lilit vardanyan

Ամառային արձակուրդներ

Ձմեռ էր:

-Էս տարի ինչ լավ ձմեռ ա անում: Մնում ա՝ ամառն էլ սենց լավ լինի,- ասում էր տատիկը:

Ամառվա սկիզբ:

-Մի կողմից լավ ա, որ անձրև ա գալիս: Էս տարի բերքը շատ կլինի:

Հունիսի երկրորդ շաբաթ:

-Հոգնեցինք անձրևներից, ե՞րբ ա գալու ամառը:

Հունիսի վերջ:

-Ասում են՝ էսօր քառասուն աստիճան ա լինելու: Ամառվա շոգերը էկան,- ասում է պապիկը՝ հովհարը ձեռքին:

Մեծահասակների սիրելի ամառը եկավ: Այս տարի բերքը շատ է: Կարևորը՝ ձյուն չկա: Ամառային անձրևները դադարել են: Ոչինչ, շոգին մի կերպ կդիմանանք: Պաղպաղակ կա: Կարելի է սառը ջրով լողանալ: Ձմերուկն էլ քիչ-քիչ շատանում է: Իսկ ֆուտբոլասերերին շոգը չի խանգարի հաճելի ամառ ունենալուն:

-Համ էն ենք ուզում, համ՝ էն,- ասում է տատիկը,- ո՞նց կարա համ լավ ձմեռ լինի, համ էլ՝ լավ ամառ:

Իսկ իմ կարծիքով՝ ամառը բոլոր դեպքերում էլ լավը չի (բացի անձրևային շրջանից): Քառասուն աստիճան շոգ: Մոծակների թագավորության վերադարձ: Ալերգիա համարյա ամեն ինչից (արևից, փոշուց, ծխից, ելակից, սուր հոտերից): Չնայած՝ գարունը մնում է իմ ամենաչսիրած եղանակը, բայց ամառն էլ ունի իրեն չսիրելու պատճառներ:

Մարդիկ լավ են մտածել: Ամառային արձակուրդներին դաս անելը շատ դժվար կլիներ: Օրինակ՝ ես թմրած վիճակից դուրս եմ գալիս միայն երեկոյան ժամը տասին: Դե, քանի որ շատ շոգ է, օրը սկսվում է թմրած վիճակից դուրս գալու ջանքերով: Ամեն առավոտ ես արթնանում եմ ժամը 9-ին և անկողնուց դուրս եմ գալիս 10:30:

Իմ ամառային նախաճաշի տեսականին այնքան էլ մեծ չէ. հաց-պանիր, յոգուրտ, լոլիկ և թեյ: Բայց էլ ի՞նչ կարելի էր ուտել, եթե ձու տանել չես կարողանում: Եվ ընդհանրապես, ի՞նչ ուտելու մասին է խոսքը, եթե ամառ է: Բոլորին հայտնի է իմ լավ ախորժակը, բայց ամռան շոգին ախորժակս չի գալիս: Ստիպված եմ լինում օրվա ընթացքում երկու անգամ պաղպաղակ ուտել, որպեսզի լրացնեմ իմ օրաբաժինը:

Ամառվա վատ կողմերի մասին շատ խոսեցի, բայց խոստովանում եմ, որ ամառը ունի նաև լավ կողմեր: Խոսքը ամառային առատ բերքի մասին է: Իհարկե, չկան իմ սիրած ցիտրուսները, որոնցից, ի դեպ, ալերգիա ունեմ: Փոխարենը կան կանաչ խնձոր, կեռաս և հատապտուղներ:

Եկեք փորձենք գտնել միջոցներ ամառը ոչ այնքան անտանելի դարձնելու համար: Շոգ է: Դրա համար կան լուծումներ:

1. Գնալ լողավազան: Չնայած՝ ես ժամանակ չունեմ լողավազան գնալու, բայց դա լավ միջոց է ամառվա շոգից ազատվելու և օրվա ընթացքում սթափ զգալու համար:

2. Լոգանք ընդունել: Սա էլ նրանց համար, ովքեր լողավազան գնալու ժամանակ չունեն:

3. Պաղպաղակ ուտել: Երբեմն աշխատում է:

4. Օրվա ընթացքում սառը ջուր խմել: Դե, այս կետը անիմաստ էր, որովհետև բոլորն էլ դա անում են: Բայց ես միշտ էլ շատ քիչ եմ ջուր խմել: Այնպես որ, այս կետը հատուկ ինձ համար է:

Իսկ հիմա անցնենք ամենաամառային հարցին: Մոծակները: Բոլորն էլ պայքարում են մոծակների դեմ, բայց արթնանում են մոծակի կծած տեղի քորը զգալով: Ամռանը միայն մոծակները չեն անցնում հարձակման. կան նաև այլ միջատներ: Ծնողներիս սենյակի պատուհանին ցանց է ամրացված: Բայց նույնիսկ այդ ցանցը չի խանգարում փոքրիկ կլոր միջատների ներխուժմանը, որոնք ամեն օր երեկոյան հետապնդում են ինձ, երբ ես գիրք եմ կարդում:

Իսկ մեր սենյակի պատուհանին ցանց չկա: Պապիկն էլ միշտ պատուհանը բաց է թողնում: Դրա համար էլ ժամը հինգին սենյակով մեկ շուրջպար է բռնում ճանճերի 20 հոգանոց հոտը: Գիշերն էլ գործի են անցնում մոծակները:

«Լավ, այս պայմաններում ինչպե՞ս ամառային արձակուրդը դարձնել հետաքրքիր»,- մտածեցի ես:

Կարելի է գիրք կարդալ: Ես քանդեցի գրապահարանի բոլոր դարակները և հասկացա, որ չգիտեմ ինչ գիրք կարդալ: Վերջին կարդացած գրքից հետո ես քննությունների էի: Այդ ընթացքում չէի մտածել՝ ինչ տիպի գիրք կկարդամ հետո: «Քանի որ ամառային արձակուրդներ են, ուզում եմ թեթև և զվարճալի պատմություններ կարդալ»,- որոշեցի ես և սկսեցի կարդալ ամերիկյան պատմվածքներ:

Բայց բացի գիրք կարդալուց՝ կարելի է անգլերեն պարապել: «Երբեք բաց չեմ թողնում անգլերենս լավացնելու համար ժամանակը»,- որոշում եմ ես ամռանը: Սկզբում ոգևորված պարապում եմ, հետո հոգնում, իսկ ամառվա վերջում էլի պարապում:

Երեկոյան հալամուլաները ամենահավես բանն են ամռանը: Ամենահավեսը, եթե արդեն «մեծ» չես դրա համար: Դե ես ինձ այդպիսին չեմ համարում, բայց մեր բակի մեծամասնությունը կազմում են 1-12 տարեկան երեխաներ. ո՞ւմ հետ խաղամ (փաստորեն «մեծ» եմ): Մնում է մի տարբերակ՝ հեծանիվ կամ անվաչմուշկ քշել: Եթե իհարկե եղբայրս հավես ունենա նկուղից հանել կամ ես հավես ունենամ քշել հեծանիվը: Իսկ անվաչմուշկներս 5 տարվա վաղեմություն ունեն: Կարճ ասած՝ անվաչմուշկիս ակները այլևս չկան:

«Ուրեմն պետք է ուրիշ զբաղմունք գտնել»,- մտածեցի ես և գնացի «Ոսկե ծիրանի» գրասենյակ: Երկու շաբաթ է, ինչ «Ոսկե ծիրանում» կամավոր եմ: Ցերեկվա շոգին աշխատելը այդքան էլ հաճելի չէ, բայց հետաքրքիր է:

Վերջ: Երևի իմ բոլոր ամառային պատմությունները պատմեցի, բացի նրանից, որ միջանցիկ քամիների պատճառով կոկորդս կարմրել է: Մնում է դիմանալ այս շոգին և վայելել արձակուրդները: