Աղոթքի և աղոթելու մասին

Ի՞նչ է աղոթքը: Ինչո՞ւ և ինչպե՞ս աղոթել, որո՞նք են աղոթքի տեսակները: Մեր զրույցի ընթացքում հենց այս մասին էր պատմում Տեր Զորայր քահանա Կարապետյանը: 

Լուսանկարը` Ռաֆիկ Թումանյանի

Լուսանկարը` Ռաֆիկ Թումանյանի

-Աղոթքն Աստծուն ուղղված խնդրանք է, աղաչանք կամ փառաբանություն, Աստծո հետ հաղորդակցվելու միջոց: Հիշեք՝ աղոթքը երբեք չի կարող լինել կոչ, պահանջ կամ հորդոր, այն խնդրանք է և գոհաբանություն:

Աղոթքը լինում է երկու տեսակի՝ առանձնական և ընդհանրական:

Առանձնական աղոթքի ժամանակ ամենքս մտովի մեր ցանկությունը, խնդրանքն ու աղերսն ենք ուղղում Աստծուն: Աղոթքը պետք է լինի անկեղծ, լուռ, հանգիստ և ոչ ցուցադրական կամ կեղծ:

Քրիստոս ասում է. «Երբ աղոթում եք, մի՛ եղեք կեղծավորների նման, որովհետև նրանք սիրում են ժողովարաններում և գլխավոր փողոցների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց կողմից նկատվեն: Բայց դու, երբ աղոթում ես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռը և աղոթի՛ր քո Հորը, որ ծածուկ տեղում է, և այդ ժամանակ քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ»:

Աղոթել կարող եք ամենուր. թե՛ տանը, թե՛ դրսում, և թե՛ եկեղեցում: Հաճախ ենք լսում, թե ինչպես տարբեր աղանդավորական շարժման հետևորդները եկեղեցու դերը՝ որպես Աստծո տաճար, ժխտելու համար ասում են, որ Քրիստոս ինքն է ասել. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ, և դա է կենդանի եկեղեցին»:

Բայց, եկեղեցին միայն քարեղեն շինություն չէ, այլ Աստծո տուն, և այն կենդանի է ներսում աղոթող հավատացյալներով: Կապ չունի, թե ինչպիսին կլինի եկեղեցու կառույցը, կարևորը, որ այն հավատացյալներով լեցուն լինի:

Աղոթքի ժամանակ և նույնիսկ մարդկային հարաբերություններում սատանան փորձում է շեղել, խանգարել մեզ, բայց երբ հավատով ու նվիրվածությամբ ես աղոթում, ոչ ոք ու ոչինչ չի կարող խանգարել:

Ընդհանրական աղոթքը նույնն է բոլոր եկեղեցիներում, իսկ առանձնական աղոթքը նույնը լինել չի կարող, քանզի ոչ ոք չգիտի, թե ինչի համար է աղոթում մյուսը:

Ընդհանրական աղոթքի օրինակ են եկեղեցում կատարվող արարողակարգերը՝ ժամերգությունները: Առաքելական եկեղեցին ինը ժամերգություն ունի: Սակայն ասօր, կախված իրավիճակներից, մեզ մոտ բոլոր արարողակարգերը չեն կատարվում: Նախկինում, երբ վանական համալիրներ են եղել, որտեղ միաբանները զբաղվել են միայն աղոթքով և գիտությամբ, բոլոր աղոթքները կատարվել են ժամանակին: Ինը ժամերգություններն են՝ Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Ճաշու Գ ժամի, Ճաշու Զ ժամի , Ճաշու Թ ժամի, Երեկոյան, Խաղաղության և Հանգստյան ժամերգություններ: Ըստ մեր եկեղեցու կարգի՝ Երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը:

Ընդհանրական աղոթքի համար կա սահմանված ծիսակարգ: Ունենք գրքեր, աղոթքի կարգ, որը կատարվում է ժամերգությունների ժամանակ: Առաջին գիրքը, որ վերաբերում է ընդհանրական աղոթքին, «Ժամագիրքն» է, որում սահմանված են կանոններ յուրաքանչյուր ժամերգության համար: Հաջորդը «Շարակնոցն» է: Այս երկու գրքերը ընդհանրական աղոթքների անբաժանելի մասն են: Երրորդ գիրքը «Ճաշոց» գիրքն է, որում ներառված են ավետարանական ընթերցվածքներ տարվա բոլոր օրերի համար: Մյուս գիրքը «Տոնացույցն» է, որը մեր եկեղեցու ամենօրյա Աստվածային պաշտամունքի կարգն է և ծառայում է նաև որպես ուղեցույց: Ընդհանրական աղոթքի գրքերից է նաև «Մաշտոց» ծիսագիրքը, որով կատարվում են բոլոր արարողակարգերը, նաև նրանք, որոնք կատարվում են եկեղեցու պատերից դուրս: Ունենք նաև «Մայր Մաշտոց», որը ներառում է նաև Ձեռնադրության խորհուրդը:

Ասեմ նաև, որ չնայած շատերը «Մաշտոց» գիրքը շփոթում են Մ. Մաշտոցի անվան հետ, այն կազմել է Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսը:

Եվ վերջին գիրքը, որն օգտագործվում է ընդհանրական աղոթքի ժամանակ, «Պատարագամատույցն» է կամ «Խորհրդամատյանը», որում գրված է պատարագի ողջ խորհուրդը:

Այս գրքերը պատրաստվել են, որպեսզի Հայաստանի բոլոր եկեղեցիներում Աստվածային պաշտամունքն ամեն օր միանման ծիսակարգով լինի: