Սյուզաննա Արշակյանի բոլոր հրապարակումները

Syuzanna Arshakyan

Անօրինությունը՝ վաստակելու միջոց

Լուսանկարված էջեր, սկանավորված և PDF դարձած տարբերակներ։ Ահա այն գործոնները, որոնք ողողելով համացանցը՝ դարձան ժամանակակից հեղինակների մտահոգության պատճառները։

Հեղինակային իրավունքի մասին ՀՀ օրենքը խախտողներն այն հավասարազոր են դարձրել «սպանության» մասին օրենքին։ «Մի սպանիր վաղվա գիրքը»։ Այս է հրատարակչությունների կոչն ու հորդորը սոցիալական կայքերում ակտիվորեն անօրինականությամբ զբաղվողներին։

Մի՞թե գրքերը գրվում են՝ տեղ գտնելու համար անձնական նամակագրություններում, էլեկտրոնային փոստերում և անգամ սոցցանցային խմբերում:

«Երիտասարդները հետաքրքրված են ժամանակակից գրքերով»։ Առաջին հայացքից ուրախալի թվացող արտահայտությունն իրականում ծածկոց է՝ վաստակելու միջոցը թաքցնելու համար։ Առանց հեղինակի թույլտվության, գրքերի անորակ տարբերակների տարածումն ավելի վտանգավոր դարձավ, երբ հայտնվեցին գնապիտակները։ Արդյունքում, մի կողմը վաստակում է, մյուսը՝ տուժում։ Ֆինանսական առումով տույժն ակնհայտ է, ընթերցողներին տրամադրվում են ապօրինի էլեկտրոնային տարբերակները, գրախանութներում կտրուկ նվազում է գնելիությունը։ Տուժում են նաև գրքի ստեղծմանը մասնակից դարձած բոլոր ստեղծագործողները, հեղինակից մինչև մարքեթինգային կազմակերպություն և նկարազարդողներ, կորցնում են հաջորդ գրքի ստեղծման մասին մտածելու շարժառիթը, նպատակն ու միջոցները։ Սոցիալական կայքերից գնված օրինակները հաճախ, եթե ոչ միշտ, չեն համապատասխանում բնօրինակին։ Ընթերցողին բնօրինակի փոխարեն հասնում է սղագրված, կիսատ, փոփոխված տարբերակը, կարծիքները տարածվում են համացանցում՝ գցելով գրքի վարկանիշը։ Այս պարագայում հետևանքները ևս կանցնեն գործի, անօրինական տարբերակները կջնջվեն, բայց վարկանիշը վերադարձնելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Հեղինակները մտածում են այս մասին, գրառումներ կատարում, հորդորում, որ դադարեցվեն տարածումները։ Նրանց նպատակը ընթերցողին սխալ ճանապարհից վերադարձնելն ու սեփական իրավունքների հանդեպ հարգանք տեսնելն է։

«Գիրք գնելը պետք է ընկալել ոչ թե որպես ինչ-որ մարդկանց հարստացնելու քայլ, այլ հարգանքի տուրք սիրելի հեղինակներին, թարգմանիչներին, դիզայներներին, խմբագիրներին և այլոց»,- ասել է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։ Երիտասարդ գրող Արմեն Նիազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Պատրաստ եմ տպագիր գիրքը տալ կարդալու նրան, ով իրոք շատ է ցանկանում կարդալ, բայց գնելու հնարավորություն չունի»։ Այսպիսով, պահպանելով դիմացինի հեղինակային իրավունքը՝ յուրաքանչյուրս կդառնանք գրքերի ստեղծման, օրինական վաճառքի ու փոխադարձ հարգանքի մասնակիցն ու աջակիցը։

Syuzanna Arshakyan

Համալսարանում ուսանողը վերջին տեղում է

Երբ մասնագիտությանդ ամենափոքր դետալներին ծանոթանալիս ես հասկանում, որ երեք տարի շարունակ համալսարանը գրեթե ոչինչ չի տվել…
Ավելին, ուսանողի հանդեպ կառույցի անտարբերությունը հանգեցնում է նրան, որ ուսանողը հիասթափվի սեփական ընտրությունից։

Խոսքը դասախոսական կազմի կամ ուսումնական ծրագրի մասին չէ, չնայած՝ սա բոլորովին այլ ու ավելի ցավալի թեմա է ուսանողներիս համար, այլ առօրյա ու աննշան թվացող խնդիրների, որոնք միայն հերիք են, որ ուսանողն անգամ հոգնի մասնագիտական հետաքրքրություններից ու ինչքան էլ շահագրգռված լինի սեփական ընտրությամբ, միևնույնն է, այս գործոնները չեն կարող ազդեցություն չունենալ։

Մասնագիտություն սովորելու ընթացքը երիտասարդի համար ամենակարևորն է։ Ուսանողն ամբողջ ուժերը կենտրոնացնում է դասերի վրա, փորձում ամեն հնարավորը քաղել չորսը տարվա ընթացքում ու կառչել ցանկացած հնարավորությունից, իսկ համալսարանի համար ուսանողը, չեմ վախենա ասել՝ վերջին տեղում է։ Դեպքերից մի քանիսը համառոտ ներկայացնեմ։

1. Դասախոսը չգիտի քննության մասին, ներկա չէ, իսկ ուսանողները վաղուց համալսարանում են։
2. Քննության, կուրսային աշխատանքի պաշտպանության և այլնի մասին, որոնց պատրաստվելու համար ուսանողին պետք է հատկացվի ամենաքիչը մեկ շաբաթ, բայց ուսանողը տեղեկանում է նախորդ օրն ու ստանում մեկ օր, ինչը բավական չէ ուզածդ ձևով ներկայանալու համար։ Հաջորդիվ համալսարանի ընձեռնած հնարավորությունների մասին, եթե այդպիսիք կան։ Օրինակ, համալսարանում գործում է թերթ, որտեղ ուսանողներն ունեն իրավունք տպագրվելու, և ինչը խրախուսում են դասախոսները։ Իսկ երբ դու՝ լինելով լրագրություն բաժնի ուսանող, ցանկանում ես ստացածդ գիտելիքը կիրառելով խոսել բոլոր ուսանողներին հուզող խնդիրների մասին, հույս ունենալով, որ այն կտպագրվի և դասախոսներն ու անձնակազմը ևս կկարդան, հայտնվում ես հուսահատության հաջորդ կանգառում, քանի որ հոդվածդ չի պարունակում պրոֆեսորադասախոսական կազմի գովաբանություն, այն միանշանակ տեղ չի գտնում համալսարանի թերթում։ Հնարավորության հաջորդ դուռը բացվում է մասնագիտական պրակտիկաների ժամանակ, որի կազմակերպման կարգ ու կանոնը ևս զարմացրել է մեզ։ Բոլորս թողնում ենք առօրյա գործերը, աշխատանքից բացակայում, ժամանակը տրամադրում մեզ համար ամենակարևորին և մեզ նախապես ասված ժամին ներկայանում հեռուստատեսություն, որտեղ պետք է անցկացնենք պրակտիկայի առաջին օրը։ Անվտանգության աշխատակցից ենք միայն իմանում, որ մեր խմբին ուղեկցող ղեկավարը քովիդի պատճառով մեկուսացման մեջ է, մոտակա մեկ շաբաթը աշխատանքի գալ չի կարող։ Ի դեպ, այս տեղեկությունը ստանալուց րոպեներ առաջ համալսարանից հրահանգ էինք ստացել մեզ ուղեկցողին ևս մեկ ժամ սպասելու։ Մի՞թե չի կարելի կապ հաստատել հաստատության կամ անհատի հետ, ուսանողական խմբին հստակ ժամի, հստակ վայր ուղարկելուց առաջ։ Ու՞մ է ուղղված համալսարանի ուշադրությունը, կամ ինչո՞վ է պայմանավորված այս անտարբերությունը։ Պարզ է դառնում միայն, երբ բանը հասնում է վարձավճարներին։ Անտարբերությունը փոխվում է կատարյալ ուշադրության, օր առաջ պետք է կատարես համապատասխան վճարումը, հակառակ դեպքում չի թույլատրվի ներկայանալ քննության, բոլորի մոտ կհայտարարեն անուն-ազգանունդ և կհիշեցնեն վարձի վճարման մասին։

Ուսանողը համալսարանի համար պարզապես եկամուտի աղբյուր է, ոչինչ ավելի։ Ու այս համոզմանը եկած երիտասարդը ուսման երրորդ տարում է միայն վերապրում սեփական մասնագիտությանը սիրահարված լինելու զգացումը, երբ հեռուստատեսությունում առաջին անգամ հադիպում է այն իրականությանը, որն ընտրել է։

Syuzanna Arshakyan

Արձակուրդ աշխարհից

-Ժամանակ չունեմ։

-Չհասցրի մտածել։

Հիմա եմ հասկանում, որքա՜ն անիմաստ ու անբովանդակ են նման պատճառաբանումները։ Պատճառներ, որոնք առաջ ենք բերում հարազատին չայցելելու, միմյանց ձեռք չմեկնելու կամ էլ որևէ մեկի խնդրանքը չկատարելու համար: Ժամանակ դեռ շա՜տ կունենանք, իսկ հարազատին այցելելու, ընկերոջ վիշտը կիսելու հնարավորությո՞ւն։ Չբացառենք, որ օգնելու խնդրանք ևս չենք ունենա: Ինչևէ: Առանց այն էլ չէինք կարողանում հավասարվել կյանքի խելահեղ ընթացքին, գլուխներս միայն մեր անձնական գործերի, մտքերի ու մտածմունքների մեջ թաղած շնչակտուր վազում ու վազում էինք՝ շատերս անգամ տեսադաշտում չունենալով վերջնակետը։ Ու հանկարծ բոլորս ստանում ենք չնախատեսված արձակուրդը։ Արձակուրդ ոչ թե աշխատանքի վայրից կամ ուսումնական հաստատությունից, այլ ես կասեի՝ աշխարհից։ Ի՞նչ ես անում քո բաժին արձակուրդի ընթացքում, քո աշխարհում։ Շատերի համար ուղղակի ժամանակի կորուստ է, ի՜նչ ենք անելու։ Մյուսների համար ժամանակի մե՜ծ չափաբաժին, մե՜ծ հնարավորություն, սեփական «ժամանակ չունեմ»-ները մի լավ քրքրելու համար։ Մի պահ մտածեցի, որ բոլորս մեր գործերը, նպատակները սեղմել ու տեղավորել էինք այս մեկ ամսվա մեջ, ինքներս մեզ տվել ընդամենը մի ամիս դրանց հասնելու, ինչ-որ գործեր ավարտին հասցնելու համար։ Հիշենք, որ կորոնավիրուսից հետո կա կյանք։ Ի՞նչ էինք անում, երբ ժամանակը շատ էր, իսկ առօրյան՝ ազատ։ Ո՞ւր էինք այդքան շտապում, ի՞նչ էիք անվերջ ձեռնարկում, որ հիմա խուճապահար եղած փորձում ենք հասցնել ամեն բան։ Եկեք հիմա շեշտը դնենք ոչ թե նյութականի, որը կարծում եմ՝ բոլորիս մտածելակերպում է արժեզրկվել, այլ հոգևորի, աննյութականի վրա։ Ինքս մի քանի գիրք էի առանձնացրել ու աշխարհից արձակուրդի ընթացքում որոշել էի կարդալ։ Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. Ես վախենում եմ»-ը առաջինն էր ու ամենահամապատասխանը ստեղծված իրավիճակին։ Անհնար է կարդալ առանց մտքերի մեջ ընկնելու, ինքդ քեզ հետ կռիվ տալու ու որոշումներ կայացնելու։ Կարդալիս գեթ մեկ անիմաստ կամ անհետևանք հանդիպում չես ունենա ոչ մի հերոսի հետ: Մարդկային անտարբերության, խարխլված հարաբերությունների, վայրկենական արված որոշումների ու այս ամենի հետևանքների մասնակից հերոսներից մեկը ներսումդ մի նոր ու անհրաժեշտ արժեք է ձևավորում, մյուսը՝ թույլ տալիս ու օգնում ազատվել ներսումդ արմատացած շա՜տ-շա՜տ «անպետք»-ներից։ Ընթացքում դու ևս դառնում ես մասնակից, ոչ երբեք դիտորդ կամ ուղղակի ընթերցող, եթե անգամ չգտնես քեզ նրանցից որևէ մեկի մեջ, կամ հենց քո մեջ տեսնես նրանցից մի մասնիկ, վստահ եմ՝ կզգաս ինչ-որ բացթողում ու մեծ ցանկություն՝ մեկնելու քո ձեռքը, որին նրանք փնտրում ու սպասում են։ Ասածս ինչ է, գտեք ձեր զբաղմունքը, օգտագործեք ժամանակը՝ գալիքին ուրիշ աչքերով նայելու համար։ Ի դեպ, գիրքը հրաշալի միջոց է։ Կորոնավիրուսից հետո կա կյանք, որը նյութականով չի սահմանափակվում։

Առո՛ղջ եղեք։

Syuzanna Arshakyan

Համացանցը՝ խոչընդոտ

Մեր օրերում, պայմանավորված մի շարք իրադարձություններով, լրագրությունը դարձավ «ամենամոդայիկ» մասնագիտությունը։ Շատերը կարծում են, որ տեսախցիկի, բարձրախոսի ու որոշակի քանակությամբ լսարանի առկայությունն արդեն նշանակում է լինել պատրաստի լրագրող։ Այսօր ամենատարածված լրատվամիջոցը համացանցն է, որը նաև անարգել հարթակ է յուրաքանչյուրի համար՝ կարծիքը կամ ասելիքը հասանելի դարձնելու լսարանին։ Իսկ տեղեկությունները, որոնք մատուցվում են «վստահելի աղբյուր» անվան տակ, հաճախ կրում են «Հասցրեք դիտել, շուտով ջնջվելու է», «Ինչ զգեստ կրեց երգչուհին համերգի ժամանակ» վերնագրերը։ Ցավալի է, երբ նույն գրառումները կատարած էջում տեղ գտած քաղաքական որևէ լուրը որակվում է որպես բացարձակ ճշմարտություն ու ողողում ամբողջ համացանցը։ Նման կայքերն ու նյութերը ոչ միայն խոչընդոտում են լրագրողի աշխատանքը, այլև աղավաղում «լրագրող» կերպարի ընկալումը հասարակության մեջ։ Կարիք չկա զարմանալու, որ մարդիկ խուսափում են լրագրողներից, փախչում տեսախցիկներից։ Յուրաքանչյուրս կվարվեինք այդպես՝ տեսնելով մեր լուսանկարը կամ հարցազրույցը որևէ էջում՝ հեգնանքով համեմված մեկնաբանությամբ։ Ինչ վերաբերում է անհատների կողմից տեղադրված տեսանյութերին, որոնք հիմնականում ներկայացվում են իբրև լրագրողական աշխատանք, հաճախ, եթե ոչ միշտ, ունենում են բոլոր այն թերություններն ու սխալները, որոնք անթույլատրելի են համարվում։ Որոնցից է օրինակ՝ արգելված վայրում նկարահանված կադրերի հրապարակումը։ Օրինակները շատ են, պատճառը՝ մեկը։ Նման գործունեություն ծավալողների մեծ մասը չունի համապատասխան մասնագիտական կրթություն։ Իսկ մինչ ապագա լրագրողները 4 տարի շարունակ սովորում են լրագրության նրբությունները, ստանում պահանջվող ու պարտադիր մասնագիտական կրթություն և յուրացնում «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները, տեսախցիկ, բարձրախոս և լսարան ունեցող երիտասարդները ջանում են շեղվել լրագրության սահմանված կանոններից՝ այդպիսով միայն նվազեցնելով հասարակության վստահությունը լրագրողների ու լրատվական միջոցների նկատմամբ։

Syuzanna Arshakyan

Աշակերտից ուսանող

Հանձնարարված դասը չհարցնելն ամենաբարի ու լավ ուսուցչի հատկանիշն է, աշակերտի երազանքը։ Դեռ աշակերտին վայել վարքով, մտածելակերպով ու իհարկե, որ ամենաբարդն է՝ բառապաշարով, մի խումբ պատանիներ ոտք են դնում համալսարան ու սկսում այն չափել ու գնահատել աշակերտական և դպրոցական չափանիշներով։ Լսում ես անհասկանալի թվեր ու անուններ, երբ ընդամենը շփոթվել ու «դասարանի» տեղն ես հարցրել, երբ դասախոսը հարցիդ պատասխանելու փոխարեն նախ (արդեն փորձ կուտակած) ժպտում է, ուղղում, որ ինքը դասատու չէ, այլ դասախոս, նոր անդրադառնում հարցիդ։ Ինչևէ, արդեն 2 ամիս է անցել իմ ուսանողական կյանքից, բայց դասախոսներին շարունակում եմ դիմել «ընկեր»- ով։ Ինչպես հասկացաք՝ դեռ չեմ համակերպվել։ Էլ ի՞նչ է պետք երջանիկ ուսանող լինելու համար՝ գալ, վայելել ուսանողական մթնոլորտը, շփվել դասախոսների հետ, ստանալ հանձնարարություն և վերջ։ Դե այո, ես էլ ձեզ նման թվարկածս շարքի վերջում մտովի կավելացնեի դասերին պատրաստվելը։ Բայց առաջին իսկ շաբաթից բոլոր դասախոսները դարձան մեր երազած ուսուցիչները, զարմացած էի, վախեցած և ինչու ոչ՝ նաև ուրախ, երբ հաջորդ դասին չէինք անդրադառնում նախորդ հանձնարարությանը։ Անկեղծ ասած՝ ամեն դասին վախեցած պատրաստվում էի։ Հանգիստ ու հետաքիքիր սեպտեմբերն անցավ ու հանկարծ բոլոր առաջին կուրսեցիները սկսեցին փորփրել սեփական հիշողությունը, գտնելու համար այն հանձնարարությունները, որոնց այդպես էլ չէինք անդրադարձել։ Եթե չկռահեցիք, ասեմ, որ առջևում էին միջանկյալ քննությունները։ Դպրոցում 2 էջ պարունակող ռեֆերատ գրելու համար ունեինք 1 շաբաթ, հնարավորություն ունեինք նաև նկար տեղադրելու, որը միշտ կազմում էր բոլորիս աշխատանքների մի ամբողջական էջը, իսկ այժմ մեկ շաբաթը պետք է անխնա օգտագործել՝ ընթացքում ևս ունենալու համար 4-5 աշխատանք՝ 12 էջից ոչ պակաս և առանց էջեր լրացնող նկարների ու 16-20 տառաչափի։ Դե ինչ, շաբաթը սկսվեց։ Միշտ զարմանում էի գրադարաններում ժամեր շարունակ հաստափոր գրքերի դիմաց նստած երիտասարդներին տեսնելիս, ինքս հոգնում էի միայն գրքերի հաստությունը տեսնելով, բայց այսօր արդեն ես եմ այդտեղ նստած, հարազատ դարձած գրադարանավարուհու հետ փնտրում եմ նյութերս։ Ժամանակ խնայելու համար տան ճանապարհին, որքան էլ անհարմար էր, ավտոբուսի մեջ բջջայինով կարդում եմ նյութերը, մտովի կրճատում, խմբագրում ու տուն հասնելուն պես արագ փոխանցում համակարգչին։ Միանշանակ այս ընթացքում իսպառ մոռանում ենք սնվելու մասին ու առավոտյան ուշացած, գլխացավով հասնում համալսարան։ Միջանցքները սովորականից տարբեր են, լուռ, իրար հերթ չտալով անդադար խոսող ուսանողներն այժմ թուղթ ու գրիչով լուռ պարապում են քննության համար։ Կոնֆետ հյուսիրելու փոխարեն սովորություն էինք դարձրել միմյանց գլխացավի դեղ հյուրասիրելը: Իսկ ամենամեծ երջանկությունը, որն անգամ նշում էինք, դա որևէ մեկիս աշխատանքի 12 էջի լրանալն էր։ Մի խոսքով տանջալի շաբաթից հետո, երբ բարեհաջող անցան բոլոր քննությունները, ևս մեկ շաբաթ քնելուց հետո հասկացանք, որ կյանքը շարունակվում է։ Իսկ միջանկյալ քննությունները, բացի առարկայական գիտելիքներից, սովորեցրին նաև գործել արդյունավետ, լինել համարձակ ու հավատալ սեփական ուժերին:

Syuzanna Arshakyan

Համարձակ ուսանող-լրագրող

-Լավ է գործել սխալ, հետո ներողություն խնդրել, քան հարցնել ու մերժում ստանալ։

Սա լրագրության ֆակուլտետի առաջին կուրսեցու և դասախոսի խոսակցության վերջաբանն էր։ Ես՝ ուսանող-լրագրողս, դեռ առաջին կուրսում տարված բազում նոր գաղափարներով, մտքերով, ամեն միտքս կյանքի կոչելուց առաջ վազում էի դասախոսներից ամենափորձառուի մոտ ու նրանից բոլոր ճանապարհներով փորձում հասկանալ՝ կարելի՞ է արդյոք անել այն, ինչն այդքան ժամանակ մտածում էի (կլիներ դա հարցազրույց կամ որևէ վտանգավոր նյութի հրապարակում), անկասկած վախենում էի, բայց ամեն անգամ փորձառուից մերժում ստանալով ու «չի կարելի»-ներ լսելով՝ հիասթափվեցի թե՛ մասնագիտությունից, թե՛ գաղափարներից, որոնք մտածել էի։ Դասախոսն ի վերջո զգաց հարցերիս բացակայությունն ու ինքը որոշեց հարց տալ։

- Հը՞, ո՞ւր են հասել գաղափարներդ։

-Հասել են Ձեր «չի կարելի»-ներին ու կանգ առել։

-Ափսոս, մի շաբաթ շարունակ սպասեցի, որ տեղադրես նյութդ համացանցում։

-Բայց մերժեցիք, ասացիք՝ չի կարելի։

-Լավ չէ՞ր լինի՝ հիմա երկու րոպե գլուխդ կախ ներողություն խնդրեիր, բայց դասից հետո շտապեիր խմբագրություն, որպես համարձակ լրագրող-ուսանող, որ արդեն մեկ ուրիշն է։ Իսկ դու վախեցար սխալվել։ Համարձա՛կ եղիր, դու լրագրող ես, կարիք չկա հարց ու փորձ անել, երբ հստակ նյութ և գաղափար ունես, իրագործի՛ր, հարկ եղած դեպքում՝ ներողություն կխնդրես ու կսովորես՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ։

-Իզուր Ձեզ լսեցի։

-Այս դեպքում, իհա՛րկե։ Սովորիր կերտել քո ճանապարհը, իսկ իմ անցած ճանապարհում դա չէր կարելի, լավ է գործել սխալ, հետո ներողություն խնդրել, քան հարցնել ու մերժում ստանալ, կոչվել «համարձակ» ուսանող-լրագրող։