milena baghdasaryan

Այս տետրն էլ վերջացավ…

Գրչիս թանաքն ավարտվում է, փոխում եմ գրիչս, տետրիս 48 թերթերը  լցվում են, 96 թերթանոցն եմ վերցնում: Տանը բոլորը ննջում են, հաճելի լռություն է, միայն գրչիս՝  թղթին  թեթև հպվելու հազիվ նշմարվող ու  խորհրդավոր ձայնն է լսվում:

Մութ փողոցում մի լուսավոր պատուհան կա. իմն է: Իսկ պատուհանից ներս պատեր չեն, այլ մի ուրիշ մոլորակ՝ հեռու առօրյա հոգսերից ու դուրս` ժամանակ և տարածություն հասկացություններից: Իմ մոլորակում չարը տեղ չունի, աշխատում եմ միայն բարու, բարության և բարի արմատով կամ այն իրենց մեջ կրող այլ բառերի հետ աշխատել,  հերոսներս էլ՝ անշոշափելի, բայց երևակայությանս մեջ ապրող արևագույն էակներ են: Արևագու՞յն. այո՛, չէ՞ որ  ամեն երեկո, երբ ամոթխած  արևը տխրությամբ  կարմրում ու հետաձգում է հրաժեշտի պահը, որ մի քիչ էլ մնա մեզ հետ, ես աչքերով փորձում եմ կլանել լույսն ու ջերմությունը և ժամեր անց դրանք արտացոլել իմ տողերում, հերոսներիս էլ այդպես պայծառ ու ջերմ ստեղծել:

Առաջին փոքրիկ բանաստեղծությունս գրել եմ 39 տառերը յուրացնելուց հետո. մայրիկիս էր նվիրված: Անկեղծ էի գրել, մանկական միամիտ մտքերով ու  բառերով: Դրան հաջորդող այլ փորձերից հետո, չեմ հիշում՝ ինչու՞, չշարունակեցի գրել: Մի օր էլ՝  մյուս օրերի նման սովորական մի օր, դասից տուն վերադառնալու ճանապարհին գլխումս սկսեցին պտտվել նոր բանաստեղծությանս առաջին երկու տողերը: Արագ գնացի տուն ու գրի առա դրանք. մի քանի գեղեցիկ տողեր էլ ավելացրի ու կրկին գրեցի բանաստեղծություն՝ առաջին բանաստեղծությունիցս տարիներ անց: Երբեք չսիրահարված մարդու ձեռքով գրված բանաստեղծություն սիրո մասին, որ շատ բան փոխեց իմ կյանքում ու նորանոր արձակ և չափածո  ստեղծագործություններիս նախաբանը եղավ:

Երկարատև ու ցրտաշունչ ձմեռվանից հետո մի փոքրիկ ձնծաղիկով նոր գարուն մուտք գործեց իմ կյանք:  Գուցե ճիշտ են ասում, որ երկար ժամանակ չգրելուց հետո ավելի մեծ սիրով ես գրիչը ձեռքդ վերցնում ու խոսում թղթի հետ, կարծես գրկում ես  երկար տարիներ չտեսած մերձավորիդ, որին շատ էիր կարոտել ու ամբողջ կարոտդ փորձում ես արտահայտել ամուր գրկախառնության միջոցով:  16 տարեկանում մեծ հանդգնություն կլինի իմ կողմից ինձ գրող անվանելը, չգիտեմ էլ՝ կհամարձակվե՞մ երբևէ կրել գրող-լրագրողի պատվավոր տիտղոսը, թե՞ ոչ, բայց մի բան գիտեմ հաստատ. յուրաքանչյուր ավարտվող տետրին նորն է փոխարինելու, ու գրիչի միջուկի դատարկվելուն պես նոր գրիչ եմ ձեռքս վերցնելու, որպեսզի նոր գրիչով նոր հեքիաթներ «խզբզեմ» թղթին ու նոր մոլորակներ հայտնագործեմ:

Այս տետրն էլ վերջացավ, ներշնչածս արևի ջերմությունն էլ արդեն սպառվում է: Սենյակիս լույսն անջատեմ՝ վաղն էլ արևին հանդիպելու, ջերմություն ու լույս կլանելու և մի նոր սպիտակ տետր սևացնելու ակնկալիքով, մի նոր ձնծաղիկ ստեղծելու ու կրկին կյանքումս գարուն բերելու հույսով: