Lusine atanesyan

Ամանորը Անգեղակոթ գյուղում

Ամանոր՝ ծախսեր, նվերներ, Ձմեռ պապ, տոնածառ և այլն: Համոզված եմ, որ բոլորդ էլ շատ եք սիրում Ամանորը, մանավանդ երեխաները (դե մտածելու ոչինչ չունեն): Իմ կարծիքով, շատ սիրելը կապված է նվերների և Ձմեռ պապի հետ: Ես էլ եմ շատ սիրում Ամանորը և հիմնականում սիրում եմ այն ամենի համար, ինչի համար սիրում են երեխաները:

Երբ ասում ենք Նոր տարի, միանգամից հիշում ենք Ձմեռ պապին, ով ամեն հունվարի 1-ին մեզ նվերներ է բերում: Երեխաները մեծանալով սկսում են չհավատալ Ձմեռ պապի գոյությանը, սակայն ես կարծում եմ, որ նրանք իրենց սրտի խորքում հավատում են այդ հրաշքին, ում կոչում են Ձմեռ պապ: Ես հավատում եմ այդ հրաշքին, բայց ոչ հոգուս խորքում: Հիշում եմ, երբ 4-5 տարեկան էի, տեսել էի, թե մայրս մեր նվերները ինչպես է դնում տոնածառի տակ, և նեղացել էի նրանից՝ կարծելով, թե թույլ չի տվել, որ Ձմեռ պապը բերի, իսկ երբ իմացա, որ Ձմեռ պապ չկա, էլի նեղացա մայրիկիցս, սակայն այս անգամ մտածելով, թե նա վիրավորվել է մայրիկիցս, քանի որ մայրիկս նրան թույլ չէր տվել գալ մեր տուն: Անցավ որոշ ժամանակ, և ես հաշտվեցի մայրիկիս հետ, իսկ իմ հավատը էլ ավելի շատացավ:

Դեկտեմբերի 23-ն էր, երբ մայրս մեզ արթնացրեց և ասաց.

-Դեռ քնա՞ծ եք, ի՞նչ է, արթնացեք, գիտե՞ք՝ ամսի քանիսն է:

Իսկ մենք պատասխանեցինք, որ գիտենք, թե ամսի քանիսն է, և մայրս ասաց.

-Հապա նայեք մեր տանը, զգացվո՞ւմ է, որ շուտով Ամանոր է:

Մենք արագ վեր կացանք և վազեցինք խանութ, գնեցինք ամեն տեսակ զարդարանքներ, բրինձ, ուլունքներ և այլ բաներ ու վերադարձանք տուն: Վերադարձանք ու սկսեցինք պատրաստվել Նոր տարվան: Այն բրինձը, որը գնել էինք, ձնեմարդեր պատրաստեցինք, նորոգեցինք իմ տնակը, որը պատրաստել էինք անցյալ տարի, պատրաստեցինք նոր տոնածառեր ու վերջացրինք անտառը: Այս տարի որոշեցի պատրաստել ևս մեկ ձնեմարդ, բայց ոչ թե բրնձով, այլ բաժակով՝մեկ անգամյա օգտագործվող, նաև շրջանաձև տոնածառ, որը կախեցի դռան վերևից: Երեկոյան զարդարեցինք տոնածառը, իսկ հաջորդ օրը ձևավորեցինք տունը: Դեկտեմբերի 28-ի երեկոյան ամանորյա գնումների ցուցակ կազմեցինք ու 29-ի առավոտյան գնացինք գնումների, վերադարձանք ու անցանք գործի:

Լուսանկարը` Լուսինե Աթանեսյանի

Լուսանկարը` Լուսինե Աթանեսյանի

Պատրաստեցինք թխվածքներ, աղցաններ, տատիկս պատրաստեց տոլմա, հայրիկս՝ խորոված Նոր տարվա գիշերը և այլ ուտելիքներ: Գնացինք Սիսիան և նվերներ գնեցինք երեխաների համար, որը այցելության ժամանակ նվիրեցինք նրանց:

Լուսանկարը` Լուսինե Աթանեսյանի

Լուսանկարը` Լուսինե Աթանեսյանի

Ամանոորը դիմավորեցինք մեր տանը, իսկ մոտավորապես ժամը 1-ին գնացինք տատիկիս տուն: Ամեն տարի մենք, մորաքրոջս և մորեղբայրներիս ընտանիքները հավաքվում ենք այնտեղ և նշում Ամանորը մինչև առավոտյան ժամը 4-5-ը: Մոռացա նշել, որ մինչև ժամը 10-ը երեխաներով ենք նշում՝ պարում ենք, պայթուցիկ պայթեցնում և հրավառություն կազմակերպում:

Հենց այդպես ենք մենք նշում Ամանորը Անգեղակոթ գյուղում: