Nelli Khachatryan

Աշխարհն առանց ակնոցի և ակնոցով

-Նել, Նել, նայի տես` ինչ եմ ցույց տալիս,- ասում է քույրս ու հեռախոսը պարզում ինձանից մոտ 3 մ հեռավորության վրա: Ես աչքերս հնարավորինս նեղացնում եմ ու սկսում կկոցել՝ ինձ պահի տակ շեղաչք զգալով, իսկ քույրս հերթական անգամ ծիծաղում է և ասում.

-Լավ, կներես, մոռացել էի, որ «քոռ» ես:

Աչքերս նորից նեղացնում եմ, այս անգամ ջղային հայացք ընդունելու համար, և ուզում պատասխան հարված ուղարկել, երբ Կարինեն առաջ ընկնելով ասում է.

-Քոռը դու ես, ես կարճատես եմ:

Քանի որ կարճատեսությունը հիմա, մեղմ ասած, տարածված հիվանդություն է, համոզված եմ, որ նման իրավիճակում միայն ես չէ, որ հայտնվել եմ, բայց համարձակվում եմ ասել, որ մենք՝ կարճատեսներս, առավելություն ունենք: Դե մենք ակնոցով կարող ենք տեսնել «նորմալ աշխարհը», իսկ այ, դուք, «կարճատեսների աշխարհը» չեք կարող տեսնել նույնիսկ ակնոցով… Դե այդպիսի ակնոց չկա էլ: Ուզու՞մ ես մի քիչ պատմեմ մեր աշխարհի մասին: Մեր աշխարհում լուսինն ու աստղերը ավելի մեծ են… Մեր աշխարհում նույնիսկ դեմքերն են ավելի գեղեցիկ: Մեր աշխարհում գիշերային լույսերը այնքան… Ընդհանուր են… Չեմ կարող բացատրել, բայց գիշերային Երևանը ավելի գիշերային է:

Մեր աշխարհում մենք շշուկով չենք կարող խոսել… Դե առանց ակնոց չենք լսում, դրա համար քննության մտնելիս անպայման ակնոց ենք դնում: Ի դեպ, կարճատեսները գիրք կարող են կարդալ առանց ակնոցի, ու ընդհանրապես, մենք միայն հեռուն չենք լավ տեսնում, պարտադիր չի ամեն անգամ ասել. «Էս առանց ակնոց տեսնո՞ւմ ես»:

Հա, որ անձրև է գալիս, ու ակնոցի վրա կաթիլներ են ընկնում, դա միշտ չի, որ նյարդայնացնող է: Պատկերացրեք՝ ֆոտո եք անում, ու հետևի պլանում լույսեր կան գունավոր… Սենց մի տեսակ գունավոր գնդիկներ… Մենք այ, էդպես ենք տեսնում լույսերը… Հավես է: Այ, մեզ գոլորշին է նեղություն պատճառում, երբ նույնիսկ ցուրտ եղանակին քո շնչից ակնոցներդ դառնում են գոլորշապատ, ու իրոք դառնում ես «քոռ»:

Ինչևէ, այքանը ասացի ինքս ինձ արդարացնելու համար, պահպանեք ձեր աչքերի տեսողությունը… Գնամ գործնագործ խաղալու. «Ուժեղ խփել չկա, ակնոցներով եմ…»: