anna sargsyan

Ապագա իտալուհի

Իտա՜լիա… Ինձ համար ամենահիանալի երկրներից մեկը՝ առանց չափազանցնելու: Ճիշտ է, ես դրանով հիանում եմ նկարներով, բայց դե պետք է քչով բավարարվել, չէ՞:
Մի անգամ ես լսեցի, որ ինչքան մեր խոհանոցներն են իրար նման, նույնքան էլ ժողովուրդները՝ իրենց տաքարյունությամբ: Եվ ես սկսեցի ավելի մանրամասն ուսումնասիրել այս տեղեկությունը: Մի կայքում կարդացի, որ ժամանակին, երբ «կատուն ճոն էր, շունն էլ գլխին գդակ չուներ», Տիգրան Մեծը գործի բերումով հայտնվել է Իտալիայում ու սերունդ թողել էնտեղ: Ես չզարմացա, դե, դա նորմալ է. Տիգրան Մեծը թագավոր մարդ էր, ու մի սերունդն ի՞նչ էր, որ:
Մի օր որոշեցի հարցնել իմ պատմության ուսուցչից՝ ավելի հաստատ իմանալու համար.
-Ընկե՛ր Սարգսյան, իսկ դա ճի՞շտ է, որ իտալացիների արյան մեջ որոշ չափով հայի արյուն կա:
-Այսի՞նքն, Աննա ջան:
-Դե, ես լսել եմ, որ Տիգրան Մեծը Իտալիայում սերունդ է թողել: Ուղղակի հետաքրքիր էր, մտածեցի՝ հարցնեմ:
Երեխաները զարմացան իմ տված հարցից, բայց ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչ պատասխան կստանամ:
-Դե, հնարավոր է, բայց եթե ասենք, որ բոլոր իտալացիների արյան մեջ կա հայի արյուն, սխալ կլինի: Նաև արդեն շատ տարիներ են անցել, ու հնարավոր է, որ էդ արյունից բան էլ չի մնացել:
Հետո ես պատմեցի, թե ինչքան շատ եմ սիրում Իտալիան, իսկ ընկեր Սարգսյանը, իմ ասածները լսելով, մի պատմություն հիշեց իր ուսանողական տարիներից: Ասաց, որ իր ուսանող ընկերուհիներից մեկը նույնպես շատ էր երազում լինել իր սիրելի երկրում՝ Գերմանիայում: Նրանք այդ աղջկան կատակով «գերմանուհի» էին անվանում, իսկ նա ասում էր, որ անպայման կգնա: Հետո նա ամուսնացավ մի գերմանահայ տղայի հետ ու գնաց Գերմանիա: Բոլորը զարմացել էին:

-Ասածս ինչ է, ա՛յ իտալուհի, հնարավոր է, որ մի օր էլ դու գնաս Իտալիա ու շարունակես Տիգրան Մեծի կիսատ թողած գործը:

Դե, սկսեցինք ծիծաղել, իսկ ինձ շատ դուր եկավ «իտալուհի» բառը: Սպասի՛ր ինձ, Իտալիա…: