Media moving forward, Ավստրիա, Օր 5

Դե ինչ, շարունակվում է Դիանայի, Մարիամի ու Անետայի օրագիրը «Media moving forward» ծրագրի մասին` Ավստրիայի Գրաց քաղաքում: Ամեն առավոտ արթնանալիս սպասում եմ, որ պատուհանից դուրս նայելով կտեսնեմ սպիտակ ձյան շերտ: Այսօր, ինչպես և մնացած չորս օրերին, ձյուն չկար:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Այսօր փառատոնի փակումն էր: Սակայն մինչև գալա համերգն ու մրցանակների շնորհումը, Գրացի կիրառական գիտությունների համալսարանի մեծ դահլիճում դեռ շատ բան պետք է անեինք:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Մեզ հյուր էին եկել տարբեր ոլորտներ ներկայացնող մի շարք մասնագետներ, որոնց հետ միասին պետք է փորձեինք խնդիրներին լուծումներ գտնել: Նրանցից յուրաքանչյուրը նստած էր կլոր սեղանի շուրջ, ուր մենք գնում էինք և իրենց հետ միասին փորձում խնդրին որոշակի լուծում տալ: Ամեն մեկն իր մտքերը գրեց գունավոր կպչուն թերթիկների վրա, և 15 րոպեն անցնելուն պես մենք պետք է փոխեինք սեղանն ու նստեինք մեկ այլ մասնագետի մոտ` լրիվ ուրիշ խնդիր քննարկելու համար: Այս ամենից հետո նրանք ընտրեցին երկու լավագույն լուծում, որն այնուհետև կզարգացվեր նույն ձևով, ուղղակի այս անգամ 20 րոպեանոց քննարկումներով: Իսկապես, հետաքրքիր էր գործի գիտակների հետ քննարկել այնպիսի թեմաներ և հարցեր, ինչպես օրինակ, լավ կադրեր գրավելու ու ընկերությունում պահելու միջոցներ, աշխատանքի շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ հմտություններ ու աշխատակիցների միջև առողջ մրցակցություն ստեղծելու ոչ ֆորմալ ձևերը:

DSC_0006

Միջոցառման երկրորդ փուլը նվիրված էր համալսարանի ուսանողների կողմից կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ նրանցից յուրաքանչյուրն ուներ հնարավորություն իր գաղափարը ներկայացնելու հյուրերին:

Մինչև գալա համերգը դեռ շատ ժամանակ կար, և մենք որոշեցինք շարունակել հեքիաթային Գրացը բացահայտելու մեր առաքելությունը: Միանգամից չվերադարձանք հոսթել, այլ քայլեցինք լրիվ հակառակ ուղղությամբ ու հասանք մի դղյակի, որը նման չէր կյանքումս տեսած և ոչ մի ճարտարապետական կառույցի: Բարձր մետաղյա դարպասներից այն կողմ երևում էր Էգենբերգի դղյակը` շրջապատված այգով ու մառախլապատ սարերով: Դղյակի ներսում տեղադրված ցուցանակի վրա գերմաներեն գրությունից հասկացանք, որ այն համաշխարհային մշակութային  ժառանգություն է ճանաչվել Յունեսկոյի կողմից: Բախտներս բերեց. այգին մեկ ժամից նոր կփակվեր: Բերաններս բաց զբոսնում էինք այգում, քայլում դղյակի ներսի բակով ու պատշգամբով` պատկերացնելով, որ ժամանակին այստեղ միգուցե ապրել է թագավորը և ճիշտ մեզ նման քայլել այդ նույն պատշգամբով: Էմոցիաներով լի եկանք հոսթել, որտեղից պետք է շարժվեինք փակման արարողության սրահ:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Երբ համարյա հասել էինք տեղ, արդեն գուշակում էինք, թե ուր ենք գնում: Այս վայրը շատ ենք տեսել քաղաքում զբոսնելիս: Սրահը գտնվում էր բլուրի ստորոտում, քարանձավի մեջ: Գալային եկել էին բոլորը` մասնակիցներն ու ժյուրին, ուսանողները և մենք` լրագրողներս: Եկել էինք, որպեսզի աջակցենք լավագույն ծրագրերի հեղինակներին, ովքեր մրցանակներ ստացան և ճանաչվեցին European youth award-ի լավագույններից լավագույնը:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դե իսկ վերջում երաժշտություն, պարեր, ուրախ ժամանց: Եվ երբ դուրս եկանք, գետինը խոնավ էր, և տեղ-տեղ սպիտակ հետքեր էին երևում: Գրացում ձյուն էր եկել: