hovik vanyan

Մուրին մահացավ

Ես Երևանում էի, երբ մայրիկս զանգեց ինձ ու ասաց, որ մեր կովը` Մուրին, հիվանդ է: Անկեղծ ասած, շատ տխրեցի: Ակամայից հիշեցի ուրախ, զվարթ Մուրիին: Միշտ վախենում էի նրանից, որովհետև մեր կովերի մեջ նա ամենամեծն էր, բայց հետո հասկացա, որ ամենախելոք կովը հենց ինքն է: Հետո հիշեցի, որ Մուրին շուտով հորթ էր ունենալու, ի դեպ` Մուրին միշտ տղա հորթ է ունեցել, բայց այս անգամ հարց էր՝ հորթը կապրի, թե ոչ:

Ամեն ինչ անում էինք, որ Մուրին շուտ առողջանա, բայց գնալով նրա վիճակն ավելի էր ծանրանում: Արդեն շատ էր հյուծվել, ու մտածում էինք, որ և’ ինքը կմահանա, և’ հորթը: Բայց, ինչպես ասում են, բնությունը հրաշքներ է գործում` Մուրին հորթ ունեցավ, ու հետո մահացավ: Երևի ապրում էր իր ուժերը լարած, որ հորթը ողջ մնա, ծնվի, հետո…

Հորթի անունը նորից Մուրի դրեցինք, գյուղացիների մոտ այդպես է ընդունված. կենդանիների հաջորդ սերունդներին միշտ նույն անունով են կոչում: Հետո պետք էր մտածել, թե ինչպես պահել այդ հորթին, չէ որ նրա մայրը էլ չկար: Նրան սկսեցինք պահել այլ կովերի կաթով, որպեսզի առողջ ապրի ու շուտ մեծանա:

Այս տխուր պատմությունը միգուցե քաղաքում ապրող բնակիչները չհասկանան, բայց գյուղացու համար սա շատ հուզիչ է: Ընդհանրապես, գյուղացու համար կովը մեծ նշանակություն ունի, շատ մարդիկ հենց կով պահելով են ապրուստ վաստակում: Համ էլ կապվում ենք մեր կենդանիների հետ, սիրում…

Հա’, ի դեպ, Մուրին մահացավ, որովհետև ընդամենը մի փոքրիկ երկաթի կտոր էր կերել: Կարելի է ասել, Մուրիին սպանեց այդ երկաթի կտորը…