Մանանայի արխիվից խորագրի արխիվներ

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Ուղեկիցներ. Սպիտակ նախշը

-Դեռ շա՞տ կա հասնելուն:

-Մեկուկես ժամ,-պատասխանեց ուղեկցորդուհին` միևնույն ժամանակ հարցնողի սեղանից վերցնելով արդեն չորրորդ դատարկված սուրճի բաժակը:

Հաղթանդամ տղամարդը բարձրաձայն հառաչանքով հետ ընկավ նստարանին ու սկսեց մատներով թմբկահարել լայն բազկաթոռի հենակները, ձեռքով մի քանի անգամ շփեց ճաղատ գլուխը, քորեց աղվեսի սուր քիթը, նայեց թանկարժեք ժամացույցին, ուժգին թափ տվեց այն, նորից նայեց:

-Մի հատ էլ սուրճ, եթե կարելի է,-փոքր-ինչ խռպոտ ու ցածր ձայնով ասաց նա` թեքվելով դեպի մյուս ուղեկցորդուհին: Վերջինս լուռ գլխով արեց:

Ուղևորի հագին կնգուղով սև սվիտեր էր ու բազմաթիվ գրպաններ ունեցող մոխրագույն շալվար, ինչպիսիք հագնում են օպերատորները կամ լեռնագնացները: Երեսը սափրած չէր, իսկ աչքերի տակ աննշան մգություն կար: Նա փակեց սեղանը, հետո կրկին բացեց այն, մի քանի անգամ անհանգիստ հետ ու առաջ գնաց նստած տեղում: Երբ սուրճը բերեցին, նա մի փոքր խմեց, շունչ քաշեց ու հենվեց բազկաթոռին` թեքվելով դեպի լուսամուտը: Գլուխը հենելով ապակուն` նա արտաշնչեց: Լուսամուտը ծածկվեց գոլորշու թույլ փառով:

Հեռվում` ամպերի ճերմակ փնջերից մեկի միջից ասեղի պես դուրս սահեց ևս մի ինքնաթիռ` հետևից սպիտակ թելի պես քաշելով գոլորշու երիզը: Արևի վառ լույսից այն շիկացել էր, ու երբեմն դժվար էր տարբերել` դա իսկապե՞ս ինքնաթիռ է, թե լույսի ուժեղ բռնկում: Ինքնաթիռը մեծ արագությամբ էր շարժվում, բայց երբեմն թվում էր, թե այն կանգնած է տեղում, ասես կախված է թանձր մեղրի մեջ:

Տղամարդը ձեռքն առաջ տարավ ու մատով դանդաղ գիծ քաշեց ապակու վրա` փորձելով կրկնել ինքնաթիռի` մուգ կապույտ երկնքում թողած սպիտակ նախշը: Արևի մաքուր լույսը քնկոտ ծորում էր ամպերի վրայով: Նրա մատը հասավ կապույտ անվերջության մեջ ծուլորեն սահող երկաթե թռչունին ու զգուշությամբ դուրս հրեց այն լուսամուտի եզրից այն կողմ` շտապեցնելով:

Գլուխն ապակուն հենած ուղևորի աչքերը փակվեցին: Ձեռքը դանդաղ սահեց ներքև: Մեղմ լույսը զգուշությամբ ծորաց նրա ճմրթված կոպերի վրայով` փորձելով մաքրել աչքերի տակ հավաքված հիվանդոտ կապույտ գույնը: Տղամարդու շուրթերը թույլ բացվեցին` դեմքին հարցական արտահայտություն տալով, ասես  երկար ժամանակ ինչ-որ բան էր մոռացել, ու հիմա` քնի ու իրականության եզրում սավառնելիս, հանկարծ պետք է հիշեր: Ինչ-որ շատ կարևոր բան:

Սրահում հնչեց ամրագոտիները կապելու հրահանգի ազդանշանը: Տղամարդու աչքերը բացվեցին, ու նա մի քանի վայրկյան զարմացած նայում էր բաց երկնքին: Վերջապես նա հետ նստեց, տրորեց հոնքերը, ձեռքը վերցրեց արդեն սառած սուրճի գավաթը, խմեց:

-Շո՞ւտ կհասնենք,-կրկին լսվեց նրա խռպոտ ձայնը:

-Այո,-ժպտաց ուղեկցորդուհին:

Ուղևորը թույլ ժպտաց, գլխով արեց, նայեց պատուհանին, որի վրա դեռ երևում էր իր պատկերած նախշը, այնուհետև թևքով զգուշությամբ մաքրեց ապակին:

Վայրէջքից հետո շտապ վեր կացավ, հագավ շագանակագույն կաշվե բաճկոնը, գլխին քաշեց կնգուղը, դրեց անթափանց արևային ակնոցն ու կանգնեց դեռևս փակ դռան առաջ` սեղմելով բջջային հեռախոսի կոճակները: Ուղեկցորդուհին խնդրեց նրան սպասել միջանցքում: Ուղևորը դժգոհությամբ մի քանի քայլ հետ եկավ` անհամբերությամբ փնտրելով ինչ-որ մեկի համարը: Զանգահարելիս էկրանին մի պահ լուսավորվեց դեռահաս աղջկա մի դեմք: Գծի մյուս եզրին խոսեցին, և նա շտապեց հեռախոսը սեղմել ականջին, ժպտաց ու ցածրաձայն ինչ-որ բան ասաց:

-Խնդրեմ,-հրավիրեց ուղեկցորդուհին, երբ դուռը վերջապես բացվեց:

Տղամարդը շտապ քայլերով դուրս եկավ` հեռախոսը չիջեցնելով:

-Էս են ռուս դերասանը չէ՞ր,-հարցրեց ուղևորներից մեկը:

-Հա, ինքն էր,-հաստատեց մեկ ուրիշը` ուշադիր նայելով հեռացողի հետևից:

Օդանավակայանի սպասասրահում մի խումբ մարդիկ փորձում էին լուսանկարել իմ ուղեկցին, բայց վերջինս արագացրեց քայլերը` հայացքը չբարձրացնելով ու հեռախոսն ամուր սեղմելով կրծքին, ասես այդ պահին աշխարհում ավելի թանկ բան չկար:

manana arxiv

Կյանքի մեկ րոպե. Լեռնագնացը

-Սա ես եմ` լեռնագնացության պարապմունքի ժամանակ: Ահա, այս լուսանկարի վրա, տեսնո՞ւմ եք: Այս մեկի վրա մենք լեռ ենք բարձրանում: Այն կարմիր վերարկուովն եմ ես, ամենակարճահասակը շարքում: Տեսա՞ք:

Ես միշտ երազել եմ լեռներ մագլցել, ու արդեն մի քանի տարի է, ինչ պարապում եմ: Արդեն մի քանի բարձր գագաթներ եմ բարձրացել իմ խմբի հետ: Ափսոս, բոլոր լուսանկարները հիմա մոտս չեն` ցույց կտայի:

Որքան ինձ հիշում եմ` երազել եմ բարձրանալ Էվերեստը: Դա իմ ամբողջ կյանքի երազանքն է: Ի՞նչը` ինչու: Իսկ դուք չէի՞ք ուզենա: Ինձ թվում է` ամեն մարդ գոնե մի անգամ երազել է այդ մասին: Դե, ես էլ ամեն օր եմ երազում: Իմ ուսուցիչն ասել է, որ մինչ այդ ես դեռ շատ լեռներ պետք է բարձրանամ ու ամեն օր պարապեմ, որպեսզի կարողանամ բարձրանալ այդ գագաթը: Դե, ես էլ պարապում եմ: Արդեն շատ լավ կարողանում եմ օգտագործել լեռնագնացի կացինը, կարող եմ պարան քաշել թիմակիցների համար, կարող եմ մերկ ժայռի վրա ոտնակներ ամրացնել` հետևից եկողների համար: Գիտե՞ք, դա ինչի համար է: Կինոներում տեսել եք, չէ՞:

Ի՞նչն եմ ինչպես զգում: Գագաթի վրա՞: Չգիտեմ: Ինչպե՞ս բացատրեմ: Այդ պահին ինձ թվում է, թե աշխարհում ուրիշ ոչինչ գոյություն չունի: Դուք այդպես զգացե՞լ եք: Ու ինձ թվում է, թե ես էլ եմ սովորական մարդ` բոլորի նման: Նորմալ, լիարժեք նկատի ունեմ:

Պարապմունքներին տատիկս է ինձ տանում: Ծնողներս երկուսն էլ մահացել են, երբ շատ փոքր էի: Ուսուցիչս երկար ժամանակ հրաժարվում էր ինձ հետ պարապել, ասում էր` ավելի լավ է` տանը պառկիր, գլխիդ արկածնե՞ր ես ման գալիս: Տատիկս էլ էր փորձում հետ համոզել, հետո մի կերպ համոզեցի: Ինքն էլ ուսուցչին համոզեց:

Առաջին անգամ, երբ լեռ էինք բարձրանում, ինձ հազիվ փրկեցին: Խեղդվում էի, թթվածինը թոքերիս չէր հասնում: Իմ խումբը շատ էր վախեցել, ուսուցիչս ասում էր, որ վերջացնեմ գլխիցս վեր ցատկելն ու զբաղվեմ առողջությունս պահպանելով: Բայց հետո մի կերպ համոզեցի, ու նորից ինձ թույլ տվեցին բարձրանալ:

Ես կրկնակի շատ եմ պարապում, քան ինձանից մի քանի տարով մեծերը: Ինչքան շատ պարապեմ, այնքան շուտ կկարողանամ թույլտվություն ստանալ ավելի բարձր գագաթներ բարձրանալու համար: Ես գիտեմ, որ մյուսների չափ շատ ժամանակ չունեմ: Ուղղակի փորձում եմ այդ մասին չմտածել: Ընդհանուր առմամբ ես ինձ միշտ լավ եմ զգում, ուղղակի երբեմն սկսում եմ խեղդվել, այդ ժամանակ դժվար է լինում: Չեմ կարողանում շնչել, չգիտեմ, ձեզ հետ երբևէ այդպես եղե՞լ է, երբ մեջքի վրա ընկնում եք, ու որոշ ժամանակ չեք կարողանում շնչել: Այ, այդպես է լինում: Մեկ-մեկ մտածում եմ, թե հիմա կմեռնեմ, ու ուզում եմ ինչքան հնարավոր է շատ շնչել, ու օդն այն պահին այնքան քաղցր է թվում, ասես ամենահամով բանը լինի աշխարհում:

Հետո անցնում է, ու արդեն նորից լավ եմ զգում, ուղղակի ուժերս կարծես շուտ են վերջանում դրա պատճառով:

Եթե լավ պարապեմ, մի տասը տարուց երևի կկարողանամ բարձրանալ Էվերեստը: Բժիշկներն ասում են, որ դա ինձ հակացուցված է, բայց ես ավելի լավ գիտեմ:

Մի նկար ցույց տա՞մ: Հեռախոսիս մեջ է, մի րոպե: Ահա: Այս մարդը առաջինն է բարձրացել Էվերեստը: Տեսնո՞ւմ եք: Ինտերնետից եմ քաշել: Ասում են` առաջին բարձրացողները հազիվ են փրկվել թթվածնային քաղցից: Համարյա մեռել են: Այնտեղ, վերևում, օդ գրեթե չկա, գիտե՞ք: Մոտավորապես նույն ձև է, ինչ տիեզերքում: Նույնիսկ կեսօրին այնտեղ կարելի է տեսնել աստղերն ու լուսինը: Այսինքն` լեռան գագաթը համարյա տիեզերքում է: Այնտեղ բարձրանալը շատ դժվար է, սարսափելի դժվար:

Իսկ ինձ համար տասն անգամ ավելի դժվար է լինելու: Բայց, միևնույն է, կբարձրանամ, հաստատ: Տատիկին էլ եմ խոստացել:

Վիկտոր, 14 տարեկան: Ծնողները մահացել են ՁԻԱՀ-ից իր ծնվելուց կարճ ժամանակ անց` որդուն ժառանգելով նույն հիվանդությունը:
Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Կյանքի մեկ րոպե. Անմահները

-Ափսոս, որ չեք կարող ծանոթանալ իմ ընկերոջ հետ: Հոյակապ տղա էր, բոլորը նրան շատ սիրում էին: Գիտե՞ք, այդպիսի մարդիկ կան, որ թշնամիներ չեն ունենում: Այսինքն` ոչ թե չեն ունենում, որովհետև խեղճ են, կամ ոչ մեկի չեն հետաքրքրում, այլ ուղղակի բոլորը նրանց հավանում են և ուզում են այդպիսի ընկեր ունենալ: Նա էլ հենց այդպիսի մարդկանցից էր. բոլորի հետ կարող էր ընդհանուր լեզու գտնել:

Եթե ես ինչ-որ դժվար իրավիճակում էի հայտնվում, կամ ուղղակի ուզում էի ինչ-որ մի բանով մեկի հետ կիսվել, միշտ նրա հետ էի զրուցում: Դե, գիտեք էլի, բաներ կան, որ ծնողներին չես պատմի: Այսինքն` հիմնականում ծնողներին աշխատում ես ոչինչ էլ չպատմել, ճիշտ չե՞մ ասում: Այդ դեպքերում գնում էի ընկերոջս մոտ: Նա շատ յուրահատուկ բնավորություն ուներ. նույնիսկ եթե ինչ-որ բան լավ չէր հասկանում, միևնույն է, կարողանում էր շատ օգտակար խորհուրդ տալ, կամ այնպես ոգևորել, որ հասկանում էիր` քեզ տանջող խնդիրը դատարկ բան է:

Հետո` խաղերից էր շատ լավ գլուխ հանում: Համակարգչային խաղերից նկատի ունեմ: Մեր քաղաքում դա միակ հետաքրքիր զբաղմունքն է, ուրիշ անելու շատ բան չունենք: Միասին ժամերով կարող էինք խաղալ, նա համարյա միշտ հաղթում էր: Եթե ինչ-որ դժվար մակարդակի էի հասնում ու չէի կարողանում խաղալ, միշտ նրան էի կանչում օգնության: Որ հարցնում էի` ինչպես ես այդքան լավ խաղում, որ մեզ չեն սպանում, միշտ ասում էր` որովհետև մենք անմահ ենք:

Ես նրա գերեզմանին հաճախ եմ այցելում: Նայեք, փոշին նոր է մաքրած: Երևի իր մայրն է եկել առավոտյան: Նա ամեն օր գալիս է այստեղ, ես աշխատում եմ ուշ ժամերի գալ: Ամաչում եմ նրանից, որ տեսնում եմ` չգիտեմ, թե ինչ ասեմ:

Երբ կռիվները սկսվեցին, ես վստահ էի, որ մեզ հետ ոչինչ չի լինի: Վստահ էի, որովհետև դրանք մեր հարևաններն էին: Պատկերացրեք` ձեր կողքի տանն ապրող մարդիկ մի օր գան ու հարձակվեն ձեզ վրա: Հիշում եմ` քեռիս եկել` համոզում էր, որ փախնենք: Փախեք այստեղից, փախեք, ասում էր: Բայց չփախանք: Ընկերոջս ընտանիքն էլ չփախավ: Ո՞ւր փախնեինք, ամբողջ կյանքում այստեղ ենք ապրել:

Սկզբում շատ էի ուզում վրեժ լուծել: Ուղղակի մեռնում էի, ուրիշ բանի մասին չէի կարող մտածել: Գիտեի, որ ինձ էլ կսպանեն, բայց դա ինձ շատ չէր հետաքրքրում: Բայց հետո հասկացա, որ այդ ամեն ինչը հիմարություն է:

Ի՞նչ ծաղիկներ: Մենք ծաղիկներ չենք դնում գերեզմանին: Դուք քրիստոնյա՞ եք: Տեսնո՞ւմ եք, այդ պատճառով էլ չգիտեք: Մահմեդականները գերեզմաններին ոչինչ չեն դնում: Նայեք շուրջը, գերեզմաններից ոչ մեկի վրա ծաղիկ չկա: Մեր շիրմաքարերին նկարներ էլ չկան: Միայն անունն է գրած, ու վերջ: Մարդիկ գալիս են այստեղ, աղոթում ու գնում են: Մենք մարդկանց մեր մտքում ենք պահում, ոչ թե նկարներում ու ծաղիկներում: Միայն սա եմ բերել ծրարով` մեր սիրած խաղն էր: Բայց շիրմաքարի վրա չեմ դնի, այս քարին կդնեմ: Մտածեցի` բերեմ, թողնեմ իր մոտ: Չգիտեմ` ինչի համար, ուղղակի, էլի: Ես մի հատ էլ ունեմ, թող այս մեկն էլ այստեղ մնա: Բացի այդ` ես ուզում եմ գնալ Ամերիկա` սովորելու, իսկ այնտեղ խաղեր շատ կլինեն: Ամերիկայում եղե՞լ եք: Իսկ ես մեր քաղաքից բացի ուրիշ տեղ դեռ չեմ եղել: Բայց անպայման կգնամ սովորելու, եղբայրս խոստացել է, որ կօգնի: Սցենարիստ պետք է դառնամ: Ու կդառնամ, դա դժվար չէ, ես արդեն մի քանի սցենար ունեմ գրած: Կսովորեմ ու կդառնամ հայտնի սցենարիստ, Հոլիվուդում կաշխատեմ: Դա խաղի պես է` անընդհատ փորձում ես, մինչև ստացվի, ու կարևոր չէ, թե քանի անգամ քեզ կսպանեն, չէ՞: Որովհետև մենք անմահ ենք:

 

Խոջիագբար, 17 տարեկան: Ղրղզստանի Օշ քաղաքում տեղի ունեցած միջէթնիկ բախումների ժամանակ այրել են մտերիմ ընկերոջն ու սպանել են բազմաթիվ ազգակիցների:

manana arxiv

Ինչն է ինձ հուզում աշխարհում

Ճիշտն ասած, ինձ աշխարհում շատ բան է հուզում: Կոնկրետ այս պահին ինձ ամենաշատը հուզում է այն, որ հիմա ընկերներ ունենալը շատ բարդ է: Եթե փող ունենաս, ընկեր էլ կունենաս: Իսկական ընկերություն գոյություն չունի: Չէ՞ որ ընկերներ փողով չես գնում: Սա ինձ շատ է հուզում, որովհետև չեմ կարծում, թե աշխարհում լինի մի մարդ, որ ընկերների օգնության կարիք չզգա: Սրա պատճառով էլ փոխվում են մարդկանց չափանիշները, ամեն ինչ գնահատվում է հարստությամբ: Հիմա աշխարհում ամեն ինչ կախված է թղթադրամից, որը ցանկացած երեխա կարող է պատռել ու գցել մի կողմ:

Ծովինար Տալյան

13 տարեկան

-Ինձ չեն սիրում, ինձ չեն հասկանում, մեծերը իրենց  չգիտեմ ինչի տեղ են դնում, փոքրերը հարգանք չունեն մեծերի հանդեպ, մարդիկ իրարից խուսափում են… Մի՞թե արդեն այդքան հեռուն ենք գնացել, եթե այդպես է, ուրեմն աշխարհի վերջը սա է…

-Վարդան,-կտրեցի ընկերոջս մտքի թելը, և իր տոնով շարունակեցի,-մի՞թե դու այնքան ծերացել ես, որ ամեն ինչը գորշ գույներով ես տեսնում:

-Ես ռեալիստ եմ:

-Քո տիպի ռեալիստներին հոռետես են անվանում:

-Կարող ես ինձ ձեռք առնել, բայց, մեկ է, աշխարհի վերջը մոտ է…

Ընկերս տասնհինգ տարեկան է: Դասամիջոցներին բոլորը հավաքվում են նրա շուրջը, լսում են, վախենում… Իսկ եթե իսկապե՞ս այդպես է…

Էլեոնորա Հարությունյան

15 տարեկան

 

Ինձ հուզում է ցուրտը: Հենց գալիս է ձմեռը, վախենում եմ, որ լույս չի լինի, ճանապարհները կսառեն, վթարներ կլինեն, մարդիկ կմահանան: Գյուղերում ու սարերում մարդիկ կհիվանդանան ցրտից: Ճանապարհներին մերկասառույց կլինի, ավտոմեքենաները կսայթաքեն, և վթար կլինի, իսկ վթարից բոլորը մահանում են:

Հովնան Բաղդասարյան

9 տարեկան

 

Հաճախ է պատահում այնպես, որ անծանոթ մարդկանց եմ հանդիպում ու պետք է ծանոթանամ նրանց հետ: Ես էլ առաջնորդվում եմ հայտնի երգի բառերով` ժպիտից է ծնվում ընկերությունը: Ու ես ժպտում եմ: Չեք պատկերացնի, ինչպիսի գերագույն հաճույք է, երբ ժպիտիդ ժպիտով են պատասխանում. այնքան ջերմություն է բխում ու փոխանցվում, այնքան հաճելի է…

Իսկ երբ ժպիտդ արհամարհվում է, էլ ի՞նչ հաճույք, ի՞նչ ջերմություն: Մի՞թե դժվար է ժպտալը, թեկուզ` աչքերով:

Ես կոչ եմ անում. եկեք ժպտանք անծանոթներին:

Անուշ Մուրադյան

15 տարեկան

 

-Ռիմ, արթնացնիր, դասի ես:

Այսպես ամեն առավոտ ասում է մայրս: Թե ո՞վ է որոշել, որ դասերը շուտ պետք է սկսել,- ամեն արթնանալուց մտածում եմ նույն բանը ու նորից  քնում:

-Ռիմ, արդեն ժամը ութն անց կես է:

Ուֆ, շուտ արթնանալը հասկացանք, բա որ մտածում ես, որ վեց ժամ դպրոցում ես լինելո՞ւ: Չէ՞ր կարող ժամացույց հնարողն այնպես աներ, որ գիշերվա ժամերը երկար տևեին, իսկ առավոտվա ժամերը` կարճ: Կամ դասերը շուտ անցնեին, իսկ խաղերը երկար ձգվեին: Ամեն օր դասի ես գնում, երկու ժամ դաս ես սովորում, որ մի հատ «հինգ» ստանաս, ողջ օրը պարապում ես, որ  մաթեմատիկայից «չորս» ստանաս: Ո՞ւմ է պետք:

-Ռիմ, ութն անց քառասուն է արդեն:

Լավ, վեր կենամ, այսօր գոնե քառասուն րոպե շատ եմ քնել:

Ռիմա Տոֆանյան

13 տարեկան

 

Ես միշտ մտածում եմ, թե ինչու երեխաները իրար հետ չեն ուզում ընկերություն անել:  Նույնիսկ համադասարանցիները խուսափում են իրարից: Շատ աղջիկներ էլ ամաչում են տղաների հետ խոսել: Վերջերս  իմ դասընկերներից մեկի տատիկն էր մահացել: Աղջիկներից մեկը մոտեցավ նրան ու ցավակցեց: Դրանից հետո աղջիկներն անընդհատ ձեռ էին առնում նրան: Եթե ես հնարավորություն ունենայի աշխարհում մի բան փոխել, ապա այնպես կանեի, որ բոլորն ընկերանային իրար հետ:

Մարիամ Մանուկյան

12 տարեկան

 

-Ճուտ, էս գցիր սեղանիս,- ասաց հսկայական ականջներով ու ոչինչ չարտահայտող դեմքով մի տղա` ձեռքի տոպրակը, որ պայուսակ էր ծառայում, տալով փոքրահասակ, թուլակազմ մի տղայի:

«Ճուտը» սուսուփուս վերցրեց տոպրակն ու մտավ դասարան:

-Ինչո՞ւ ես լսում Կարենին, այ, Արման,- բարկացավ աղջիկներից մեկը: Արմանը քթի տակ ինչ-որ բան քրթմնջաց: Հետո սկսեց լեզվակռիվը: Կարենին պաշտպանողներ էլ շատ կան, բոլոր նրանք, ովքեր վախենում են նրանից:

Ես ինձ նվաստացած եմ զգում, երբ իմ կողքին փորձում են ճնշել թույլերին:

Լուսինե Հակոբյան

14 տարեկան

 

Ինձ ամենից շատ հուզում է սև գույնը: Փողոցներում ամենուր սևազգեստ երիտասարդներ են: Երբ տեսնում եմ նրանց, տրամադրությունս ընկնում է, տխրում եմ: Խեղճերը չեն տեսնում գույները, երկինքը, արևը: Իսկ երբ չեն տեսնում գույները, շատ-շատ բան չեն տեսնում ու չեն հասկանում:

Նանե Սահակյան

15 տարեկան

 

«Մանանայի» արխիվից, 2004թ.

 

manana arxiv

Եթե ես լինեի Չարենցավանի քաղաքապետը․ 2013 թվական

Յոթ տարի առաջ, երբ «Մանանա» կենտրոնը մեդիա դասընթացներ էր անցկացնում Չարենցավան քաղաքում, ի թիվս այլ թեմաների, մասնակիցներին առաջարկեցինք  գրել «Եթե ես լինեի քաղաքապետ» թեմայով։ Պատանիները գրել էին այն բոլոր խնդիրների մասին, որոնք դուր չէին գալիս հարազատ քաղաքում: Այժմ, երբ այսքան տարիներ են անցել, և քաղաքն էլ ունի նոր քաղաքապետ, փորձեցինք հիշեցնել և զետեղել այդ նյութերից մի քանիսը:  Հետաքրքիր է՝ արդյո՞ք ինչ -որ բան փոխվել է, այս առաջարկներից կա՞ն այնպիսիք, որ  կատարվել են։ Եթե ապրում ես Չարենցավան քաղաքում, գրիր մեզ այդ մասին։

***

Եթե ես լինեի քաղաքապետ, առաջին հերթին կբացեի աշխատատեղեր, կվերանորոգեի սպորտդպրոցները, կկառուցեի երիտասարդական զվարճանքների կենտրոններ, փողոցների ու ճանապարհների մաքրման և ասֆալտապատման աշխատանքներ կտանեի, մանկապատանեկան միջոցառումներին ավելի շատ ուշադրություն կդարձնեի, կլսեի մարդկանց հոգսերի մասին և կփորձեի շտկել թերությունները:

Նաիրի Խալափյան

***

Ես իսկապես շատ կցանկանայի լինել քաղաքապետ, քանի որ այդպես հնարավորություն կունենայի փոխել Չարենցավանը՝ իմ պատկերացումներին համապատասխան: Կկառուցեի մի քանի նոր սրճարաններ, ինչու չէ՝ նաև ռեստորաններ: Կվերափոխեի մեր զբոսայգին, որը, վստահ եմ, վերափոխումներից հետո կդառնա հետաքրքիր ժամանցի վայր երեխաների, երիտասարդների և տարեցների համար: Կբարեկարգեի ճանապարհների քանդված հատվածները, կկանաչապատեի բակերը: Մի խոսքով, կյանքը կդարձնեի ավելի ժամանակակից, որպեսզի Չարենցավանի երիտասարդությունը ժամանակ անցկացնելու, լիցքաթափվելու համար չգնար մայրաքաղաք: Ինձ թվում է, որ այս խնդիրներին երիտասարդների տեսանկյունից նայելով՝ կգտնեինք ավելի արդյունավետ լուծումներ: Գերազանց կլիներ, եթե ես ունենայի այդ արտոնությունները: Իմ կարծիքով՝ բոլորն ինձնից գոհ կմնային:

Մարտին Պանյան

***

Ես, լինելով Չարենցավանի քաղաքացի, ամեն անգամ ցավ եմ ապրում՝ տեսնելով մեր քաղաքի անբարվոք վիճակը: Աշխատատեղերի պակասը ժողովրդին ստիպում է մնալ նպաստների և պարտքերի հույսին:

Քաղաքում գործում էին բազում գործարաններ, որոնցից ընդամենը մի քանիսն են աշխատում, այն էլ՝ ոչ լիարժեք: Քաղաքում չկա շուկա, և ես ձեռնամուխ կլինեի շուկայի բացման հարցում:

Ես կբարեկարգեի 2-րդից 4-րդ դպրոցները: Կվերանորոգեի և կվերաբացեի կինոթատրոնը: Կկազմակերպեի գեղեցիկ հուշակոթողների շինարարությունը: Կիրականացնեի գործարաններում կադրերի թարմացում և այլն:

Արտյոմ Սաֆարյան

***

Ես կփոխեի ընդհանուր քաղաքի դիզայնը: Ես կարգելեի նպաստ տալ այն մարդկանց, ովքեր կարող են աշխատել, սակայն չեն աշխատում և մնում են նպաստի հույսին: Կջեռուցեի այն դպրոցները և մանկապարտեզները, որոնք ջեռուցում չունեն: Կվերանորոգեի փողոցները, որովհետև, եթե չվերանորոգենք, կարող են շատ վթարներ լինել: Բարեգործություն կանեի հանրակացարանում: Ծերերին, հաշմանդամներին, այն երեխաներին, ովքեր ծնողներ չունեն, տներ կնվիրեի, կվերանորոգեի ծերանոցները, մանկատները: Եկեղեցին ավելի կգեղեցկացնեի: Չարենցավանում կան գործարաններ, սակայն դրանցից շատերը չեն գործում: Կկառուցեի գեղեցիկ հուշարձաններ: Կբացեի հին կինոթատրոնը և նորը կկառուցեի:

Գևորգ Շատեյան

***

Եթե ես լինեի Չարենցավանի քաղաքապետ, կփոխեի վատ վիճակում գտնվող ցանկապատները, որոնք տգեղացնեում են մեր քաղաքը: Չարենցավանում կան մարդիկ, ովքեր ապրում են առանց ջեռուցման, առանց ոռոգման և այլն: Կան նաև դպրոցներ, որոնք գտնվում են վատ վիճակում. դրանց պատերն արդեն քայքայվում են, դրանք ևս կվերանորոգեի: Կկառուցեի նոր սպորտդպրոցներ, օրինակ՝ կարատեի, լողի, ըմբշամարտի, ինչպես նաև նկարչության, քանդակի, խոհարարական ուսումնարաններ:

Տիգրան Շահգալդյան

***

Եթե ես լինեի քաղաքապետ, կվերաբացեի գործարանները, որոնք արդեն մի քանի տարի է՝ չեն աշատում, և այդ պատճառով մարդիկ անգործ են մնացել: Կկանաչապատեի տարածքները, կվերականգնեի բակերի փողոցները, քաղաքային զբոսայգին և այլն: Եթե մարդիկ կառուցում են պանդոկներ կամ ռեստորաններ, ուրեմն թող կառուցեն քաղաքի ծայրամասերում, այլ ոչ թե շենքերի տակ ու խանգարեն մարդկանց անդորրը:

Լիլիթ Բալաբեկյան

***

Կարծում եմ՝ քաղաքապետ լինելն այնքան էլ հեշտ չէ: Քաղաքապետ լինել նշանակում է պատասխանատու չլինել միայն իր անձի համար, այլ նաև մի ամբողջ քաղաքի բնակչության: Եթե ես լինեի քաղաքապետ, կվերացնեի ճանապարհային առևտուրը, քանի որ այն աղավաղում է քաղաքի գեղեցկությունը: Կավելացների այգիների և պարտեզների քանակը, դրանք ոչ միայն կապահովեին քաղաքի մաքուր օդը, այլև գեղեցկությունն ու լավ տրամադրությունը: Հատուկ ուշադրություն կդարձնեմ շենքերի, ապօրինի շինությունների կառուցման վրա: Կփորձեմ վերադարձնել այն նոր ծաղկող ու մեծ արդյունաբերություն ունեցող երիտասարդ քաղաքը: Ուշադրություն կդարձնեի նաև հոգևոր-մշակութային, կրթական, սոցիալական ոլորտների վրա: Կհիմնեի մանկատներ, որպեսզի երեխաները չհայտնվեն դրսում, ինչպես նաև ծերանոց, որ անապահով ծերերը չդիմեն մուրացկանությանը: Հուսով եմ, որ ինձ բախտ կվիճակվի լինել Չարենցավանի քաղաքապետ և բարելավել բնակչության վիճակը:

Սիլվա Խանսանամյան

***

Եթե լինեի քաղաքապետ, կվերանորոգեի փողոցները, մեր շենքի կողքով մեքենաները չեն կարողանում անցնել, որովհետև ավտոտնակները խանգարում են: Կկառուցեի ֆուտբոլի դաշտ երեխաների համար, որովհետև ֆուտբոլի դաշտերը շատ քիչ են, և լինում է այնպես, որ տարիքով ավելի մեծ երեխաները խաղում են և չեն թողնում, որպեսզի մենք էլ խաղանք: Լինում է, որ շենքի կողքին է լինում ֆուտբոլի դաշտը, և բնակիչները ասում են՝ քնած մարդ կա, գնացեք, ուրիշ տեղ խաղացեք:

Ավետիս Ավետիսյան

***

Եթե ես լինեի քաղաքապետ, կզբաղվեի քաղաքի գեղեցկացմամբ և կանաչապատմամբ: Կաշխատեի փոխել մեր երիտասարդության միջավայրը: Օրինակ՝ գտնվելով Երևանի կենտրոնում, նույնիսկ հին մարդը կձգտի դրա ոճին, միջավայրը, որտեղ ապրում ես, ազդում է քո հոգեբանության վրա: Ես կուզեի անել այնպես, որ մեր քաղաքի միջավայրը մարդկանց դարձներ ավելի մաքուր, և նրանք ափսոսեին նույնիսկ հացի փշրանքները թափել: Յուրաքանչյուր հինգ մետրը մեկ լինի աղբաման, որը կլինի ոչ թե այժմյան աղբամանների նման փոքր, որոնցում աղբ նետելը դժվար է, այլ ավելի հարմարավետ: Այդպիսով, գոնե եթե յուրաքանչյուր մարդ իր մտածելակերպով ցանկանա չաղտոտել քաղաքը, իմ կարծիքով ամեն ինչ կբարելավվի:

Իսկ մյուս կողմից ես կասեմ, որ սիրում եմ իմ քաղաքը այնպիսին, ինչպիսին որ այն կա, որովհետև ամեն քաղաք պետք է ունենա իր ոճը, իմաստը:

Արսեն Մկրտչյան

manana arxiv

Լավ է լինել մենեջեր

Ո՞րն է ամենամոդայիկ և լայն տարածում ստացած մասնագիտությունը հիմա Հայաստանում: Դե իհարկե, մենեջերի մասնագիտությունը: Ամենուրեք կարելի է լսել, որ պահանջվում է մենեջեր այս կամ այն ձեռնարկությունում աշխատելու համար: Միայն պետք է ձեզ հիասթափեցնեմ: Այդ առաջարկությունները և բազմաթիվ մենեջերները իրականում ոչ մի կապ չունեն մենեջմենթի հետ: Այո, մենեջմենթի հասկացությունը շատ ավելի բարդ է, քան այն պատկերացումները, որոնք կան մենեջմենթի մասին Հայաստանում և ընդհանրապես բոլոր նոր զարգացում ապրող երկրներում: Հաճախ կարող եք հանդիպել խանութներում ճեմող երիտասարդների, որոնց այցեքարտերի վրա գրված է մենեջեր: Բայց իրականում նրանք կատարում են վաճառողի պարտականություններ և ոչ մենեջերի: Մենեջմենթ բառը առաջացել է անգլերեն manage բառից, որը նշանակում է` կառավարել: Արտասահմանում կան հատուկ մենեջերների դպրոցներ, որտեղ դասավանդում են կառավարման հիմունքներ տարբեր բնագավառներում: Ի դեպ, Հայաստանում էլ է գործում համանման հաստատություն, որտեղ պատրաստում են պետական կառավարական մարմինների աշխատողների: Մենեջմենթը ունի բավականին լայն ճյուղավորում` ֆինանսական մենեջմենթ, արտադրական, մարդկային ռեսուրսների և աշխատանքի կազմակերպման և էլի շատ, մեկը մյուսից բխող ճյուղավորումներ:

Փորձենք խոսել այն մասին, թե ինչ ասել է կառավարում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե  «ինչ մի դժվար բան ա կառավարումը, կարևորը լինի` ինչ կառավարել, իսկ մենք կկառավարենք», բայց դա մինչև այն պահը, երբ կզգանք, որ սնանկանում ենք, ինչպես շատերի հետ է պատահում, որոնք համարում են, որ կառավարման համար հատուկ հմտություններ պետք չեն, և ցանկացած հայ ծնված օրվանից արդեն մենեջեր է, ընդ որում, բոլոր բնագավառներում, ընդհուպ մինչև նախագահ:

Ցանկացած ձեռնարկության կառավարումը իր մեջ ներառում է մի քանի ասպեկտ: Սկսենք ֆինանսականից: Մենեջերը ցանկացած գործունեության կառավարման գործընթացում միշտ պետք է ելնի այն հանգամանքից, որ գործունեությունը պետք է շահավետ լինի: Շահավետությունը իհարկե միայն ֆինանսական ցուցանիշներով չէ որոշվում, դա կարող է լինել բարի անվան ձեռք բերում, կամ շուկայում յուրահատուկ տեղի ապահովում, բայց առանց ֆինանսական շահավետության, ցանկացած գործունեության ծավալումը դառնում է անիմաստ, եթե իհարկե այդ գործունեությունը ինչ-որ այլ նպատակներ չի հետապնդում: Պետք է հաշվարկել, թե ինչ կորուստներ և եկամուտներ կունենա ձեռնարկությունը, և արդյո՞ք եկամուտները գերազանցում են կորուստները, որովհետև դա է ֆինանսական մենեջմենթի հիմնական նպատակներից մեկը` դրական հաշվեկշռի ապահովումը: Մենեջերը պետք է հետևի աշխատանքային պրոցեսին, պետք է վստահ լինի, որ այն հրահանգները, որոնք տրված են աշխատակազմին, կատարվում են պատշաճ կերպով: Շատ կարևոր է, որ մենեջերը այնպիսի մթնոլորտ ստեղծի, որտեղ աշխատողները իրենք շահագրգռված լինեն ընդհանուր ձեռնարկության հաջողությունների մեջ: Օրինակ՝ հավելյալ պարգևատրումների քաղաքականություն վարել լավ կատարված աշխատանքի համար: Մենեջերի հիմնական ֆունկցիան կայանում է նրանում, որ կազմակերպի մի այնպիսի համակարգ, որի ներսում ամեն բան ուղղված լինի առավելագույն արդյունքին հասնելուն, և այդ համակարգը ստեղծելուց հետո կարողանա այն արդյունավետ կառավարել: Օրինակ՝ վերցնենք ցանկացած երկիր և պատկերացնենք, որ դա մի մեծ հիմնարկություն է: Պարզ է, որ այդպիսի մեծ ձեռնարկությունը պետք է ունենա մենեջերներ: Ձեր կարծիքով, ո՞վ կլինի ամենագլխավոր մենեջերը: Իհարկե, վարչապետը: Բայց միանգամից պարզ է դառնում, որ վարչապետը չի կարող միայնակ կառավարել այդ հսկա ձեռնարկությունը, և նրան պետք են օգնականներ: Այդ օգնականները նույնպես մենեջերներ են, որոնց մի մասը, ինչպես վերևում նշեցի, զբաղվում են համակարգի կազմակերպմամբ, մյուս մասը` հետևում ընդհանուր համակարգի անխափան գործունեությանը:

Հիմա տեսնում եք, թե ինչ պարտականություններ են կրում մենեջերները: Լավ է, չէ՞, որ մեզ մոտ կարելի է կոչվել մենեջեր՝ առանց այս բոլոր պարտականությունները ուսերին կրելու: Թե՞ ոչ…

manana arxiv

Ինչ որ բան փոխվե՞լ է – «Խաբարբզիկ», 2010 թ.

Վտանգավոր ընկերը

Երբ հնչեց դասամիջոցի զանգը, դասարանի աղջիկներով իջանք դպրոցի բակ՝ զբոսնելու: Ես ու Եվան մտանք բուֆետ: Հանկարծ բուֆետի դուռը բացվեց, վազելով ներս մտան Ինեսան, Սվետան և Անին: Անին լացելով թուլացած ընկավ հատակին:

-Անի՞, ի՞նչ ա եղել,- անհանգստացած հարցրեցինք բոլորս:

-Վայ, էդ գազան շունն արձակվել ա ու հարձակվել մեզ վրա, բայց, բարեբախտաբար, չի կծել, իսկ Անին էլ շներից շատ ա վախենում, դրա համար էս վիճակում ա,- ասաց Սվետան, ով Անիի հետ էր եղել այդ պահին:

Մեր դպրոցի բակում ապրում են երեք մեծ շուն: Սկզբում եղել է մեկը, այնուհետև նա ունեցել է ձագեր, և մեր տնօրենը, խղճալով նրանց, պահել է դպրոցի բակում: Նրանք միշտ կապված էին, սակայն, չգիտեմ ինչպես, այդ օրն արձակվել էր նրանցից ամենավտանգավորի կապը:

Անին ուշքի չէր գալիս: Անընդհատ դողում էր և չէր կարողանում խոսել: Մենք կանչեցինք դասղեկին, և բոլոր ուսուցիչները մոտեցան Անիին՝ փորձելով օգնել. դեղ տվեցին, թեյ տվեցին, որ խմի:

Պարզվեց, որ մեր տնօրենը վաղուց էր մտածում շներին հեռացնել բակից, սակայն դպրոցի հավաքարարը միշտ ասում էր նրան.

-Լավ էլի, Լոլա Միխայլովնա, ես շատ եմ կապվել այս շան հետ, խնդրում եմ, թողե՛ք նրան մեզ մոտ:

Մոտ երկու ժամ անց եկավ հատուկ ծառայության մեքենա, և մեծ շանը տարան:

Դպրոցից տուն գնալիս տեսա դպրոցի հավաքարարին, ով նստած լացում էր իր «ընկերոջ» համար:

Մանե Արշակյան, 14 տարեկան

 

Անունս ինձ սազում է

Ուշ գիշեր էր: Բոլորս քնած էինք: Իմ երազի շարունակությանը հադգնեցին խանգարել դրսից լսվող դհոլն ու զուռնան:

-Աս ի՞նչ է, քա՛,- անհանգստացավ տատիկս:

-Ոմանք դրսում գիտեն, թե ստեղ իրենց գեղն ա՞,- բողոքեց եղբայրս:

-Լավ, առանց հիստերիայի,- հանգստացրեց մայրիկս, ով նայում էր պատուհանից,- սրանք շուտով կգնան:

-Այնքան լավ կըլլար, որ երրորդ հարկում ապրեինք: Ասոնց գլխուն ջուր կլեցնեի,- առաջարկեց տատիկս:

-Լավ, եկե՛ք քնենք,- կոչ արեցի բոլորին:

Իհարկե, լսվում էին նաև մյուս հարևանների բողոքները: Դե, գիշերվա կեսին ի՞նչ հարսանիք: Նաև լսվում էին մուղամի տակ պարողների ձայները, ովքեր նույնպես հավանաբար բավականին հոգնած էին արդեն: Նրանցից մեկը նույնիսկ դիմեց փեսային.

-Ընկե՛ր ջան, ենթաստամոքսային գեղձիս վերին հատվածը շատ ա ցավում:

-Ընձի չի հետաքրքրում,- համառ տոնով պատասխանեց փեսան՝ հասկացնելով, որ պարը պետք է շարունակվի:

Բոլորս վախեցանք, երբ կայծակը ճայթեց, և սկսեց անձրև գալ: Քեֆ անողները փախան:

-Շա՛նթ, քո մատը խա՞ռն էր էս կայծակի գործում,- հարցրեց եղբայրս:

-Երևի, չգիտեմ: Իսկ հիմա, «հոգսաթափ» եղած, եկե՛ք քնենք:

Շանթ Հակոբյան, 14 տարեկան

 

Նկատողություն

-Վայ, դե, Մարիա, մի քիչ էն կողմ նստի, գրելու տեղ չունեմ,- զայրացա դասընկերուհուս վրա, ով «պառկում» է սեղանին և ինձ տեղ չի թողնում,- հլը նայի, գիրքդ մի կողմ ա, տետրդ՝ մյուս, թևերդ էլ նենց ես դրել, ոնց որ մենակ դու լինես:

-Հա՞, եղավ… Մենակ քո մասին ես մտածում:

Ես նեղացած տեղս փոխեցի:

-Ուֆ, դու էլ ամեն ինչից նեղանում ես,- ասաց ընկերուհիս՝ կարծես փորձելով ավելի նյարդայնացնել ինձ:

-Ես չեմ նեղանում, վայ, ուղղակի չեմ սիրում, որ կողքիս նստողը նենց ա նստում, ոնց որ գահին ա բազմում ու վախենում ա, որ կորցնի: Ու դա դեռ հերիք չի, մի տասը անգամ ասելն էլ չի օգնում, որ հասկանա՝ գրելու տեղ չունեմ,- չնկատելով, որ բղավում եմ, և բոլորն ինձ են լսում, ասացի ես:

Մարիան հուզմունքից չգիտեր ինչ անել կամ ասել, բայց միայն նրա՝ ինձ ուղղված հայացքը բավական էր, որ ես հասկանայի սխալս: «Հա, լավ, ոչինչ,- մտածեցի ես,- համենայնդեպս անտեղի տեղը չարեցի, սրանից հետո միշտ կողքս կնստի իր հաշվին և ինձ չի խանգարի»:

Մերի Սիմոնյան, 14 տարեկան

 

Դե, ես էլ այսպիսին եմ

Ես սիրում եմ ինքնուրույնություն և շատ եմ բարկանում, երբ ինձ ստիպում են անել այն, ինչ ես չեմ ցանկանում:

Մայրիկս մրսկան է և երբ մի թեթև սառնություն է զգում, տաք-տաք հագնվում է և ինձ էլ ստիպում տաք հագնվել: Հերթական դեպքը մի քանի օր առաջ էր, երբ ասաց.

-Գնա շոր հագի, ցուրտ ա:

-Մամ, բայց ես չեմ մրսում:

-Դու չես զգում՝ մրսու՞մ ես, թե՞ չէ:

Այս խոսքերն ինձ շատ են բարկացնում. ինչպե՞ս կարող եմ չզգալ՝ մրսու՞մ եմ, թե՞ ոչ:

Ես շատ եմ բարկանում նաև, երբ ինձ անտեղի նկատողություն են անում: Օրինակ՝ մի անգամ դպրոցում դասամիջոցին մի քանի հոգով գնացինք ճաշարան: Ճաշարանում հերթ էր, և մեր սնվելու գործընթացը ձգձգվեց: Զանգն արդեն վաղուց հնչել էր, մեր դասարանն էլ շատ հեռու էր ճաշարանից: 15 րոպե ուշացած մտանք դասարան և լսեցինք ուսուցչի վիրավորանքը:

-Ձեր փորները լցնելու պատճառով իմ դասը հարամվեց,- բարկանում էր մեր ուսուցիչը,- չեմ հասկանում, առավոտները հաց չե՞ք ուտում:

Չգիտեմ ինչու, նա այդ ամբողջ ընթացքում միայն ինձ էր նայում. կարծես էս մեղավոր էի, որ քաղցած էի, և դասամիջոցի տևողությունն էլ հինգ րոպե էր: Նա նույնիսկ արգելեց այլևս ճաշարան գնամ: Բայց միայն ես չէի ուշացել, և պետք չէր հատկապես ինձ շեշտել:

Եվա Հախվերդյան, 15 տարեկան

 

Ի՞նչն է փոխվել իմ մեջ

Առաջ:

-Մանե՛, իջի՛ր խանութ,- ասաց սովորականի պես մայրս:

-Կիջնեմ ու պաղպաղակ էլ կառնեմ, լա՞վ,- սովորականի պես հարցրեցի ես:

Հիմա:

-Մանե՛, իջի՛ր խանութ,- ասաց մայրս:

-Չի լինի՞ դու իջնես,- սովորականի պես հարցրեցի ես:

-Լավ, իջիր, պաղպաղակ էլ կառնես:

-Չէ՛, ի՞նչ պաղպաղակ, հո երեխա չե՞մ:

Կամ, ասենք… Առաջ:

-«Երկուս» ես ստանում, հենց հիմա օրագիրդ բեր,- ասում է ուսուցչուհիս՝ բարկությունից կարմրած:

-Լավ, խնդրում եմ, էլ չեմ խոսի, չբերեմ, էլի…

Հիմա:

-Հենց հիմա «երկուս» ես ստանում մատյանում,- ասում է ուսուցչուհիս՝ բարկությունից կարմրած:

-Օրագիրս բերե՞մ,- առանց շփոթվելու ասում եմ ես:

Եվ այսպես, կարող եմ հազարավոր օրինակներ բերել… Հիմա անում եմ այն, ինչ երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ անել: Ուսուցիչներս ասում են, որ վատ շրջապատից է, մայրս հավաստիացնում է, որ անցումային շրջան է, իսկ ընկերներս ասում են, որ լավ եմ անում, դա էլ է քիչ ուսուցիչներին:

Մանե Ենգիբարյան, 14 տարեկան

 

Զրույց Էմինեմի պաստառի հետ

Մի անգամ մտա տուն և, ոչ ոքի հետ բառ անգամ չփոխանակելով, մտա իմ սենյակ ու փակվեցի: Պառկեցի անկողնուս վրա, և հայացքս ընկավ Էմինեմի պաստառին: Ինքնաբերաբար սկսեցի հետը խոսել.

-Չեմ հասկանում… Էխ… Ո՞նց եղավ, որ սենց եղավ…

Հանկարծ դուռը բացվեց, և մայրիկս ասաց.

-Բալե՛ս, սոված չե՞ս:

-Չէ՛, մա՛մ, խնդրում եմ, դուռը փակի…

«Էլի խանգարեցին… Գիտե՞ս, դու այնպիսի մեծ աստղ ես, բայց համոզված եմ, իմ տարիքում դու էլ ես ունեցել ընկերական կռիվներ ու պրոբլեմներ: Էսօր կռվեցի ընկերուհուս հետ: Հավատս չի գալիս, որ նեղացավ ինձանից, ախր, ոչինչ չէի արել… Թե՞ արել էի… Էհ… խառնվել եմ… Ո՛չ իրենից եմ բան հասկանում, ո՛չ էլ ինձանից: Բայց դասատուն ընկերուհուս հեռախոսն իմ ձեռքից վերցրեց… Չէ՛, ոնց որ ես եմ մեղավոր, բայց, ախր, իմն էլ իր ձեռքից էր վերցրել: Ո՞նց ա, ես իրենից չեմ նեղանում, չեմ ասում. «Դե, ապրես, Լուսինե՛, քո պատճառով հիմա պետք ա ուսուցչուհուց ներողություն խնդրեմ, որ տա, էն էլ չգիտեմ՝ կա՛մ կտա, կա՛մ էլ՝ չէ»: Ու դեռ ասում ա, որ մոտիկ ընկերուհիս ա: Գիտե՞ս, վերջում ես էլ գնացի, ուսուցչուհուց ներողություն խնդրեցի, երկուսիս հեռախոսն էլ վերցրեցի: Հետո, երբ իրենը վերադարձրի, բան չասեց, շրջվեց ու գնաց: Դե, հիմա ասա, ե՞ս եմ մեղավոր, թե՞ ինքը: Եթե ես եմ, իմ մեղքը կընդունեմ, կզանգեմ ու ներողություն կխնդրեմ… Բայց եթե ինքն ա…»,- մտքերս էի կիսում Էմինեմի պաստառի հետ, երբ լսեցի մայրիկիս ձայնը.

-Տա՛թև, արի հեռախոսի մոտ, Լուսինեն ա…

Վա՜յ… Ոնց որ հասկացել ա իրա մեղքի բաժինը… Դե, լավ, գնացի…

Տաթև Հակոբյան, 15 տարեկան

manana arxiv

Լռությունը համաձայնության նշան է

Չեմ հասկանում, թե ով է հորինել այս հիմար արտահայտությունը: Ու ամենահետաքրքիրն այն է, որ գրեթե բոլորը այն օգտագործում են, ու շատ լավ են զգում իրենց:

Ո՞վ է ասել, որ լռությունը համաձայնության նշան է: Ձեր կյանքում երբևէ գրանցվե՞լ է թեկուզ մի դեպք, երբ դուք լռեք, և ձեր լռությունն իսկապես համաձայնության նշան լինի: Հենց ճիշտ այդպիսի դասական դեպք, երբ ձեզ հարց տան, և դուք մռայլորեն իջեցնեք աչքերը, խորունկ հայացքով նայեք գետնին, մտամոլոր կոտրատեք ձեռքերը, ու լռեք, լռեք… Եվ մտովի պատասխանեք այդ հարցին` այո, այո, համաձայն եմ, ճիշտ է, ամեն ինչ հենց այդպես է, որ կա:

Դա ի՞նչ հիմարություն է: Ո՞վ է լռում` ի նշան համաձայնության: Իսկ չե՞ք մտածել, որ լռությունը կարող է լինել, օրինակ, հիմար հարցի նշան: Կամ զրուցակցի` ձեր հարցը չլսելու նշան: Կամ, զրուցակցի, ինչու ոչ, ձեր հարցի վրա թքած ունենալու նշան:

Իմ կարծիքով լռությունը հիմնականում պատասխանը չիմանալու նշան է: Այ, հարցնում են ձեզ, օրինակ, սիրո՞ւմ եք հիմալայան կանաչ սեզից պատրաստված թեյ: Եվ դուք լռում եք, որովհետև չգիտեք, ազնվորեն պատկերացում չունեք` սիրում եք արդյոք հիմալայան կանաչ սեզից պատրաստված թեյ: Ավելին` դուք նույնիսկ չգիտեք, թե ինչ է հիմալայան կանաչ սեզը:  Եվ դուք մռայլորեն իջեցնում եք աչքերը, խորունկ հայացքով նայում եք գետնին… իսկ հարց տվողը, սպասելով մի քանի վայրկյան, ուրախ-ուրախ հայտարարում է, որ լռությունը համաձայնության նշան է:

Ժամանակն է հրաժարվել անիմաստ ասացվածքներից: Բավական է լռեք: