Hasmik galstyan

Առեղծվածային երազներ

Հարցազրույց տատիկիս` 75-ամյա Հասմիկ Գրիգորյանի հետ

-Տատիկ, ես հիշում եմ, որ դու քո մանկությունից հետաքրքիր դեպքեր էիր պատմում։ Ես ուզում եմ անդրադառնալ դրանցից մեկին, որը կապված էր քո մայրիկի հետ։ Ո՞ր թվականն էր։

-1946 թվականն էր։ Ես 5տարեկան էի, եղբայրս՝ 16, իսկ մայրս` 39։ Մենք ապրում էինք Մասիս գյուղում, մի հին հողե տան մեջ, և հայրս որոշեց կառուցել նոր տուն։ Երբ հայրս սկսեց շինարարությունը և արդեն պատերն էր շարում, մայրս սկսեց առեղծվածային երազներ տեսնել: Մի ծերունի՝ ճերմակ մազերով, սպիտակ շորերով, դուրս էր գալիս պատի միջից և զգուշացնում, որ պատը իր վրայից վերցնեն, հակառակ դեպքում անհաջողություններ կպատահեն մեր ընտանիքին։ Ծնողներս ուշադրություն չէին դարձնում այդ նախազգուշացումներին և շարունակում էին կառուցել տունը։

-Իսկ հետո ի՞նչ պատահեց։

-Անցան տարիներ, ծնվեցին երեք եղբայրներս, որոնցից երկուսը զույգեր էին։ Կարծես ամեն ինչ լավ էր ընթանում: Մենք մոռացել էինք այդ առեղծվածային երազները, երբ պատահեց առաջին դժբախտությունը։ Մահացավ երկրորդ եղբայրս։ Մենք շատ ծանր տարանք և հիշեցինք առեղծվածային երազները։ Որոշ ժամանակ անց մահացան նաև զույգ եղբայրներս, ովքեր ընդամենը վեց ամսեկան  էին։ Պատճառն արդեն հասկանալի էր. նրանց մահճակալը գտնվում էր հենց այն պատի մոտ, որտեղից դուրս էր գալիս խորհրդավոր ծերունին։ Մայրս իրեն կորցրել էր: (Տատիկս արտասվեց։ Որոշ ժամանակ անց, երբ տատիկս հանգստացել էր, մենք շարունակեցինք):

-Ի՞նչ պատահեց հետո։

-Հետո…Մայրս ծանր հիվանդացավ և անկողին ընկավ։ Նա անգիտակից  պառկած էր անկողնում 40 օր։ Ոչինչ չէր ուտում և չէր խմում։ Բոլորը սպասում էին նրա մահվանը։ Բարեկամներից մեկը, ով տեղյակ էր երազներից, որոշում է քանդել պատը։ Եվ ամեն հարվածի հետ մայրս կարծես նոր շունչ էր առնում։ Երբ պատը հիմնովին քանդված էր, մայրս բացեց աչքերը։

-Եվ ամեն ինչ այդպես ավարտվե՞ց։

-Դեռ  ոչ։ Պատահեց վերջին դժբախտությունը։ Ավագ եղբայրս ավտովթարի ենթարկվեց և մահացավ։ Դա վերջին հարվածն էր։ Դրանից հետո ծնողներս որոշեցին քանդել տունը և կառուցել նորը՝ այլ վայրում։ Դրանից հետո կյանքն ընթացավ նոր հունով։ Ծնվեց քույրս, և ընտանիքը շարունակեց իր կյանքը։ Հետագայում պարզեցինք, որ այդ վայրում եկեղեցի է եղել, և իմ հայրն այնտեղ կառուցեց փոքրիկ  մատուռ։

-Իսկ հետո մատուռն իմ հա՞յրն է մեծացրել։

-Դա արդեն դու հիշում ես։

Ես դիմեցի հայրիկիս:

-Պապ, արի շարունակենք։ Ինչի՞ որոշեցիր ընդլայնել մատուռը։

-Դե, որովհետև այն փոքր էր և անհարմար էր մտնելը։ Փոքր տարիքից մտածում էի, երբ մեծանամ, անպայման մեծ եկեղեցի կկառուցեմ։ Հետո այնպես ստացվեց, որ հնարավորություն չեղավ, որ եկեղեցի կառուցեմ, որոշեցի այդ մատուռը մեծացնել ու ավելի հարմարավետ դարձնել։ Եվ անընդհատ մտածում էի. արդյոք կարելի՞ է քանդել։ Գնացի եկեղեցի հարցուփորձ արեցի և իմացա, որ եթե քանդում եմ վերակառուցելու նպատակով, ապա կարելի է։ Քանդեցի ու ավելի հարմարավետ դարձրի։ Բայց իմ երազանքն է մնում, երբ հնարավորություն ունենամ, կարմիր տուֆից գեղեցիկ եկեղեցի պիտի կառուցեմ։

Թեև խորհրդային տարիներին քանդում էին եկեղեցիները, համարում էին, որ ժողովուրդը աթեիստ է, չի հավատում Աստծուն, բայց այսպիսի պատմություններ շատ են պատմում: Հասարակ ժողովուրդը միշտ էլ  երկյուղել ու թաքուն հավատացել է, վախեցել քանդված եկեղեցու տեղում տուն կառուցել, անգամ եթե մի քար էր մնում, ապա գալիս աղոթում և քարի վրա մոմ էին վառում: