Անտեսելով հեռավորությունն ու կարծրատիպերը

Վերջին շրջանում, եթե ինչ-որ տեղ իմ անունը հանդիպած լինեք, պիտի նրա կողքին մեկ այլ անուն էլ նկատեիք՝ Մկրտչյան Անուշինը, որը շատ է սիրում իր գյուղը, ֆուտբոլ ու ապագա դիվանագետ է: Ամռան սկզբին՝ «ՖեմՔեմփին» մասնակցելիս (դրա մասին արդեն պատմել ենք), մեզ հանձնարարվեց մի ծրագիր կազմել, որը կկարողանանք իրականացնել փոքր դրամաշնորհի շրջանակներում: Սկզբում, քանի որ մասնակից մյուս խմբերը կազմված էին տարիքով ավելի մեծ ու ավելի փորձառու մարդկանցից, կարծում էինք, որ մեր ծրագիրը հեռանկարային չէ, բայց, միևնույնն է, գրում էինք: Ծրագրի վերջնաժամկետը հուլիսի վերջին էր, ու այն ներկայացնելուց հետո այնքան գործեր կուտակվեցին երկուսիս համար էլ, որ նույնիսկ իմանալով դրամաշնորհը հաղթելու մասին՝ այնքան էլ խանդավառված չէինք, բայց ինչ-որ լավ բան անելու ձգտումը միշտ ոգևորում էր:

Մեր ծրագիրը, որը կրում էր «Կինը, սպորտը և գենդերը» անվանումը, իր մեջ ներառում էր 4 դասընթաց քսան մեզ հասակակից աղջիկների համար Դսեղում և Շենիկում: Իսկ ամենահետաքրքիրը վերջում էր՝ մենք կտրեցինք մի ամբողջ չորս ժամվա ճանապարհ, որ հասնենք Շենիկ, խաղանք նրանց աղջիկների ֆուտբոլի թիմի հետ ու պարտվենք 3:0 հաշվով, վերջում էլ, ի նշան բարեկամության, օդապարիկներ թռցնենք, մենք՝ մեզ մոտ, շենիկցիներն էլ՝ իրենց: Ի սկզբանե ծրագրի նպատակն էր մեր համայնքի աղջիկներին օգնել ինքնավստահ ու նպատակասլաց դառնալ, գնալ իրենց երազանքների հետևից, այն մեծամասամբ կրում էր սպորտային բնույթ և փորձում էր ապացուցել, որ սպորտը հարթակ է երկու սեռերի համար հավասարապես: Մենք չէինք ակնկալում, որ ծրագրի վերջում ողջ Հայաստանում բոլոր ֆուտբոլասեր աղջիկները սկսելու են զբաղվել ֆուտբոլով, ու բոլոր պահպանողական ընտանիքներն էլ թույլ են տալու դա, բայց ինչպես Անուշն է նշել մի հարցազրույցում. «Ծրագրի վերջում բոլորն էլ ոգևորված էին, հատկապես՝ տղաները:
Վերջում մեզ չէին ասում, որ ֆուտբոլը աղջկա խաղ չէ, այլ հարցնում էին, թե մյուս խաղը երբ է լինելու»: