seda mkhitaryan

Հայ երիտասարդը կմնա Հայաստանում, եթե ունենա աշխատատեղ

Հարցազրույց Թումանյան համայնքի ավագանի Տիգրան Մխիթարյանի հետ։

-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ համայնքի ավագանի: Այդ գաղափարը առաջացավ մինչև համայնքի խոշորացո՞ւմը, թե՞ դրանից հետո։

-Գաղափարն առաջացավ մինչև համայնքների խոշորացումը։ Ես, որպես գյուղի բնակիչ, ցանկացա իմ գիտելիքներն ու փորձը ներդնել համայնքիս զարգացման գործում, ցանկացա ինչ-որ բան դեպի լավը փոխել իմ համայնքում։

-Որպես ավագանի, ի՞նչ խնդիրների վրա եք հիմնականում կենտրոնացնում ձեր ուշադրությունը: 

-Ես ուշադրությունս առավելապես կենտրոնացնում եմ այն հարցի վրա, որ բյուջեն համայնքների միջև բաշխվի հավասարաչափ, համայնքները զարգանան հավասարաչափ, և որ համայնքի բնակիչները հնարավորինս մասնակցեն ՏԻՄ-ի կառավարմանը։

-Վերջերս կյանքի կոչվեց համայնքների խոշորացման ծրագիրը: Կբացատրե՞ք ծրագրի էությունը:

-Համայնքների խոշորացման ծրագիրը կյանքի կոչվեց 2016 թվականի փետրվարի 14-ին։ Ծրագրի արդյունքում Թումանյան համայնքը միավորվեց 6 այլ համայնքների հետ և դարձավ մեկ միասնական Թումանյան համայնք։ Ծրագրի նպատակն էր և՛ կրճատել ծախսերը, և՛ տնտեսելով գումար՝ զարգացնել համայնքները։

-Կնշե՞ք մի քանի խնդիրներ, որոնց հետ գյուղացին սկսեց բախվել խոշորացման արդյունքում։

-Առաջինը՝ կտրվեց բնակիչ- ՏԻՄ կապը, բնակիչները ֆիզիկապես հնարավորություն չունեն ներկա գտնվել ավագանու նիստերին։ Բացի այդ, գյուղական համայնքի բնակիչը նախկինում կարող էր իր խնդիրը ՏԻՄ-ի հետ լուծել օրվա ցանկացած ժամի, քանի որ ճանաչում էր համայնքապետին, ինչպես ասում են՝ «մի հողի, ջրի մարդիկ էին», իսկ այժմ միայն աշխատանքային ժամերին կարող են դիմել աշխատակիցներին։ Ինչպես արդեն նշեցի՝ բյուջեի հավասարաչափ բաշխումը շատ կարևոր է, բայց ներկայումս քաղաքային բնակավայրին ավելի մեծ ուշադրություն է դարձվում, քան գյուղականին։

-Արդյոք խոշորացումը ունի՞ որևէ դրական կողմ:

-Ըստ ծրագրի մասնագետների՝ համայնքները զարգանալու էին, միջհամայնքային ճանապարհները բարեկարգվելու էին, գումարի տնտեսման արդյունքում բազմաթիվ խնդիրներ էին լուծվելու, բայց ես այդ ամենը դեռ չեմ տեսնում, և ոչ էլ պատկերացնում եմ, որ դա հնարավոր է։ Ծրագիրը արդեն մի տարի է իրականացված է, բայց ոչ մի արդյունք չկա։

-Դուք, որպես համայնքի ավագանի, գիտեմ, որ բավականին ակտիվ եք: Կնշե՞ք մի շարք հարցեր, որ հենց ձեր նախաձեռնությամբ են բարձրաձայնվել և լուծում ստացել։

-Ես բազմաթիվ և բազմապիսի առաջարկություններով եմ հանդես եկել: Բարձրացրել եմ բազմաթիվ հարցեր՝ խմելու ջրի, տրանսպորտի, ճանապարհների, քարաթափման և այլնի մասին։ Իմ նախաձեռնությամբ այժմ բոլոր համայնքները ունեն իրենց կնիքը, և գյուղացին ամեն անգամ որևէ թուղթ կնքելու համար ստիպված չէ գնալ հասնել Թումանյան: Նաև կանգառ է տեղադրվել։

-Ի՞նչ հեռանկարներ ունի մեր գյուղը, հատկապես աշխատատեղերի, երիտասարդության զբաղվածության հետ կապված: Ի՞նչը կստիպի քարինջեցի երիտասարդին մնալ գյուղում։

-Այժմյան պայմաններում ոչ մի բան չկա, որը կստիպի մնալ այստեղ, իհարկե, բացի հայրենիքում ապրելու ցանկությունը, բայց քարինջեցի և առհասարակ հայ երիտասարդը կմնա Հայաստանում, եթե ունենա աշխատատեղ, կարողանա ստեղծել օրվա հացը։ Պարտադիր չէ, որ աշխատեղը լինի հենց մեր գյուղում, օրինակ՝ եթե հարևան Թումանյանում լինի աշխատելու տեղ, ապա կգնան և այնտեղ կաշխատեն։

-Շատ հաճախ մինչև իշխանություն ստանալը ավագանին մեծ խոստումներ է տալիս ընտրողներին, բայց իշխանության գալիս, ասես, մոռանում է այդ մասին: Ի՞նչն է պատճառը: Իշխանության գալով՝ հասկանում են, որ այդ խնդիրները անլուծելի՞ են, թե՞…

-Ըստ իս, սա ունի 2 պատճառ․ առաջինն այն, որ նրանք հասկանում են, որ խնդիրը ոչ թե անլուծելի է, այլ ինքը մենակ չի կարող լուծում գտնել, և չկան մարդիկ, ովքեր կմիանան իրեն, կկազմեն թիմ ու կկարողանան լուծել խնդիրները։ Երկրորդ պատճառը ինձ ամենաշատն է հանդիպում. ավագանին, թեկնածություն առաջադրելով, առաջին հերթին ցանկանում է լուծում տալ սեփական խնդիրներին և առաջնորդվում է սեփական շահով։