Իմ բնակավայրը խորագրի արխիվներ

Sabina Davtyan

Երևանում

Բարի գալուստ մի քաղաք, որտեղ փողոցները տխուր են, իսկ մարդիկ մռայլ կամ միգուցե հակառակը: Քաղաքի անունը գեղեցիկ է, իսկ այլ քաղաքում տեղի ունեցող պատմությունները միշտ ողբերգական կամ ծայրահեղ վերջաբան են ունենում: Քաղաքի անունը Երևան է, իսկ ապրող մարդկանց կարգավիճակը՝ ծանր: Երևանը հաճախ անվանում են վարդագույն քաղաք, թեկուզ գունավորը քաղաքում քիչ է, իսկ հակառակը՝ անգույնը միշտ գերակշռում է: Երևանը միշտ իր այցելուներին է սպասում, որպեսզի զարմացնի հազարավոր քանդակներով, թանգարաններով, պուրակներով ու բազմազան համեղ ու հետաքրքիր վայրերով, բայց չգիտես ինչու, այդ ամենը քիչ է մարդկանց: Երևան շատ չեն գալիս, Երևանից շատ գնում են…

Գիտե՞ս, Երևանը տխուր քաղաք է: Դե հա, գիտեմ, հիմա մտածում ես այդքանից հետո էլ ո՞վ ուրախ կլինի, բայց չէ, դա դեռ ամենը չէր: Երևանում միշտ բաժանվում են, Երևանում միշտ դավաճանում են… Երևանից բաժանվում են, Երևանին դավաճանում են, բայց Երևանը բարի է, միշտ ներում է, միշտ հետ ընդունում` համոզված լինելով ու գիտակցելով, որ իրեն կրկին լքելու են, երբ ավելի հարմար տարբերակ գտնեն: Իսկ ի՞նչ անի խեղճ Երևանը, ելք չկա, ճար չկա…

Երևանում ամեն քայլափոխին քեզ ստում են: Ստում են, որ նման գնով ոչ մի խանութից զգեստ կամ ինչ-որ հիմար ապրանք չես կարող գնել, ստում են, որ ձմերուկը քաղցր է, ստում են, որ… Ստում են գումարի, զգացմունքի, վերաբերմունքի մասին… Ստում են, որ ձմռանը Երևանում ցուրտ չի լինում, բայց չեն պարզաբանում, որ չես մրսի, եթե ձմռանը միայնակ չլինես կամ հաստ վերարկուդ քեզ չի տաքացնի, եթե կողքինդ սխալ մարդ է:

Երևանում տարբերվողներին, խելացիներին, գեղեցիկներին չեն սիրում: Երևանում սովորել են տեսնել ստանդարտ ինչ-որ բաներ, ինչ-որ մարդկանց, իսկ երբ տեսնում են ինչ-որ ստանդարտներից դուրս բան, կամ մարդ, միանգամից սկսում են ընկճվել, վիճել, բամբասել: Երևանում սովորել են շրջապատված լինել հիմարներով, որովհետև հիմարի ստին հավատալը ավելի ձեռնտու է, քան խելացի մարդու կողմից հիմնավոր բերված փաստերին: Երևանում գեղեցիկը ու գեղեցիկներին չեն սիրում, որովհետև վախենում են միայնակ մնալուց, փոխարինելուց ու փոխարինվելուց: Կամ միգուցե գեղեցիկը վախեցնում է նրանց…

Երևանում քիչ են ժպտում, որովհետև ցավ ու տառապանք են տեսել, պատերազմ են տեսել, կորուսնտեր են ունեցել, ցուրտ, խավար ու ավերվածություններ են տեսել…

Երևանում հիասթափված են, որովհետև հոգնել են նույն միապաղաղ կյանքից, նույն ավտոբուսներով տուն ու աշխատանքի գնալուց, նույն մարդկանց միշտ տեսնելուց…

Երևանում մարդիկ էլ առաջվանը չեն… Նրանք էլ միմյանց չեն իդեալականացնում, իրավիճակները նույնպես, որ վերջում չկանգնեն այն իրականության առաջ, ոչ այն մարդիկ կան, որոնց իդեալականացրել էին, ոչ էլ  իրավիճակները…

Երևանում Ամանորը էլ առաջվա պես հույսերով ու երազանքներով չեն դիմավորում: Էլ ո՛չ հույսեր ունեն, ոչ երազանքներ, երևի հոգնել են միշտ սպասելով ու այդպես էլ չստանալով ու հիասթափվելով: Երևանում դադարել են հավատալ հեքիաթներին ու հրաշքներին…

Երևանում դադարել են հավատալ սիրուն, որովհետև հոգնել են խաբված, կոտրված, հիասթափված լինելուց: Հոգնել են առաջ շարժվելուց, իրենց այնպես պահելուց, ասես ամեն ինչ կարգին է, բայց իրականում աշխարհը փուլ է եկել իրենց գլխին, իսկ երազանքներն էլ ծանր օդի նման խեղդում են իրենց:

Երևանում հոգնել են ուժեղ լինելուց, սխալ մարդկանց սիրելուց:

Հոգնել են ավտոբուսներին երկար սպասելուց, ժամանակը անիմաստ վատնելուց:

Երևանում ուղղակի ուզում են երջանիկ ապրել:

Երևանում ուղղակի ուզում են ապրել…

Vera Sahakyan

Երկխոսություն մեր գյուղի՝ Բաղանիսի մասին

- Պապի՛, բա խի՞ են մեր գեղի անունը Բղանիս դրել։

- Դե, մեր գեղըմը վախտին տաք ջրեր են ըլըմ, դրան բաղնիս են ասելիս ըլըմ, էնա էդ անունից գեղի անունը դնըմ են Բաղնիս, հետո ժամանակի ընթացքըմ դառնըմ ա Բաղանիս։

- Պապ, բա ու՞ր են հմի էդ տաք ջրերը։

- Դե եսիմ, ժամանակի ընթացքըմ կորան, էլի, երևի… Ոչ մի բան հավերժ չի, մի օր կորչիլ տի, էլի (ժպտում է):

- Պա՛պ, լա լսե, բա մեր Հարսնաքարի անունը խի՞ են հենց էդ դրել։

-Ասեմ, բալես, ականջ արա… Վախտին մեր գեղըմ հրսանիք ա ըլըմ, մի սիրուն զույգ ա ամուսնանալիս ըլըմ, բայց հետո իմանըմ են, որ էդ աղջկան ուզըմ են ամուսնացնեն թուրքի հետ: Ի՞նչ անե էդ խեղճ աղջիկը։ Տենըմ ա, որ ուրիշ ճար չկա, էսա գալիս են իրա յեդեվիցը, վիրա կենըմ, փախչըմ սարը։ Բրձրանըմ ա սարը, տենըմ, որ հասնըմ են իրա հետևից. էլ ճար չկա։ Իրան սարից վերա գցըմ, որից յեդն էլ սարն անվանըմ են Հարսնաքար։

- Պապի՜,

- Ջանի՜։

-Պապ, բա ինչո՞վ եք զբաղվել գեղումը, դե որ կարենաք փող ըշխատեք։

- Շուտվանից էլ մեր գեղմ կով, ոչխար պահելն էր շատ։ Անասուն էինք պահըմ, հող էինք մշակըմ։ Հըմի ա, որ սաղ գեղը ուզըմ ա դուս էկած ըլի գեղիցը, գնան ուրիշ տեղ բախտները փորձեն։ Ճիշտ ա, էն վախտ էլ ըլետ դուս էկողնի ըլեին, բայց դե հըմի շտացել ա…

- Պա՜պ, բա մեր գեղըմ ի՞նչն ա հայտնի էղել, որ օրերից մի օր տուրիստ բան գա` տանենք ցույց տանք։

-Մեր գեղն ինքն իրանով արդեն հայտնի ա, ուր էլ որ գնան, մեր գեղի պես սիրուն տեղ գտնուլ չտին։ Վիզդ թեքըմ ես` հանդը իրա կանաչ ծառերով, բա որ գընըմ ես ճալու (գետակ), որքին նստըմ ես… Հրաշք չի՞, բա ի՞նչ ա։ Որ տուրիստ գա` մի փռան հաց ու պանիր վիկալ ու տար հանդըմը նստացրու շվաքի տակին, լա կտենուս` էլ ուզըմ ա՞ գնա, թե չէ…

 

 

 

meri araqelyan

Խաղաղությունն ու պատերազմը տեսել եմ գյուղում

Խաղաղությունն ու պատերազմը տեսել եմ գյուղում, որտեղ ծնվել եմ:

Գյուղը, ուր անցել է մանկությունս, սահմանն է, որից սկիզբ է առնում հայրենիքը:  Երբ փոքր էի, մտածում էի, որ հայրենիքը հայրենիք են համարում նրա համար, քանի որ այն պաշտպանում է հայրս:

Պատերազմն ու խաղաղությունը զգացել եմ միշտ հայրիկի տանը լինել-չլինելով: Տարիների հետ թվերը խճճեցին միտքս, ու թվերի անհավասար զանգվածը սկսեց ճնշել էությունս: Հիմա պատերազմ է, չհայտարարված պատերազմ:

Երբեք չի եղել օր, որ մտածեմ պարտության մասին, որովհետև հարենիքը հայրիկներն են պաշտպանում ու նրանք  սահմանին են, իսկ սահման ամբողջ Հայաստանն է դարձել:

Այստեղ` սահմանին, ոգի կա, հզորություն կա, ոգեշնչում կա, և ո՞վ կարող է խոսել վաղվա օրվա չլինելության մասին: Սահմանը տունս է, որից այն կողմ թշնամին է, ով փորձում է խանգարել ապրել: Չգիտեմ, թե ինչ է տալիս թշնամուն պատերազմը, բայց խաղաղությունն ինձ հայրս է տալիս:

Լույսերը մարում են, ու կարմիր գնդակները մահաբեր արագությամբ պայթում են երկնքում՝ խլացնելով ականջները, որոնք հոգնել են աղմուկից, որոնք սկսել են ատել բարձր ձայնը, խոսքը, աղմուկը:

Իմ սահմանն այսօր դպրոցն է, որտեղ զինվորագրվել եմ ծառայելու, իմ զենքը խոսքն է, լեզուն` հայոց լեզուն:

Սահմանը ամեն ինչի սկիզբն ու ավարտն է, այնտեղ խաղաղությունը չափվում է հայրիկի տանը լինել-չլինելով:

Զգում եմ, որ հայրենիքը գրկել է ինձ սիրահարի ուժով, և ես խնդրում եմ նրան ինձ չլքել:

Երկինքներ իմ աշխարհից

Կյանքը`  երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն,

Կյանքը` կորած աստղերի՜ պես հազարանուն:

Կյանքը` կրակ ճահիճներում՝ կա ու չկա,

Կյանքը` ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:

Կյանքը` երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն,

Կյանքը` կորած աստղերի՜ պես հազարանուն…

 

Իմ ծննդավայր Գոգհովիտը

Ես սիրել և սիրում եմ իմ ծննդավայրը, որտեղ ծնվել, մեծացել ու հիմա ապրում եմ։

Իմ գյուղը քչերին հայտնի մի փոքրիկ անկյուն է, որտեղ ծնվել ու մեծացել եմ։ Իմ գյուղը Գոգհովիտն է։

Գոգհովիտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 11 կմ հյուսիս։

Գյուղի բնության մասին խոսելն ավելորդ է։ Տարվա բոլոր եղանակներին Գոգհովիտը միշտ գեղեցիկ է։ Նա գեղեցիկ է նույնիսկ գիշերով, երբ դրսում մթնում է, սկսվում են վառվել փողոցի լապտերները։

Ես շատ եմ իմ սիրում իմ գյուղը եւ երբեք այն չեմ մոռանա, կանեմ հնարավոր ամեն բան իմ ծննդավայրը զարգացնելու համար։

20220518_084448(0)-min