Ալիքների վրայով սահողները

-Դավ, գնում ենք ձեր պարապմունքները նկարենք:

-Հա, շուտ արա, կամերաները վերցրու:

Վերցրեցինք տեսախցիկներն ու ֆոտոխցիկները և ճանապարհ ընկանք: Ուղևորվեցինք դեպի Սևան քաղաք: Ճանապարհներին ձյուն էր, բայց մեզ չխանգարեց, որ հասնենք Հրազդան գետի այն հատվածը, որտեղ թիավարում և կոփվում էին բազմաթիվ երեխաներ, մեծահասակներ և հաշմանդամություն ունեցող երկու պատանիներ, որոնք նույնպես թիավարում էին հատուկ հարմարեցված նավակներով:

Եղանակը չափազանց ցուրտ էր, իսկ նկարահանումները կատարվում էին դրսում: Հասնելուն պես մեզ դիմավորեց Սևանի ջրային սպորտաձևերի մարզիչ Ավետիք Մալխասյանը: Մարզիկները իրենց մկաններն էին տաքացնում, որպեսզի սկսեն թիավարել: Մեր խմբի կեսը վերցնում էր հարցազրույց, մյուս մասը` նկարում ամբողջ ընթացքը:

Լուսանկարը` Կարեն Կարապետյանի

Լուսանկարը` Կարեն Կարապետյանի

Երբ մարզիկները հանեցին իրենց նավակները հին, կարծես ավերված տնակից, մտածեցի, որ այս պայմաններում մարզվող երեխաները ավելի շատ կձգտեն դառնալ աշխարհահռչակ մարզիկներ և հպարտացնել մեզ: Չնայած այս վատ պայմաններին, զարմանալի է, որ դպրոցի տված սաները տարբեր մրցախաղերում բարձր են պահել իրենց դպրոցի պատիվը, աշխատասիրության, մարզիչի անձնվեր աշխատանքի շնորիվ հասել լուրջ արդյունքների:

Նկարահանման ընթացքում սառնամանիքը ու բուքը ինձ ստիպում էին մտածել հաջողության և առաջընթացի ձգտող մարզիկների` թիավարողների դժվարությունների մասին: Ոմանք հիասթափվում են ցրտից և սարցակալած ոտքերից, անհարմար պայմաններից, Հայաստանում մարզաձևի ոչ լայն տարածում ունենալուց, բայց նրանք, ովքեր հավատարիմ են և պայքարող, այդ թվում և իմ ընկեր Դավիթը, մի օր օլիմպիական պատվանդանին են կանգնելու, հնչեցնելու են մեր երկրի օրհներգը ու ժպիտով են հիշելու, թե ինչից են սկսել:

Բայց մինչ այդ հարկավոր է ուշադրություն դարձնել ակումբին, նրա պայմաններին, օժանդակել, որպեսզի քիչ լինեն հիասթափվողները: