Արտյոմ Ավետիսյանի բոլոր հրապարակումները

Artyom Avetisyan

Մեկ տարի առաջ

27.10.2016: Սովորական օր սովորական մարդկանց համար, բայց իմ և մի քանի տասնյակ 17-ցիների համար այն դարձավ նշանակալից, և կարելի է ասել, դարձավ տոնական մի օր: Համարյա այդ օրը բոլորս էլ ստացանք զանգեր «Մանանայից» և հրավիրվեցինք մասնակցելու Սևանի մեդիա ճամբարին:

28.10.2016: Դպրոցականների համար դասի, իսկ ինձ համար՝ մի այլ օր: Դպրոցականները փորձում են գտնել, մտնել դասասենյակները, իսկ ես փորձում եմ գտնել համակարգչային սենյակը, որպեսզի տպել տամ ծնողի համաձայնագիրը: Երեկոյան արդեն շփոթահար իրերս եմ դասավորում, վայելում եմ հաջողությանս պահերը և ողջ գիշերը ուրախությունից չեմ քնում:

29.10.2016: Մեքենայով ուղևորվում եմ դեպի «Ծովասար» հյուրանոց և այնտեղ առաջինը ծանոթանում Ռաֆոյի և Հակոբի հետ: Հավաքվեցինք, յուրաքանչյուրս մեր սենյակներում տեղավորվեցինք, հարմարվեցինք և իջանք ներքև՝ տաղավար: Ամեն մեկն իրեն է ներկայացնում՝ անուն-ազգանուն, սիրելի զբաղմունքը, նախասիրությունները, սիրելի մասնագիտությունը, բնավորությունը… Բայց, դե բնական է, ուրիշ միջավայր, ուրիշ մարդիկ և մեկը մյուսից քաշվող: Ճաշելուց հետո քննարկում անցկացվեց ֆիլմերի և ֆոտոների վերաբերյալ, ստացանք ճամբարի օրակարգը, իսկ այնտեղ աչք ծակող տողը հետևյալն էր. «Վերջին օր. հրաժեշտ, լացուկոծ, հեռացող ավտոբուս»: Բոլորը միանգամից բարձրաձայնեցին, ծիծաղեցին, ժպտացին, բայց վերջում…

30.10.2016: Սեղանի շուրջ կրկին ծանոթություններ, ուրախ դեմքեր և կատակ-զրույցներ: Սովորում ենք, թե ինչպես ճիշտ լուսանկարել, ինչպես ճիշտ հարցազրույց վարել և հոդվածի թեմա ընտրել: Անցնում է օրն ավելի հետաքրքիր, նոր և հարուստ գիտելիքների մեջ ընկղմված, իսկ երեկոյան մթնոլորտն ավելի է ջերմանում, սկսում ենք ավելի ազատ շփվել:

31.10.2016: Ֆիլմեր նկարելու փորձեր ենք կատարում, ձևավորվում է խումբը: Ծանոթություն և վարպետության դաս է անցկացվում Կարինե Գևորգյանի՝ Հանրային ռադիոյի մանկապատանեկական հաղորդումների գլխավոր խմբագրի հետ: Այնուհետև՝ ֆոտոարշավ: Մինչ մի խումբը փորձում է նկարահանել Գավառի «Մեծ փուռ» փառատոնը, նյութ գրել, մյուս խումբը գործնական աշխատանքներ է կատարում, և էլ ավելի է ջերմանում միջավայրը: Երեկոյան դոկումենտալ ֆիլմերի մասին քննարկում է անցկացվում:

01.11.2016: Pixilation անիմացիոն ֆիլմի գաղափարի ընտրություն ու քննարկում, միանշանակ ֆոտոարշավ՝ քանդակագործի, քարաքոսներով նկարողի տուն, ձիավարժի մոտ: Բոլորով աշխատում ենք մեր լրագրողական նյութերի վրա, դիտում ու քննարկում ենք դոկումենտալ ֆիլմեր:

02.11.2016: Ֆոտոարշավ ենք կատարում դեպի Սևան, լուսանկարներ ենք անում, սովորում ենք մոնտաժ անել, խորացնում ենք մեր գիտելիքները լրագրության մեջ: Ունենում ենք վարպետության դաս ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի հետ, գրում ենք նյութեր օրվա և ճամբարի, մեզ հուսող հարցերի մասին:

03.11.2016: Շարունակվում են մեր մոնտաժի և լրագրության դասընթացները, նկարում ենք ֆիլմեր, գրում հոդվածներ, դոկումենտալիստ ռեժիսոր-օպերատոր Սարգիս Խարազյանի հետ ունենում վարպետության դաս: Երեկոյան կրկին զրույցներ, ջերմ միջավայր, խոսում ու մտածում ենք, թե ինչ շուտ անցավ այդ մեկ շաբաթը, տխրում: Այդ գիշեր ավարտվում են մեր համատեղ խաղերը:

04.11.2016: Խոսում, պլանավորում ենք մեր հետագա աշխատանքները, իսկ հետո տխրությամբ հրաժեշտ տալիս իրար և միմյանցից հեռանում ենք ավտոբուսներով ու մեքենաներով:

Այսքանից հետո ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ «Մանանայից», որ իմ մեկ շաբաթը լցրեց նոր գիտելիքներով, նոր շրջապատով, միջավայրով ու ընկերներով, նոր գաղափարներով ու տեղեկություններով: Հիշում եմ մեկ տարի առաջվա այս օրերն ու երանի տալիս, իսկ այս նյութը գրելիս՝ կրկին վերապրեցի այդ օրերը: Ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնց հետ մինչ օրս կապ եմ պահպանում:

Մեկ տարի առաջ 17.am-ը փոխեց ինձ, ողջ կյանքս ու կարելի է ասել՝ նաև բնավորությունս, փոխեց նաև ընտրությունս՝ ինձ ավելի հարմար ու բնորոշ մասնագիտություն ընտրելու հարցում: «Մանանայի» շնորհիվ ես այնպիսի գիտելիքներ ստացա, որոնք ինձ այսօր օգնում են նոր գաղափարներ մտածել, նյութեր ու հոդվածներ գրել: «Մանանայի» օգնությամբ է, որ այսօր կարողանում եմ իմ մտքերն արտահայտել և դարձնել հանրությանը հասանելի:

«Մանանայի» շնորհիվ է, որ… Այս ամենը «Մանանայի» շնորհիվ է:

Artyom Avetisyan

Արցունքների մեջ խեղդված տատս

Հույզերը եռում են տատիս սրտում ու հոգում և պարզ արցունքների տեսքով թափվում են նրա կույր աչքերից՝ գլորվելով ցամաքած և թառամած այտերի վրայով: Տատս կուրացել է վերջին մի քանի տարում և անգամ իր արցունքները չի կարողանում տեսնել, սակայն զգում է, անգամ ասում է դրանց գույնը.

-Սև է, սև են արցունքներս: Պապդ ու հորեղբայրդ թափանցիկ արցունքներս ներկեցին սև գույնով, սևով լցրին ամեն ինչ, անգամ սիրտս է սևացել, հոգիս…

Տատս արդեն 11 տարի է, ինչ կորցրել է պապիս, և 40 տարի՝ հորեղբորս:  Ես չեմ հասցրել զգալ հորեղբորս ներկայությունը, իսկ պապիս դեմքը իմ հիշողության մեջ շատ աղոտ է, որովհետև փոքր տարիքում եմ նրան տեսել:

Տատս կույր է աչքերից, բայց ոչ հիշողությունից: Պատմում է իր երիտասարդության տարիներից մինչև պապիս մահը, իսկ դրանից հետո միայն արտասվում: Պատմում է «կոլխոզի, սովխոզի» տարիներից: Թութուն շարելուց մինչև գիշերվա ուշ ժամին այգուց խնձոր, տանձ գողանալը:

Պատմել է, որ պապս եղել է այգու պահակը, եղել է խիստ ու պարտաճանաչ և ոչինչ չի գողացել ու ոչ մի սխալ թույլ չի տվել: Իսկ ինքը՝ տատիկս, այգուց «գողացել» է մրգեր, բանջարեղեն, որպեսզի կարողանար պահել տան տասն անդամներին:

Պատմել է, թե ինչպես է մի անգամ պապիկը նրան բռնել խնձոր գողանալու ժամանակ: Պապիկի գործողությունները եղել են հետևյալը. դատարկել է պարկը, պատռել այն և տատիկին փնովելուց հետո ուղարկել է տուն:

Այս պատմությունից հետո տատիկիս կույր աչքերը կրկնակի են կուրանում, այս անգամ՝ արցունքների մեջ շաղախվելով:

Տատիկիս, երբ նստեցնում եմ աթոռին՝ արևի տակ, հարցնում եմ.

-Տատ, արևի շո՞ղն էլ չես տեսնում:

Իսկ նա պատասխանում է.

-Չէ՜, բալա՛ ջան, ոչ մի բան էլ չտեսնամ, աչքերուս դեմն սև՜, սև ա: Ինչ որ մութ անտառի մեջ նստուկ էղնիմ, բան չերևա: Թե օր ձեն տաք, գիմնամ` ով ա, էնքան, օր ձեր սիֆաթներն ա պատկերացում:

Տատս արդեն 90 տարեկան է, և միայն աչքերն են նրա առողջական խնդիրը, թե չէ ասում է.

-Օր աչքերսի բաց էղներ, տեսնենք, մեկ ժամվա մեջ կհասնենք Մաղմաղան:

Տատս Ալաշկերտի բարբառով է խոսում, իսկ Մաղմաղանը դա մեր Արմաղան լեռն է: Գյուղիցս՝ Լիճքից, կարճ ճանապարհներ կան այնտեղ հասնելու: Երբ նրան մահճակալում նստած վիճակում եմ տեսնում, նկատում եմ, թե ինչպես է թարթում աչքերը, բայց չի տեսնում, իսկ երբ ձեռքերն իրար է կպցնում, արդեն ուշադիր նայում եմ դրանց, թե ինչքան են ծերացել, ինչքան են մաշվել և ինչքան արցունքներ են մաքրել: Երբեմն փորձում եմ տատիկիս ուրախացնել՝ մեջբերելով «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից մի հատված և նրան անվանելով Արուսյակ Վարդանյան: Հա՜, մոռացա ասել, տատիս անունը հենց Արուսյակ է: Իսկ երբ ինչ-որ բան եմ ուզում կամ հարցնում և արժանանում բացասական պատասխանի, նրան ասում եմ.

-Ուրեմն ես՝ Վաղինակի տղա Արտյոմս, գամ հասնեմ էստեղ, որ ինձ ասես՝ «նյե՜տ»:

Տատիս տրամադրությունը բարձրանում է իմ կատակներից:

Artyom Avetisyan

Չասված խոսքեր

Հաճախ մեզ համար ամենաթանկ, ամենահարազատ մարդկանց մենք մոռանում ենք ասել ամենակարևոր խոսքերը: Մոռանում ենք կամ էլ ուղղակի մտածում ենք, որ դրա կարիքը չկա, շուտ է, կամ էլ դեռ շատ ժամանակ կա, կհասցնենք: Բայց ցավոք, այդ ամենամոտ մարդիկ հեռանում են մեր կյանքից այնքան արագ ու հանկարծակի, որ նույնիսկ չենք էլ հասկանում, թե ինչ կատարվեց, ինչպես տեղի ունեցավ դա, և մեզ համար անտեղի ու ոչ կարևոր թվացող բառերը այնպես էլ չենք հասցնում ասել:

Մարդիկ շատ հանկարծակի են անհետանում մեր կյանքից, և մենք դա չենք էլ նկատում և միայն հետո ենք հասկանում, որ կորցրել ենք շատ հարազատ մեկին, որ ուշադրություն չենք դարձրել նրան, երբ նա մեզ հետ է եղել, և միայն նրա բացակայության ժամանակ ենք զգում, որ կորցրել ենք մի մարդու, ով մեզ համար պատրաստ էր ամեն ինչի, իսկ մենք նրան ուղղակի չենք նկատել:

Մենք միայն կորցնելուց հետո ենք գնահատում, կորցնելուց հետո ենք զգում, թե ինչքան հարազատ ու թանկ մարդ է եղել նա, և հասկանում ենք, ար արդեն ուշ է ինչ-որ բան փոխելու…

Կան կյանքում խոսքեր, որոնք չասելու դեպքում փոխում են մարդկային ճակատագրեր: Լինում են դեպքեր, երբ պետք է խոսենք, բայց շարունակ լռում ենք և այդ լռությամբ ցավեցնում դիմացինին: Շատ է պատահում, որ գիտակցում ես՝ պետք է ասել, բայց լռում ես, ու հետո արդեն շատ ուշ է, էլ ոչինչ չես կարող փոխել: Դրա համար այս կյանքում պետք է չունենանք չասված խոսքեր, որպեսզի հետագայում ոչ մի բանի համար չզղջանք…

Կյանքը կարճ է: Չկա ժամանակ թողնելու կարևոր խոսքերը չասված:

Հ.Գ. Այս նյութը ծնվեց հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհուս՝ ընկեր Ավետիսյան Նելլիի շնորհիվ: Նրա հանձնարարած աշխատանքը առիթ դարձավ, որ ես իմ չասված խոսքերն ասեմ այն մարդուն, ում պետք է…

Artyom Avetisyan

Վերջին սեպտեմբերի 1-ը

Վերջին սեպտեմբերի 1-ն է, բայց՝ դպրոցական վերջին սեպտեմբերի 1-ը: Շուտով ես էլ կիմանամ, թե ինչ բան է շրջանավարտ լինելը, ես էլ կհասկանամ ու կզգամ մյուս բոլոր շրջանավարտների զգացմունքները, հոգսը և ուրախությունը: Շուտով ես էլ եմ կրելու վերջին զանգի կրծքանշանը, ու ինձ ու դասընկերներիս համար էլ է հնչելու դասամիջոցներն սկսող ու ավարտող, բայց արդեն նշանակալից, խորհրդավոր, զգացմունքային վերջին զանգը:

Տարիներ շարունակ միշտ ասել ենք՝ ե՞րբ է գալու մեր վերջին զանգը: Դասերին նստել ու հաշվել ենք, թե վերջին զանգին քանի օր է մնացել, բայց այս տարի նստելու ու հաշվելու ենք, թե մեզ քանի օր է մնացել իրար հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելու:

Համոզված եմ, որ այս տարի բոլորս էլ կանհանգստանանք, երբ հասկանանք, թե ինչքան կարևոր էր մեզ հարազատ դարձած մեր հին տեղը՝ մեր սեղանն ու աթոռը, որոնց համար միշտ վիճում էինք:

Հենց այս տարի է, որ բոլորս հասկանալու ենք դպրոցի էությունը, ուսուցիչների չարչարանքներն ու նրանց տված գիտելիքը, հասկանալու ենք բոլորս իրար, որովհետև սա մեր դպրոցական վերջին տարին է լինելու: Այլևս մեզ համար չեն լինելու ազատ պահեր, անգամ ժամանակ չենք ունենալու դասին չնստելու: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են բոլոր այս զգացմունքները հայտնվում հենց 12-րդ դասարանում: Թող բոլորը լիներ 8, 9, 10-րդ դասարաններում: Պատասխանը հետևյալն է. սա վերջին սեպտեմբերի 1-ն է, վերջին դպրոցական հուշերի, ապրումների ժամանակահատվածը ու վերջին դպրոցական դասամիջոցները:

Ճիշտն ասած՝ չէի ցանկանա նորից գնալ դպրոց, սովորել տառերը, թվերը, բայց կուզենայի, որ 12-րդ դասարանը ունենար իր 1-ին և 2-րդ «եթերաշրջանները», որպեսզի 1-ում բոլորը մի լավ պատկերացնեն, զգան, թե դա ինչ է, իսկ 2-րդ տարում արդեն «հիասթափվեն» 12-րդ դասարանցի լինելուց, որպեսզի շրջանավարտները վերջին պահերին չտխրեն, այլ շատ ուրախ լինեն: Այնպես տոնեն, ինչպես կտոնեին այն մարդիկ, որոնց տղաները անփորձանք բանակից վերադարձել են տուն, կամ աղջիկները անվճար ընդունվել են բժշկական համալսարան:

 

Artyom Avetisyan

Հնդիկի անհավանական արկածները Լիճքում

Երկուշաբթի օրն էր, բոլորիս համար սովորական և անակնկալներով լի օր: Առավոտյան, երբ արթնացա, փոքրիկ զրույցի բռնվեցի հարևանիս հետ, այնուհետև նախաճաշեցի և  անցա գործերիս:

Ամռան այս ամիսներին ավելի է շատանում գյուղացու գործն ու աշխատանքը: Գրեթե բոլոր գյուղերում էլ աշխատանքի մեծ մասը լինում է հողատարածքում՝ բանջարեղենը, պտղատու ծառերը և բույսերը մշակելիս:

Ինչպես բոլորը, այնպես էլ մենք, պատրաստվում էինք հողամասը ջրելուն: Ճիշտ է, երկար կռիվներից ու բահերով «մենամարտից» հետո, ջուրը վերջապես մեզ էլ հասավ:

-Մամ, խռամն լավ կաբերիմ, սաղ ջուր մեր թարաֆն ա գիկա: Էդմալ օր գա, 1 ժամվա մեջ կպրծնինք բոստանից:

-Շատ լավ ա: Ուրեմն արի՝ կարտոլի քոլերն էլ բանանք, օր ջուրն շուտ մտնի բոստան, համ էլ ջրելուց չջարդինք:

Այս մի գործից էլ ազատվեցինք, մնաց մենակ ջրելը: Ես ու մայրս հերթականությամբ ջրելով շարժվում էինք առաջ, և ահա առաջին արկածը:

Երբ ջուրը ուղղել էի կարտոֆիլի երկար առուները, պատահմամբ ձեռքս կպավ կարտոֆիլի թփերին, որի վրա մի շարք բզեզներ ու միջատներ կային: Դրանցից մի քանիսը թափվեցին ցած, մի մասը՝ ջրի մեջ, իսկ մեկն էլ հենց ոտքիս վրա ընկավ, որին ես չէի էլ նկատել:

Երբ փոխեցի ջրի ուղղությունը, պատահաբար տեսա նրան, բայց ուշադրություն չդարձրի, սակայն, երբ ավելի ուշադիր նայեցի, միանգամից բահը թողեցի հողամասում, հողաթափերս հանեցի ու շպրտեցի չգիտեմ ուր, և գոռալով վազեցի… Հիմա ծիծաղում եք, չէ՞: Իրականում այն թունավոր և վնասակար միջատ էր, դրա համար էլ ես այդ կերպ արձագանքեցի: Բայց սա դեռ ամենը չէ:

Երբ ավարտեցինք աշխատանքը, նստեցինք ծառերի հովին՝ մի փոքր հանգստանալու, բայց այդ հանգիստը սկսեց խախտել քամին և երկնքից թափվող կաթիլ-կաթիլ անձրևը: Անմիջապես տուն մտանք և մտնելուն պես հանդիպեցինք երկրորդ՝ թխամորթ արկածին: Թխամորթը ուներ գրեթե գանգուր մազեր, սպիտակ ատամներ և հաստ շրթունքներ: Դե իհարկե, հնդիկ էր:

Նա, երբ մեզ տեսավ, միանգամից խուճապի մատնվեց և արագ ձեռքերը վեր բարձրացրեց: Մի քանի անգամ փորձեցի հասկանալ, թե ի՞նչ է անունը, ինչու՞ է եկել, ի՞նչ է ուզում, բայց ապարդյուն: Ճիշտ է, նա իր ոճով, իր լեզվով էր խոսում և գուցե պատասխանում էր իմ հարցերին, սակայն ես չէի հասկանում: Նա այնքան արագ ու չգիտեմ ինչերեն էր խոսում, որ այլևս չէի կարողանում զսպել ծիծաղս:

Երկար հարց ու փորձից հետո պարզվեց, որ ջուր է ուզում: Մի քանի բաժակ ջուր խմելուց հետո նա այնքան մտերմացավ հետս, որ արդեն առանց «թույլտվության» մտնում էր տուն ու դուրս էր գալիս:  Այս անգամ, երբ ես էի նրան տեսնում, անկախ ինձնից ձեռքերս վեր էի բարձրացնում: Ճիշտ է, չափազանցրի, բայց տպավորությունը այդպիսին էր:

Փորձեցի նկարել և նկարվել նրա հետ, սակայն թույլ չտվեց: Մի քանի անգամ ասացի սելֆի, սելֆի, բայց ձեռքերը խաչեց ու թույլ չտվեց: Դրանից հետո այլևս ոչինչ չարեցի:

Շշերի մեջ ջուր լցրեցի և տվեցի նրան, վերջում էլ ասացի՝ նամաստե: Ժպտալով ինձ, ձեռքերը կպցրեց իրար, մի փոքր խոնարհվեց ու գնաց…

Երեկոյան, երբ այս ամենը պատմեցի մի քանիսին, սկսեցին ծիծաղել ու ասացին, որ նա եղել է բանվոր-էլեկտրիկներից մեկը, իսկ մեր գյուղ են եկել, որովհետև էլէկտրասյուներն են ամրացնում և նորոգում:

Հիմա, երբ նստած գրում էի այս նյութը, մտածում էի, թե ի՞նչ վերնագիր դնեմ հոդվածիս՝ «Ես ու հնդիկը», թե՞ «Ես ու հնդկացին»: Չիմանալով, թե որն է ավելի լավը ու ճիշտը, ընտրեցի մեկ ուրիշը, բայց դա էլ վատը չէ:

Մի բան էլ ասեմ: Ժողովրդի մեջ մի խոսք կա տարածված, ասում են, թե շաբաթվա առաջին օրը ինչպես սկսվում է, այնպես էլ ավարտվում է շաբաթվա վերջին օրը: Այժմ նոր արկածների եմ սպասում:

Հ.Գ. Հիմա սպասում եմ հաջորդ  հյուրին, բայց լավ կլինի, որ այս անգամ ճապոնացի կամ չինացի լինի…

Artyom Avetisyan

Ամառվա մի հատված

Երբ ասում ես՝ ամառ, շրջապատիդ մարդիկ միանգամից հասկանում են տաք, ուրախ, ջերմային, անհոգ ու թարմ օրեր: Ոչինչ չունեմ ասելու, այդպես էլ կա, ուղղակի այդ անսահման օրերի հետևում թաքնված են մի շարք տանջալից, տխուր, հոգնեցուցիչ և նմանատիպ այլ օրեր, որոնք կարող են ամեն ինչ փչացնել:

Ոմանք, երբ ասում ես՝ ամառ, միանգամից պատկերացնում են դաշտ, գույնզգույն ու բուրավետ ծաղիկներ, որոնց միջով կարելի է աչքերը փակ վազել ու երազել, թիթեռների հետևից ընկնել և այլն: Բայց արի ու տես, որ երբ վազում ես դաշտի միջով, գույնզգույն ծաղիկների հետևում թաքնված կլինեն կենդանիներ, որոնք կարող են քեզ հանկարծակիի բերել և վախեցնել, հաստատ կլինեն մեղուներ, որոնք քեզ հաստատ կկծեն, իսկ թիթեռներին կփոխարինեն մոծակներն ու ցեցերը…

Սրանով ես չեմ ուզում ասել, որ ամառը վատն է, ուղղակի եկեք ամեն ինչ ընդունենք և տեսնենք այնպես, ինչպես որ կա: Ամռան մասին հիմնականում երազում են փոքր երեխաները՝ ապրելով ուրախ, անհոգ և պաշտպանված: Իսկ երբ մեծերի մոտ տալիս ես ամառ բառը, միանգամից տրամադրություններն ընկնում է: Պատճառն այն է, որ սկսվում է խոտքաղի, բուրդ լվանալու, բանջարանոցը ջրելու, հացահատիկի բերքը հնձելու և նմանատիպ այլ գործերի սեզոնը: Սակայն ես նույն պահին փորձում եմ փոխել նրանց դեմքի արտահայտությունը՝ ասելով.

-Հա, դե ամառ ա, էլի, մրգի շրջան ա, կերե՛ք, թարմացե՛ք ու աշխատեք: Հո ամբողջ տարին ամառ չի՞ լինելու, ու միրգն էլ՝ դեմներդ փռած:

Խոսքերս լսողները սկսում են ժպտալ, սակայն միաժամանակ ասում են.

-Օր դառնաս մեր թայ, սկի հավես էլ չենիս քելաս…

Ճիշտ է, նրանց էլ է պետք հասկանալ, որովհետև առանց ամառվա գործերի հնարավոր չէ ապրել և կերակրել ընտանի կենդանիներին ողջ ձմռանը: Իսկ մեր զրույցը երբեմն ընդհատում են կա՛մ ընտանի թռչունները՝ իրենց ձայներով, կա՛մ էլ շները՝ իրենց հաչոցով:

Ասացի թռչուններ՝ հիշեցի: Նրանք երևի փոքր երեխաներից ավելի շատ են դրսում լինում և ավելի լավ են վայելում իրենց ամառային հանգիստն ու արձակուրդները: Մի մասը ավազի վրա քուջուջ անելով արևայրուք է ընդունում, մի մասը ջրում լողանալով հովանում է, մյուս մասն էլ պարզապես նայում է, թե ինչպես եմ իրենց նկարում:

Artyom Avetisyan

Հարի Փոթերի մոտիվներով

Լյումոս մաքսիմա: Հանդիսավոր երդվում եմ, որ մտքիս լավ բան չկա:

Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք կախարդական աշխարհների, դպրոցների, մարդկանց և պրոֆեսորների մասին: Անգլիացի մի կին՝ Ջոան Ռոուլինգ անունով, գնացքով Մանչեսթերից դեպի Լոնդոն էր մեկնում, երբ հանկարծ տեսնում է նիհար, կլոր ոսպնյակներով ակնոցով և կայծակնաձև սպիով մի տղայի, որը Ռոուլինգի կարծիքով հրաշագործ էր, իսկ ճակատի սպին ինչ-որ կարևոր նշանակություն ուներ:

Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք այն մասին, որ մեզ շրջապատող մարդկանցից ոմանք, գուցե և հենց մեր ընկերները, մտերիմները և ծանոթները, գաղտնի ապրում և ստեղծագործում են այնպիսի աշխարհում, ինչպիսին Հոգվարթսն է, և որի մասին մենք չգիտենք, չենք էլ կարող պատկերացում կազմել: Չնայած, որ ես երբևէ հմայախոսք չեմ լսել ինչ-որ մեկից և ականատես չեմ եղել նրան, թե ինչպես են գորշ ամպերը կուտակվում, երկինքը՝ մթնում, ինչի արդյունքում էլ դուրս է գալիս «Ինքներդ-գիտեք-ում» խորհրդանիշը, ես կիսով չափ հավատում եմ նմանատիպ հրաշքների, գերբնական ուժերի ու երևույթների:

Հոգվարթս. դպրոց, որտեղ դասավանդում են հրաշագործները, իսկ աշակերտները ընկերասեր և աշխատասեր են, միշտ պատրաստ են իրար օգնելու: Այնտեղ ամեն ինչ հիասքանչ ու հոյակապ է, միայն թե ամեն ինչ խախտվում է այն ժամանակ, երբ հայտնվում է «Ինքներդ-գիտեք-ով»: Ասացի աշակերտներ, հիշեցի: Նրանք տեղաբաշխված են ըստ ֆակուլտետների՝ Գրիֆինդոր, Հաֆլփաֆ, Ռեվենքլո և Սլիզերին: Ասեմ, որ այս 4 ֆակուլտետներից ինձ միայն դուր է գալիս Սլիզերինը, բացի նրանից, որ անունը գեղեցիկ ու տպավորիչ է հնչում՝ Սլիզերինի տան խորհրդանիշը օձն է: Շատ կցանկանայի, որ օրերից մի օր Հոգվարթսից մի բու ինձ նամակ բերեր, հայտնվեի Ծուռտիկ նրբանցքում, հետո Օլիվանդերի խանութից գնեի սեփական կախարդական փայտիկս, կենդանիների խանութից գնեի մի բու, իսկ Գրինգոթս բանկից վերցնեի իմ սեփական և ինձ անհրաժեշտ գումարը՝ գնացքում լիքը քաղցրեղեն և շոկոլադե գորտ գնելու համար: Այնուհետև 9 և 10 համարի կառամատույցների արանքով անցնեի և հայտնվեի 9¾-ում, որտեղից էլ նստեի «Հոգվարթսի ճեպընթացը» և շարժվեի դեպի դպրոց: Ապա դասակարգվեի Սլիզերինում, Ալաստոր Խոժոռի մոտ սովորեի մթին արվեստների դեմ պաշտպանությունը, Սևերուս Սնեյփի մոտ՝ դեղաթուրմերի պատրաստումը, Միներվա Մաքգոնագալի մոտ՝ կերպարանափոխությունը և այլն: Բայց, ցավոք, չեմ կարող դառնալ նրանցից մեկը, որովհետև շուտով դառնալու եմ 17 տարեկան, իսկ դեղաթուրմերի պատրաստման սիրելի ուսուցիչս մահացել է: Անգամ չեմ էլ կարողանում օձերի հետ խոսել, որ գոնե այդ կարողության շնորհիվ ընդունվեի Հոգվարթս: Գիտեմ, սա պարտադիր պայման չէ, բայց էլ ուրիշ ոչ մի ունակություն չունեմ՝ Հոգվարթսում ուսանելու: Նաև ասեմ, որ եթե հիշում եք, իմ սիրելի ֆակուլտետում էր սովորել բոլոր ժամանակների մթին կախարդը՝ Թոմ Մարվոլո Ռեդլը, նույն ինքը՝ Վոլան դե Մորտը, որը միշտ ցանկանում էր աշխարհին տիրանալ և սև մոգությամբ լցնել ամեն ինչ:

Իսկ եթե այս աշխարհն իսկապես գոյություն ունի… Չնայած, եթե գոյություն էլ ունենա, մեզ նման «մագլերը» չեն հավատա, կամ էլ՝ դժվարությամբ կընդունեն՝ բացառությամբ մի քանիսի: Նրանք հաստատ չեն հավատա Մահվան պարգևների, միաեղջյուրների, տնային էլֆերի և փիքսիների գոյությանը:

Ինչպես ասում են մեծն մոգերը՝ լինենք Հարիի պես խիզախ, Ռոնի նման ընկերասեր և Հերմիոնայի պես խելացի:

Խաբեությունը հաջողվեց: Նոքս:

Artyom Avetisyan

Հնչյուններ Լիճքից

Իմ գյուղը՝ Լիճքը, բացի թարմ ու գրավիչ գեղեցիկ բնությունից, աշխատասեր գյուղացիներից, կենսուրախ ու ժպտադեմ մանուկներից, տարբերվում է նաև իր իր բարբառային քաղցրությամբ, խոսելաձևի հատկանիշներով ու յուրահատկություններով:

Նախ ասեմ, որ գյուղս սկզբից կոչվել է Եղեգնագեղ, Եղեգնագյուղ, այնուհետև՝ Գյոլ, Գել, Գյոլ- Քենդ, իսկ 1946 թվականից անվանվել է Լիճք: Լիճքեցիները այնքան միասնական, համախմբված և «պաշտպանող ու պաշտպանվող» ժողովուրդ են եղել, որ ստացել են «արյունախում» մականունը:

Լիճքի բարբառը սերում է Ալաշկերտի բարբառից, քանի որ մեր նախնիները գաղթել են հենց Ալաշկերտից և հարակից վայրերից, իսկ դրա մասին ես արդեն պատմել եմ: Դե ինչ, ձեզ եմ ներկայացնում Լիճքի բարբառային բառերից՝ իրենց բացատրություններով:

Ասրցնել- արգելափակել

Ակռկել- լռել

Բիար- անմշակ հող

Բեխաբար- անտեղյակ

Գռշտել- հրել

Գուփ- փոս

Դխիրել- անկանոն դասավորել

Դեմուդարձ ընկնել- կարոտ զգալ

Եքա- շատ

Երես-բերես- դեմ առ դեմ

Զեբուն- նիհար

Զըխըթել- ուտել (ասում են բարկացած ժամանակ, կոպիտ բառ է, oրինակ՝ գնա հազ զըխըթի- գնա հաց կեր)

Էտմլա- այդպես

Ընոկի- այդ պատճառով

Ըռութ- առվի կամ գետակի բերան

Թալվա- գոմ

Թփխուկ- նստած (ասում են զայրացած ժամանակ)

Ժժնուկ- խառնված

Ժուռընկան- ոչ գործունյա մարդ

Իդահախ- այս անգամ

Իստըկել- մաքրել

Լավոթել- խայտառակել

Լղջուկ- ճզմած

Խստու- դիտմամբ

Խիբիլիկ- փոքր

Ծակռտուկ- ծակծկված

Ծմըռտկալ- ձգվել

Կակխնալ- փափկել

Հելուգ- դուրս եկած

Հուշիգ- կամաց

Ղուվաթ- ուժ, կարողություն

Ճոռթուգ- լոճած

Ճոռբերան- բերանը ծուռ

Մամշել- բորբոսնել

Մռփել- քնել

Նըղնըղել- սրբել

Նեմռուտ- գոռոզ

Շաղթա- ցրտահարում

Չուֆթել- հարվածել (սովորաբար՝ կենդանիները)

Չռպադան- լեզվանի

Պասմա- փռած գոմաղբ

Պլպլուն- փայլփլուն

Ջաղդա- ճամփա

Ջալագնդուկ- տրորված

Ռանչպար- հողագործ

Ռըկուկ- վրդովված

Սոլեր- կոշիկ

Սաբախտան- առավոտ

Տուզախ- ձկնորսական ցանց

Ցլացի- սահեցի

Ցան- չորացրած գոմաղբ

Ուրանք- իրենք

Ուրին-ուրին- ինքնիրեն

Փլստալ- ոտքը սահել

Քեփլտալ- սայթաքել

Օզրուգ- ծռված

Օռփեվերի- այրի կին

Ֆռռալ- զբոսնել

Ֆտսել- շոգել

Բառերի մեծ մասը չեն արտասանվում այնպես, ինչպես գրված են: Ը, հ, ու և այլ տառերով սկսվող բառերն արտասանելիս դրանք փոխվում են այլ հնչյունների, որոնք ընդհանրապես գոյություն չունեն այբուբենում, բայց հնչում ու ապրում են լիճքեցու հոգում:

Գուշակիր մեղեդին

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

«Գուշակիր մեղեդին» մրցույթ-միջոցառումը, կարող եմ ասել, որ փոխեց դպրոցական մթնոլորտն ու միջավայրը: Այն առանձնացավ երաժշտության և ինտելեկտուալի միախառնումով, իսկ առանձնապես ինձ համար՝ որպես դպրոցում իմ վարած երաժշտական մեծ նախագծով:

Մրցույթ-միջոցառումը հանդիսատեսին տվեց բացարձակ լավ երաժշտական ժամանցի տարբերակ, օգնեց հանգստանալուն զուգահեռ, շահագրգռված դիտել:

Մի քանի օր առաջ էր, երբ դպրոցում անցկացվեց «Գուշակիր մեղեդին»: Գաղափարը իմն էր և աշակերտական խորհրդինը:

Մի քանի շաբաթ առաջ էր, երբ համակարգչով ամբողջությամբ տեսա և վերջացրի «Գուշակիր մեղեդին» նախագծի բոլոր հաղորդումները: Տեսնելուց հետո որոշեցի, որ կարելի է այն անցկացնել դպրոցում և որոշ ժամանակով կտրվել դպրոցական լարված առօրյայից: Ամբողջ ծրագիրը մտածեցի, երբ պառկեցի քնելու: Եկա այն եզրահանգմանը, որ ազդանշան կոճակներին կփոխարինեն գունավոր դրոշակները, լազերային էկրաններին՝ ցուցատախտակները՝ իրենց պաստառներով, երաժշտական բաժիններով ու կատեգորիաներով, իսկ Ավետ Բարսեղյանին կփոխարինեմ ես: Հաջորդ օրը այս մասին տեղեկացրի աշակերտական խորհրդի անդամներին, և դպրոցի տնօրենից թույլտվություն ստանալով, անցանք գործի: Որոշեցինք, որ մրցույթին կարելի է հրավիրել ուսուցիչներին, և նրանք էլ կմրցեն միմյանց դեմ:

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Տեղի ունեցավ չորս խաղ, յուրաքանչյուր խաղի ժամանակ ավելացավ թե՛ հանդիսատեսի, թե՛ երկրպագուների թիվը:

Բոլոր ուսուցիչները հոյակապ էին խաղում, մեկը մյուսից փայլում էր իր երաժշտական տաղանդով, և պարզվեց, որ ոչ միայն իրենց մասնագիտության մեջ են հմուտ, այլև երաժշտության բնագավառում:

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Վստահ եմ, որ եթե ուսուցիչներն էլ կարողանային թղթակցել 17.am-ին, ապա նրանք էլ իմ մասին նյութ կգրեին, մի քանի թեմաներում պատմելով իմ մասին, իմ առաջարկած ծրագրի մասին, իմ՝ այդ ծրագիրը վարելու մասին և այլնի վերաբերյալ:

Ամեն խաղի ժամանակ հնչում էին 30 և ավելի երգեր, որոնք բացի մրցողներից, կռահում էր նաև հետաքրքրասեր հանդիսատեսը:

Մասնակցեցին 9 ուսուցիչներ ու ուսուցչուհիներ, որոնցից 3-ին հաջողվեց հաղթահարել բոլոր փուլերը և հաղթել սուպեր խաղը: Այնուհետև 4-րդ խաղում միմյանց դեմ մրցեցին սուպեր խաղը հաղթա» 3 մասնակիցները՝ Անահիտ Ավագյանը, Ալինա Հովհաննիսյանը և Գոհար Գևորգյանը: Այս «եթերաշրջանի» վերջին փուլում կրկին փայլեց Անահիտ Ավագյանը՝ բոլորին ցուցադրելով իր երաժշտական կարողությունները և ունակությունները: Բոլոր հաղթողներին դպրոցի տնօրինությունը շնորհեց նվերներ և պատվոգրեր, այդ թվում նաև ինձ, որպես հետաքրքիր և ժամանցային ծրագրերի առաջարկող և հիանալի կերպով անցկացնող ու վարող:

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Մասնակիցների թվում էին՝ Աննա Գասպարյանը, Գարիկ Սիմոնյանը, Գոհար Գևորգյանը, Անահիտ Ավագյանը, Սամվել Սուքիասյանը, Հեղնար Սմբատյանը, Արաքս Հոխիկյանը, Ռաիսա Մինասյանը և Ալինա Հովհաննիսյանը: Ծրագրի հյուրերը իրենց երաժշտական գիտելիքները փոխանցեցին միմյանց և ներկա գտնվողներին: Նախագծի ցանկում էր ընդգրկված նաև դաշնակահար, մաեստրո Անի Հոխիկյանը, ում ներկայությամբ և օգնությամբ ավելի ջերմացավ միջավայրը, ավելի հետաքրքրացավ խաղը և հուշում երգերի ժամանակ հնչեցնելով 5 և ավելի երգերի 7-ից մինչև 3 նոտաները, ավելի աշխուժացավ խաղը:

Երգացանկում ընդգրկված էին տարբեր ժանրի, տարբեր ոճի, տարբեր լեզուների երգեր՝ «Երևան ջան»-ից դեպի «Անգլիալեզու», «Երաժշտական ծաղկեփունջ»-ից մինչև «Ռազմական», Սայաթ-Նովայից մինչև «Պարային», և այլն:

Եվ վերջում ուզում եմ ասել, որ եթե օրերից մի օր Ավետ Բարսեղյանին բախտ վիճակվի կարդալ այս հոդվածը, ապա թող նա էլ ինձ ընդգրկի իր ծրագրում:

Գարնանային էսքիզներ

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Փաստորեն գարուն է: Չգիտես ինչու, բայց այս տարի գարունը շատ ուշ այցելեց մեր համայնք, երևի տեխնիկական խնդիրներ կային, դրանից էր: Գարնան այցելության ու զարթոնքի հետ մեկտեղ, բնությունն ու գործունյա գյուղացիներն էլ են արթնացել և ելել են ոտքի: Սկսվել և արդեն ավարտվել է գարնանացանը՝ հացահատիկի վարուցանքը, կարտոֆիլի ցանքսը, բանջարեղենների ու ծաղիկների սերմնացանությունը: Մարդիկ մեղրատու մեղուների նման աշխատում են և մի օրվա մեջ շուրջ 5-6 գործ են ավարտում, ուղղակի մի տարբերություն կա. նեկտարը հավաքում են ավելի ուշ և շատ տանջանքով:

Այժմ խաղաղություն է Լիճքի դաշտերում, և աշխատանքը եռանդուն կերպով աճում է, իսկ աշնանը այն դառնում է գարու և ցորենի ոսկեգույն հատիկ:

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Գարնանը քնից արթնանում են նաև փոքրիկ ձորակները միմյանցից զատող, ձնհալի ջրերից սնվող, վարարող գետակները, որոնցից օգտվում են նաև գյուղացիները՝ հողը մշակելու և ոռոգելու հարցում: Հմա գետակների վարարման շրջանն է:

Ծառեն արդեն ծաղկել են Լիճքում, այնպես որ, շուտով ծիրան եմ համտեսելու, շնորիվ բարի գյուղացիների եռանդուն աշխատանքի: Իսկ ծառերի բերքատվության հարցում կրկին խառն է գյուղացու մատը: Ինչպես նրանք են ասում. «Եթե ծառերը չծիրատենք, բերք չի լինի»: Ճիշտն ասած, երբ ասում են գարուն, ես միշտ ծաղկած ծառերն եմ հիշում ու պատկերացնում դրանց զուգահեռ նաև ճանապարհների տիղմը, անանցանելիությունը և անձրևները:

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Հիշում եմ նաև, որ երբ փոքր էի, ուսուցչուհիս միշտ հանձնարարում էր գարնան մասին շարադրություն գրել ու ամեն անգամ այսպես էի սկսում. «Տարին ունի չորս եղանակ»…

Գարնան գալստյան հետ ամբողջ դաշտերը ծածկվել են երփներանգ ծաղիկներով ու բույսերով: Կան բույսեր, որոնք գյուղացիները օգտագործում են որպես դեղամիջոց պատրաստելու բաղադրատոմս, ինչպես նաև ձմեռվա պաշար: Դրանցից հայտնի են սիբեխը, շուշանը, սպիտակ բանջարը (գյուղի բարբառով՝ սիվդգուկ), խատուտիկը, ճարճատուկը և այլն: Ծաղկել է նաև յասամանը: Ասեմ, որ յասամանից ևս դեղամիջոց են պատրաստում:

Չէի ասի վերջապես, բայց մասամբ սև ու գորշ և միմյանցից կախված ամպերի տակից դուրս է գալիս արևը և հազիվ իր ջերմ շողերով ջերմացնում բոլորին: