davit aleqsanyan

Այս մեկը իսկական էր

Գրում եմ հերթական նյութերիցս մեկը, բայց այս անգամ ոչ թե գաղտնի աշխատասենյակումս՝ սարի վրա, իմ բացատում, այլ անկողնու մեջ պառկած ու տաք թեյով լի բաժակն էլ կողքս։

Որ ճիշտն ասեմ, ես չեմ էլ գնում աշխատասենյակս։ Նախ, նրա համար, որ անձրևներ են, և երկրորդ, խոզ էլ չունենք, որ տանեմ էնտեղ պահելու։ Մի հիվանդություն տարածվեց գյուղում, և մեր խոզերը սատկեցին:

Քանի որ խոսք գնաց անձրևից, ասեմ. այսօր Բաղանիսում լավ անձրև ա եկել։ Այս մեկը իսկական անձրևներից էր։

Իսկական ասելով նկատի ունեմ, որ ամպը էնպես էր գոռում, որ փոքր եղբայրս վախից մտնում էր մահճակալի տակ։

Դասի նստած էինք և լսվեց առաջին կաթկթոցի ձայնը։ Մտքումս ասացի՝ երանի լավ անձրև գա։

Չէ, չէ, անձրև ես այդքան էլ չեմ սիրում։ Ուղղակի նրա համար ասացի, որ չգնանք անասուններին արածեցնելու։ Անասունները պահելուց, երբ անձրև է գալիս, ամենաքիչը կարող ես հիվանդանալ։ Լավ, չեմ ուզում շատ խոսել։ Հետո դրա մասին կպատմեմ անպայման։

Ու այդպես էլ եղավ. էնպիսի անձրև եկավ, որ դպրոցից մինչև հասա տուն, ջուր էի։

Մի կողմից էլ մտածում եմ՝ լավ չեղավ, որ էսքան անձրև եկավ։ Չենք կարողանալու ֆուտբոլ խաղալ։ Հա, մեկ էլ մոռացա ասել. սահմանին ամեն բան հանգիստ է։

Էս մի նյութս էլ մի քիչ կարճ պատմեց Բաղանիսում տիրող իրավիճակի ու եղանակի մասին: