Ազդեցությունը Բերդում

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Քայլում եմ Բերդում ու հասկանում, որ քաղաքը օրեցօր փոխվում է՝ նոր նստարաններ, սթրիթ արտ, պուրակ, անգամ մինիոն է հայտնվել քաղաքում: Հատկապես ուրախալի է, որ այս ամենը իրականացվում է պատանիների ու երիտասարդների նախաձեռնությամբ: Վերջերս իրականացված ծրագրերում իրենց մեծ դերն ունեն ԻՄՓԱՔԹ ակումբի անդամները: Մինչև վերջերս ակումբի մասին շատ բան չգիտեի, բացի այն, որ մեծ ներդրում ունի Բերդի պատանիների ու երիտասարդների և առհասարակ քաղաքի զարգացման մեջ: Որոշեցի հետաքրքրվել, ավելին իմանալ: Զրուցեցի Բերդի ԻՄՓԱՔԹ  ակումբի առաջնորդների՝ Լիաննաների հետ: Ինչպես նրանք ասացին՝ Տավուշում գործում է 8 ԻՄՓԱՔԹ ակումբ:

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Բերդում ակումբը գործում է արդեն մեկ տարի, և քանի որ մեծ թվով պատանիներ և երիտասարդներ են անդամակցել, թիմը բաժանվել է երկու խմբի՝ առավել արդյունավետ աշխատելու համար: Նշեցին, որ ակումբի անունը արդեն բացատրում է իրենց նպատակը՝ ազդեցություն: Խմբի նպատակն է՝ համախմբել համայնքի համար մտահոգվող բոլոր պատանիներին և երիտասարդներին, վերջիններիս տալ գիտելիքներ և մոտիվացիա, որպեսզի նրանք կարողանան իրագործել սեփական գաղափարները՝ առանց կողմնակի աջակցության սպասելու: ԻՄՓԱՔԹ 1 խմբի առաջնորդ Լիաննա Քոսակյանն ասում է.

-Խումբը շատ միասնական է, ցանկացած գաղափար քննարկում ենք, համախմբած իրականացնում: Վերջերս իրականացրած ծրագրերից նշեմ «Լայք պուրակի» ստեղծումը: Վերջինս ստեղծելու գաղափարը Գոռ Պողոսյանին էր: Այն բոլորիս կողմից հավանություն ստացավ, և իրականացրինք: Օգտագործել ենք թափոնային իրեր՝ չօգտագործվող անիվներ, տեղադրել ենք նստարաններ և արկղիկ՝ առաջարկությունների, նամակների համար: Արկղիկը ունի նաև առանձին բաժին՝ գրքեր, ուսումնական նյութեր փոխանցելու համար: Օրինակ, եթե ունես շտեմարան, որն այլևս չես օգտագործում, դիր այդ արկղիկում: Մենք կփոխանցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Առաջիկայում պլանավորել ենք Բերդի դպրոցների միջև ուսումնական թիմային մրցույթ կազմակերպել՝ միանշանակ խրախուսական մրցանակներով: Առայժմ նախապատրաստական փուլում ենք, կիրականացնենք մայիսին:

«Իմփակտ» ակումբի մյուս խմբի՝ «ԻՄՓԱՔԹ Պոզիտիվի» առաջնորդ Լիաննա Տերզիկյանը իր առաջնորդած խմբի մասին ասում է.

-ԻՄՓԱՔԹ  ակումբը ապահովում է ոչ ֆորմալ կրթություն: Ծրագիրը շարունակվելու է դեռ 3 տարի: «ԻՄՓԱՔԹ  Պոզիտիվ» խմբի անդամների մեջ մեծ առաջխաղացում եմ նկատում: Նրանք արդեն ակտիվ, իրազեկ, համայնքի համար մտահոգվող քաղաքացիներ են: Երբ նոր էր ձևավորվել խումբը, որոշ անդամներ կաշկանդված էին, ոչ ազատ, իսկ այժմ ես հիանում եմ նրանցով. բոլորն ակտիվ են: Նրանց մեջ մեծ ձգտում է առաջացել դեպի առաջնորդությունը: Մեր առաջին ծրագիրը կազմված էր երկու փուլից. առաջինը սեմինար էր, որը հենց պատանիներն էլ իրականացրին: Դա առաջնորդության նրանց առաջին փորձն էր: Երկրորդ ծրագիրը, որն ավելի մեծ արձագանք ստացավ, «Գունագեղ Բերդ» համայնքային ծրագիրն է: Վերջինիս շրջանակում սթրիթ արտով ավելի գեղեցկացրինք «Ծաղկանոց» մանկական զբոսայգու մուտքի պատերը:

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Առաջիկայում պլանավորում ենք սթրիթ արտի մի քանի աշխատանք իրականացնել քաղաքի տարբեր մասերում՝ հայոց մեծերի նկարներով և խոսքերով: Ընտրել ենք հենց սթրիթ արտը, որովհետև այն նմանը չուներ Բերդում: Ավելին՝ սթիրթ արտը առավել զարգացած է մայրաքաղաքում, մեծ քաղաքներում, իսկ Բերդում առաջինը մենք եղանք: Ցանկանում ենք, որ մեր օրինակը լինի վարակիչ: Խմբում ունենք նկարող երեխաներ, բայց առանց մասնագետի շատ դժվար կլիներ: Մեզ աջակցել է Բերդի տաղանդավոր նկարիչ, քանդակագործ Ավետ Արզումանյանը: Աշխատանքները տևել են մոտ 5-6 օր:

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Զրուցեցի նաև ԻՄՓԱՔԹ  ակումբի անդամներից մեկի հետ.

-Շատ ուրախ ենք, որ Բերդում գործում է խումբը: Մինչ այս ամեն օր գնում էինք միայն դպրոց-տուն, դպրոց-տուն… Ամեն օր նույնը, ինչը շատ էր ձանձրացնում, չգիտեինք՝ ինչով զբաղվել: Իսկ հիմա լավ կազմակերպված ժամանցից բացի՝ նոր գիտելիքներ և հմտություններ ենք ձեռք բերում: Շատ հետաքրքիր է անցնում ամեն օրը, խաղերի միջոցով նոր թեմաներ ենք ուսումնասիրում: