Անավարտ հարցազրույց

Հարցազրույց տատիկիս Վարդանուշ Մուրադյանի հետ

Լուսանկարը՝ Քրիստինե Սարգսյանի

Լուսանկարը՝ Քրիստինե Սարգսյանի

Վարդանուշը` հորական տատիկս, 88 տարեկան է: Քանաքեռցի է եղել, ամուսնացել է պապուս` Խաչիկ Թովմասյանի հետ և տեղափոխվել Արագածոտնի մարզի գյուղ Ագարակ: Ունեցել են 5 երեխա՝ 4 տղա և 1 աղջիկ: Ցավոք սրտի, միայն հայրս է ամուսնացել և ունի 7 զավակ: Տատս մեզ շատ է սիրում, միշտ պատմում է, որ իր գրկում է մեծացրել մեզ:

Տատիս պատմեցի, որ  լրագրողությամբ եմ զբաղվում, շատ ուրախացավ, ասաց.

-Բալի՛կ ջա՜ն, սովորի՛ր, սովորի՛ր, քանի կարող ես:

Եվ սրանից հետո սկսեցի հարցուփորձս:

-Տատ ջան, ինչպիսի՞ ընտանիքում ես մեծացել:

Տատս սկսեց հպարտորեն պատմել:

-Բալա ջան, հայրիկս՝ Վահանը, էղել ա գիտուն մարդ` տեխնիկումն ա սովորել, ավարտել ա հինգերով, իսկ մորս հետ պսակվելուց հետո դարձել ա Քանաքեռի եկեղեցու քահանա: Մամս` Սուսամբարը, անգրագետ կին ա եղել, դպրոցում չի սովորել, բայց շատ խելամիտ էր: Մամայենքս եղել են 5 ախպեր, 2 քուր: Իմ քեռիները բոլորը վանական են էղել: Թուրքերը սաղին սպանել են, մնացել են 2 քուր` մերս ու մորքուրս: Փախել, էկել են Քանաքեռ, էնտեղ էլ հանդիպել ա հորս:

Ախպերս՝ Եփրեմը, իրա նման ախպեր ոչ մեկ չի ունեցել: Իմ ախպերը մեզ շատ էր սիրում, մենք էլ իրեն: Իմ հերը մի բուռ ոսկի տվեց, որ գնա Էրեվան սովորի ,- հուշերի գիրկն ընկավ տատս,- իսկ քուրս՝ Շողիկը, բարի, խելամիտ մարդ էր, շատ նման էր մորս:

-Տա՛տ, իսկ ինչպե՞ս եք ապրել:

-Բալա ջան, չեմ բողոքում, լավ էինք ապրում, բայց լուսամուտներին շուշա չկար, շորերով էինք փակում: Հետո հերս մի տեղից  2 կոպեկ ոսկի ճարեց, թազա տուն առանք:

-Դպրոցից հետո ինչո՞վ ես զբաղվել:

-Է՜հ. գնացի բուժքույրական սովորեցի, պրծնելուց հետո մեր Քանաքեռի բուժկետում էի աշխատում մինչև պապուդ հետ ամուսնանալս:
-Տա՛տ, պապուս հետ ո՞նց ես ծանոթացել:
-Իմ պապաս ու պապուդ պապը իրար ընկերներ են էղել, որոշել էին, որ իրանց թոռները իրար հետ պիտի պսակվեն, ու տենց էլ էղավ: Պապդ էկավ ձեռս խնդրեց, հերս ու ախպերս էլ համաձայն էին, էդպես ամուսնացանք:

-Ի՞նչ պայմաններում ես ապրել:

-Պապուդ տունը լավը չեր: Մկան բնից մի քիչ էր մեծ, անձրևների ժամանակ կաթում էր, բայց աշխատում էր, փող էր հավաքում` տուն սարքելու համար: Ես ու պապդ շատ տանջվեցինք: Ես, որ գյուղական կյանքին սովոր չէի, դժվարությամբ, բայց հարմարվեցի էդ կյանքին: Հող էի մշակում պապուդ հետ հավասար: Վերջը` մենք փող հավաքեցինք ու հորեղբայրներիդ ու հորդ հետ սկսեցինք նոր տուն սարքել:

-Իսկ ինչպիսի՞ն են եղել երեխաներդ փոքր տարիքում:

Այս հարցս այդպես էլ անպատասխան մնաց, տատս գլուխը խոնարհեց ու սկսեց լաց լինել՝ հիշելով իր16-ամյա մահացած որդուն ու զավակների դաժան մանկությունը: