Լինել երիտասարդ խորագրի արխիվներ

Nelli Harutyunyan

Ինքնամեկուսացում, որն այդպես էլ տեղի չունեցավ

Իմ ընտանիքում և հայկական շրջապատում այս տարի ես միակն էի, որ որոշեցի դպրոցը ավարտելուց հետո միանգամից համալսարան չգնալ: Հիշում եմ, երբ կայացրի այդ որոշումը, գրեթե բոլորը, ում ճանաչում էի Հայաստանում, մասնավորապես՝ ընտանիքս, խստորեն դեմ էին դրան: Հարցն այն էր, որ այստեղ «Gap Year» անելը նշանակում է համալսարան երբեք չգնալ և մնալ անկիրթ: Շատերը կարծում են, որ այն տարին, երբ երիտասարդը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ֆորմալ կրթություն չի ստանում, ուղղակի ժամանակի կորուստ է: Իմ դեպքում դա այդպես չէր: Ես միշտ երազում էի ունենալ երկար «արձակուրդ», որի ժամանակ կճամփորդեի և կփորձեի իմ տասներեք տարվա գիտելիքները իրական կյանքի պայմաններում: Վաղուց արդեն որոշել էի, երբ գա ժամանակը, ես կիրականացնեմ իմ այդ երազանքը: Երևի երբեք չեմ մոռանա ծնողներիս դեմքի արտահայտությունը, երբ հայտնեցի նրանց իմ՝ Էկվադոր գնալու որոշման մասին: Ընկերներս չէին հավատում, որ ես իսկապես կգնամ այդ քայլին, և պնդում էին, որ եթե անեմ դա, շատ կփոխվեմ ու չեմ ուզենա այլևս Հայաստան վերադառնալ:

Չնայած արդեն մեկ ամիս է, ինչ տանն եմ, այն մտքերը, որ ես կարող էի ծայրաստիճան փոխվել, ինձ համար շարունակում են մնալ տարօրինակ, բայց քանի դեռ տանը չէի, ինձ էլ էր դա անհանգստացնում: Երբ մեկ ամիս առաջ, նստած Փարիզի դատարկ օդանավակայանում,  մտածում էի, որ իմ ճամփորդություններից, ապրած փորձերից և նոր գաղափարներից հետո  ինձ Երևանում այլևս լավ չէի զգալու: Առաջ բերելով «կանանց հանդեպ անհարգելի վերաբերմունքը Հայաստանում», որի մասին այս ամիսների ընթացքում կարդում էի տարբեր հայկական լրատվական էջերում, ես փորձում էի մայրիկիս համոզել, որ այս ամենից անմիջապես հետո տանը ես ինձ լավ չեմ զգա: Պնդում էի, որ ճիշտ կլինի, եթե ինձ կորոնավիրուսի կասկածներով մեկուսացնեն Դիլիջանի կամ Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում, որտեղ ժամանակ կունենայի հոգեբանորեն պատրաստվելու տուն վերադառնալուն: Բայց դա այդպես չէր, ինձ իսկապես պետք չէին այդ մի քանի օրը մտքերս հանդարտեցնելու համար:

Այո՛, ես մենակ հասել էի աշխարհի մյուս ծայրը: Ձեռք էի բերել ընկերներ, իսկ հետո կորցրել նրանց: Ծանոթացել էի նոր, բավականին տարօրինակ մարդկանց հետ, նրանց հետ ընկել ամենաարկածային, բայց միաժամանակ սարսափեցնող պատմությունների մեջ:

Ես սովորել էի ազատության լեզուն: Իսպաներենն այդպես էի կոչում, քանի որ աշխարհի մյուս ծայրում, որտեղ ինձ ոչ ոք չէր ճանաչում, իսպաներենի միջոցով էի ստեղծում իմ մասին կարծիք տեղացիների մոտ: Ծանոթանալով նրանց մշակույթին՝ փորձել էի ուսուցչի դերում աշակերտներիս սովորեցնել երազել և երբեք չվախենալ ոչնչից՝ ինքս ինձ վախեցած և միայնակ զգալով: Դեռ չհարմարված նոր կյանքին՝ ականատես էի եղել իրական քաղաքական, բավականին ագրեսիվ բախումների և այդ ընթացքում հասկացել՝ կյանքում հաճախ ուժեղ և համբերատար լինելը միակ ելքն է:

Փորձել էի ճամփորդել միայնակ` ինձ համար շատ օտար ու անծանոթ վայրերում, այդ ընթացքում հասկացել իրական ընկերության արժեքը: Հաճախ ընկերությունը հարցականի տակ էի դրել, երբ հայտնվել էի անհասկանալի իրավիճակներում, որոնք մինչ օրս դեռ սարսափեցնում են ինձ քնելուց առաջ:

Այս տարվա ընթացքում լողացել էի գետերում, լճերում, սառը ջրվեժներում և օվկիանոսներում: Ես ինձ իսկապես երջանիկ էի զգացել, ուրախացել և ծիծաղել, հետո վախեցել, տխրել, լացել՝ գրեթե անձայն, որ ոչ ոք չլսի, լացել՝ բարձրաձայն, որ ինձ հասկանան:

Ես սովորում էի ու սովորեցնում, զրուցում օտար մարդկանց հետ՝ փորձելով հասկանալ նրանց մշակույթը: Հաճախ գրի էի առնում տեսածներս ու մտքերս, որոնք բացատրության կարիք ունեին: Փորձում էի գտնել ինձ հին գրքերում, իսկ հետո անհույս կորչում Հախվերդյանի ու Ֆորշի երգերի մեջ՝ այդ անտարբեր տան կտուրին ծխելիս:

Իսկապես շատ տարբեր ապրումներ էի ունեցել ու այդ օրը, երբ օդանավակայանում, թեթև գինովցած, մտովի անցնում էի իմ անվերջ հիշողությունների միջով, սարսափով մտածում էի, թե ինչքան փոխված կլինեմ: Համոզված էի, որ տանն ինձ այլևս չեն հասկանալու, Երևանը այլևս չի ըմբռնելու իմ տարօրինակ մտքերը, իսկ մանկության ընկերներն էլ նույնը չեն լինելու, քանի որ նրանց համար իմ հիմար արկածները անիմաստ և անհեթեթ էին լինելու:

Ինչեր ասես էլ մտքովս չէին անցնում, երբ ինքս ինձ համոզում էի, որ Դիլիջանում անցկացրած հնարավոր երկու շաբաթները, ոչ թե ցանկալի ինքնամեկուսացում էին այդ նոր վիրուսի տարածումը կանխելու նպատակով, այլ անհրաժեշտություն իմ ամենուր ցրված մտքերը մի քիչ կարգի բերելու համար մինչև տուն վերադառնալը: Բայց շուտով այդ հստակ որոշումը դարձավ ուղղակի ցանկալի, իսկ քիչ անց, երբ օդանավից դուրս եկա, և Երևանի սառը օդը, չգիտես ինչու, իմ մեջ արթնացրեց տան հանդեպ անսահման կարոտը,  հասկացա, որ մեկուսացման երկու շաբաթները բոլորովին անիմաստ կլինեին: Այդ պահին ես նույնիսկ վախեցա, որ ինքնաթիռի մեջ իմ հետևում նստած խուճապահար ֆրանսիահայ կինը կարող էր չսխալվել, թե. «Այս ինքնաթիռում ոմն մեկը հաստատ վիրուսակիր է: Նա կվարակի բոլորին, և արդյունքում ամբողջ ինքնաթիռը կհիվանդանա այդ սարսափելի վիրուսով, և շուտով բոլորս կխեղդվենք և կմեռնենք ինքնամեկուսացվածների սենյակներում՝ բացարձակ մենակության մեջ»: Այո՛, կարծում եմ, որ այդ «ոմն մեկը» ես էի, ով դիմացի շարքում նստած ֆսֆսում էր և գրեթե մտքի մեջ հազում և փռշտում, որ ոչ ոք հանկարծ չնկատի:

Բարեբախտաբար, այդ ագրեսիվ կնոջ մեղադրանքները ճիշտ չէին, մեր ինքնաթիռում ոչ ոք ջերմություն չուներ, ինչը նշանակում էր, որ հանգիստ կարող էի գնալ տուն:

Հայրիկս վաղուց ինձ էր սպասում: Երբ տեսա նրան, մեքենայի մեջ սովորականի պես մի քիչ զրուցեցինք, մայրիկս, որի համար ակնհայտորեն միևնույնն էին համաշխարհային համաճարակը և ինքնամեկուսացման պայմանները, ինձ պինդ գրկեց, և մենք գնացինք տուն: Ընթրելիս ես հասկացա, որ այստեղ ոչինչ չի փոխվել, և կարծես ես էլ նույնն էի մնացել: Այդ ընթրիքը, որի մասին երազում էի վերջին տարվա ընթացքում, լրիվ սովորական էր թվում, կարծես ուղղակի դպրոցից տուն էի վերադարձել:

Իսկ այդ բոլոր հիշողություններն ու զանազան դրվագները, որոնք իմ մտքում ինձ դարձրել էին անճանաչելի, կորել էին իմ գիտակցության մութ անկյուններում, կարծես երբեք չէին էլ եղել: Երբ իմ բարեկամները հետաքրքրված հարցեր էին տալիս ճամփորդություններիս մասին, ես հաճախ սահմանափակվում էի հակիրճ, բոլորին հայտնի փաստերով, քանի որ իմ էկվադորյան բավականին հետաքրքիր արկածները հասարակ բառերով փոխանցելու համար ես դեռ պետք է մարսեի այդ տարվա ընթացքում ունեցած ապրումներս, զգացմունքներս և մտքերս, որոնք անցանկալի կերպով ինձ հետ էին բերում Էկվադոր, երբ բարձրաձայնում էի դրանց մասին: Իսկ իմ ներքին մեծ փոփոխությունները հասկանալու և ընդունելու համար նույնիսկ Դիլիջանի ինքնամեկուսացման երկու շաբաթները բավարար չէին լինելու…

janna sargsyan lori

Բողոքե՞լ, թե՞ օգտվել ստեղծված իրավիճակից

Մեկ ամսով արտակարգ իրավիճակի երկարեցում։ Ամենուր դժգոգություններ՝ տանը, դրսում և որ ամենակարևորն է, սոցիալական ցանցերում։ Աշխատողները, որ բողոքում էին հանգիստ չունենալուց ու անընդհատ աշխատելուց, հիմա բողոքում են, որ չեն կարողանում աշխատել։ Չաշխատողները, որ նախքան այս, անգամ մի փորձ չէին անում գործ գտնելու, հիմա բողոքում են, որ արտակարգ իրավիճակի պատճառով բոլոր աշխատատեղերը փակվել են, և իրենց ամենամեծ առաքելությունն էլի մնում է պառկելն ու բողոքելը․ «Էս երկիր չի, գործ չկա, փող չկա»։ Երեխաները բողոքում են դպրոց չգնալուց, բայց մեկ ամիս առաջ օրերն էին հաշվում, թե երբ է արձակուրդ լինելու, փոքրիկները բողոքում են բակ դուրս չգալուց ու չխաղալուց, մի խոսքով՝ եթե այս ընթացքում մեկ մարդուց բողոք չլսեք, երևի դա ես կլինեմ։

Իհարկե, ստեղծված իրավիճակն իմ սրտով չէ, բայց ի տարբերություն մնացածի, չեմ բողոքում և դրա մասին ամեն օր ֆեյսբուքում ստատուս չեմ գրում, այլ այս վատ իրավիճակից դրականն եմ վերցնում։ Ինձ ճանաչողները գիտեն, թե ոչ ֆորմալ կրթությունը ինչքան կարևոր է ինձ համար և ինչքան ակտիվ եմ  այդ ոլորտում՝ դասընթացներ, սեմինարներ, դրանց մի մասին միայն չեմ մասնակցում, որովհետև անցկացվում է Երևանում, իսկ գյուղից Երևան հասնելը մի քիչ դժվար է։ Իսկ ի՞նչը կօգներ ինձ բոլոր սեմինարներին, դասընթացներին մասնակցելու, եթե ոչ արտակարգ դրությունը։

Արտակարգ դրությունից ընդամենը օրեր անց առաջին վեբինարը եղավ, որին մեծ սիրով մասնակցեցի, հետո  դա օրինակ եղավ մյուսների համար ու սկսեցին մեկը մյուսի հետևից վեբինարներ կազմակերպել, արդեն մեկ ամսում մի շարք վեբինարների մասնակից եմ եղել, տարբեր թեմաների ու ոլորտների փորձագետների եմ լսել։

Մի քանի օր առաջ հետաքրքիր գրքի սյուժե կարդացի ու փորձեցի օնլայն գտնել, կարդալ։ Չգտա, միայն գրախանութում կար, դե էս օրերին քաղաք գնալն էլ մեծ ճոխություն է։ Երեկ էլ պարզվեց, որ հեղինակի թույլատվությամբ գիրքը օնլայն կլինի և կկարողանանք կարդալ,  պատկերացրեք ոգևորությունս։

Էս օրերին նաև մաֆիա խաղալ սովորեցի՝ էլի օնլայն։

Ասածս ի՞նչ է՝ քիչ բողոքիր, քեզ համար հետաքրքրություն ստեղծիր, ինքնակրթվիր և այս «արձակուրդը» օգտագործիր ի շահ քեզ։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Krisp՝ առանց ավելորդ աղմուկի

Արդեն մեկ շաբաթ է՝ բացում եմ համակարգիչս ու սկսում եմ գրել, իսկ հետո ամբողջը ջնջում և նորից սկսում զրոյից։ Մեկ շաբաթ ամեն կերպ փորձելով շրջանցել COVID-19-ը՝ այսօր վերջապես որոշեցի համակերպվել այս իրավիճակի հետ և ուղղակի անել այն, ինչը կարծում եմ՝ լավ է ստացվում։

Դե՛ ինչ, ես շարունակում եմ բացահայտել IT ոլորտը և այս անգամ խոսելու եմ հայկական ամենաթույն StartUp-ներից մեկի մասին։ Եթե դեռ չեք լսել Krisp-ի մասին, ուրեմն հիմա ճիշտ ժամանակն է․․․

Krisp-ը թույլ է տալիս հեռահաղորդակցման ժամանակ ազատվել աղմուկից։ Եթե ավելի հասկանալի բացատրենք, ապա այն թույլ է տալիս ձեր զրուցակցի համար լսելի լինել՝ անկախ նրանից՝ ձեր շրջակայքում ռոք համերգ է, թե երեխաների բարձր ճիչ, Krisp-ը ամբողջ ֆոնային աղմուկը վերացնում է։

Android-ից օգտվողների բախտը այս հարցում չի բերել, որովհետև Krisp-ը դեռևս հասանելի է միայն Mac, Windows, IOS հարթակների համար։ Բայց եթե օգտվում եք նշված հարթակներից որևիցե մեկից, ապա առհասարակ կարող եք չանհանգստանալ՝ թե ինչ տեսակի խոսափող կամ ականջակալներ ունեք, որովհետև հավելվածը հարմարեցված է ցանկացած տեսակի հետ։ Ու բացի դրանից՝ այն ապահովում է նաև ձեր gadget-ում եղած հեռահաղորդակցման կամ ձայնագրման համար նախատեսված ցանկացած հավելվածի աշխատանքը։ Krisp-ը մեր ֆիզիկական խոսափողի և օգտագործվող հավելվածի միջև այսպես կոչված անտեսանելի շերտ է տեղադրում, որը խոչընդոտում է աղմուկին առաջ անցնել։ Իսկ այդ անտեսանելի շերտն էլ իրականում յուրօրինակ ալգորիթմ է, որն իր մեջ միավորում է «Machine Learning»-ը և  «Digital Signal Processing»-ը։

Իհարկե, հեռահաղորդակցման համար նախատեսված այլ հավելվածներ ևս կան, որոնք ֆոնային աղմուկը հեռացնող ներքին ֆունկցիաներ ունեն, օրինակ՝ վերջին օրերին լայն տարածում գտած Zoom-ը, կամ գեյմերների կողմից սիրված Discord-ը: Բայց ինչպես ասաց ընկերներիցս մեկը՝ դրանց խնդիրը նրանում է, որ կողքից հոսող ջրի ձայնը հեռացնում են, բայց օրինակ՝  ֆոնում հնչող բարձր երաժշտության հախից չեն կարողանում գալ։ Իսկ այ Krisp-ը իր գործը հաստատ լավ գիտի, որովհետև անկեղծ ասած՝ փորձարկման ժամանակ ռոք համերգի էլ դիմացավ։

Եվ տարօրինակ էլ չէ, որ այս օրերին, երբ բոլորս տանն ենք, և թե՛  ուսումը, թե՛ աշխատանքը, նույնիսկ՝ ժամանցը կազմակերպում ենք տարբեր օնլայն հարթակների միջոցով, Krisp-ի ներբեռնումների քանակը 6 անգամ աճել է, և սա դեռ սկիզբն է։

Հ․Գ․ Հատուկ «պարանոյիկների» համար էլ ուզում եմ ավելացնել, որ ձեր ձայնային տվյալները Krisp-ը ո՛չ պահպանում է, և ո՛չ էլ ուղարկում ուրիշ սերվերների։

Իսկ ինչ վերաբերում է Covid19-ին, ո՛չ, խուճապի մասին մենք էլ չենք լսել, որովհետև մեզ մոտ անիմաստ աղմուկը տեղ չի հասնում։

janna sargsyan lori

Կընդունվեմ

Ասում են՝ երազանքները իրականանալու հատկություն ունեն, եթե սպասում ես, հավատում ու նաև ինչ-որ քայլ ես անում դեպի դրա իրականացումը:

Երազել սկսեցի 10-11 տարեկանից։ Տիկնիկներ, խաղալիքներ ու հեռախոս ունենալը չի եղել իմ երազանքը, այլ մեծանալ ու լավ գործ ունենալը։ Երազանքս կոտրվեց 17-18 տարեկանում, երբ հասկացա, լավ գործ ունենալու համար նախ և առաջ ուսում էր հարկավոր, որը ինձ համար անհասանելի էր։ Վերջին տարիներին, երբ դասարանում խոսում ու քննարկում էին` ով ուր է ընդունվելու, ես լռում էի, միայն մտքումս երազելով ու ինձ պատկերացնելով ուսանողական կյանքում, ինչ-որ ոլորտում հաջողությունների հասած, հետո երազանքներիցս կտրվում էի ու էլի հետ գալիս անգույն իրականություն։ Դպրոցս ավարտեցի, ու եթե նախկինում դասարանի մի անկյունը նստել ու երազելու անկյունս էր, ավարտելուց հետո դա էլ վերացավ, ու դրա հետ՝ երազանքներիս մի մասն էլ։ Դպրոցից հետո սկսվեց իսկական անգույն իրականությունը։ Առանց ուսման, առանց աշխատանքի հնարավորության ու առանց երազանքի ապրելը դժվար էր, դժվար էր, երբ արթնանում էի՝ առանց ապագայի մասին մտածելու, արթնանում էի՝ գիտակցելով, որ ժամանակին երազածս լավ գործը էլ երբեք չեմ ունենալու։

Էսպես մտածելով ապրեցի մի տարի։

Երազանքս կիսով չափ վերակենդանացավ 19 տարեկանում, երբ որոշեցի անգույն օրերս իմ ձեռքով ներկել և ինչ-որ հետաքրքրություն մտցնել իմ կյանք։ Սկսեցի ինքնակրթությամբ զբաղվել, հետո մեծ դժվարությամբ առաջին քայլերս արեցի, ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվեցի, դասընթացներին մասնակցություն ունեցա ու սկսվեց ակտիվ գործունեության շրջան։ Կյանքիս էս փուլը տևեց 2 տարի, ակտիվությունս մեծացավ, զբաղվածությունս՝ ևս, էս շրջանում ամեն ինչ այնքան լավ էր, որ բարձրագույն ուսում ստանալու ձգտում էլ չունեի։ Չունեի այնքան ժամանակ, մինչև աշխատանք փնտրելիս չլսեցի էս արտահայտությունը․ «Դու ինչի՞ վրա էս քո հույսը դրել, մեկ ա՝ չես ընդունվելու, դիպլոմ չունես»։ Էս խոսքերից հետո աշխատանքի հարցազրույցներ էլ չեմ անցել ու չեմ էլ փնտրել, այս խոսքերը հիշել եմ ամեն օր, ամեն ժամ ու էլի մի անկյուն գտել լացելու ու մի քիչ թեթևանալու համար։ Այս խոսքերը վերջնականապես կկոտրեին ինձ, եթե չլինեին մարդիկ, ովքեր իմ ուժերին ինձնից ավելի շատ էին հավատում։ Ընդամենը մի քանի օր առաջ ես լսում եմ, որ տարիների երազանքս կիրականանա, հա, խոսքը բարձրագույն կրթություն ունենալու մասին է։ Զգացողություններս աննկարագրելի են՝ հուզմունք, ուրախություն ու ապագայի հանդեպ մեծ ծրագրեր։ Վերջին օրերը փոխել են իմ կյանքը, վերջին օրերի մարդիկ, որոնք օգնեցին ինձ իմ երազանքի իրականացման հարցում, կողքիս են լինելու միշտ, իրենց օգնությամբ ես անում եմ իմ առաջին քայլը, իրենց օգնությամբ ես ունեմ էն հնարավորությունը, որին միշտ սպասել եմ։ Իմ խոստումը պետք է իրականանա, ես դառնալու եմ այն մարդը ու այն մասնագետը, որի անունն իմանալով՝ ամեն անգամ հպարտանալու եք։

Ես իմ երազանքին կհասնեմ 22 տարեկանում, դու կհասնես 30-ում կամ 35-ում, մյուսը՝ միգուցե 50-ում։ Կյանքի դժվարությունները թող երբեք չկոտրեն քեզ ու ամենակարևորը՝ չկոտրեն երազանքներդ։

jenya yeghikyan

Դասասենյակ էր, հիմա՝ լսարան

Ընդունվածների ցուցակի մեջ անունս կարդալուց հետո երկրորդ ուրախալի լուրը հետևյալն էր. ես այլևս տիպված չեմ  տարբեր երկրաչափական պատկերներ ընդունածի տեսքով հայտնվել երթուղայինի մեջ։ Վարորդը, ում հանդեպ ինձ թույլ չեմ տա արտաբերել «Աբո ձյա» թևավոր խոսքը, այլևս իմ անձնական վարորդը չէ։ Ավտոբուսները հանգամանքները մի քիչ մեղմացնում են և թույլ են տալիս քեզ իննսուն աստիճանի դիրքով երթևեկել։ Որքա՜ն էի հոգնել բութ անկյուն, գլան և կոն լինելուց։ Շատ դեպքերում բազմանկյուն էլ եմ ձևացել, կախված երթուղայինի մարդկանց քանակից, երբ պատուհանին գրված տասներեք տեղը վարորդը կարդում է իր գլխավերևի հայելուց՝ երեսունմեկ։ Քսաներեք համարի երթուղայինը փոխարինեցի նույն, քսաներեք համարի ավտոբուսով, էդպես գոնե հանգիստ կկանգնեմ։ Ամեն ինչի հետ մեկտեղ գրպանիս գումարի չափը մեծացավ, բայց ի տարբերություն այն ժամանակների, հասկանում ես, որ գումար տնտեսելը այդքան էլ վատ բան չէ։ Տնտեսելը դեռ մի կողմ, հաճելի է տեսնել, որ գումարդ գանձանակի մեջ իր համար տեղ է գտել և ամենևին չի շտապում ոչ մի տեղ։
Ուսանողական տարիներից չէ, բայց տարուց կխոսեմ, «ներ»-ի համար ժամանակ դեռ կա, ամեն բան չէ, որ հասցրել եմ տեսնել։
-Դասախոսին ընկերով չեն դիմում։
-Հաաա՜… Հա՞, բա էլ ո՞նց։ Երանի դպրոցի ուսուցիչներս. համ ընկեր էին, համ էլ ուսուցիչ, ընկեր բառն էլ միայն ազգանունի հետ չէր դուետով հանդես գալիս,  և վերջապես, բոլոր օրերի ընկեր։ Դուք միայն դասախոս, այն էլ տիկին կամ պարոն։ Օ՜, բավականին արդարացի եք և արդարացված։ Եվ դրա ճշմարտացի լինելը հասկանում ես այն ժամանակ, երբ նրանց հետաքրքիր չէ` դասին ներկա՞ ես, թե՞ ոչ։ Իսկ ի՞նչ էր լինում դպրոցում այն օրերին, երբ հիվանդ էինք ձևանում, որպեսզի տուն գնանք։ Գիտեմ, միայն ես չէի, որ այդ ժամանակ փնթփնթում էի քթիս տակ իրենց կարգապահ լինելու համար։ Համալսարանում ազատ ես, առանց ձևացնելու էլ կարող էս  գնալ։
Սա քիչ թե շատ առաջին տպավորությանս մասին է, որ «մինուս» կնշանակեմ, բայց «մինուսն» էլ «պլյուս» է դառնում հենց նույն «մինուսի» շնոհիվ: Ուղղակի գիծը վերևից ենք իջեցնում։ Միայն այն փաստը, որ արդեն համալսարանի դուռն ես բացում ու ներս մտնում, արդեն ինքդ քեզնով հպարտանալու տեղիք է տալիս։ Եվ խորհուրդ. շարունակեք սովորել այնպես, ինչպես պարապում էիք առարկաները համալսարան ընդունվելու համար։

elen suqiasyan erevan

Կամավորությունը միայն անվճար աշխատանքը չէ

«Ինչի՞ համար պիտի գնամ անվճար աշխատեմ», «Մի հատ թղթի կտորի համար չեմ վատնելու ժամանակս» և նման այլ մեկնաբանություններ են անում այն մարդիկ, ովքեր կամավորությունը պատկերացնում են որպես ժամանակի կորուստ կամ շահագործում։ Ոչ, սիրելիներս, ընդլայնեք ձեր մտահորիզոնը և լայն բացեք ձեր աչքերը, այդքան նեգատիվ մի տրամադրվեք ամեն ինչի հանդեպ։

Երբ առաջին անգամ պետք է գնայի կամավորության՝ մտածում էի, որ ոչ մի լուրջ բան չկա, հատկապես, որ անծանոթ միջավայր չէի գնալու։ Բայց արի ու տես, որ կամավորությունը շատ պատասխանատու գործ է, այնքան պատասխանատու, որ դու ժամանակ էլ չես ունենում մտածել վարձատրվելու մասին։ Ինձ առաջին անգամ ուղարկեցին թռուցիկ բաժանելու: Ես շատ էի ամաչում մարդկանց առաջարկել այդ թռուցիկները, քանի որ ինքս էլ միշտ չէ, որ վերցնում եմ դրանք։ Սակայն 1-2 անգամ բարեհամբույր պատասխան ստանալուց հետո ես հասկացա, որ ժպիտը շատ մեծ դեր ունի, և սկսեցի միայն ժպիտով ներկայացնել այն ընկերությունը, որում կամավոր էի։ Եթե չլիներ կամավորության իմ այդ փորձը՝ հիմա ես շատ դժվար հարցազրույց կվերցնեի մարդկանցից, իսկ այդ մի փոքր առաջադրանքը, որն ինձ հանձնարարված էր՝  մեծ դեր ունեցավ իմ հաղորդկացվելու ունակությունների համար։ Դրանից հետո ես սկսեցի վերցնել բոլոր՝ ինձ առաջարկվող թռուցիկները, քանի որ հասկանում էի, թե ինչ դժվար բան է` հանդիպել արհամարհական վերաբերմունքի։

Եթե դուք մտածում եք, որ կամավորությունն անիմաստ ժամանակի կորուստ է, ապա ձեզ հարմար տեղ չեք գնացել։ Ներկայումս Հայաստանում շատ են կամավորության ոլորտները, և զարգացած ու գիտակից երիտասարդն ուղղակի չի կարող իրեն հարմար որևէ կամավորական աշխատանք չգտնել։ Վերջին կամավորությունս ավարտեցի անցած շաբաթ։ Բանավեճ էի վարում։ Իսկ գիտե՞ք, թե ինչ տվեց ինձ այդ կամավորությունը։ Ի զարմանս ինձ՝ զսպվածություն ձեռք բերեցի։ Երբ մասնակիցները բանավիճում էին, մտածում էի, որ հիմա ես էլ կխառնվեմ ու իմ կարծիքը կասեմ: Ի՞նչ կլինի որ, միևնույն է, ես վարողն եմ, և ինձ կարելի է։ Բայց 1-2 անգամ ինքնատիրապետումս չկորցնելու արդյունքում դա դարձավ բնավորության գիծ: Հասկացա, որ կապ չունի քո տեղն ու դիրքը, առավել ևս հենց դիրքն է պատճառն ավելի լուրջ և զուսպ լինելու։

Կամավորության ամենալավ պահը նոր ծանոթություններ ձեռք բերելն է։ Հատկապես ընդմիջումներին, երբ միասին նստում և զրուցում եք տարբեր թեմաներից։ Ամենահաճելի պահն այն է, որ բոլորը տարբեր բնագավառներից են, միանման չեն մտածում և բազմակողմանի զարգացած են։ Բոլորս միշտ որևէ բան սովորում ենք իրարից։ Թերևս կամավորության համար տարիքային սահմանափակում չկա, սակայն, կամավորները մեծ մասամբ լինում են 16-22 տարեկան, քանի որ ավելի մեծ տարիքային խումբը չի ցանկանում անվճար աշխատանք կատարել, կամ ամաչում է կամավոր բառից։ Սակայն նշեմ, որ անվճար ասվածը այնքան էլ տեղին չէ, քանի որ վճար միայն չի կարելի գումարի կոնտեքստում հասկանալ։ Յուրաքանչյուր միջոցառումից հետո կազմակերպությունը կամավորին տրամադրում է հավաստագիր, որը շատ դռներ է բացում համալսարանում, աշխատանքի ընդունվելիս և հատկապես արտասահմանում աշխատանք և ուսում փնտրելիս։ Կամավորական աշխատանքը շատ գործատուների մոտ հանդիսանում է հենց աշխատանքային փորձ։

Ամեն դեպքում կարծում եմ, որ երիտասարդ տարիներն արժի նվիրել զբաղվածության այդ ուղղությանը՝ չմտածելով վարձավճարի մասին։ Քանի որ փորձ ձեռք բերելն ավելի եմ կարևորում, քան անփորձ և անտեղյակ լինելով՝ աշխատելը որևէ ոլորտում։

erik eghinyan

Ես կամավոր եմ

Բարև։ Երևի կարդացած կլինես իմ առաջին հոդվածը, որտեղ պատմում էի չհանձնվելու ու նոր դռներ բացվելու մասին։

Հա, կմտածես` ի՞նչ դուռ, ի՞նչ հաջողություն։

Ես հիմա գրում եմ Եվրոպայից, ու շատերդ կմտածեք, ի՞նչ կապ ունի Եվրոպան իմ ասածների հետ։

Երբ Հայաստանում էի, երազում էի մասնակցել փոխանակման ծրագրերի կամ սովորել արտասահմանում:

Երբ ես կամավորական ծրագրերի ժամանակ հանդիպում էի տարբեր մշակույթ կրող մարդկանց, որոնցից նոր բաներ էի սովորում, փորձի փոխանակում անում, սկսեցի հետաքրքրվել և ուսումնասիրել տարբեր ազգերի ու մշակույթների պատկանող մարդկանց կյանքը:

Լավ, թեմայից չշեղվեմ։

Արդեն երեք է ամիս է, ինչ գտնվում եմ Լիտվայում։

Շատ ծրագրերի եմ դիմել ՝ չեմ անցել, կամ ՝հրաժարվել եմ ինչ-ինչ պատճառներով։

Իսկ ինչո՞ւ հենց Լիտվա, երևի այն պատճառով, որ ուզում էի սովորել Լիտվայի միջազգային համալսարանում։

Այստեղ եմ Եվրոպական Համերաշխության (ESC) ծրագրի շնորհիվ որպես կամավոր։

UNiGrowth կազմակերպությունը հանդես է գալիս ուղարկողի դերում: Կա նաև ընդունող կազմակերպություն, որտեղ աշխատում եմ, և կա կոորդինատոր կազմակերպություն, որի կամավորն եմ ու ամբողջ ծրագիրը իրենք են համակարգում։

Ի՞նչ կամավորություն եմ անում ու որտե՞ղ։

Հատուկ դպրոց է, որտեղ կա 2 խումբ` փոքրերի և մեծերի։Այս երեխաներին սովորեցնում եմ անգլերեն լեզու ալտերնատիվ միջոցներով՝ խաղերով և տարբեր հետաքրքիր ծրագրերով։Աշխատանքիս մի մասը սա է, մյուսը` սիրով օգնում եմ իրենց մնացած ծրագրերում։ Զբաղվում եմ բլոգերությամբ, հետաքրքիր բաներ եմ նկարահանում Լիտվայի մասին ու մեր կամավորների մասին, փորձում ենք բացահայտել Եվրոպան։

Սա իմ կամավորական աշխատանքի մասին։

Երբ նոր   էի եկել, ամեն ինչ օտար և տարբեր էր. նոր ազգ, նոր մշակույթ, նոր միջավայր ու տարբեր ընկալումներ։ Շատ դժվար էր սկզբից, բայց քայլ առ քայլ հաղթահարեցի իմ համառության շնորհիվ։Դե, որ այստեղ շատ ցուրտ է, դրա մասին խոսելն անիմաստ է։ Երբեմն հուսահատվում էի, չէի ուզում ծրագիրս շարունակել, անընդհատ խնդիրներ էին առաջանում, որոնք անլուծելի էին թվում։

Այո, հեշտ չի ապրել մի երկրում, մի վայրում, որտեղ մարդիկ տարբեր են քեզնից իրենց սովորույթներով  ու ապրելակերպով։ Բայց գնալով ընտելանում ես ու փորձում ես ընդունել նորը, անկախ քո ընկալումներից ու աշխարհայացքից, սակայն պահպանելով քո առանձնահատկությունները:

Կամավորությունը ինձ շատ է փոխել. ես ավելի լրջացել եմ, ավելի համառ եմ դարձել: Դարձել եմ հետաքրքրասեր, նոր բացահայտումներ եմ անում, նորովի եմ զարգանում։

Ես հիմա վստահ կարող եմ ասել, որ շատ բան հենց մեզնից է կախված: Եթե մտածում ես, որ երբևէ չես կարող հաջողակ լինել, կամ ինչ-ինչ բաներ չեն ստացվի, ապա վստահ եղիր, այդպես էլ լինելու է։ Մենք մեր կյանքում հանդիպում ենք շատ մեծ դժվարությունների, որոնք մեզ խանգարում են ու չեն թողնում առաջ շարժվել, քանի որ մեր գիտակցության մեջ արդեն համակերպվել ենք չհաղթելու մտքի հետ:

Այո, մենք կարող ենք մեր գիտակցության վրա ազդել, ու եթե ինքներս մեզ ասենք, որ խնդիրն այնքան էլ բարդ չէ, դժվար չէ, մենք  կկարողանաք հասնել այն ամենին, ինչին  կցանկանանք:

Հիմա կմտածեք, որ սա հեքիաթ է, բայց ՝ոչ, քանի որ ես նույնպես շարժվել եմ ինքս ինձ փոխելով ու մտածելով միայն դրականի մասին: Իսկ խնդիրներ, այո, հանդիպում են, բայց մեծ նշանակություն սկսել եմ չտալ ու արդեն իսկ փոփոխությունը նկատում եմ։ Բայց ամենակարևորի մասին չասացի: Երբ սկսես մտածել դրական բաների մասին, չմոռանաս, որ պետք է աշխատել, քանի որ միայն տքնաջան աշխատանքն է մեզ մոտեցնում մեր նպատակին:

Եսիմա կիսվում եմ իմ փորձով և խորհուրդ տալիս. վստահ քայլիր ու առաջ նայիր, հետ մի նայիր ու ուշադրություն մի դարձրու բացասական բաներին։ Փոխիր ինքդ քեզ ու կիսվիր քո իսկ փորձով, վստահիր ուժերիդ ու առաջ շարժվիր։

Դեռ կհանդիպենք։

Mariam Yavrumyan

Առաջին սիրահարվածություն

Դու արդեն ոչ ոքի հետ չես շփվում, որովհետև դժվար է նայել ուրիշների դեմքին, երբ դու իրականում միայն մեկինն ես ուզում տեսնել:
Ընկերներ ընդհանրապես չունես:

Ծանոթներիդ տեսնելիս գլուխդ կախում ես, որ նորից անիմաստ հարցեր չտան ու չշեղեն քեզ մտքերիցդ: Ավտոբուս չես նստում, ոտքով ես գնում տուն: Ավտոբուսի` կես ժամվա ճանապարհը ոտքով ես գնում, մոտ 2 ժամում: Հույս ունես, որ ճանապարհին կտեսնես նրան, էլի մենակ, ականջակալներով ու վերջապես երկար դադարից հետո կհանդիպես նրան: Բայց ախր, գիտակցում ես, որ ինքը քաղաքի էդ մասերում բացարձակ գործ չունի: Դուք ապրում ու սովորում եք լրիվ տարբեր տեղերում: Բայց լռեցնում ես ներսիդ վատատեսին ու գնում` հուսալով, որ ինչ-որ պատահականությամբ հայտնված կլինի:
Ինքն էլի չի լինում, ու էլի մեջդ մի բան փշրվում է, վերանում: Ու օրեցօր դու ես սկսում վերանալ, բայց դեռ չես գիտակցում:
Փորձում ես մոռանալ օծանելիքի հոտը, գրկելու ձևը, բայց չես կարողանում: Ակամա սկսում ես համակրել ծանոթներիդ, որոնք նրա հետ ինչ-որ ընդհանուր բան ունեն. նույն վանդակավոր վերնաշապիկից, նույն սիրած երգերից, նույն սիրելի ուտեստից կամ  ոգևորվածությամբ ու երեխայական ուրախությամբ պատմելու իրերից ու երևույթներից, որոնք սիրում են:
Բայց գիտես, որ անթերի թերությունների փունջ, որպիսին միայն ինքն է, էլ երբեք ու երբեք չես գտնի: Ոչ մեկի մեջ: Ոչ ոք թեյերից ու նրանց տեսակներից այնքան գլուխ չի հանի, որչափ որ ինքը: Ոչ ոք մանրուքներին այնքան ուշադիր չի լինի, որքան ինքը: Ոչ ոք Լանա Դել Ռեյ այնքան չի սիրի, որքան ինքը: Ոչ ոք այնքան սիրուն չի նայի քեզ, որքան ինքը:
Ոչ ոք երբեք ինքը չի լինի:

«Հաղթանակած»

Մեկնարկել է «Հաղթանակած» նախաձեռնությունը, որը շուրջ 7-օրյա երիտասարդական ծրագրերի շարք է՝ Արցախի և Հայաստանի շրջաններում: Ծրագրի մեկնարկը տրվել է Հադրութի զորամասերից մեկում նոյեմբերի 10-ին: Այնուհետև Արցախի սրտում՝ Ստեփանակերտ քաղաքում,Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբը։

Այնուհետև մեկնեցին Կապան` համերգային ծրագրով «Հաղթանակած» նախաձեռնության և «Արցախի ձայների» կատարմամբ: Նոյեմբերի 13-ին նույն ծրագրով մեկնեցին նաև Եղեգնաձոր:14-ին իրականացվել է 2-օրյա աշխատաժողով «Խաղաղ պատերազմ» խորագրով, որը նվիրված էր Արցախյան հիմնահարցի լուծմանը: 17-ին տեղի ունեցավ «Հաղթանակած» նախաձեռնության «Հաղթանակած ուղի» խորագրով համաժողովը, իսկ օրվա ավարտին DOWNTOWN ակումբում նշեցին ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ համաշխարհային օրը: Ելույթ ունեցան «Հաղթանակած» նախաձեռնության երիտասարդները, «Արցախ ձայները» և DJ Neo-ն:

Նախաձեռնության  համահիմնադիր Զավեն Խուկեյանի կարծիքով նմանատիպ ծրագրերը անհրաժեշտ են հայ երիտասարդների հայրենասիրական ոգու բարձրացման և հայրենիքի ու մեր հերոսների կերտած հաղթանակների արժևորման համար:

Հրաչ Սայիյանի  կարծիքով՝ Արցախի երիտասարդների ներգրավվածությունը  նմանատիպ ծրագրերին խորացնում է կապը և նոսրացնում անջրպետը երկու  հայկական պետությունների երիտասարդների միջև:

mariam tonoyan

Փախուստ ներսից

Կարծես թե այդ չեղած ծխի հոտից արթնացած լինեի՝ չնայած վատ հոտառությանս։ Երազիս մեջ ինչ-որ բան այրվում էր՝ առանց կրակի։ Լսում էի կրակի բոցկլտոցը, տեսնում էի ծխի՝ վեր բարձրացող քուլաները, հասկանում էի, որ ինչ-որ բան բռնկվել ու մոխրի է վերածվում, բայց ինքը՝ կրակը չկար, չէր երևում։

Երեկոյան ժամը տասն էլ չկար, ինչ քնել էի, հիմա երեքն անց է, բայց հյուրասենյակի լույսը դեռ վառվում է։ Ե՞րբ եմ մոռացել անջատել։

Երբ մտա հյուրասենյակ և ուզում էի լույսն անջատել, հանկարծ նկատեցի նրան, որ դեռ արթուն էր ու սեղանի վրա կռացած, գրիչի սահքի հետ հավասար լարված աչքերն էր մի տողից մյուսը սահեցնում։

-Երկա՞ր ես պատրաստվում կուրանալ,- հարցրի։

-Ինչքան որ ստիպված լինեմ,- առանց աչքը տետրից կտրելու՝ պատասխանեց նա։

-Ո՞վ է քեզ ստիպում մինչև ժամը երեքը թղթեր թանաքոտել, որ մի օր էլ ինչ-որ ոլորտի մասնագետ դարձած, անտառահատումների դեմ պայքարես, թղթի վերամշակման կոչեր անես…

-Լավ ապագայի հանդեպ ձգտումը, նպատակին հասնելու ցանկությունը, գրողի տարած ընդունելության քննությունները, կրթական համակարգի պահանջները… գնա քնելու։

Նման չէր իրեն. հայացքի մեջ գերհոգնածություն ու վախեցնող անտարբերություն կար։ Էջերով ինչ-որ տեքստեր էր անգիր ասում դեմքի այն զրոյական արտահայտությամբ, որով աշխատում է ստրուկը, երբ պարտադրված ու իրեն չհետաքրքրող աշխատանքին արդեն վարժվել է։ Հետո չափից դուրս լարված ու անիմաստ շտապողականությամբ շարունակում էր իրար հետևից մի շարք վարժությունների պատասխաններ գրել տետրում։ Գիտեր, որ ճիշտ են, բայց շարունակ ստուգում էր և ռոբոտի նման մեխանիկորեն շարունակում նմանատիպ վարժություններ գրել՝ ասես նրա գլխուղեղում նման հրահանգ էին ներմուծել։

-Ո՞րն է քո նպատակը,- չեմ համբերում ես ու հարցնում եմ նյարդայնացած,- հիմնական գիտելիք ստանա՞լը, թե՞ ինչ-որ գրքեր ու վարժություններ անգիր անելը պարզապես քննություն հանձնելու համար։

-Ինձ հանգիստ թող, խնդրում եմ, ես ժամանակ չունեմ և սարսափելի քնել եմ ուզում։

Ես վախեցա նրա համար։ Նա չգիտեր, թե ինչ էր ուզում, և թե ուր էր տանում իրեն այդ պարտադրված ճանապարհը, որն, ըստ էության, ոչ էլ պարտադրված էր։ Մենք շատ տարբեր էինք դարձել։ Զգում էի, որ որքան փորձում էր նոր ճանապարհ գծագրել դեպի իր բուհական կյանք, այնքան ավելի էր ջնջում արվեստի ու իր սիրած զբաղմունքների համար քաշված գծերը՝ ասես դրանք թերություն համարելով։ Մենք օտարանում էինք, որովհետև մեր ընդհանուր նախասիրություններն ասես լղոզվել էին հաստ շտեմարանների ստվերներում։ Վերջին անգամ ե՞րբ էր ժամանակ գտել լսելու, հասկանալու համար՝ նախ իրեն, ապա մարդկանց, երևույթները, ե՞րբ էր ձեռքը գրիչ առել՝ ստեղծագործելու, այլ ոչ թե ճիշտ պատասխաններ շրջանակի մեջ առնելու համար, ե՞րբ էր անզուսպ ուրախությամբ վրձին ձեռքն առել կամ Հեսսե կարդացել մեր սիրելի գերմաներենով… Չգիտես՝ ինչու, սաստիկ շտապողականությամբ նա ամեն ինչ հասցնելու փոխարեն շատ բաներ բաց էր թողնում։

Մոտեցա նրան, ձեռքս դրի ուսին ու մատներիս տակ զգացի նրա՝ լարվածությունից անմիջապես թուլացող մարմինը։ Պղտորված աչքերով նայեց ինձ, գլուխը ձեռքերի մեջ առավ։

Կրկին առա գիշերվա ծխահոտը։ Նրա մեջ ինչ-որ բան ծխում էր, այրվում՝ առանց կրակի։ Ճանաչեցի այդ ներքին այրումը, նրա մեջ ի վերջո ճանաչեցի ինձ։

Անջատեցի հյուրասենյակի լույսը, որ քնելուց առաջ մոռացել էի անջատել, և սենյակի խավարը լցվեց իմ մութ մենությամբ։