Կրթություն խորագրի արխիվներ

Մենք մարդ ենք

Լուսանկարը՝ Մերի Վարդանյանի

Լուսանկարը՝ Մերի Վարդանյանի

-Հիմա՛ր, չե՞մ ասել չխոսես:

-Խոստանում եմ, էլ չեմ խոսի, մենակ էլ մի խփեք:

Այսպիսի երկխոսության  լսողն ու ականատեսն եմ եղել շատ անգամներ: Ուսուցիչը խփում է (շատ անգամ հայհոյում և վատ բառեր ասում) երեխային նրա համար, որ երեխան խոսում է դասի ժամանակ: Բայց զարմանում եմ, մենք մարդ ենք, մեզ տրված է մարդկային լեզու: Մի՞թե չենք կարող երեխային խոսքով հասկացնել, որ չի կարելի դասի ժամանակ խոսել և այլ ավելորդ բաներով զբաղվել: Հետաքրքիր է, արդյոք ուսուցչին թույլ տրվո՞ւմ է հարվածել երեխային, եթե անգամ երեխայի ծնողները նրա վրա ձեռք չեն բարձրացնում: Մի՞թե ուսուցիչները չեն մտածում, որ իրենց հարվածներից կարող է երեխային որևէ վնաս հասցվել, իսկ հայհոյանքները կարող են ազդել երեխայի հոգեբանության վրա, ինչը ապագայում երեխայի համար կարող է ստեղծել բազմաթիվ ու անդառնալի խնդիրներ…

Վախենամ, թե մի օր էլ չմտածեմ

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Ռուսերենի պարապմունքի ժամանակ ուսուցիչս ասում է, որ վաղուց արդեն ժամանակն է՝ ես ռուսերեն մտածեմ:

Անգլերենի ժամին  ուսուցչուհիս բարձր գնահատականներ է դնում նրանց, ովքեր անգլերեն խոսում են անգլերեն մտածելով:

Անկեղծ ասած, ես այդպես էլ չհասկացա՝  ինչպես է նա հասկանում, թե ով է մտածում անգլերեն, իսկ ով` ոչ, բայց իմ հայերենի ուսուցչուհին էլ ասում է.

-Ինչքան էլ, դուք օտարամոլ լինեք, և ժամանակակից լինի օտար լեզուներով խոսելը, միևնույն է, դուք միշտ հայերեն եք մտածում: Ձեր «մա~մ» բացականչությունը հայերեն է:

Իսկ ես չգիտեմ արդեն, թե ինչպես եմ մտածում: Միայն վախենում եմ, որ ընդունելության քննությունների համար այնքան մեխանիկական, առանց միտք լարել պահանջելու վարժություններ անեմ, որ վերջում վերջնականապես դադարեմ մտածելուց: