«Արվեստը վաճառվում է, արվեստագետը չպետք է վաճառվի»

Լուսանկարը` Դավիթ Սամվելյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Դավիթ Սամվելյանի ֆեյսբուքյան էջից

Երիտասարդ գրող, արձակագիր Դավիթ Սամվելյանը մասնագիտությամբ աստվածաբան է, աշխատել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, եղել Վազգենյան հոգևոր դպրանոցի վերակացու, այժմ աշխատում է Երևանի գրախանութներից մեկում։ Գրել սկսել է դպրոցական տարիներից։ Դավիթ Սամվելյանի չորս ժողովածուների հեղինակ է՝ «Լուսե երազ», «Նա և Նրա», «Արտագաղթած կարոտ», «Ռոդենի ձմեռը», որոնցից որոշ ստեղծագործություններ թարգմանվել են մի քանի լեզուներով։

Դավիթ Սամվելյան գրողն ու մարդը

Նրա ստեղծագործությունները խաղաղ են ու խաղաղություն, նրանցում մարդն է՝ իր ողջ էությամբ, կարոտներով ու սերերով։ Հեղինակն ասում է, որ իր գրվածքները մարդիկ կարող են հասկանալ ոչ այն ենթատեքստով, որով ինքն է գրում։ Ըստ նրա՝ ընթերցողը տեսնում է այն, ինչ իր ներսում է։ Պարտադիր չէ, որ ինքը զգացած լինի կամ այդ պահին զգա այն, ինչ գրում է։ Ցանկացած հիշողություն՝ լավ թե վատ, մի օր կարող է պատմվածքի թեմա դառնալ։

-Եթե բոլոր գրածներս ապրած լինեի՝ հիմա այստեղ չէի լինի, -կեսկատակ-կեսլուրջ ասում է հեղինակը։

Թե էսսեներում, թե՛ պատմվածքներում մեծ է մասնագիտության, ու առհասարակ, հավատի ազդեցությունը։

-Հավատը մեր կյանքի մի մասն է, և կարևոր մասը։ Տարբեր գրողներ իրենց գործերում տարբեր հոգեվիճակներ են արտահայտում՝ սեր, ատելություն։ Ինձ մոտ գերակշռում է հավատը, բայց փորձում եմ կանոնիկ, դասական ձևով չներկայացնել հավատը։ Այն յուրաքանչյուրի մոտ տարբեր կերպ է դրսևորվում։

Ես չեմ փորձում ընթերցողին ուղղորդել, ամեն մեկն ինքն է ընտրում՝ ինչպես հավատալ։

Գրելը մասնագիտություն չէ ըստ Դավիթ Սամվելյանի, եթե խոսքը իհարկե սցենարիստի մասնագիտության մասին չէ։ Նա ևս համաձայն է, որ արվեստը արտադրանք է, գումար վաստակելու միջոց, չնայած Հայաստանում դա գեղարվեստական գրականությանը չի վերաբերում։ Իր ստեղծագործություններից մեկում էլ հեղինակը գրում է․ «Արվեստը վաճառվում է, արվեստագետը չպետք է վաճառվի»։

Գրողի կարծիքով, պարտադիր չէ, որ բանաստեղծն անպայման ներկայացնի իր ժամանակի բարքերն ու իրողությունները։ Հայաստանում դրա պատճառը հասարակական մեծ խնդիրներն են․դրանց անդրադառնում են մեր գրեթե բոլոր գրողները։ Իր «Ռոդենի ձմեռը» ժողովածուում չորս պատմվածքներից երկուսը վերաբերում են իննսունական թվականներին, որոնք հեղինակի մեկնաբանությամբ՝ապրվող իրականությունից հեռանալու միջոց են եղել։ Հեղինակը չափավոր է նաև հայրենիքի ու նրա հանդեպ սերն արտահայտելու հարցում։

-Ես հայրենիքի մասին այդքան շատ չեմ գրում։ Պատմվածքներում փոքր հատվածներով կարող եմ անդրադառնալ երկրին կամ հասարակական կյանքին, բայց հայրենիքի, պետականության մասին շատ չեմ գրում։ Այդ սերը ես չեմ կարող սահմանների մեջ դնել, սահմանափակել որևէ պայմանով։

Հետաքրքիր կերպարներ են նաև հեղինակի ստեղծագործությունների հերոսները։ Նրանցից յուրաքանչյուրը հավաքական մի կերպար է թե՛ արտաքնապես, թե՛ հոգեբանությամբ։

-Ցանկացած մարդ մեզ վրա որոշակի ազդեցություն է ունենում։ Հերոսներիս կերտելիս մեկից վերցնում եմ արտաքինը, մեկից՝ հագուստը, մյուսից՝ ժեստերը․․․

Նրա ստեղծագործությունները ընթերցողը հաճախ ընկալում է որպես տխուր գործ՝ էությամբ տխուր, հանգիստ՝ հեղինակի կողմից։

Իրականում Դավիթ Սամվելյանը ըմբոստ, պայքարող բնավորություն ունի: Գրողն ասում է, որ իր ստեղծագործությունները հիմնված են հիշողությունների վրա, իսկ տխուր որևէ բան գրելիս ինքը կարող է ուրախ լինել, սիրո մասին գրելիս էլ սիրահարված կամ կոտրված լինելը

պարտադիր չէ։

-Ես փորձում եմ ապրել երջանիկ պահերս։ Պետք է այնքան երջանիկ լինես, որ ստեղծագործելու ժամանակ չլինի։

Հայ ընթերցողը՝ գրողի ու գրավաճառի աչքերով.

- Ընթերցողի մեղքն այնքան էլ մեծ չէ։ Մարդիկ այսօր կարդում են այն, ինչ շատ և լավ է գովազդվում։ Այսօր ընթերցողների մեծ մասի գրքացանկը միայն նույն 30-40 գրքերն են։ Կարդում են այն գրքերը, որոնք լավն են համարում ոլորտի, այսպես ասած, «գուրուները»։

Մեկ այլ բան էլ կա․ երբեմն Թումանյանի հեքիաթները չկարդացած երիտասարդը սկսում է Նիցշե կարդալ, դրանից նրան ոչ մի օգուտ չի լինի։ Սխալ ընտրված գիրքը մարդու հոգեբանության վրա վատ ազդեցություն էլ կարող է ունենալ։

Հետաքրքիր է, որ մարդկանց մի մաս էլ գրքերը կարդում է ըստ եղանակի։ Ամռան համար ընթերցողներին հոգեվերլուծական գրքեր խորհուրդ տալ չեմ կարող (ժպտում է), բնականաբար թեթև ռոմանտիկ գիրք եմ առաջարկում։ Ընթերցողների մի խումբ էլ միայն ռոմանտիկա է կարդում։

Ես կցանկանամ, որ մեր գրադարանները այնքան հագեցած լինեն, որ գրքերը բոլորին հասնեն։ Կուզեմ, որ երբեմնի ավանդույթը մեզ մոտ վերականգնվի։