Emma Vardanyan

Ավելի լավ է ևս մեկ կովիդ, քան պատերազմ

Վերջին ժամանակներում՝ պատերազմի և համավարակի օրերին, իրենց փայլուն և քրտնաջան աշխատանքով աչքի ընկան բուժաշխատողները։ Նրանք կատարեցին չափազանց մեծ ու անուրանալի աշխատանք։ Կորոնավիրուսի և պատերազմի վերաբերյալ հիշողություններն ու տպավորությունները պատմում են հենց նրանք՝ Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկի բուժքույրերը։

2020 թվականի մարտի 1

Աշխարհը ցնցած կորոնավիրուսի դեպք գրանցվեց նաև Հայաստանի Հանրապետությունում։ Կառավարությունը հորդորում էր բոլոր քաղաքացիներին մնալ տանը, իսկ դուրս գալիս կրել դիմակներ։ Գրեթե բոլորն անցան աշխատանքի օնլայն ռեժիմի, իսկ բուժաշխատողները՝ սպիտակ համազգեստներով անցան համառ պայքարի համավարակի դեմ։ Անկասկած դժվար էր։

Թեև այսօր էլ ամբողջությամբ չի հաղթահարվել այդ վիրուսը, ընդհանուր առմամբ, մինչ այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քան 200 000 դեպք, որոնցից գրեթե 5000-ը մահվան ելքով,  այնուամենայնիվ բուժքույրերի մոտ դեռ թարմ են համավարակի առաջին շրջանի հետ կապված հիշողությունները։

«Վարակվածները շնչահեղձ էին լինում, անզորությունից բռնում էին մեր համազգեստներից ու քաշում, օգնություն աղերսող աչքերով նայում էին մեզ, իսկ մենք չգիտեինք, թե ինչ անել։ Սարսափելի էր»,- վերհիշում է բուժքույր Հասմիկը։

Որպես հիմնական դժվարություն նշում են ամբողջությամբ փակ հագուստը, գերծանրաբեռնված աշխատանքը, կրկնակի աշխատաժամերը, և որ ամենագլխավորն է, հարազատներից հեռու ապրելը։

«Չնայած հարազատներից հեռու ապրելը իր լավ կողմն էլ ուներ, գոնե ընտանիքի անդամներին չէինք վարակում», -  նշում է կորոնավիրուսային համավարակի պայմաններում վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկի բուժքույրը։

Ի դեպ բուժքույրերի մեծ մասը վարակվել է կորոնավիրուսով։

Անցան ամիսներ։ Երբ վիրուսի դեմ պայքարը թվում էր, թե հունի մեջ է ընկել, սկսվեց 44-օրյա պատերազմը։ Դա սառը ցնցուղ էր։ Ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը․ «Ջրից դուրս եկանք, ընկանք ջրհեղեղի մեջ»։

«Ավելի լավ էր ևս մեկ կովիդ, քան պատերազմ։ Պատրաստ չէինք դրան ոչ ֆիզիկապես, ոչ էլ առավել ևս հոգեպես։ Դա վատագույնն էր, որ կարող էինք սպասել»,-ասում են բոլորը միաբերան։

Պատերազմի, վիրավորների մասին խոսելիս ավագ քույրը չկարողացավ զսպել արցունքները։

Յուրաքանչյուրը պատմում էր այնպիսի դեպքեր, որոնք այնքան էին տպավորվել, որ երբեք չեն մոռանա։

«Ամեն ժամ ընդունում էինք նոր վիրավորներ, որոնք անգիտակից էին և երբ արթնանում էին ու հիշում էին, թե ով են, կամ հարազատները ճանաչում էին նրանց, ուղղակի ուրախությունից լաց էինք լինում։ Մի անգամ, երբ վիրավորներից մեկը ուշքի եկավ (խոսել չէր կարողանում) թղթի վրա գրեց․ «Հանկարծ առաջինը մամայիս չասեք, պապայիս ասեք»,- հիշում է բուժքույր Սոնան։

Իսկ քույրերից մյուսը՝ Հասմիկը, պատմում է, թե ինչպես ազգությամբ եզդի  մի զինվոր ուշքի գալուն պես՝ հիշել է, որ իր մայրիկի ծնունդն է և խնդրել է, որ ծաղիկներ բերեն, որպեսզի  նվիրի մորը։

22-ամյա բուժքույր Արփինեի մեջ տպավորվել էր մեկ այլ զինվոր․ «Նա շա՜տ թախծոտ աչքեր ուներ։ Ամեն ինչ անում էինք, որ գոնե մի փոքր ժպտա, բայց նա ի պատասխան ասաց,որ եթե մեր ընկերներն էլ զոհվեին մեր աչքի առջև, մենք էլ չէինք ժպտա»։

Այժմ ամեն բան անցյալում է։ Բարի և սրտացավ աշխատանքի շնորհիվ բոլոր բուժաշխատողները վայելում են իրենց հիվանդների սերն ու հարգանքը։ Կան այնպիսինները, որոնք գրում են, զանգում կամ էլ այցելում են նրանց։

«Մի վիրավոր ունեի։ Շատ էր ինձ չարչարում, դրա համար էլ խոստացավ, որ երբ ապաքինվի, ինձ ծաղիկներ է բերելու։ Անցավ որոշ ժամանակ։  Նա իր կնոջ ու երեխայի հետ եկավ և բերեց խոստացված ծաղիկները։ Դա ամենաերջանիկ պահերից էր ինձ համար»։

Իսկ քույրերից մեկը ծիծաղով պատմում է․ «Մի հիվանդ ունեի, հիմա ամեն Աստծու օր գրում է․ «Լա՞վ ես, բուժքույր ջան»։

«Շատ էինք չարչարվում, տանջվում, նույնիսկ լինում էին դեպքեր, այնքան էինք հուսահատվում, որ մտածում էինք աշխատանքից հեռանալու մասին, բայց հետո սթափվում էինք ու հասկանում․ Բա ո՞վ պիտի բուժի վարակվածներին ու վիրավորներին, և նոր եռանդով անցնում էինք աշխատանքի»,-եզրափակում են նրանք։