Արագիլները

Լուսանկարը՝ Սեդրակ Սեդրակյանի

Պապիկս ականատես է եղել մի շատ ցավալի դեպքի և իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

Ինձ շատ է հուզել պապիկիս պատմությունը, ուստի որոշեցի 17-ի ընթերցողներին ներկայացնել պապիկիս գրառումը:

«Փոքր ժամանակ ես կարդացի մի պատմություն, թե ինչպես է արագիլը իր ձագերին պաշտպանելու համար նետվում կրակի մեջ և այրվում իր ձագերի հետ միասին։ Սա ինձ մի ուռճացված պատմություն էր թվում, մինչև որ ինքս ականատես եղա հենց նման մի դեպքի:
Սկսեմ ամենասկզբից։ Մեր գյուղում շատ արագիլներ կան, և ամեն անգամ դրանց մոտով անցնելիս նկատելի էր նրանց հոգատարությունը թե՛ միմյանց, և թե՛ իրենց դեռ նոր սկսվող ընտանիքի հանդեպ։ Զույգերը միասին էին հոգ անում բույն պատրաստելու համար և հերթով նստում էին ձվերի վրա ու համբերատար սպասում ապագա ճուտիկների լույս աշխարհ գալուն։ Նրանք իրենք էին իրենց տան կենդանի կտուրը։ Նրանք և՛ գիշեր, և՛ ցերեկ անդադար հսկում էին ձվերը՝ իրենց թևերով ծածկելով ու պաշտպանելով քամուց, ցրտից, անձրևից և նույնիսկ կարկուտից։

Ծնվեցին ցանկալի ձագերը, և հիմա էլ նրանցից մեկը մնում էր ձագերի մոտ, իսկ մյուսը գնում կեր փնտրելու։ Այսպես ձագերը բավականին մեծացան, բայց դեռ թռչել չէին կարողանում, մինչև որ կատարվեց ամենասարսափելին։
Երեկ երեկոյան ուժեղ քամի էր, և հանկարծ լույսերը մարեցին։ Ինձ հետաքրքրում էր վթարի պատճառը, և դուրս եկա փողոց։ Մթության մեջ, հեռվում հրդեհ նկատեցի և իմ քայլերն արագ ուղղեցի դեպի օդի մեջ երևացող կրակը։ Վառվում էր արագիլի բույնը։ Պատճառն արդեն հասկանալի էր։ Արագիլի բույնը գտնվում էր էլեկտրասյան կատարին։ Կարճ միացումից հրդեհ էր բռնկվել, և վառվում էր չոր ցախերից հյուսված արագիլի միակ ապաստանը։ Կրակը շատ էր ուժգնացել, և այնտեղ հավաքված համագյուղացիները ամեն ինչ անում էին կրակը մարելու համար, քանի որ տեսնում էին մոր թևերի տակ կուչ եկած, կրակի մեջ այրվող ձագերին։ Տասը մետր բարձրության վրա դույլերով կրակ մարելը այնքան էլ հեշտ գործ չէր, մանավանդ գիշերով՝ մթության մեջ, ու նաև այն, որ ջուր ձեռք բերելու համար հոսանք էր անհրաժեշտ, որը նույնպես չկար։ Բայց արագիլներին փրկելու պայքարը չէր դադարում։ Արագիլների մայրը ոչ մի վայրկյան չէր լքում ձագերին և իր թևերով ծածկած այրվում էր իր ձագերի հետ միասին։ Վերջապես դեպքին մասնակցություն ունեցավ մի նախնադարյան, հնամաշ հրշեջ մեքենա։ Արագիլի բույնը կրակախառը փլուզվեց ներքև։ Եվ դրանից հետո միայն, այրված ոտքերով ու իրանով մայր արագիլը թռչեց վեր և անդադար պտտվում էր հեռագրասյան շուրջը՝ գուցե անհանգստանալով իր երկու ձագուկների ճակատագրով, որոնք ցավոք արդեն սատկել էին։ Թե ինչ եղավ այրված ոտքերով մայր արագիլի հետ՝ էլ չիմացա, քանի որ շատ մութ էր, բայց մի բան հասկացա, թե ինչ մեծ սեր ու նվիրում կար այդ թռչնակի սրտում, որը մինչ վերջին վայրկյանը, այրվում էր իր ձագերի հետ միասին։ Ակմայից խորհում էի, թե որքան մարդիկ կան աշխարհում, որ մի արագիլի սիրտ ու նվիրում էլ չունեն»:

Սեդրակ Սեդրակյան