Mariam Eghoyan

Արվեստի հետ

Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ արվեստի որևէ ճյուղի նկատմամբ հակում ունի, և աշխատելու դեպքում այն կարող է զարգացնել: Երջանիկ է նա, ում հաջողվում է գտնել արվեստի իր ճյուղը և ապրել դրանով: Եթե նա իր ամբողջ էությամբ նվիրվում է այդ արվեստին, ապա դառնում է հաջողված և սիրված արվեստագետ: Արվեստի ցանկացած գործ պետք է ծնվի ինքնաբերաբար, սրտի թրթիռով, ոչ թե մտադրված: Ճիշտ է այն գաղափարը, որ արվեստն արտահայտում է մարդու բնավորությունը:

siramarg image9Մի ընտանիքի երկու տարբեր բևեռներ՝ ես և քույրս, և արվեստի մի ոլորտ՝ նկարչությունը: Եթե քույրս պատկերը նկարում է վրձնով, հատ-հատ, գծանկարելով, ավելի դանդաղ, ապա ես դա անում եմ ֆոտոխցիկի կոճակի մի հպումով՝ թեև ունենում եմ նույն էմոցիան, ինչ քույրս՝ վրձնով նկարելիս:

hushardzan erevi image13 Երբ հասկացա, որ ինձ հարազատ է լուսանկարչությունը, սկսեցի ամեն մի երևույթի նայել այլ աչքերով և տեսածս մի այլ ձևով ընկալելով՝ լուսանկարել: Սկզբից չէր ստացվում, բայց հետո ֆոտոխցիկս տեսնում էր այն, ինչը գեղեցիկ է և ինչը յուրահատուկ է: Լուսանկարներում արտացոլում էի բնության գեղեցկությունը: Բայց որքան շատ պատկերներ էի սկսում լուսանկարել, այնքան ավելի էի հասկանում, որ լուսանկարչությունը շատ ու շատ բարդ է: Պետք է լուսանկարել այնպիսի երևույթներ, որոնք տեսնելիս մարդկանց մոտ կառաջանա մի այլ, առանձնահատուկ զգացմունք: Լուսանկարչությունը ինձ համար արվեստի այն ոլորտն է, որտեղ շարունակում եմ փնտրել ինձ և կարծես թե գտնում եմ այդտեղ դրսևորվելու իմ ուղին: Արվեստն այդ կերպ է արտացոլվում իմ մեջ:
Քույրիկս ևս արվեստասեր է: Նա իրեն գտել է նկարչության ոլորտում: Թեև դեռ 11 տարեկան է, բայց ձգտում է իր աչքով տեսած գեղեցիկը, իր ցանկությունները, երբեմն իր զգացողությունները հանձնել թղթին: Նա ամեն ինչ տեսնում է երրորդ աչքով: Նրա վրձինը արդեն թղթին է տալիս այն, ինչը կամենում է: Նա նկարում է մանկական պատկերներ, կենդանիներ, թռչուններ, բնություն, անտառ, ծաղիկներ… Նկարների մեջ կա մանկական ոգի: Վրձինը և քույրս դարձել են հարազատներ: Վրձինը կյանք է տալիս նրա ամեն մի զգացմունքին, նրա ամեն մի տեսածը պատկերում է թղթին: Քույրս արդեն իրեն չի պատկերացնում առանց վրձնի: Չնայած իր փոքր տարիքին՝ նա կարողանում է պատկերել իր հոգեվիճակը այնքան իրական, որ ոչ ոք չի կարողանում անտարբեր նայել:

sarer dzorer erevi image5Քույրիկիս նկարները, թեև դեռ այնքան էլ հաջողված չեն, բայց կարծում եմ, նա դեռ նկարելու է եզակի և տարբերվող նկարներ: Չէ՞ որ նա արվեստի հետ է: