Սովորական մի օր էր, որը ոչ սովորական ընթացք ունեցավ իմ և դասընկերուհուս համար: Չեմ հիշում, թե շաբաթվա ո՞ր օրն էր, բայց մի բան հստակ դաջվել է մտքումս՝ հայոց լեզվի ժամ էր: Չնայած դա դեռ առաջինն էր, բայց մեր «10.1» հասարակությունն արդեն հասցրել էր հոգնել շտեմարանային վարժություններ գրելուց և դաս պատմելուց: Ոմանք ձեռքերը բարձ դարձրած, ոմանք էլ շշուկով խոսելով, փորձում էին հանգստանալ դասի վերջին հինգ րոպեներին, երբ հանկարծ բացվեց դուռը, և ներս մտավ մեր ուսուցիչներից մեկը՝ ասելով.
-Տնօրենը Արսինեին և Մարիաննային կանչում է:
Հինգ վայրկյան դասարանում քար լռությունից հետո, երկուսս կանգնեցինք և անորոշ դեմքերով շարժվեցինք դեպի դուռը: Իհարկե, դժվար է ասել և բացատրել, թե ի՞նչ էինք զգում այդ պահին, երբ մի նախադասության մեջ լսեցինք մեր անունները՝ տնօրենի անվան կողքին, բայց մի բան հստակ էր՝ մի ուրիշ կարգի լարված էինք:
Քայլում էինք, նայում իրար վախեցած դեմքերով, հետո մի պահ կանգ առնում: Փորձում էինք հիշել ամբողջ ապրիլ ամսվա մեր գործերը, գնահատականները, բայց դրանցում ոչ մի վատ բան չգտնելով, որ կարող էր մեզ տանել տնօրենի կաբինետ՝ շարժվում էինք առաջ: Եվ ահա հասանք «վախի սենյակ» կոչվածին: Այո՛, դա տնօրենի կաբինետն էր, որտեղ չի երազի հայտնվել և ոչ մի աշակերտ, բայց վստահ կարող եմ ասել, որ գոնե մեկ անգամ մեզանից յուրաքանչյուրը ցանկացել է տեսնել այն ոչ թե դրսից, այլ ներսից: Ի զարմանս մեզ, այնտեղ բացի մեզնից էլի աշակերտներ կային և մեր պես լարված ու վախեցած էին:
-Արսին, մի հատ բացատրի ինձ, թե ինչ ա էստեղ կատարվում,- ամեն վայրկյան կրկնում էր Մարիաննան, և քանի դեռ ես չէի հասցրել հասկանալ այդ հարցի պատասխանը՝ շատ էի լսելու նրա լարված ձայնը: Մինչ ներս մտել ականջներիս էին հասնում խոսակցության պատառիկներ, որոնցից հստակ առանձնանում էին՝ «Հայ ասպետ» բառերը: Ամեն ինչ պարզ դարձավ, մեզնից ոմանց շուտով բախտ էր վիճակվելու մասնակցելու խաղին, իսկ մյուս ներկաներին՝ պարզապես մեկ շաբաթ «վայելելու» այդ գերծանրաբեռնվածությունը:
-Էրեխեք, ընկեր Փանոսյանը կանչում է, ներս եկեք, -ասաց ընկեր Ժանետան և մեզ ուղեկցեց այնտեղ: Վերջ, բոլորս արդեն ներսում էինք և մենակ չէինք՝ ուսուցիչներ էլ կային: Հիմա կսկսվի աշակերտների ընտրությունը տարբեր առարկաների համար: Բնականաբար բնագիտական առարկաների շարքում չհայտնվեցի, իսկ արդեն հումանիտարներում պարբերաբար լսվեց անունս: Երբ արդեն մեր բոլորիս անունները բաշխվեցին տարբեր առարկաներում, ժամանակն էր ստանալու բոլորովին նոր դասացուցակը: Սա նման չէր մեր պատկերացրածին, որ թվերի առջև պետք է լինեն առարկաների անվանումներ, ո՛չ, այն լրիվ ուրիշ էր: Առաջին իսկ օրվանից ստացանք շատ-շատ հանձնարարություններ. խաղին հաշված շաբաթներ էին մնացել, իսկ դասագրքերի պարունակությունը ծով էր:
Ծանրաբեռնված առաջին շաբաթն արդեն անցյալում էր: Հերթական օրերից մեկն էր, հա, հիշեցի. ուրբաթ էր ու չորրորդ ժամն էր, գնում էի «Պագանինի» թեմայից առաջադրանք ստանալու, երբ ներս մտնելուն պես լսեցի ընկեր Մուրադյանի հետևյալ խոսքերը.
-Արսինե ջան, մենք այլևս միասին չենք աշխատի: Դու և մի քանի աշակերտ չեք ընդգրկվել հիմնական կազմի մեջ:
Իհարկե, մնացածի հետ մի քիչ տխրեցինք, բայց հետո մի լավ թեթևություն զգացինք: Դուրս գալով դասարանից, հասկացանք, որ ևս մեկ հիանալի և անմոռանալի շաբաթ ավարտվեց: Մենք միշտ կհիշենք այս յոթ օրերը և իհարկե ընկեր Մուրադյանի վերջին խորհուրդները.
-Սա վերջ չէ, չենք տխրում, չենք հուսահատվում, սա դեռ նոր սկիզբ է: Այսօրվանից կենտրոնանում ենք դասերի և պարապմունքների վրա:
Իրոք, այդ օրից մենք՝ դուրս մնացածներս, վերադարձանք մեր դպրոցական բնականոն կյանքին, դասերին, պարապմունքներին և իհարկե, լիովին տրվեցինք քննական թեստերին…