Ani v. Shahbazyan

Անավարտ ձմեռ

-Մա՛մ, բոլոր տնային գործերն արել եմ, ազա՞տ եմ։

-Հա՛, կարող ես գնալ, բայց չէ՛, մի վայրկյան․․․ Անի՜․․․

-Ես էլ քեզ եմ սիրում, մա՛մ ջան։

Ասելուն պես՝ փակվում է սենյակիս դուռը, և ես «բանտարկվում եմ» այնտեղ։ Սովորության համաձայն լսվում է պապիկիս ձայնը․

-Մոռացե՛ք Անիին, էլ էն դեն տուս էկողը չի։

Պապիկիս խոսքերից հետո խորը շունչ եմ քաշում ու անցնում առաջ։ Վայելում եմ մենակությունը իմ՝ այսքան հարազատ դարձած խցում։ Նստում եմ մահճակալիս, քրքրում եմ նորությունները սոցիալական կայքերում։ Աչքս գցում եմ և տեսնում, թե ինչպես են ինձ նայում Վարդգես Քալանթարյանն ու Մուշեղ Բաղդասարյանը։ Ու իրենց հայացքներով ասում․ «Տես, է, տես, ինչ գիրք ենք գրել, դու գոնե գիտե՞ս՝ ինչքան ենք տանջվել, ինչքան ենք մտածել, վերցրո՛ւ, վերցրու կարդա՛, չե՛ս փոշմանի»։ Դե, իհարկե, ես նրանց հակառակվել չէի կարող, վերցնում եմ «Կորած օրագիր» գիրքը և, հարմար տեղավորվելով մահճակալիս վրա, սկսում եմ կարդալ։ Շատ հետաքրքիր գիրք էր, հետաքրքրությունս հասցրեցի միչև 100 էջ և զգացի, որ աչքերս ցավում են։ Էջը ծալեցի, փակեցի գիրքը ու դրեցի պահարանիս անկյունում։ Հետո կշարունակեմ:

Իսկ հիմա՞ ինչ անեմ՝ երաժշտություն լսե՞մ, թե՞ նկարեմ։ Ես ընտրեցի երրորդ տարբերակը՝ ավելի լավ է նյութ գրեմ։ Նայում եմ գրապահարանիս ու տեսնում գրքերիս «մենամարտը»։ Վա՜յ, Անի, էլի գրքերի տեղը խառնել ես, քեզ ո՞վ է ասում Քիմիայի կողքին դիր «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» գիրքը։ Դե, Շերլոկը՝ իր բնավորության համաձայն, փաստեր է ասում քիմիայի մասին, այդ թվում, որ նրան ոչ մեկը չի սիրում։ Նա էլ վիրավորվում է և այդ կռվի մեջ խառնում Մենդելեևին։ Մի խոսքով՝ ահավոր է։ Ես բաժանում եմ նրանց և միմյանցից առանձնացնում։ Հետո սփոփում եմ քիմիայիս գրքին։ Ես այն մարդկանցից եմ, ով սիրում է քիմիա։ Չէ՛, ավելի ճիշտ, ես այն մարդն եմ, ով սիրում է քիմիա։ Դե արի ու այս քաոսից տետր գտիր՝ նյութ գրելու համար։ Տետր գտնելու արարողությունը տևում է մոտ 20 րոպե, այն 5 րոպեով ավել է տևում գրիչ գտնելու արարողությունից։ Գտնելուց հետո ես ընդունում եմ նույն այն դեմքը, երբ Մենդելեևը առաջին անգամ տեսավ իր իսկ ստեղծած պարբերական աղյուսակը։

Նստեցի պատուհանի դիմաց, տետրս դրեցի պատուհանագոգին ու նայում եմ ձյան փաթիլներին։ Հա՛, ի դեպ՝ ձմեռը չի ուզում վերջանալ։ Գնալով իր շերտերն է հաստացնում։ Աչքիս տակ ընկան թաց ապակիները։ Զգացի, թե ինչպես է ցուրտը փչում մատներիս։ Լա՛վ, վերջ, նյութ պետք է գրեմ։ Վերցրեցի գրիչս, իջեցրեցի տետրիս ու, դուռը բացվեց․

-Անի՛, արի տեսակցություն ունես։

Լսում եմ մայրիկիս ծիծաղը։ Լա՛վ, թող մնա նյութս, հետո կգրեմ։

-Եկա, մա՛մ։