astghik hunanyan

Աստղային կարուսելի գայլերն ու մի քիչ մտածմունք

Ասում են՝ ամենաաննորմալ մտքերը հենց գիշերն են ծնվում, դրա համար էլ մտքերիս խառը կույտն ուզում եմ հիմա թղթին ու քեզ հանձնել՝ հուսալով, որ մի քիչ գոնե կհասկանաս ինձ։ Ասում եմ՝ ի՞նչ ես կարծում, աստղե՞րն են մեղավոր, թե՞ էն լուսինը, որ երբեք չի պատասխանել հարցերիդ, թե՞ քաղաքիդ կամ գյուղիդ գիշերային դատարկությունը, երբ չկան կյանքիդ խառնվող ու մտքերդ կառավարող մարդիկ, չկան իրար խաբող ու վատ արարքներ գործողները, բայց դե ոչ ընդմիշտ՝ քնել են մի 8 ժամով, ու էդպես ամեն օր…

Գրում եմ տանիքից, է՜, ոնց երևում է՝ երկնքում լուսին էլ չկա, երևի ուրիշ կողմում է ինձ նման տան կտուրին նստած մեկին երազանքների գիրկը գցում: Ամեն դեպքում, էստեղ միայն աստղերն են, ու կապ չունի՝ հեռու են ինձնից, թե մոտ, մեծ են, թե փոքր, պայծառ են լուսավորում, թե չէ. հիմա բոլորն իրար հավասար են, ու չկան արևն ու լուսինը, որ ուշադրությունս գրավեն։ Լսիր, արի մի պահ աստղերին որպես հասարակ հրե գնդերի չնայենք։ Երբևէ մտածե՞լ ես, որ աստղերն ընկնում են ոչ թե նրա համար, որ ինչ-որ սիրահարված հիմար տեսնի ու երազանք պահի, այլ այն ժամանակ, երբ մի ուրիշ հիմար չի նստում ու սպասում աստղի ընկնելուն՝ ինքն է հասնում իր սիրած էակին, կամ ինչ-որ մեկը առնում է իր երազանքների յուղամատիտները, մյուսը շոկոլադի գործարան է բացում, մեկն էլ հասնում է այն բանին, որ բոլորը ենթարկվեն իրեն: Դե, այսինքն՝ աստղ ընկնում է այն ժամանակ, երբ ինչ-որ մեկի երազանքը կատարվում է (չեմ կարծում, որ ալքիմիկոսների աստղերը երբևէ կընկնեն)։ Եթե անկեղծ լինենք՝ ես էլ եմ սպասում այդ գրողի տարած աստղերից մեկի ընկնելուն, երևի, որի պիտանելիության ժամկետը վաղուց արդեն սպառվել է, ու միայն գիշերը թռչող ինքնաթիռի թրթռացող լույսն է ինչ-որ շարժ կատարում։ Ոնց էլ չեն վախենում գիշերը ինքնաթիռով թռչելուց, ես կվախենայի, չնայած՝ գիտե՞ք՝ ոնց, ես ամեն ինչից եմ վախենում, դրա համար համարձակ քայլերս բավականին քիչ են։

Որ ընկնի, ես էլ կհասցնեմ երազանք պահել ու վերջ, բոլոր խնդիրներս կլուծվեն։ Հա, գիտե՜մ, հիմա դու մտածում ես՝ կյանքը դժվարություններով ա հետաքրքիր, բայց այ դու, որ էդպես ես մտածում, հիմա քեզ հարց եմ տալիս. անհետաքրքիր կլինե՞ր կյանքն առանց ջրհեղեղների ու տորնադոների, առանց երկրաշարժերի ու հրաբուխների, որոնք միլիոնավոր քաղաքներ են ոչնչացնում, միլիոնավոր մարդկանց, միլիոնավոր երազանքներ, անհետաքրքիր կլինե՞ր կյանքն առանց անբուժելի հիվանդությունների, առանց զենքերի ու պատերազմների. չեմ կարծում։ Լավ, է, երազանքին հասնելն էլ հո խաղ ու պար չի՞, հատկապես, որ ավելի շատ մարդիկ կլինեն, որ կկոտրեն քեզ, քան որ կաջակցեն։

Հենց մի պարզ օրինակ՝ մարդիկ համարվում են քո բարեկամներն ու հարազատները, բայց մինչև համալսարան ընդունվելդ քեզ ասում են, որ գործ չես գտնի էստեղ, իզուր մի սովորիր, անվճար տեղերն արդեն գնված են, անվճարի մասին մոռացիր ու վերջ: Պայքարելու ցանկությունդ մի քանի վայրկյանում մարում գնում է։ Ինչի՞ են մարդիկ էդպիսին ստեղծվել։ Էն որ ասում են է՝ քո մեջ ոչ մի մարդկային բան չկա, կամ էս աշխարհում «մարդ» չի մնացել, դու մարդ չես, դու կենդանի ես, ու ինչի՞ են լավ հատկանիշները որպես մարդկայնություն որակավորում, ախր, մարդիկ հենց ամենասկզբից էլ գիշատիչներ են եղել՝ ամենամեծ գիշատիչները, սպանել են իրար, սպանել կենդանիներին, իրենց հաճույքների համար անգամ բնությանն են մասամբ իրենց ենթարկել ու ոչնչացրել, ու դեռ մտածում ես, որ մարդկայնությունը լա՞վ հատկանիշ է: Ես շատ էլ ուրախ եմ, որ երբեմն ինձ կենդանի են ասում: Համենայնդեպս, եթե գայլի զուգընկերը մահանում է, այդ գայլը երբեք նորին չի փնտրում ու մինչև կյանքի վերջն էլ մենակ է մնում, իսկ մարդն անգամ իր ողջ զուգընկերոջն է փոխարինում մեկ ուրիշով։ Ու, ի դեպ, գայլերը մոդայի համար չի, որ սիրում են լուսինը, որ լիալուսնի ժամանակ բարձրանում են մի չնաշխարհիկ ժայռի վրա ու ոռնում՝ ինչքան լավ ու վատ էներգիա կա՝ էդ անտեր լուսնի վրա թափելով։

Աշուն է, բայց ոչ խորը աշուն, էն սիրուն ֆոտոներ անելու համար ստեղծված տերևներն էլ չեն լցվել խոնավ ու ցեխոտ մայթերին, ու ոչ էլ սառը օդը կա, որ մարդկանց ստիպի գրկախառնվել. մի խոսքով։ Երևի հիմա ես էլ չեմ մրսում, կամ էլ մրսում եմ, ո՞վ գիտի, բայց մեկ է՝ պառկել եմ տան կտուրին, մեկ նայում եմ վերև, մեկ քեզ հետ եմ խոսում։ Էնպես չի, որ մեր տանիքը դրախտ է, ու բացի անվանումից ոչ մի ընդհանուր բան չունի ֆիլմերի տանիքների հետ, բայց էստեղ էլ կարելի է մտածել, չնայած՝ ինչ-որ բան խանգարում է մտքերիս հետ մենակ մնալուն. չեմ հասկանում՝ ինչ։ Գուցե հարևանուհուս ամուսինն է խմած տուն վերադարձել ու ձայնը գլուխը գցել, կամ էլ ծղրիդներն են վայրկյանը մեկ նույն ձայները հանում՝ համբերությանս բաժակը լցնելով։ Չգիտեմ, բայց դե հեչ էլ պարտադիր չի՝ իմանամ, իսկ մարդիկ դա չեն հասկանում։

Ի՞նչ պետք է լիներ, եթե մենք չիմանայինք, որ Երկիրը պտտվում է իր առանցքի ու Արևի շուրջը, իսկ Լուսինը՝ երկրագնդի, որ կեղծ պատկերը ճառագայթների շարունակությունների հատումից է առաջանում, կամ որ մի երեք հազար տարի հետո ոչ երկրագունդը կլինի, ոչ մենք ու ոչ էլ էն հետքը, որ կյանքի նպատակ դարձրած ջանում ենք թողնել մեր հետևից. ոչինչ, առանց դեպրեսիայի կապրեինք, էլի։

Եսիմ, դուք գիտեք, ուզում եք անընդհատ պրպտել, ի՞նչ կփոխվի իբր, եթե իմանանք՝ կապիկից ենք առաջացել, թե կավից, որը հետո շունչ է առել ու սկսել ավիրել աշխարհը։ Ու այստեղ էլ բեմ են բարձրանում կրոններն ու դրանց համար տեղի ունեցած հազարավոր պատերազմները։

Նստած եմ տանիքի էն մասում, որտեղ սենյակս է, ու քամին էնպես է ցնցում վարագույները, որ մինչև այստեղ էլ լսվում է ձայնը։ Մարդիկ կարողանում են վարագույրներ կարել, տունն ու իրենց արևից պաշտպանելու համար, չէ՞, ասում եմ՝ ի՞նչ վատ կլիներ, եթե կարողանայինք մի էդպիսի վարագույր էլ կարել՝ մեզ վատ ու խաբող մարդկանցից պաշտպանելու համար, կամ գուցե ինչ-որ մեկին պաշտպանեինք մեզնից. շա՜տ հավես կլիներ։

Չարի ու բարու սահմաններն էլ մարդու հորինածն է (թե ասա՝ ի՞նչը մարդու հորինածը չի)։ Չկան չար ու բարի մարդիկ, մենք մարդկանց մեջ տեսնում ենք այն, ինչ իրենք են մեզ ցույց տալիս, և այն, ինչ մենք ենք ուզում տեսնել (հա, սրանք իմ բառերը չեն, ուղղակի տեղին են, ասացի՝ օգտագործեմ)։ Գայլերն էլ հո էդպիսին չե՞ն, իրենց համար խելոք ապրում են, էլի։ Բայց դե ոնց էլ ման գաս, էն առաջնորդ լինելու ձգտումը էդ խեղճերի մոտ էլ կա, և ո՞վ է այդպես սխալ կառուցել աշխարհը։ Մենք, հաստատ մենք, մեզ տրված էր առանց պատերազմների կյանք, բայց չէ, պետք է հողի համար կռվեինք, կրոնի համար կռվեինք, մեր կամ մեր թշնամու անկուշտության պատճառով կռվեինք, կռվեինք, կռվեինք… Ուրիշի ոսկյա շղթայի համար կռվեինք, ուրիշի հավի, ճտի համար, ուրիշի ոռոգման ջրի համար: Պիտի ստեղծեինք ատոմային, միջուկային ու ջրածնային զենքերը, ինչը հետո մեր ու մեր սերունդների դեմ պիտի օգտագործվի, գինու ու շամպայնի շշերը, որոնցով պատահաբար կամ լավ էլ գիտակցաբար ինչ-որ մեկի գլուխն ենք ցրիվ տալու, սպանելու մեզ նման մեկին։

Գիտե՞ք՝ ասում են՝ չկա մարդ, որ նայի աստղերին՝ առանց սեփական ճղճիմությունն զգալու, մի էդպիսի խղճուկ վիճակ էլ հիմա ինձ մոտ է։ Ասում եք՝ ո՞վ եմ ես, մեկի համար կյանքի իմաստ, մյուսի համար՝ կյանքի «տորմուզ», մեկն էլ ընդհանրապես չգիտի, որ ես կամ։ Շատերն ասում են՝ եսասերի մեկն եմ, շատերն էլ՝ միայն այդպես եմ ձևացնում։ Ես էլ չգիտեմ, ազնիվ խոսք, ու գայլերն էլ չգիտեն, իրենք հաստատ չեն իմանա, հո պարա՞պ չեն՝ ինչ-որ տեղից անընդհատ ինձ հետևեն ու հաշվետվություն ներկայացնեն իրենց առաջնորդին՝ թե բա մեզնով այդքան հետաքրքրված աղջիկը հարևանից խոտի դեզ է վերցրել, դրել տանիքին ու հենվել վրան՝ ինչ-որ բաներ է արագ-արագ գրում։

Եսիմ, ես կախարդությանն էլ եմ հավատում, հո միանգամից մարդիկ չե՞ն հորինել ինչ-որ բան ու վերջ, ուրեմն ինչ-որ մեկը տեսել է, պատմել մյուսներին, նրանք էլ ձեռք առնելով տարածել են ու սկսել ֆիլմեր նկարել, գրքեր գրել, անգամ կարծում եմ՝ երբ Ջոան Ռոուլինգը գնացքով ուղևորվելիս է եղել ու տեսել է կլորիկ ակնոցներով կապուտաչյա մի տղայի, մտքում ինչ-որ կերպար է ստեղծել, հետո էլ մի ամբողջ մոգական աշխարհ՝ դպրոցով ու 4 տներով, բանկով, մոգական նախարարությամբ ու նզովքներով, կարծում եմ՝ դա այնքան էլ հորինված բան չի, ես լռեմ՝ դուք մտածեք։ Ես ինքս սիրում եմ այդպես անել։

Լավ, է, երևում է իրոք գլուխներդ տարա մտքերովս։ Եթե ասածներիցս բան չհասկացաք՝ ինքներդ կեսգիշերին նստեք տանիքի վրա, նայեք երկնքին ու չմոռանաք չընկնել, ես քիչ էր մնում նոր ընկնեի երկրորդ անգամ: