ երջանիկ եմ՝ ներիր, բայց իմ կամքին նորից հակառակ, ես կանեմ հիմար քայլեր, ու դու կմտածես, թե ես անկեղծ չեմ։ Բայց ես չեմ կարող քեզ վստահել, եթե չեմ վստահում նույնիսկ ինձ։ Չեմ կարող հասկանալ քեզ, եթե չգիտեմ, թե ով եմ ես ինքս, ինչ եմ զգում ու ինչ եմ անում։ Իրականում ինձ էլ, քեզ էլ ոչ ոք չի հասկանա, որովհետև դու քո ցավով ես ապրում, իսկ ես՝ իմ։ Ու չնեղանաս, չտխրես, եթե քեզ հետ կոպիտ լինեմ։

Ես անորոշ եմ, հոգնած, չհասկացված, դու ինձնից ճշմարտություն ես պահանջում, էներգիա ու անկեղծություն, իսկ ես ոչինչ չունեմ քեզ տալու, բացի իմ կամքից հակառակ՝ տխրություն, տրամադրության անկում: Ես դա նորից չեմ հասկանա, որովհետև անորոշ եմ և կորած իմ մտքերում։ Կորած այնքան, որ չեմ գտնում, թե որտեղ եմ մի պահ անհետանում, հետո հայտնվում մյուս մտքի անկյունում ու վերադառնում։ Բայց որտե՞ղ եմ վերադառնում: Իմ կամքին հակառակ ու իմ կամքից անկախ՝ վերադառնում եմ իրականություն, որն ինքնին մտքերի լաբիրինթոս է, կամ խորտակվում ու անհետանում եմ իմ ներքին աշխարհում, որը նորից մտքերի պահոց է։

Ինձ կրծում են ներսից, իսկ դու ուզում ես, որ ես հավատամ, թե կվերականգնվեմ։ Ես միգուցե վերադառնամ, ու միգուցե կրծված մասերն ավելի պոկեմ, որ դու մտածես, թե պատռվածքն ուղիղ է, բայց տես, դու նորից ինձ սխալ ես հասկանում ու դու նորից ինձ չգիտես։ Գիտես, թե ես գիտե՞մ։ Ես էլ չգիտեմ, թե ինչպես կրծվեցի ներսից, ինչպես կրծվածն ավելի մեծ ցավով պոկեցի, որ դու մտածես, թե ուղիղ եմ պոկված։

Գիտակցում եմ, որ երբեմն անտանելի եմ, չհասկացող, անհետաքրքիր, բայց տես, դու չգիտես, թե ինչու եմ ես այսպիսին, բայց դու ինձնից նեղանում ես, ու առանց հասկանալու՝ նորից հեռանում ու ինձ մենակ թողնում։ Իսկ ես չեմ նեղանում, որ ինձ մենակ թողեցիր, որովհետև ծնվել եմ մենակ ու լաց լինելով, բայց հիմա մենակ եմ նորից, պարզապես բարձրաձայն չեմ արտահայտվում խնդիրներիս ու բողոքներիս մասին։ Ու ինչո՞ւ պետք է նեղանամ, եթե դու ինձ չես հասկանա ու հոգնում ես իմ հոգնած տեսակից։

Վախենում եմ խոսելուց, արտահայտվելուց, անկեղծ լինելուց, որովհետև վախենում եմ, որ կկորցնեմ այն, ինչ ունեմ։ Ինքս ինձ հարցնում եմ, թե ինչ պետք է լինի, որ իմ իրականությունը փոխվի, ու ես կորցնեմ։ Քանի որ ես վախեցա ու քանի որ այդպես էլ ոչինչ չասացի՝ վախերս արդարացան, դարձան իրական, ու ես կորցրի, ես նորից՝ իմ կամքին հակառակ, կորցրի պահը, անկեղծությունս, վստահությունդ ու երևի, նաև քեզ… Ստացա նոր միտք, որը խճճվեց, ինձ նորից ձգեց ու հասցրեց իմ ներսում ապրող էն մտաշխարհին, որտեղ խորտակվում եմ ու գտնում կոտրված նավակներ…

tatev telunts

Մտորումներ

Ինձ հետաքրքիր է, թե ինչու ենք մենք սիրում կարդալ այն գրքերը, որոնք շատ հայտնի են, ու որոնց մասին շատ են խոսում։ Ինչո՞ւ ենք լսում այն երգերը, որոնք շատ տարածված են ու հայտնի, երգվում են հռչակավոր մարդկանց կողմից, կամ ուղղակի յութուբում ունեն շատ դիտումներ։ Մեզնից շատերը երբեմն թերահավատորեն են մոտենում այն բաներին, որոնց մասին չենք լսել, կամ որոնք դեռ հայտնի չեն, բայց իրականում բացահայտել է պետք այն ամենը, որոնք մեզ հետաքրքրում են։ Շատ մարդիկ մինչ մի բան կարդալը, լսելը կամ դիտելը սկզբում կարդում են մարդկանց կարծիքներն ու մեկնաբանությունները, իսկ հետո որոշում կայացնում անել այն, ինչ սկզբում էին մտադրված անել, թե ոչ, քանի որ մի քանիսն այն հավանել են, մի քանիսը՝ ոչ։ Ամեն մարդ ունի իր պատմությունը, ու եթե ինչ որ մեկը իրեն չի գտել այնտեղ, միգուցե, դու գտնես։

Ցավում եմ, որ նույն հիմունքներով ենք մենք նաև ընտրում, թե ում հետ շփվենք ու խոսենք, ում հետ՝ ոչ։ Օրինակ, եթե մարդը աչքի է ընկնում իր ակտիվությամբ, ոճով, շատախոսությամբ, շփվող է, ծիծաղում է, ունի նորագույն սարքեր, շատերը ձգտում են այդ մարդու հետ խոսել, շփվել, նկարվել, ծիծաղել, իր հետ շատ ժամանակ անց կացնել։ Մի խոսքով ես սա անվանում եմ քծնել ու տանել չեմ կարողանում քծնողներին։

Երբևէ փորձե՞լ ես շփվել այն մարդու հետ, ով շատ քիչ է խոսում, ամաչկոտ է, տխուր:

Ես նկատի չունեմ` մոտենալ այդ մարդուն ու հարցնել. «Ինչո՞ւ չես մեզ հետ շփվում, ինչո՞ւ ես ամաչկոտ ու պասիվ» ու հետո թողնել իրեն ու գնալ։ Ասեմ, որ քո այս ասածներով դու չես դառնում շփվող ու ընկերասեր մարդ, այլ վիրավորում ես ինչ որ մեկի զգացմունքներն ու ինքնասիրությունը։ Ես նկատի ունեմ` բոլորին ցույց տալ միևնույն ջերմ ժպիտը ու վերաբերմունքը, այլ ոչ թե մեկին քծնել, մյուսի վրա սառած հայացք գցել ու հեռանալ։

Կարծում եմ այն, ինչը ավելի հասարակ է, շատ հաճախ ավելի գեղեցիկ է։ Երջանիկ լինելու համար պարտադիր չէ հասնել Արարատի կամ Ջոմոլունգմայի գագաթը, կարող ես բարձրանալ քո քաղաքի փոքր բլուրը կամ սարը, ու դրանով էլ քեզ երջանիկ զգաս։ Պարտադիր չէ ապրել մեծ քաղաքում, գնալ մեծ ռեստորաններ, բայց մենակ նստել ու տարբեր մարդկանց միահամուռ ժխորի մեջ ինչ-որ բան խմել կամ ուտել։ Կարող ես քեզ նաև երջանիկ զգալ այն ժամանակ, երբ քո փոքրիկ բնակարանում խմում ես տաք թեյ այն մարդու հետ, ում սիրում ես ու հեռու լինես այն մարդկանց բազմությունից, ովքեր կողքից նման են տարբեր ու ինքնավար քաղաքների, ու զգաս, թե ինչպես է ներսումդ ինչ-որ մի բան իջնում ու բարձրանում, ու քեզ հուշում, որ դու այդ մի պահին հանգիստ ես ու երջանիկ։

Աշխարհում ամեն ինչի մեջ էլ կյանք կա, նույնիսկ այն ամենի մեջ, որոնք սպառվում են, կոտրվում, փորձում անհետանալ, այդ ամենի մեջ էլ կյանք կա, քանի դեռ գոյություն ունեն։ Ու վերջում ուզում եմ ասել, որ մեր մեջ ու մեր շուրջը կյանք կա։ Գնահատենք մեզ հանդիպած ամենափոքր բանը և ուրախ լինենք, որ էս մեծ ու խճճված աշխարհում մենք ստացել ենք մի փոքր բան, որ կարող ենք դարձնել մեծ արժեք մեզ համար, դրանով ուրախանալ ու հպարտանալ ու դա դարձնել մերը։