Դեռևս 7 տարի առաջ ոսկեհատցի երիտասարդների ջանքերով հիմնադրվեց «Երիտասարդ Ոսկեհատ» երիտասարդական նախաձեռնությունը, որը գյուղում ծավալում էր ակտիվ գործունեություն։ Հենց այդ երիտասարդների շնորհիվ 2018 թվականի ամռանը Ոսկեհատում առաջին անգամ տեղի ունեցավ ազգային-բակային ճամբար, որն այժմ ամենամյա բնույթ է կրում։
-Ճամբար կազմակերպելու հիմնական նպատակն այն էր, որ երեխաներն ունենան ավելի հետաքրքիր առօրյա, անցկացնեն ամառն այնպես, ինչպես մենք չենք անցկացրել, ծանոթ լինեն իրենց ազգային արժեքներին,- պատմում է ճամբարի համակարգող Մարինե Մխիթարյանը։
Նրա խոսքով ճամբարի կենտրոնում կանգնած է եղել Ոսկեհատի երիտասարդներից Ներսեսը։ Նա միակ տղան էր, ով կանգնեց այդքան աղջիկների կողքին ու աջակցեց ամեն հարցում։
2020 թվականի 44-օրյա պատերազմը խլեց նաև Ներսեսի կյանքը։ Այդ պատճառով ազգային-բակային ճամբարը այս տարի վերանվանվեց, վերափոխվեց և դարձավ «Ներսիսյան Ներսեսի անվան ռազմազգային ճամբար»։
-Ամեն տարի անուն էինք փնտրում ճամբարի համար, բայց այսուհետ այն ունի իր հստակ անվանումը, որն առավել քան պարտավորեցնող է։ Ճիշտ է, այս տարի, հաշվի առնելով բոլորի հոգեվիճակը, ճամբարը կազմակերպելն ավելի դժվար էր, սակայն սա Ներսեսին կենդանի հիշելու տարբերակներից մեկն էր,- պատմում է Մարինեն:
Ճամբարին այս տարի մասնակցել է 5-17 տարեկան ավելի քան 120 երեխա։ Նրանք ըստ տարիքի բաժանված էին 5 խմբի, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր ջոկատավարը։ Ջոկատավարները գյուղի 18 տարին լրացած երիտասարդներն էին։
-Սկզբում թվում էր, թե ընդհանրապես չեմ կարողանալու երեխաների հետ լեզու գտնել, բայց հետո այնքան լավ հարաբերություններ ստեղծվեցին, որ նույնիսկ երեխաները իրենց պատրաստածն էին ինձ նվիրում,- պատմում է փոքրերի խմբի հետ աշխատող Սյուզին։
Այս տարի ճամբարը հատկապես յուրահատուկ էր ավագ խմբի համար, քանի որ կամավոր հիմունքներով ճամբարին էին միացել «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական կազմակերպության չորս հրահանգիչներ։ Նրանք ճամբարային հինգ օրերի ընթացքում սովորեցրին ավագ խմբի ապագա զինվորներին և զինվորուհիներին զենքի հետ վարվելու ձևերը, առաջին օգնության հիմունքները, մի խոսքով, այն ամենը, ինչն անհրաժեշտ է ռազմի դաշտում։
-Առաջին օրը՝ համեմատած մյուս օրերին, ավելի բարդ էր, որովհետև թվում էր, թե երեխաներին չի հետաքրքրում այն, ինչ սովորեցնում ենք, սակայն երբ անցանք գործնական հատվածին, երբ իրենք ինքներն էին ցուցաբերում առաջին օգնություն, հասկացանք, որ դա ոչ միայն հետաքրքիր է նրանց, այլ նաև դա անում են մեծերից ավելի լավ,- ասում է ՈՄԱ-ի առաջին բուժօգնության հրահանգիչ Իզաբելլան։
-Սակայն մենք կցանկանայինք նրանց սովորեցնել առաջին օգնությունը առօրյայում, այլ ոչ թե ռազմի դաշտում,- ավելացնում է մյուս հրահանգիչը՝ Նանեն։
Իսկ ըստ ՈՄԱ-ի մյուս ներկայացուցիչների, 5 օրը բավական մեծ ժամանակահատված էր պատանիներին ռազմական գիտելիքներ փոխանցելու համար։ Վստահ են, որ երեխաները սերտել են իրենց փոխանցածը և կարող են կիրառել պետք եղած դեպքում։ Ինչ վերաբերում է իրենց, ապա շատ են սիրել գյուղը, երեխաներին և հաջորդ տարիներին նույնպես պատրաստ են աջակցելու ճամբարին:
Գյուղում կազմակերպված ճամբարը ուրախություն և բավականություն էր պատճառել ոչ միայն երեխաներին, որոնք սովորում էին ազգային երգ ու պար, նկարչություն ու տեխնոլոգիական աշխատանք, այլ նաև իրենց ծնողներին։
-Աղջիկս մեծ ոգևորությամբ վերադառնում էր ճամբարից և անհամբեր սպասում հաջորդ օրվան,- ասում էր ծնողներից մեկը։ Նրանք անչափ գոհ և երախտապարտ են, որ գյուղում կազմակերպվում են նման միջոցառումներ։
Այսպիսով Ներսես Ներսիսյանի անվան ռազմազգային ճամբարը կլինի շարունակական, կլցնի Ոսկեհատի փոքրիկների առօրյան և ամեն նոր սերնդի կպատմի Ներսեսի մասին։
Լուսանկարները` Անի Ավետիսյանի