Իմ բնակավայրը խորագրի արխիվներ
Բաղանիս, 4-րդ դար
Հայաստանի թաքնված գանձերը
Երբևէ եղե՞լ եք Հայաստանում։ Եթե այո, ապա դուք հավանաբար կարծում եք, որ այցելել եք Հայասատանի ամենահետաքրքիր վայրերը։ Երևի եղել եք Գառնիում, Սևանում, Գեղարդում, Էջմիածնում։ Սակայն հավատացեք՝ սա դեռ ամենը չէ։ Հայաստանում կան շատ տեսարժան վայրեր, որոնք այդքան էլ հայտնի չեն։
Ահա մի քանիսը։
Աստվածընկալ վանք, վանական համալիր պատմական Նիգ գավառի կենտրոնական հատվածում, ներկայիս Արագածոտնի մարզի Երնջատափ և Հարթավան գյուղերի միջակայքում, կառուցվել է 4-13-րդ դարերում։
Աստվածընկալի անունն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ Սուրբ Խաչ»-ի անունից։ Աստվածընկալի վանական համալիրը գտնվում է Քասաղ գետի աջակողմյան հատվածում, բարձր բլրի վրա։ Տարբեր դարերում կառուցված ձեռակերտ շինությունները մի ընդհանուր միասնությամբ ձուլվել են շրջապատի բնությանը, հարազատ ու համահունչ են նրան։ Աջ կողմում գահավեժ ժայռեր են, ձախում՝ ձորակներ, ներքևում՝ ձորը, որտեղով հոսում Է Քասաղ գետը, գետի ձախ ափին, եռանկյունաձև բարձունքի վրա՝ միջնադարյան բերդը։
Ոչ բոլորը գիտեն Արագածում գտնվող Գեղարոտ ջրվեժի մասին։ Այն գտնվում է Արագածոտն մարզի Ապարանի Արագած գյուղում։ Գյուղից 11կմ հեռավորության վրա է և ներառվել է բնության պետական հուշարձանների ցանկում։ Արագածի լանջից մոտ 3000մ բարձրության վրա է։ Գեղարոտ ջրվեժը երկուսն է՝ մեծ ու փոքր։ Ջրվեժը գահավիժում է 17 կմ բարձրությունից։
Արագած լեռան արևմտյան լանջին` Արտաշավան գյուղում, տեղակայված է հայկական այբուբենի հուշարձանը: Քանդակագործական այս շքեղ աշխատանքը գտնվում է անմիջապես բաց երկնքի տակ և ներառում է 39 տառերի քանդակներ։ Բոլոր տառերը քանդակվել են տուֆից: Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։
Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։ Այն կառուցվել է 4-րդ դարի վերջերին։ Եկեղեցին վերանորոգվել է 1877 թվականին։ Եկեղեցու քահանաներն են Տեր Մուշե քահանա Վահանյանը և Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։
Կոտայքից Տավուշ
Ես Կոտայքի մարզում եմ ապրում, բայց երբեք չեմ ուրացել արմատներս, որ ծլարձակվել են Տավուշի մարզի Այգեձոր գյուղում։ Այդ գողտրիկ անկյունում ապրում են իմ բոլոր բարեկամները։ Իմ ընտանիքը երեկ հրավիրված էր այնտեղ մի կարևոր առիթի, որը հայերը կոչում են բանակի քեֆ, ինչով արդեն ասվում է ամեն բան։ Խնջույքը կազմակերպվել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ավարտած իմ զարմիկի համար, ով շուտով կդառնա Հայոց բանակի զինվոր։ Շտապելով բարի ծառայություն մաղթել բոլոր զինակոչիկներին` ուզում եմ ասել նրանց, որ քանի դեռ դուք տալիս եք հայրենիքի պարտքը, մենք պարտք ենք մնում ձեզ` մեզ խաղաղ երկինք բերելու համար: Շնորհակալ ենք, որ ազնիվ եք հայրենիքի ու մարդկության առաջ։
Այգեձոր հասնելու համար մենք անցանք երկու հարյուր երեսուն կիլոմետր, իսկ այդ հինգ ժամ տևած ճանապարհը լի էր զանազան պատմություններով ու դեպքերով, ինչի մասին էլ կպատմեմ հիմա։
Ես շատ հետաքրքիր պատմություններ էի լսել Այգեձորի մասին, բայց այս մեկը նորություն էր ինձ համար։ Այգեձորը, որը շրջապատված է հսկա ժայռերով, ունի գաղտնիքներ իր փեշերին ծվարած անտառներում։ Ասում են, որ գյուղում եղել են մարդիկ, ովքեր երազ են տեսել, և իմանալով թաքնված ոսկու տեղը` գտել են այն և հարստացել։ Հեքիաթի նման է, բայց Այգեձորը տեսնողները հեքիաթներին հավատում են։ Ավազակների համար կուզեի հիշեցնել, որ ոսկի գտնելու համար նախ երազ է պետք տեսնել. կարևոր պայման է։
Ավազակներից անցնենք ավանակներին։ Երեկ ես իմացա, որ ավանակների զգայական հատկությունները չափազանց ուժեղ են։ Նրանք մշտապես քայլում են ամենից անվտանգ ճանապարհով։ Հին ժամանակներում ճանապարհներ կառուցելիս ավանակի հետքերին են նայել, որպեսզի ճամփան լավը լինի։ Հետաքրքիր է` մենք ավանակ ենք կոչում մարդկանց հիմար լինելու դեպքում, բայց այս կենդանիներին հետևելով ենք առաջ գնում։
Երբ հասանք գյուղ, ու հանդիպեցի հարազատներիս, իմ մեջ ավելի ամրապնդվեց այն միտքը, որ ծառը առանց արմատի փայտի կտոր է, որից լավագույն դեպքում պարսատիկ կարելի է պատրաստել, հակառակ դեպքում միայն այրել։ Հայրենիքը ամուր է, երբ արմատները չեն մոռացվում։ Եկեք ամուր պահենք Հայաստանը։
Մրսած գարուն
Վերջալույս
Մեղրաշատ
Գարունը Մալիշկայում
Կարոտել եմ Բերդի գարունը
Երևանում
Բարի գալուստ մի քաղաք, որտեղ փողոցները տխուր են, իսկ մարդիկ մռայլ կամ միգուցե հակառակը: Քաղաքի անունը գեղեցիկ է, իսկ այլ քաղաքում տեղի ունեցող պատմությունները միշտ ողբերգական կամ ծայրահեղ վերջաբան են ունենում: Քաղաքի անունը Երևան է, իսկ ապրող մարդկանց կարգավիճակը՝ ծանր: Երևանը հաճախ անվանում են վարդագույն քաղաք, թեկուզ գունավորը քաղաքում քիչ է, իսկ հակառակը՝ անգույնը միշտ գերակշռում է: Երևանը միշտ իր այցելուներին է սպասում, որպեսզի զարմացնի հազարավոր քանդակներով, թանգարաններով, պուրակներով ու բազմազան համեղ ու հետաքրքիր վայրերով, բայց չգիտես ինչու, այդ ամենը քիչ է մարդկանց: Երևան շատ չեն գալիս, Երևանից շատ գնում են…
Գիտե՞ս, Երևանը տխուր քաղաք է: Դե հա, գիտեմ, հիմա մտածում ես այդքանից հետո էլ ո՞վ ուրախ կլինի, բայց չէ, դա դեռ ամենը չէր: Երևանում միշտ բաժանվում են, Երևանում միշտ դավաճանում են… Երևանից բաժանվում են, Երևանին դավաճանում են, բայց Երևանը բարի է, միշտ ներում է, միշտ հետ ընդունում` համոզված լինելով ու գիտակցելով, որ իրեն կրկին լքելու են, երբ ավելի հարմար տարբերակ գտնեն: Իսկ ի՞նչ անի խեղճ Երևանը, ելք չկա, ճար չկա…
Երևանում ամեն քայլափոխին քեզ ստում են: Ստում են, որ նման գնով ոչ մի խանութից զգեստ կամ ինչ-որ հիմար ապրանք չես կարող գնել, ստում են, որ ձմերուկը քաղցր է, ստում են, որ… Ստում են գումարի, զգացմունքի, վերաբերմունքի մասին… Ստում են, որ ձմռանը Երևանում ցուրտ չի լինում, բայց չեն պարզաբանում, որ չես մրսի, եթե ձմռանը միայնակ չլինես կամ հաստ վերարկուդ քեզ չի տաքացնի, եթե կողքինդ սխալ մարդ է:
Երևանում տարբերվողներին, խելացիներին, գեղեցիկներին չեն սիրում: Երևանում սովորել են տեսնել ստանդարտ ինչ-որ բաներ, ինչ-որ մարդկանց, իսկ երբ տեսնում են ինչ-որ ստանդարտներից դուրս բան, կամ մարդ, միանգամից սկսում են ընկճվել, վիճել, բամբասել: Երևանում սովորել են շրջապատված լինել հիմարներով, որովհետև հիմարի ստին հավատալը ավելի ձեռնտու է, քան խելացի մարդու կողմից հիմնավոր բերված փաստերին: Երևանում գեղեցիկը ու գեղեցիկներին չեն սիրում, որովհետև վախենում են միայնակ մնալուց, փոխարինելուց ու փոխարինվելուց: Կամ միգուցե գեղեցիկը վախեցնում է նրանց…
Երևանում քիչ են ժպտում, որովհետև ցավ ու տառապանք են տեսել, պատերազմ են տեսել, կորուսնտեր են ունեցել, ցուրտ, խավար ու ավերվածություններ են տեսել…
Երևանում հիասթափված են, որովհետև հոգնել են նույն միապաղաղ կյանքից, նույն ավտոբուսներով տուն ու աշխատանքի գնալուց, նույն մարդկանց միշտ տեսնելուց…
Երևանում մարդիկ էլ առաջվանը չեն… Նրանք էլ միմյանց չեն իդեալականացնում, իրավիճակները նույնպես, որ վերջում չկանգնեն այն իրականության առաջ, ոչ այն մարդիկ կան, որոնց իդեալականացրել էին, ոչ էլ իրավիճակները…
Երևանում Ամանորը էլ առաջվա պես հույսերով ու երազանքներով չեն դիմավորում: Էլ ո՛չ հույսեր ունեն, ոչ երազանքներ, երևի հոգնել են միշտ սպասելով ու այդպես էլ չստանալով ու հիասթափվելով: Երևանում դադարել են հավատալ հեքիաթներին ու հրաշքներին…
Երևանում դադարել են հավատալ սիրուն, որովհետև հոգնել են խաբված, կոտրված, հիասթափված լինելուց: Հոգնել են առաջ շարժվելուց, իրենց այնպես պահելուց, ասես ամեն ինչ կարգին է, բայց իրականում աշխարհը փուլ է եկել իրենց գլխին, իսկ երազանքներն էլ ծանր օդի նման խեղդում են իրենց:
Երևանում հոգնել են ուժեղ լինելուց, սխալ մարդկանց սիրելուց:
Հոգնել են ավտոբուսներին երկար սպասելուց, ժամանակը անիմաստ վատնելուց:
Երևանում ուղղակի ուզում են երջանիկ ապրել:
Երևանում ուղղակի ուզում են ապրել…