Ինչ է ինձ համար 17.am-ը խորագրի արխիվներ

Roza Harutyunyan vayots dzor

17-ի ու Աստղիկի մասին

Նա Աստղիկն է: Հա, 17-ցի Աստղիկը, որը մտածում է, որ 17-ցիներն ամենուր են: Բայց իր մտքով չէր անցել, որ Թառաթումբում էլ կա նման բաներից տեղյակ մի աղջիկ: Դե, չնայած` ես Աստղիկին ճանաչում էի, ինձ էնպես պահեցի, իբր չեմ ճանաչում, ու ծանոթացանք: Մեզ ծանոթացրեց 17-ցի Նոնան: Ահա, 17-ցիներն ամենուր են: Աստղիկն անկեղծ աղջիկ է: Ծանոթության երկրորդ օրը խոստովանել է, թե ինչ է մտածել իմ մասին:

-Ուզում եմ անկեղծանալ:

-Անկեղծացի,- ժպտացի ու մոտավոր գիտեի, թե ինչ է ասելու:

-Նոնան ասաց` Թառաթումբից ես, ու չէի մտածի, որ էնտեղից ինչ-որ մեկը տեղյակ կլինի 17-ի մասին, բայց որ իմացա` 17-ից ես, հետո տեսա` հայատառ ես գրում, կարծիքս փոխեցի:

Դե հա, ես պատրաստ էի խոստովանության, բայց չէի սպասում նման արձագանքի: Հիմա Աստղիկը գիտի, որ ես հայատառ եմ գրում: Ես օլիմպիադաների էի գնում, ու մենք ամեն օր հանդիպում էինք: Ու Աստղիկի` իմ մասին ավելի շատ իմանալուց, իրենց դասարանում ամեն օր տեսնվելուց հետո սկսեցինք ավելի ազատ ու հաճախ շփվել:

Աստղիկը կարդաց իմ նյութերն ու ասաց, որ դրանք շատ լավն են, իր սիրած բառով՝ թույն են: Բայց, դե ես գիտեմ՝ ոգևորելու համար ասաց, դրանք էնքան էլ թույն չեն, ինչքան ինքն էր ներկայացնում: Աստղը խոստացել է, որ իր «ուսուցչապետից» ստացած դասերն ինձ է փոխանցելու, բայց մենակ էս նյութի հրապարակվելուց հետո: Նա անկեղծ ասաց, որ ամաչել է 17-ին նյութեր ուղարկել, բայց հիմա տեսեք, որ իսկական 17-ցի է: Ես հիմա էլ եմ ամաչում, դրա համար սկսեց ինձ իբր ոգևորել: Խոստացել եմ սկսել հաճախ գրել, մեկ էլ մի նորմալ նկար ունենալ:

Մի քիչ էլ անկեղծանամ: Իրական Աստղիկը նման չի նկարի միջի Աստղիկին: Աստղ, անկեղծ եմ ասում` դու մաթեմատիկա ընդհանրապես չգիտես, այլ կերպ ասած` «իսկական» հումանիտար ես:

dayana amirkhanyan

Ես՝ 17-ամյա 17.am-ցի

Ամեն տարի յուրովի գալիս ու գնում է: Կամա թե ակամա մենք ենթարկվում ենք տարվա ընթացքում կատարվող դեպքերին ու իրադարձություններին:

Թվում է, թե դա այդպես էլ պետք է լիներ:

Այնուամենայնիվ, մենք երբևէ ինքներս մեզ հարց տվե՞լ ենք. «Եթե մի փոքր մտածեմ այլ կերպ», «Իսկ մի՞թե ես չեմ անելու այն ամենը, ինչի մասին երազում եմ», «I have a dream- Մարտին Լյութեր Քինգի խոսքերը մի՞թե ես նույնպես չեմ կարող ասել ու կոչ անել աշխարհին»:

Հավանաբար, այո՛:

Ես կարող եմ անել այն, ինչ միայն մտքումս է:

Ես երիտասարդ եմ, սակայն չեմ զգում երիտասարդ լինելու քաղցրությունն առայժմ: Միգուցե մի քանի սերունդ առաջ ավելի գեղեցի՞կ էր երիտասարդ լինելը:

Ես երիտասարդ եմ…. 17-ամյա 17.am-ցի:

Սիրում եմ այն ամենը, ինչ անում եմ: Սակայն ուզում եմ անել ավելին:

Հասարակության անդամ երիտասարդներն ավելի շատ ասելիք ու անելիք ունեն:

Դե ինչ, չհամախմբվե՞նք:

17.am-ն էլ հնարավորությունների մի մեծ աշխարհ է, հնարավորություն ազատ կարծիք արտահայտելու ու ներգրավված լինելու հասարակության մեջ…. Պետք է ամեն բան օգտագործել, որը շատերս չենք անում…

Եկեք մի փոքր այլ կերպ մտածենք…. Եթե մեզնից ոչ ոք չմտածի այնպես, որ իր դերը շատ փոքր է հասարակության մեջ, և մեկ անձը չի կարող անել կամ փոխել ոչինչ, ապա այդ ժամանակ մենք կունենանք ամուր և ուժեղ հասարակություն, որի գլուխ կանգնած կլինի ոչ թե կառավարությունը, այլ երիտասարդությունը:

Երիտասարդությունը կյանքի ամենակարևոր ու հետաքրքիր  ժամանակաշրջանն է:

Հայաստանում մենք ուզում ենք անել ամեն բան, որպեսզի մեր օրն անցնի ոչ միայն դասերով ու հավելյալ պարապմունքներով, այլ որևէ հետաքրքիր իրադարձությամբ: Կարելի է օրինակ բերել՝ քաղաքի, գյուղի, ինչ-որ բնակավայրի, որտեղ մենք ապրում ենք, որևէ խնդրի լուծումը: Նախքան խնդրի լուծմանը սպասելը, փոխարենը, մենք՝ երիտասարդներս, պետք է փորձենք ինքներս լուծման ճանապարհներ գտնել:

Ես՝ Վանաձոր քաղաքի երիտասարդս, տեսնում եմ, որ իմ քաղաքում շատերը փորձում են անել ամեն ինչ, իսկ մյուս մասը՝ չի անում ոչինչ, և բացի դա փորձում է «ձուլվել» կարծրատիպերով ու խանգարել մյուսներին:

Այստեղ՝ իմ քաղաքում, երիտասարդներն ունեն շատ մեծ դեր:

Շատերը դժգոհում են. «Ես չեմ կարող, ես ի զորու չեմ, դա իմ իրավունքը չէ, դա իմ պարտականությունը չէ….»: Այս շարքը կարելի է դեռ էլի ու էլի շարունակել: Սակայն պետք չէ ասել չեմ կարող՝ առանց փորձելու, և ասել պարտականությունս չէ՝ առանց իրավունքն իմանալու:

Ուղղակի հարկ է չվախենալ ու չխուսափել:

Մենք՝ երիտասարդներս ենք վաղվա ուժը: Մենք ենք լինելու այն անձիք, ովքեր իրենց ուսերին կրելու են ողջ երկիրը:

Մենք երիտասարդ ենք, իսկ երիտասարդ լինել, իմ կարծիքով, նշանակում է ունենալ կյանքի նպատակակետ ու «կանաչ կետ», որով շարժվելիս մենք կգործենք րոպեի համար, սակայն վստահ լինելով, որ դա մնայուն է լինելու անգամ  մեկ ժամ հետո…

Դե ինչ, եկեք այս պահից սկսած մտածենք գաղափարներ, և դրանք իրագործելու ճանապարհ գտնենք:

 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.  Հուսանք, որ սա հերթական կոչ-հորդորը չէ: Կսպասենք քո վերափոխմանն ու կոչ-հորդորներից գործի անցնելու մասին նյութերին:

Anushik Mkrtchyan

Մեկ տարի թղթակից

Մարտի տասը ինձ համար սովորական օր էր մինչև 2017 թվականը, երբ առաջին անգամ իմացա «Մանանա» կենտրոնի մասին՝ Վորլդ Վիժնի Արագածոտնի ղեկավար ընկեր Սուրենի շնորհիվ։ Սոց․ ցանցում տեսա նրա գրառումը, որում ասվում էր, որ ով ցանկանում է հմտանալ լրագրության, լուսանկարչության մեջ ու ռեժիսորական գործում, ապա կարող է դիմել։ Ինձ այդ գաղափարը այնքան գրավեց, որ այդ ժամանակ այդ երեք մասնագիտություններն էլ ընտրել էի, բայց կանգ էի առել ռեժիսորականի վրա (չնայած՝ հիմա հաստատ որոշել եմ, որ լրագրող եմ դառնալու)։ Ու մեր գյուղից մի քանի երեխաներ ընկեր Սուրենի միջնորդությամբ մարտի 11-ին և 12-ին գնացին Ապարան ու ծանոթացան «Մանանայի» անձնակազմի հետ։ Այդ մի քանի երեխաներից ես, Նաիրան ու Աննան սկսեցինք պարբերաբար նյութեր ուղարկել, ինչի արդյունքում ես ու Նաիրան դեռ երկու ամիս էլ չկար, որ թղթակցում էինք, բայց ընդգրկվեցինք լավագույնների շարքում։

Այս մեկ տարվա ընթացքում ես կարողացա սովորել ավելի ճիշտ մտքերս արտահայտել։ Եթե կարդաք իմ առաջին ու վերջին նյութերը, դուք մեծ, շատ մեծ տարբերություն կզգաք։ Այս մեկ տարվա ընթացքում կարողացա լինել ավելի համարձակ։ Եթե ուրիշների համար դպրոցն է երկրորդ տունը, ինձ համար «Մանանան» է։ Եվ սրանք ամենևին էլ զուտ խոսքեր չեն։ Այս ամենը սրտանց եմ ասում։ Կարևոր է նաև, որ այս մեկ տարվա ընթացքում իմ ընկերների թիվն աճել է 30 հոգով, եթե ոչ ավելի։ Ընկերությունս ձգվեց Եղվարդից Եղեգնաձոր, Արարատից Մալիշկա, Երևանից Աշտարակ ու էլի դեպի շատ քաղաքներ ու գյուղեր։ Շնորհիվ «Մանանայի» ես տեղեկացա այնպիսի գյուղերի, քաղաքների մասին, որոնցից չնչին բան գիտեի։ Դպրոցում սկսեցին ինձ ավելի մեծ ուշադրություն հատկացնել։ Ինչ-որ միջոցառում կազմակերպելիս ինձ էին դիմում, որ լուսաբանեմ, ու հրապարակեն դպրոցական կայքում։ Ու ես հպարտությամբ էի դրան նայում, երբ նյութի տակ գրված էր լինում «Մկրտչյան Անուշ, 10-րդ դասարան»։ Դա նույնպես «Մանանայի» շնորհիվ է։ «Մանանայի» շնորհիվ էր, երբ գնացի մեր գյուղի խանութներից մեկն, ու ասացին, որ «էն մի նյութը հուզիչ էր»։ Շնորհիվ «Մանանայի» էր, որ տատիկին ասում էին․ «Նուշիկ ջան, թոռդ էդ ինչ լավ բան էր գրել»։ Շնորհիվ «Մանանայի» է, որ ծնողներս՝ ինձնից կիլոմետրերով հեռու, որոշ տեղ հպարտանում են ինձնով։ Ու վերջապես, շնորհիվ «Մանանայի» է, որ հազարավոր պատանիներ կարողանում են առաջ բերել իրենց հուզող հարցերը, պատմել իրենց գյուղի կյանքի, իրենց կյանքի մասին։ Միավորելով այդքան պատանիների՝ ավելի է ամրապնդվում գյուղերի կապը։ Կարողանում ենք մեր մտքերն արտահայտել ու դրանից մեզ լավ զգալ։

Գիտեմ, որ ես դեռ տարիներ շարունակ «կնշեմ» մարտի 10-ը, ու էլի շնորհիվ «Մանանայի»։

Meri Muradyan

Երկու տարի «Մանանայի» հետ

Մեզնից յուրաքանչյուրը ինչ-որ բանի մասնիկն է կազմում՝ մեր ընկերների, մեր ընտանիքի: Ես և իմ նման շատերը հավելել ենք այս շարքը և դարձել ավելի մեծ ընտանիքի մի փոքր մասնիկը: Հետաքրքրե՞ց, թե որն է այդ ընտանիքը: Այդ մեծ ընտանիքը մենք կոչում ենք «Մանանա»:

Արդեն երկու տարի: Կյանքիս լավագույն պահերից շատերը կապվում են «Մանանայի» հետ:
Եթե այս պատմությունը լսել կամ կարդացել եք, ապա կարդացեք ևս մեկ անգամ, այն ձեզ շատ բան կտա:
Սկսեմ սկզբից: Մեզ ասացին, որ շաբաթ oրը պետք է գնանք դպրոց: Իրականում ես չէի ուզում գնալ, քանի որ ուզում էի քնել, բայց, դե ինչ արած, գնացի: Պարզվեց մենք հանդիպելու ենք «Մանանայի» թիմի հետ: Նշեմ, որ մեզ ասել էին, որ եթե գնանք հանդիպմանը, դետեկտիվ կինոներ ենք նկարելու, դե, իհարկե, հասկացաք, որ ոչ թե դետեկտիվ, այլ դոկումենտալ: Շարունակեմ: Շաբաթ առավոտյան արթնացա, դժգոհ դեմքով գնացի դպրոց՝ «դետեկտիվ» կինոներ նկարահանող խմբի հետ հանդիպման: Մի քանի շաբաթ անց զանգեցին «Մանանայից» և ասացին, որ «Զիկատար» բնապահպանական կենտրոնում մարտի հինգից ութը անց են կացնում գործնական դասընթաց: Այս անգամ մեծ ուրախությամբ համաձայնեցի մասնակցել: Պարզվեց, որ այս որոշումը իմ կյանքում ընդունած որոշումներից ամենակարևորներից մեկն էր:

Արդեն երկու տարի, ու այսքան հրաշալի պահեր, որ կցանկանայի ևս մեկ անգամ ունենալ:

Երբ իմացա, որ ճամբարին մասնակցելու եմ, ուրախությանս չափ չկար: Ասեմ, որ ամեն անգամ, երբ իմանում էի՝ նոր բան է կազմակերպվելու, շունչս պահած սպասում էի, թե երբ են զանգելու ու ասելու, որ ես ընտրված մասնակիցների շարքում եմ:

Վաղուց գիտեի, որ ապրիլին կայանալու է պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությունը: Մտածում էի՝ գոնե հրավիրեն: Ես դրանից էլ շատ կուրախանայի, և այդպես էլ եղավ, երբ արդեն հույսս կտրել էի: Անհամբեր սպասում էի ապրիլի 28-ին: Վերջապես եկավ այդ օրը. լիքը մարդիկ, ընկերներ, որոնց երկար ժամանակ չէի տեսել: Երբ սկսվեց մրցանակաբաշխությունը, արդեն ինձ լիակատար ուրախ էի զգում, որովհետև ցանկություններիցս մեկն արդեն իրականացել էր: Բայց ամեն ինչ դեռ նոր էր սկսվել, երբ անունս արդեն հարյուր լավագույնների մեջ էր, իսկ երբ հաղթող ճանաչվեցի կոնկրետ անվանակարգում, չեմ կարող բացատրել, թե ինչքան ուրախ էի: Դա իմ առաջին մեծ հաջողությունն էր և ամենաերջանիկ պահերիցս մեկը: Երբեք չեմ մոռանա այդ օրը, ժամը, պահը:

«Մանանան» ինձ կարճ ժամանակում տվեց այն, ինչին հասելու համար շատերը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, իսկ ես արդեն հասել եմ դրան ու առաջ եմ շարժվելու:

Այս երկու տարիների ընթացքում «Մանանան» ինձ տվեց լավագույն ընկերներ, լավագույն պահեր, լավագույն միջավայրը, գիտելիք ու «դետեկտիվ» ֆիլմեր նկարահանելու հնարավորություն:

Ուրախ եմ, որ այդ մեծ ընտանիքի անդամն եմ:

marine nikoghosyan

Իմ 2017.am-ը

Երևի թե մի փոքր ուշ եմ գրել այս հոդվածս, բայց դե ինչ արած, քննություններիս չպատրաստվել չէի կարող։

Սկսեմ նրանից, որ 2017 թվականը ինձ համար մեծ ձեռքբերումների և հաջողությունների տարի էր։ Չմտածեք, թե անհաջողություններն այդ տարի ինձ չէին այցելել, պարզապես ես անտեսում և նույն վայրկյանին էլ մոռանում էի նրանց գոյության մասին։ Բայց մյուս կողմից էլ՝ ես շնորհակալ եմ նրանց՝ ինձ ավելի ուժեղ և համարձակ դարձնելու համար։ Սակայն այստեղ ես ուզում եմ ձեզ պատմել ոչ թե անհաջողություններիս, այլ ձեռքբերումներիցս ամենակարևորի մասին։

2017 թվականին իմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը եղել է մուտքս դեպի 17.am-ի հարազատ ու ջերմ ընտանիք։ 17.am-ն ինձ սովորեցրեց աշխարհին նայել ամբողջովին այլ աչքերով։ Տվեց ինձ իր յուրահատուկ անտեսանելի ակնոցը՝ աշխարհը ավելի վառ և խորհրդավոր տեսնելու համար։ Նա ինձ տվեց նորը ստեղծելու և արարելու ընդունակություն։ Սկսեցի ամեն մի երևույթի և ամեն մի պատմության մեջ փնտրել ինչ-որ հետաքրքիր բան և գրել կամ լուսանկարել այն։ Կապ չուներ՝ կստացվեր այն, թե ոչ։

17.am-ին որոշ ժամանակ թղթակցելուց հետո դարձա այն 100 լավագույն թղթակիցներից մեկը, ով աչքի էր ընկել իր ակտիվությամբ։ 17.am-ի շնորհիվ մասնակցեցի երեխաների պաշտպանության օրը կազմակերպված ֆոտոմրցույթին, որտեղ և զբաղեցրեցի պատվավոր երկրորդ հորիզոնականը։

Բայց ամենակարևորն այն է, որ 17.am-ն ինձ տվեց այնպիսի մարդկանց, ովքեր այժմ իմ կյանքում շատ հարազատ ու կարևոր մարդիկ են:

Սիրում եմ քեզ իմ հարազատ ու թանկ ընտանիք:

naira mkhitaryan

Միշտ 17-ցի

Դեկտեմբերին Վորլդ Վիժն կազմակերպության հովանավորությամբ գնացինք Աղվերան՝ համայնքի զարգացմանը նպաստող դասընթացների մասնակցելու: Դե, գնացինք ասելով երեք 17-ցիներիս նկատի ունեմ՝ ես, Աննա Գասպարյանը ու Անուշիկ Մկրտչյանը:

Դե, սկսեմ նրանից, որ երեքս էլ պիտի ներկայանայինք ու համառոտ պատմեինք մեր մասին:

Երեքս էլ առաջնահերթ նշեցինք 17-ի թղթակից լինելու հանգամաքը: Մասնակիցների մի մասը տեղյակ չէր 17-ից:

Ու, երբ երեքս էլ լայն ժպիտներով, մեր անուն-ազգանունն ասելուց անմիջապես հետո ասացինք ՝ թղթակցում եմ 17-ին, դասընթացավար ընկեր Կարենը հարցրեց, թե ինչ է 17-ը:

Իրար հերթ չտալով, ամեն մեկս մեծ ոգևորությամբ սկսեց պատմել. բոլորն ուշադիր լսում էին: Մի քանի բառով ներկայացրեցինք 17-ի մասին ու …

Ու երեքիս սկսեցին կոչել մի անունով՝ 17-ցի: Երբ ինչ-որ ծրագիր ներկայացնելու մեր հերթն էր գալիս, թե բա .

-17-ցիներն են գալիս :

Կամ.

-Հիմա լսենք 17-ցիներին:

Քննարկումների ժամանակ.

-Էս 17-ցիները սկսեցին էլի ակտիվանալ:

Նույնիսկ մի անգամ դասընթացի մասնակիցներից մեկն ասաց, որ մեր ներկայությամբ ոչինչ չի խոսելու, որովհետև «արագ գրելու եք, ուղարկելու 17-ին»:

Այդպես էլ արեց. ոչնչից չխոսեց, բայց մեկ է ՝գրեցի: Ի՞նչ անեմ, խաբարբզիկ եմ: Ի դեպ՝ մեր խմբի անունն էլ Խաբարբզիկ էր:

Ու ինչպես Աղվերանում, այնպես էլ ամեն տեղ, ամեն վայրկյան՝ հոգով, սրտով 17-ցի:

astghik hunanyan

Երևի թե խենթ եմ ես

Սովորական դպրոցական օր էր, ինչքան հիշում եմ՝ մարտի 19-ը: Արթնացա զարթուցիչի անբարեհաճ ձայնից, աչքերս մի լավ տրորելուց հետո նայեցի ժամացույցին, հետո՝ պահարանիս: Ժամերով մտորելուց հետո հագա առաջին աչքիս ընկած հագուստն ու շտապեցի խոհանոց՝ նախաճաշելու: Դե, նախաճաշ ասվածը սովորաբար թեյն է՝ հաց ու պանրով, կամ ձվածեղը, որը, սովորաբար, սիրում եմ ուտել 10 գդալ շաքարով շաղախված: Այս անգամ հերթը թեյինն էր: Արագ-արագ թեյեցի այն հույսով, որ եթե արագ խմեմ, քունս շուտ կփախչի, ու կկարողանամ սթափ գնալ դպրոց, չնայած՝ առանց թեյի ազդեցության էլ դպրոց տանող միակ ճանապարհին բնակություն հաստատած հնդիկ ուսանողների ձայները չեն թողնի, որ անսթափ լքեմ այդ փողոցը (տնաշեններն այնքան արագ ու այնքան բարձր են խոսում, որ եփած հավի ծիծաղն անգամ կգա՝ նրանց խոսակցությանն ականատես լինելուց հետո): Մի կերպ ինձ զսպեցի, որ աչքերս չփակեմ, կապեցի կոշիկներիս կապերը, պայուսակս գցեցի ուսերիս ու դուրս եկա տնից:

Սակայն հույսերս չարդարացան. թեյը չօգնեց, իսկ ուսանողները, չգիտես ինչու, մոռացել էին ինձ ուշքի բերելու իրենց պարտականության մասին ու քնել էին: Փողոցը լի էր երեխաների իրար խառնված ամբոխով: «Ահա, հեսա ոնց էլ չլինի՝ կհանդիպեմ ընկերներիցս մեկին, կցրվեմ ու կմոռանամ քնի մասին»,- մտածեցի ես՝ չորս կողմս զննող հայացք գցելով: Բայց չէ, է՜, ախր տաքուկ-փափուկ մահճակալս ինձ է սպասում, ինչպե՞ս թողնեմ նրան մենակ սենյակիս խառնաշփոթի մեջ, ու գնամ դպրոց՝ անցկացնելու հերթական ձանձրալի օրը: Վե՛րջ, հետ եմ դառնում:

Վերադարձա տուն, հանեցի կոշիկներս, մի կողմ նետեցի պայուսակս ու սլացա դեպի սենյակս, որ մայրս չնկատի, բայց, դե ո՞նց չէր նկատի… Զարմացած եկավ հետևիցս, հետո զարմանքին փոխարինեց բարկությունը, բայց տեսնելով, որ մուշ-մուշ քնած եմ՝ որոշեց չարթնացնել: Դուռը փակեց, որ տատիկի «Իչան» ու «Վիրը» չխանգարեն ինձ, ու զգույշ հեռացավ: Երևի 7-րդ երազն էի տեսնում, երբ հեռախոսս ծնգաց: Անակնկալի եկած կամ, ավելի շուտ, վեր թռնելով՝ բացեցի աչքերս, քթիս տակ փնթփնթացի, մի կերպ ինձ ստիպելով հավաքեցի հեռախոսիս մի քանի մետրանոց գաղտնաբառը՝ բնականաբար, մի քանի անգամ սխալվելով: Դա միշտ ինձ նյարդայնացնում է: Ընկերներիցս մեկն էր գրել: Նրա, ինչպես նաև մյուս ֆեյսբուքյան ընկերներիս հետ ծանոթացել եմ Հարի Փոթերի աշխարհի շնորհիվ: Մի խումբ փոթերհեդներ են, ովքեր արդեն մի տարի է՝ կարծես մեկ ընտանիք լինեն, և ի դեպ, ես նույնպես նրանցից մեկն եմ:

-Էս ի՞նչ ա:

-Ը՜, շարադրություն:

-Ինչի՞ համար ես գրել:

-Դասատուս էր հանձնարարել:

-17.am-ի մասին գիտե՞ս:

-Դե, լսել եմ:

-Ուրեմն «Ով եմ ես» թեմայով շարադրություն կգրես ու նկարիդ հետ կուղարկես:

Տեսել էր ֆեյսբուքյան էջումս տեղադրված շարադրությունը, հավանել ու մտածել, որ ես նույնպես պետք է շարադրություններս ուղարկեմ 17.am-ին:

Սկզբից կարևորություն չտվեցի, դա միայն խոսակցություն էր, որն ուղղակի «հարամ էր արել» քունս, հետո սկսեցի մտածել այդ հարցի շուրջը: Ինչո՞ւ չլցնեմ ձանձրալի օրս կյանքով, արկածներով, չէ՞ որ դա կարող էր հենց այն լինել, ինչին այդքան ժամանակ սպասում էի՝ փոփոխության, ու որոշեցի գրել այդ շարադրությունը:

Ոգևորված՝ սենյակիս քաոսի միջից գտա թուղթ ու գրիչ ու սկսեցի գրել: Բայց մի րոպե, ո՞վ եմ ես, ի՞նչ գրեմ, գրողը տանի: Երևի այդ հարցն ինձ երբեք չէի տվել, դե, անհրաժեշտություն էլ չէր եղել դրա մասին մտածելու: Ընդհանրապես, մինչ վերջերս ես շատ քիչ էի մտածում ու չէի էլ նկատում շուրջս տիրող քաոսին միախառնված բնության բազմաթիվ հրաշքերի գոյությունը, հետևաբար իմ մասին գրելը շատ ավելի խրթին էր, քան ես պատկերացնում էի: Ես աղջիկ եմ, ով երազում է, հավատում հրաշքների, ամենուր փնտրում է արկածներ, 15 տարեկան մագլ եմ (այդպես են դիմում մարդկանց Հարի Փոթերի աշխարհում), ով հույսը չի կտրում ու սպասում է Հոգվարթսի իր նամակին: Ունեմ աչքի չընկնող արտաքին, մեծ, շագանակագույն աչքեր, որոնք ամեն ինչի մեջ մի մեծ դույլ յուրահատկություն են տեսնում: Սիրում եմ նվագել դաշնամուր ու երգել, չնայած երգելուցս «ագռավները հավաքվում են շուրջս»: Ունեմ բազմաթիվ վախեր, բայց և այնպես՝ էքստրիմի սիրահար եմ: Ատում եմ ձմեռը, քանի որ շատ շուտ եմ սառչում և չեմ կարողանում նորմալ ձնագնդի խաղալ: Գարունն ատում եմ նրա համար, որ անձրևների պատճառով միշտ կոշիկներս ցեխոտվում են: Ամռանը մեր քաղաքում անտանելի շոգ է լինում, իսկ ծիտիկները ափալ-թափալ կեղտոտում են մարդկանց: Ատում եմ աշունը, որովհետև աշնանն արդեն պաղպաղակ չեմ կարող ուտել, և երկարատև հանգստից հետո էլի պետք է դպրոց հաճախենք: Սպասում եմ իմ 5-րդ եղանակին:

Սիրում եմ ֆանտաստիկ ժանրի ֆիլմերն ու գրքերը: Ըստ ընկերներիս, ովքեր ինձ պես խենթ ու խելառ են, ես, բացի լավ շարադրություններ գրելը, ոչինչ չեմ կարողանում անել: Չնայած մյուս կողմից էլ ասում են, որ եթե հաղթահարեմ ծուլությունս, ամեն ինչի էլ կհասնեմ: Հա՜ մոռացա մի բան ասել. խենթանում եմ բենզինի, նոր գրքերի ու ներկի բուրմունքի համար: Դե, լավ, արդեն ինչ-որ երկար խոսեցի: Երևի ես խենթ եմ, ով փնտրում է արկածներ այնտեղ, որտեղ ըստ մարդկության՝ դրանք լինել չեն կարող:

syuzanna Kharatyan Lori

Սիրահարվել եմ

Հա՜-հա՜, սիրահարվել եմ: Սիրահարվել եմ ամբողջ ուժով, ամբողջ սրտով ու ամենակարևորը՝ ամբողջ ու առողջ ուղեղով: Բայց սա ամենևին էլ քո մտածածը չէ: Ես սիրահարվել եմ, բայց լրագրությանը:

Եթե դու սովորում ես բարձր դասարանում, ապա քեզ էլ են հարցրել՝ ի՞նչ ես ուզում դառնալ: Վերջերս բոլորն ինձ այդ հարցն են տալիս, կարծես պայմանավորված լինեն:

-Լրագրող,- հարցին միանգամից այսպիսի հակիրճ պատասխան եմ տալիս, չեմ սկսում պատմել, թե ոնց օրերից մի օր որոշեցի դառնալ լրագրող:

Ես միշտ էլ բանաստեղծություններ էի գրում, սակայն ոչ մեկին ցույց չէի տալիս, կամ հարցնում էի. «Լա՞վն ա, բայց չգիտեմ՝ ով ա գրել սա»: Հետո դարձա 17.am-ի այն երջանիկ ու բախտավոր հարյուրավոր թղթակիցներից մեկը, որը արդեն ընտրել էր իր կյանքի ուղին, դրանից հետո որոշումս ավելի հաստատուն դարձավ:

Լրագրությունը իմ մասնագիտությունն է, իմ հոբբին, ու ես գնալու եմ իմ մասնագիտության, իմ երազանքի հետևից:

Մի օր ծանոթներիցս մեկը այսպիսի բան ասաց. «Մի օր երեխեքիս հետ հեռուստացույց կնայեմ, որ քեզ ցույց տան, կասեմ՝ գիտե՞ք՝ ով ա ինքը, ու կպատմեմ քո մասին»: Իրականում դա էլ էր հաճելի լսել: Ես սիրահարվել եմ, սիրահարվել եմ լրագրությանը:

Sargis Melkonyan

17-ը ստիպում է սիրել

Ես սիրում եմ 17.am-ը ոչ նրա համար, որ թղթակցում եմ, ոչ նրա համար, որ այստեղ գտնվում է Հայաստանի ամենահետաքրքիր մարդկանց հազարյակը, ոչ նրա համար, որ շատ հեղինակների ճանաչում եմ, ոչ նրա համար, որ այստեղ դու կգտնես իրական Հայաստանը, այլ…

Դու սիրահարված կա՞ս։ Ես՝ համարյա ամեն օր։ Ես սիրում եմ 17-ը, որովհետև այն ստիպում է սիրել Հայաստանը։ Ստիպում է սիրել Վանաձորը, հատկապես, երբ այն գրվում է փոքրատառով և սիրով, սիրել Հրազդանն ու գնալ Հրազդան, սիրել Լեռնանիստը, որը միշտ գրվում է «ջան»-ով, սիրել Գյումրին հենց առաջին փողոցից, սիրել Բաղանիսը՝ իր 2 հայտնի ճանապարհներով, սիրել Աշտարակը՝ իր հին կամրջով, սիրել Ապարանի սառնորակ ջուրը, Սյունիքի մեղրի չիրը, Մալիշկայի սոխը, շենիկցիների ֆուտբոլը, Կասկադի 555 աստիճանները, հաշտության նստարանը, այրվող տերևների ծուխը, զարթուցիչի տհաճ ձայնը, սիրել անգամ հարևանությամբ ապրող թշնամի ընկերներիդ։ Որովհետև 17-ը հեռանալու տարիք լինելուց բացի՝ սիրելու տարիք է, որովհետև 17-ն ուղղակի ստիպում է սիրել աշխարհը։ Որովհետև 17-ում հավատում են, որ մեզնից ամեն մեկը կարող է փոխել աշխարհը, որովհետև 17-ում երազում են, որովհետև 17-ը երազելու տարիք է։ Որովհետև աշխարհը փոխելու համար անհրաժեշտ է սիրել, իսկ 17-ը ստիպում է սիրել աշխարհը…

Հ. Գ. Հուսամ քեզ գտար 17-ում, որովհետև 17-ը կորցնելու տարիք լինելուց բացի՝ գտնելու և գտնվելու տարիք է:

elada petrosyan

Մի շրջադարձային օր

Մի անգամ մեր գյուղ՝ Արզական, եկան ինձ արդեն շատ մտերիմ դարձած 17.am-ի պատանի թղթակիցները: Այդ այցի ընթացքում նրանք եկան մեր տուն և փորձում էին հարցազրույց վերցնել հայրիկիցս, ով զբաղվում է դարբնությամբ: Ես պրպտող հայացքով ուսումնասիրում էի նրանց գործունեությունը, քանի որ նրանք մեծ հետաքրքրությամբ և սիրով էին կատարում իրենց գործը: Դա միանգամից գրավեց իմ ուշադրությունը:

Եվ մտածեցի, թե ինչ լավ կլիներ, որ ես էլ միանայի նրանց և դառնայի նրանց մի մասնիկը:

Ընտանիքիս անդամներին հայտնելով իմ ցանկության մասին՝ վարակեցի նրանց իմ ոգևորությամբ: Հայրս դիմեց նրանց՝ ասելով, որ ես նույնպես ցանկանում եմ դառնալ պատանի թղթակից:

Երբ հաջորդ օրը գնացինք հանդիպման, մեզ դիմավորեցին պատանի թղթակիցները, ովքեր արդեն ծանոթ հայացքներով և ժպիտով նայում էին ինձ: Երկար զրուցելուց հետո հայրիկիս էլ հայտնեցին, որ պետք է իր մասին ֆիլմ նկարեն: Հայրիկիս համար այդքան էլ զարմանալի չէր, որ իր մասին ֆիլմ են նկարահանելու, քանի որ արդեն մի քանի անգամ ունեցել էր նկարահանման փորձեր: Ապշեցուցիչն այն էր, որ 14-ից 17 տարեկան պատանիներն են նկարահանելու ֆիլմը:

Մինչ նկարահանման օրը ես մասնակցեցի դասընթացների, որոնց ընթացքում ինձ բացատրեցին, թե ինչ է լրագրությունը, լուսանկարչությունը և կինոն, որը հենց մեր տանը պետք է նկարահանեին: Թղթակիցների թիմին միանալուց հետո արդեն ես էլ պետք է մասնակցեի հայրիկիս մասին պատմող «Դարբին Արտակը» ֆիլմի նկարահանումներին:

Երբեք չէի պատկերացնի, որ հայրիկիս մասին ֆիլմ կնկարահանեմ:

Եվ այսպես, պատանի թղթակիցների այցն անսպասելի շրջադարձային օր եղավ: Նախքան նրանց հանդիպելը ցանկանում էի մշակութաբան դառնալ, բայց հետագայում բազմաթիվ հոդվածներ գրելով, հարցազրույցներ վարելով հասկացա, որ հենց լրագրողի մասնագիտությունն է ինձ ապագայում առաջնորդելու:

Այս կյանքում ոչինչ պատահական չի լինում: