vahe

Ես շառ չեմ

Էս էն եզակի անգամներից ա, որ վերնագիրը գրեցի, նոր մտածեցի` ինչ գրեմ: Նախ ասեմ, շառ ասելով ես փուչիկ նկատի չունեմ: Ես ահագին նիհար եմ: Շառ՝ դե փորձանք, էլի: Էս ահագին կարճ կյանքում ինձ հետ անհավանական անհաջողություններ էնքան են եղել, որ իմ ուղեղը դրանց մեծ մասը որպես ավելորդ հիշողություն զբաղեցնող մասնիկներ ջնջել է: Ու այդպես, էս իմ մարմնի վրա գտնվող մի քանի տասնյակ սպիների կեսը չգիտեմ որտեղից են առաջացել:

Նախ, մի հետաքրքիր բան ասեմ. ինչքան էլ շառ եմ, մարմնիս ոչ մի մասը չեմ ջարդել: Դե, բացի քթիցս: Չգիտեմ` երբ ու ոնց եմ ջարդել քիթս, բայց նայելով քթիս, կռահում եմ, որ նույնիսկ մի քանի անգամ եմ ջարդել: Որովհետև քթիս միջնապատը սանտիմետրը մեկ փոփոխում ա ուղղությունը: Հա, լավ, «ինչ որայա»: Ուղղակի ասացի` մի երկու բան պատմեմ, մեկ էլ տեսար` հետաքրքիր լինի:

Դեպք առաջին (իրականում առաջինը չի, ուղղակի իմ երկարաժամկետ հիշողությունը բանի պետք չի):

Ես՝ մոտավորապես մի 9  տարեկան երեխա, վազվզում եմ մեր բարեկամներից մեկի բակում (ես չգիտեմ նույնիսկ` ինչ բարեկամ են մեզ): Դե, պարզ ա. ես մենակ չեմ վազվզում: Մեր բարեկամի երեխաների հետ: Չգիտեմ որերորդ «ճանկ» հողն էինք ուտում (հա, ես որպես նորմալ մանկություն տեսած մարդ, հող եմ կերել երեխա ժամանակ), մեկ էլ տան հեռախոսը զանգեց: Մեծերը, մեղմ ասած, «խորացել էին» զրույցի մեջ ու զարմանալի չի, որ ոչ մեկը չլսեց: Նամանավանդ, հեռախոսը երկրորդ հարկում էր: Ես ու «բարեկամիկներս» նայեցինք իրար մարտական հայացքով: Մեր համար նույնիսկ հեռախոսի զանգը խաղ էր: Առանց ինչ-որ խոսքի պայմանավորվեցինք իրար մեջ՝ ով շուտ հասավ ու վերցրեց հեռախոսը, ինքը դեմք ա՝ «ավտորիտետ»: Ես, ճիշտն ասած, ներքուստ ուրախացա ժամանակից շուտ, որովհետև էն ժամանակ էլ ահագին արագ էի վազում: Նայեցինք իրար ու առանց ինչ որ նշանի երեքով միասին տեղից պոկվեցինք: Ես շատ արագ առաջ անցա: Ու մտա սենյակը, որտեղ դրված էր հեռախոսը: Ահա էն անկյունում, «տումբչկի» վրայից ինձ էր նայում: Ես առանց երկար-բարակ մտածելու մի քանի տասնյակ կիլոմետր ժամ արագություն հավաքեցի: Ուզում էի ֆուտբոլիստների նման ծնկների վրա «սղալով» վերցնել հեռախոսը: Սղացի: Հետո արթանացա բազմոցին պառկած, գլխիս վերևից ամբողջ բարեկամությունը ինձ ա նայում, բերանիցս էլ արյունի համ ա գալիս: Պարզվեց, որ ես Իբրահիմովիչի նման չեմ կարողանում ծնկների վրա սղալ: Դեմքով հարվածել էի «տումբչկի» անկյունին: Էդ դեմքից մի հատ լավ սպի մնաց ներքևի շրթունքիս:

Դեպք երկրորդ

Ուրեմն էս դեպքը առաջինից մի կամ 2 տարի հետո եղավ: Ես արդեն հասկացել եմ, որ արագ վազելը վտանգավոր է: Է, այսինքն հասկանում եմ, բայց մեկ ա` վազում եմ: Վազում եմ թաղով ոտաբոբիկ (հա, իմ մանկությունը եղել է էն հներից, որ ոտաբոբիկ բակերում վազվզում էինք): Ամառ էր: Ոնց որ: Չէ, հաստատ ամառ էր, որովհետև ես ոնց որ մենակ ամառներն եմ բակերում ոտաբոբիկ վազել: Հա, ջրոցի էինք խաղում: Ջուր, փոշի, ցեխ,արյուն… Սպասի, է, ի՞նչ արյուն: Արա, հա էլի, արյուն ա: Էն էլ` իմ ոտքից: Քանի որ թաղում ապակիների կտորտանքների առկայությունը չէի ստուգել, ինձ թվում ա, արդարացի էր, որ ապակիներից մեկը ձախ ոտիս ճկույթը կտրել էր: Կտրելը որն ա: Մի քիչ էլ վազեի, մատս պոկվելու էր ու կորեր ցեխերի մեջ: Տարօրինակն էն ա, որ ես ոչ մի բան չէի զգացել: Պիտի գայի տուն ու նոր տեսնեի, որ մի մատս չկա. Համաձայնվեք, որ 11 տարեկան երեխան չէր կարող հանգիստ վերաբերվեր էն բանին, որ մատը կորցրել է, ջրոցի խաղալուց այն էլ:

Դեպք երրորդ

Էս լրիվ աբսուրդ ա է, ախր: Ես եմ` երկրորդ դեպքից մի կամ երկու տարի հետո: Ես եմ, գալիս եմ` չգիտեմ որտեղից: Իրիկուն էր: Ախ, էդ անիծված մատով լաթը: Ինձ համար քայլում էի: Մի քայլ, երկու քայլ , երեք քայլ… Մեկ էլ, հոպ, ես ընկած եմ գետնին` աջ ոտքս ոլորված: Ախր, ո՞նց էլի կբացատրեք: Ես հանգիստ քայում էի ընդամենը: Մեկ էլ, հոպ, ոտս ոլորեցի: Նախ, մի տասը րոպե նստեցի գետին զարմացած: Ուղեղումս մենակ. «Արա, ախր ո՞նց կարայի ոտքս ոլորեի ուղղակի քայլելուց»:

Լավ է, սենց որ շարունակեմ, վերջ չկա: Անվերջ անհաջողություններ: Փռշտացի՝ ճակատս ճղվեց մահճակալի անկյունին հարվածից: Հեծանիվով 20 կմ քշեցի անփորձանք, եկա կանգնեցի, հեծանիվից իջնելուց ոտքս խճճվեց կորպուսի մեջ՝ ընկա արյունլվիկ եղա: Ու սենց շարունակ… Լավ, է, երևի արդեն հետաքրքիր չի: Գնամ նստեմ` հեռուստացույց նայեմ: Շառից հեռու էլի: Չնայած, ո՞վ գիտի…

Հ.Գ. Երեխեք, էս նյութը գրելուց հետո մի պահ կասկած մտավ մեջս. Կարո՞ղ ա` աննորմալ ա, որ մենք երեխա ժամանակ հող ենք կերել, կամ ոտաբոբիկ վազել թաղի մեջ: Հը՞: