anush davtyan

Ամենաուժեղ դետեկտիվ կինոն

Տա-դամ․․․ տա-դամ․․․ տա-դամ, տա-դամ, տա-դամ, տա-դամ, տա-դաաաամ․․․ տա-դա-դա-դա-դամ․․․

Եթե երգելով չկարդացիր վերևի տողը, ուրեմն հե՛տ դարձիր ու նորի՛ց սկսիր։ Մենք տեղափոխվում ենք մութ ու առեղծվածային աշխարհ, ուր ես ԽՍՀՄ գաղտնի գործակալ եմ, իսկ դու երևի դեռ չես էլ ծնվել։ Հետ ենք գնում տարիներով, գնում ենք այնտեղ, ուր ամենաուժեղ դետեկտիվ ֆիլմերն էին «live» տեղի ունենում։ Գնում ենք իմ երիտասարդություն։

Ես Սառով գյուղում եմ՝ Ռուսաստանում։ Գրում եմ 1947 թվականից։ Բարև։ Ինչպե՞ս ես։ Հուսամ՝ լավ։ Իսկ ե՞ս, ես հեռու եմ հայրենիքիցս, դեռ շատ կլսես, որ կարոտում եմ։ Նախնիներս Ղարաբաղից են, բայց ես հոգով նորբայազետցի եմ։ Որ ասեմ` Քյավառ, երևի ավելի լավ հասկանաս։ 1930-ին եկա Մոսկվա, ստիպված էի։ Ու էնպես ստացվեց, որ մնացի էստեղ։ Բայց ասում եմ, շատ եմ կարոտում Հայաստանը, Նոր Բայազետը։ Հիմա չէ, բայց մի օր պատվով հետ եմ գալու, շքանշաններովս գլուխ գովեմ։ Դե, սկզբից պատմեմ, որ բան հասկանաս։

Եկա Մոսկվա, սովորում էի Էներգետիկ ինստիտուտում, հետո անցա գործի մի տեղում, որն անուն չուներ․ համար 24 էինք ասում այդ գործարանին։ Մեր թողարկած արտադրանքից միայն ներսի մարդիկ էին տեղյակ։ Էստեղից էլ սկսվեց ամեն ինչը։

Դե, ասում եմ՝ հիմա 47 թիվն է, անտառի մեջտեղում՝ ԿԲ-11 գաղտնի օբյեկտում, ես սկսում եմ աշխատել բոլորից գաղտնի մնացած միջուկային կենտրոնի վրա։ Այստեղ եմ լինելու դեռ մոտ կես դար ու պատրաստվում եմ «միջուկային» փոքրիկ քաղաք ստեղծել։ Կես դարը քիչ չի թվում, չէ՞։ Կհասցնեմ հաստատ կատարելության հասցնել այն։ Լավ, մի քանի տարի առաջ գնանք, արի՛ 1959 գանք, երբ իմ գլխավորությամբ ստեղծվում է Կոնստրուկտիվ Բյուրոն։ Իմ շնորհիվ ԽՍՀՄ միջուկային զինանոցը թափ է առնում և մրցակից դառնում ԱՄՆ-ին։ Վատ չէ, հա՞։ Ո՞նց եք ասում հիմա։ Հա՜, զիլ է։ Այնքան, որ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս եմ դարձել, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՌՍՖՍՀ Գիտություն և տեխնիկայի վաստակավոր գործիչ։ Ամենակարևորը՝ Սառովի և Գավառի պատվավոր քաղաքացի։ Որ իմ ժամանակներից դուրս գանք, կարող ես Գավառ գնալ, կիսանդրիս կանգնած է հրապարակում, տարիների փոշին էլ վրան։ Մի քիչ փայլս կորցրել եմ, բայց ի՞նչ կապ ունի։ Արձա՞նն է, որ հերոսին պետք է գեղեցկացնի։

Վերջին պահն իրար հետ կարող ենք 1993-ում անցկացնել, հետո էլ չեմ գա հետդ, կներես։ Բայց կարծեմ գիրք է լույս տեսնելու իմ մասին, հոդվածներ էլ կգրեն շուտով, էդտեղ կհանդիպենք պարբերաբար։ Թող հիմա դեռ գաղտնի մնա բոլորի համար, թե ինչի համար եմ այսքան շքանշան ստացել, թող քեզ համար հիմա արդեն վայրի թվա այն, որ միջուկային զենքի պես բանը ԽՍՀՄ հպարտությունն էր ու կարևորագույն ձեռքբերումներից մեկը։ Կյանքիս գործն էր դա։ Ե՞ս էի ընտրել։ Երևի հա, բայց ավելի շատ այս ուղին էր ինձ ընտրել։

Լավ դե, դու գնա առա՛ջ, ես 93-ում կմնամ։

Ես տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Քոչարյանցն էի, 20-րդ դարի ամենագաղտնի մարդկանից մեկը։ Էլ գաղտնի չեմ քեզ համար․․․