Աշխարհն իմ պատշգամբից

Իմ պատշգամբից աշխարհն ուրիշ է. հատուկ, գունավոր, պայծառ, մի խոսքով ուրիշ, իմ ուրիշը: Այդ ուրիշը միայն ես եմ տեսնում: Հա՜, մեկ էլ անբաժան ընկերս՝ դե, տեսախցիկս, էլի: Մեր պատշգամբն իմ ամենասիրելի վայրն է: Ու կապ չունի, թե տարվա որ եղանակն է, օրվա որ ժամն է: Դուրս եմ գալիս, ժամերով կանգնում, նայում շուրջս, հետո լուսանկարում: Երանի իմ աչքերին, որ ամեն օր տեսնում են այդ հրաշքը: 

Մեր տունը գտնվում է Կոթի գյուղում, ճիշտ դիրքերի դիմաց: Ես նայում եմ մերթ մեր դիրքերին, մերթ՝ հակառակորդի: Հասկանալով, թե ինչքան հեռավորություն կա մեր տղերքի ու հակառակորդի միջև, մի պահ փշաքաղվում եմ. «Բայց չէ՞ որ մեր տղերքն ուժեղ են, ամեն ինչ լավ կլինի»,- հանգստացնում եմ ինքս ինձ՝ անընդհատ նույնը կրկնելով:

Մեր դիրքերը գտնվում են մի լեռան վրա, որը հնուց բազմիցս ենթարկվել է թշնամու սադրանքներին, բայց այն մեր տղերքի շնորհիվ միշտ կանգուն է եղել ու դեռ հավերժ կմնա: Լեռան անունը Փայտասար է, բայց երբ հարցնեք գյուղացիներին, թերևս մի քանի հոգի կպատասխանեն Փայտասար: Մեր՝ կոթեցիներիս համար դա մեր Օդնդաղն է, մեր լավ ու վատ օրերի ականատես Օդնդաղը:

Ամռան մի պայծառ օր էր, երբ սովորությանս համաձայն դուրս եկա պատշգամբ. գյուղը կրակի մեջ էր, պատճառն էլ, դե երևի հասկացաք, Ադրբեջանն էր գնդակոծել: Վայրկյան առ վայրկյան ահագնացող կրակ, որ արագ տարածվում էր, մոտենում գյուղին, չհանգցնելու դեպքում ժամեր անց կհասներ բնակելի տներին: Բայց դե բոլորդ էլ հասկանում ենք, որ ադրբեջանական դիրքի դեմ-հանդիման կրակը հանգցնել հնարավոր չէր, վտագնավոր էր: Անցավ երկու ժամ, օրը մռայլվեց, անձրև սկսվեց, կարծես վայրկենական: Մի քիչ անհասկանալի ու հետաքրքիր: Ամառային պայծառ օր, ու հանկարծ` անձրև: Գյուղը վատ վիճակում էր, կրակի մեջ, ու օգնության հասավ բնությունը…

Այդպես կրակի մեջ էլ ապրում ենք, էլի:

Պատշգամբից հիմնականում լուսանկարներ եմ անում վաղ առավոտյան, դպրոց գնալուց առաջ: Արթնանում եմ զարթուցիչիս ձայնից, չէ՛, ավելի ճիշտ չեմ արթնանում, այլ վեր եմ կենում տեղիցս, մի կերպ, կիսաքնած դուրս եմ գալիս պատշգամբ ու հաճախ՝ վազելով հետ եմ գալիս, մտնում սենյակս:

-Սերինե՛, ո՞ւր, ի՞նչ եղավ,- սկզբում հարցնում էր մայրիկս, իսկ հիմա արդեն գիտի` ուր ու ինչի համար:

-Մա՛մ, հիմա դրա ժամանակը չի, կգամ, կասեմ,- ասում էի ես ու վազելով դուրս գալիս:

Գնում էի, կանգնում, երկար նայում շուրջս, լուսանկարում…

-Աղջի՛, ուշացանք, արի, շուտ արա,- գոռում էր տնից քույրս ու դեռ շարունակում է գոռալ գրեթե ամեն օր, ու դեռ ես եմ միշտ ասում. «Քո պատճառով ուշանալու եմ»:

Ու էդպես ինձ ամեն օր կտրում են իմ խորհրդավոր, ուրիշ աշխարհից, իմ ուրիշ պատշգամբից ու տեսախցիկից:

Աշխարհն իմ պատշգամբից ուրիշ է, իմ ուրիշը…