Ամեն ինչ մի կողմ՝ փախլավան մի կողմ

Լուսանկարը՝ Գրետա Խանդանյանի

Լուսանկարը՝ Գրետա Խանդանյանի

Մերձավոր Արևելքի յուրաքանչյուր ազգ ինքն իր մեջ համոզված է, որ աղանդերի այս տեսակը իրենց խոհանոցին է պատկանում։ Փախլավա պատրաստում են հայերը, հույները, բուլղարացիները, արաբները ու թուրքերը, սակայն ինչքան ազգ կա, այնքան էլ բաղադրատոմս։ Յուրաքանչյուր ազգին հատուկ փախլավան ունի իր յուրահատուկ համն ու հոտը։ Հայաստանում փախլավայի հայրենի քաղաքն է համարվում Գավառը։

Լուսանկարը՝ Գրետա Խանդանյանի

Լուսանկարը՝ Գրետա Խանդանյանի

Քյավառի փախլավայի մասին գիտեն մեր բոլոր հայրենակիցները։ Այն բազմաշերտ աղանդեր է, որը պատրաստվում է թղթի բարակություն ունեցող 22 խմորաշերտերից։ Դրանց մեջ իրենց տեղն են գտնում հալեցրած կարագը կամ յուղը, կտրտած ընկույզն ու շաքարը։ Չենք մոռանում վերջում փախլավան «ողողել» անուշաբույր մեղրով։ Արդյունքը հիանալի է։

Լուսանկարը՝ Գրետա Խանդանյանի

Լուսանկարը՝ Գրետա Խանդանյանի

Մոտենում են տոները, ու չկա մեր քաղաքում մի ընտանիք, որ չանցնի փախլավայի պատրաստման այս փուլերով։ Փախլավան հանդիսանում է մեր տոնական սեղանների զարդը, մեր թխվածքների թագուհին։ Այս թեմայով փոքրիկ զրույց ունեցանք Սվետա տատիկի հետ, ով հաճույքով մեզ ներկայացրեց փախլավայի պատրաստման գործընթացը։

Լուսանկարը՝ Գրետա Խանդանյանի

Լուսանկարը՝ Գրետա Խանդանյանի

-Փախլավան մեր Քյավառա խորհրդանիշներից է։ Շատ հին թվերից են սկսել պատրաստել, դեռ Հայրենական պատերազմից էլ տարիներ առաջ։ Փախլավա պատրաստելը այդքան էլ հեշտ գործ չէ։ Առաջ Քյավառում հատուկ փախլավա սարքողներ են եղել, բայց հիմա, չնայելով դժվարությանը, բոլոր տնտեսուհիներն են սովորել պատրաստել ու շատ հաճույքով։ Պատրաստելու գործընթացը մի ամբողջ ավանդույթների շարան է իրենից ներկայացնում։ Նախ մի 2 շաբաթ առաջ կանայք հավաքվում ու սկսում են ընկույզ մաքրել, շաքար կոտրել։ Այս ամենն ուղեկցվում է ուրախ ու զվարթ զրույցներով, կատակներով։ Թխելուց մեկ օր առաջ պատրաստում ենք խմորը, բաժանում ենք 22 գնդերի։ Առաջին ու վերջին շերտերը հաստ ենք անում, մնացածը՝ թղթի բարակության։ Հենց փախլավան պատրաստ է լինում, վրան լցնում ենք արդար մեղրը, թողնում, որ ներծծվի արդեն եփված խմորի մեջ։ Քյավառում հարսանիքների, տոների ժամանակ փախլավան պարտադիր է։ Մեր ժողովուրդը սովոր է այս թխվածքին, սիրում է։ Փախլավան էլ իրեն է արդարացնում, բարձր է պահում Քյավառի անունն ու պատիվը։