9-ի դժբախտները

Ա՜յո, ա՜յո, դուք ճիշտ հասկացաք. ես նախապատրաստվում եմ քննություններին: Ու մինչ ասացին, որ քննությունները համակցված թեստերով են լինելու, բանավոր են լինելու, չգիտեմ` էլ ինչ, մենք եկեղեցում սպասում էինք, որ քննությունները դարձնեն գրավոր:

Ուրեմն ինձանից գոհ մի 8 հատ գիրք շալակած եկա տուն, նախապես վայելելով գրքերի ընթերցանությամբ ինձ սպասվող երեկոները, ու հասկացա, որ մոռանում եմ էս տարվա դասերի մասին:

Վայ, բա որ էս տարվա դասերից հարցեր ընկնի, ի՞նչ եմ անելու: Ու անգիր եմ անում հատկապես հայոց պատմության դասերը, որովհետև ինձ թվում էր, ոչ մի թվական չէի հիշելու, բայց արի ու տես, լավ էլ հիշում եմ: Մնում է «զամբյուղը»-ս ջնջեմ, որ ավելորդ տեղ չգրավի: Գնում եմ դպրոց, ու մեկը հանրահաշվի գրավորը գրելուց կհարցնի.

-Երեխեք, ԽՍՀՄ-ը ե՞րբ ընդունվեց:

Կանցնի մի րոպե, ամբողջ դասարանով տխուր ապագային նայող դեմքով կնստենք, ու էն մյուսն էլ կհարցնի, թե Սարդարապատի ճակատամարտը ե՞րբ եղավ:

-Բայց լավ կլիներ, չէ՞, որ էլի համակցված չլիներ:

-Ախ, համակցվածը ո՞րն ա, է:

Ինչպես միշտ, տեսա մի նյութ ու վերնագիրը` «Շատ կարևոր լուր դպրոցականների համար»: Ոնց որ միշտ, էլի մի անկապ բան կլինի, ու չմտա նայելու, որովհետև վախեցա «հիշողության դարակներումս» էլի մի անկապ բան կավելանա: Բայց դու մի ասա, էս անգամ լուրջ էր, ու քննություններն էլ համակցված չեն լինի: Սակայն պատմությունն ու օտար լեզուն բանավոր կմնան:

Ամենասարսափելին դեռ առջևում է: Հայոց լեզվի փոխադրությանը մի 20 էջանոց պատմվածք կտան, ու ինչքան կուզենաս` կգրես:

Խոսքս ուղղում եմ բանավորից բողոքողներին: Հա, բայց ի՞նչ տարբերություն. բանավո՞ր, թե՞ գրավոր: Մեկ է, գրելու ենք էն, ինչ գիտենք: Հասկանում եմ, որ արտագրել կա, հուշել կա, անկապ նշել ու ճիշտ դուրս գալ կա, բայց քեզ պե՞տք է նման քննություն տալը կամ էլ 20 ստանալը: