Meri Hakobyan Megri

Արցախյան հուշեր. պատին տակի մանկությունս

Շուշիից Ատեփանակերտ տանող, թվում է՝ անվերջանալի ոլորանները նորից ինձ կգլորեն իմ հարազատ Ստեփանակերտ։ Այս անվերջ ձգվող ոլորաններին ամեն ինչ այնքան ծանոթ ու հարազատ է։ Մուտքը դեպի մայրաքաղաք նման է հին սունդուկի բացվելուն, որի մասին հաճախ հեքիաթներում եմ կարդացել, ու որը բացվելուն պես ողջ գերդաստանին պարուրում էր հիշողություններով։ Ասես քաղաքից ինձ է նայում մանկությունս իր ողջ հմայքով…

Ահա Սուրիկ պապիկի խանութը, որտեղ ամեն առավոտ հացի էինք վազում՝ մի թաքուն ցանկությամբ, որ նա էլի իր ջահելությունից մի բան կպատմի ու վերջում անպայման կավելացնի.

-Է՜, մատաղ ինիմ ծըզ, խոխեք, մինակ թա տուք գիդաք վեչ` հինչ փիս պենա պատերազմը։

Իսկ մենք՝ հազիվ 7 – 8 տարեկան, Սուրիկ պապիկին արդեն բավականաչափ ծեր էինք համարում ու մտածում՝ «Ա՜, էս մարդը իսկականից շաշվալ ա… Պատերազմնեն մինակ հըռու տղերում ա ինում, հո՞ւնց կարե ստըղ պատերազմ ինի»։

Ուրախացած այն մտքից, որ պատերազմները միայն հեռու տեղերում են լինում, հացը ձեռքներիս վազում էինք տուն. Չնայած, եթե անկեղծ լինեմ, մինչ տուն հասնելը արդեն հացի կեսը կերած էինք լինում (ախր, էնքա՜ն անուշ էր բուրում էդ «մայակին հացը»):

Տուն մտնելուն պես բախվում եմ տատիս ջղային հայացքին.

-Ա՜ խոխա, շտե՞ղըս, հենգ ժամ ա զավտրիկը տիրալում, տո՞ւվս իլալ հացը թխելիս, անդար չայը պռավի կյուզա տեռալ։

Որին հետևում էր իմ պատասխանը.

-Ա, դե բաբո, մինչև քեցալում, Իլոնին եր կալալ, քեցալ մագազին, պատար էլ Սուրիկ ձեդոյին նըհըտ զրուցընք ըրալ, էկալ տոն։

Տատս ծիծաղում էր.

-Մեյմուն շոն, քինա, շուտ ըրա, էդ չայը խմե, մինչև տա հըվաքիմ, աբեդի ժամ ա, լոխ կյալուվըն։

Էդ «լոխ»-ը մորաքրոջս՝ տիպիկ արցախյան ընտանիքն է։ Աբրահամյանները հյուրընկալ ընտանիք են. Չեմ մտաբերում մի երեկո, որ «նավեսին տակը» դատարկ լիներ, «սմավարի» մեջ էլ թեյը չեռար։ Արցախյան քաղցրահնչուն բարբառով պատմվող պատերազմյան հիշողությունները ամբողջացնում էին այդ ջերմ երեկոները։ Վարդան ձյաձյայի (մորաքրոջս ամուսինը) եղբայրներից Վաղինակը զոհվել է Արցախյան ազատամարտում, որի անունով էլ անվանակոչել է ավագ որդուն։ «Շ՜շշշ, շ՜շշ»,- լսվում է «սամավարի» ձայնը, ապա տատիս. -Մերիի, էդ ստքնեն պեր ստըղ, մին-մին պեր, ա խոխա, լոխ կուտրտելուվըս։ Երջանկության վայրկյաններ էին. Չէ՞ որ քեզ մեծի տեղ էին դրել ու գործ հանձնարարել։

Այլևս երբեք նման համեղ թեյ ոչ մի տեղ չխմեցի. Շատ վայրերում եղա, տարբեր թեյեր փորձեցի, որոշ տեղերում անգամ բավականին թանկ վճարեցի, բայց ոչ մի թեյ այնպես չէր բուրում, ինչպես այն երեկոներին` «նավեստի տակի հյուրերին հետի իփած սմավարավ չայը»։ Միայն հետո պիտի հասկանայի, որ այդ թեյը մանկության հոտ ուներ, ու էլ երբեք և ոչ մի տեղ, անգամ շատ թանկ վճարելու դեպքում չէի գտնելու թեյ, որը մանկություն բուրեր։

Մանկությանս տարիներին ամառային արձակուրդները մշտապես Արցախում էի անցկացնում՝ մորաքրոջս տանը։ Հիմա կարոտով եմ հիշում այդ տարիները, երբ իմ միակ խնդիրը տանեցիներիս համոզելն էր.

-Լավվվ լի, հի՞նչ կինի, էնում պատին տակին, օրիշ տըղ քինամ չում, պատարել խաղում անում, կյամ։

Այդ օրերից ինձ է ժպտում ամբողջ Մարտունի թաղամասը՝ Լիդա ծյոծան ու Գարիկ ձյաձան՝ իրենց մեծ՝ արցախցուն վայել ընտանիքով՝ երեխաներով ու թոռներով շրջապատված, Լենա ծյոծան, Արմեն ձյաձան, երեխաներն ու Ռաիսա բաբոն, Վլաձիկ ձյաձան ու Կարինե ծյոծան, Միլա ծյոծան, Սլավիկ ձյաձան, Պետոն, Կիսան, Վիտոն, Իռաները, Մարիամը, Մավոն ու Էլինկան, Աիդա ծյոծան ու Վլադիմիր ձյաձան՝ իրենց երեք երեխաների հետ. Հենց նրանց դստեր հետ էլ անց եմ կացրել մանկությանս մեծ մասը…

-Իլո՜ն, հե՜, Իլո՜նա, կյա՞մս քինանք պատար պատին տակին խաղ անինք։

-Հա, էսա կյամում, Կարենին, Աննին, Վալոձիկին ու Միլենին էլ ծեն տո, միչև հվաքվիք` կկյամ։

Ու ամբողջ «պատին տակը» լցվում էր մեր՝ երեխաներիս վայել խինդ ու ծիծաղով։ «Կյողլկանի, լյագուշկա, 7 քար, մաֆիա, տնտնի»…Ինչեր ասես, որ չխաղացինք էդ «պատին տակին», վիճեցինք, նեղացանք, բայց 10 րոպե անց էլի իրար ձայն տվեցինք ու շարունակեցինք խաղը, ու հենց էդ «պատին տակին» էլ մեծացանք։ Երկու բան կար, որ կարող էր խանգարել մեր խաղին. Կամ երեխաներից մեկին տուն էին կանչում, կամ հայտնվում էր մեր մանկության օրերի ահ ու սարսափը՝ Էլզան։ Հիմա, երբ տարիների խորքից ետ եմ նայում ու փորձում հիշողության անիվը ետ պտտել հասկանալու՝ ինչից էինք այդքան վախեցած, չեմ կարողանում մտաբերել, միայն հիշում եմ, որ էրեխեքից մեկի` «Խոխե՜ք, փխճեցի՜ք, Էլզան ա» արտահայտությունը լսելուն պես «պատին տակը» դատարկվում էր։

Մեր թաղի էրեխեքի համար տոն էր այն օրերը, երբ թույլ էին տալիս «պլոշիձ» գնալ։ Աչքերիս առաջ մեր պայծառ դեմքերի արտահայտությունն է հայտնվում, երբ բոլորս հավաքվում էինք «պատին տակին» ու ասում՝ «թողալըն»։ Առանձնապես շատ բան պետք չէր մեզ «պլոշիձ» գնալիս՝ «մարդա 200 դրամը բոլա, խոխեք, էնքանա` մին ըծովի մառոժնի օտինք»։ Առանձնահատուկ տոն էր այն օրերը, երբ բացի նրանից, որ թույլ էին տալիս «պլոշիձ» գնալ, դեռ մի բան էլ բավականաչափ գումար էին դնում ձեռքներս ու ասում՝ «Կարիք սօր կաչելի քինաք»։

Արցախյան այցերս միայն մի խնդիր ունեին. Երբ ետ էի գալիս, շարունակում էի բարբառով խոսել, ու իմ Մեղրիի ընկերները հաճախ ինձ չէին հասկանում, ես էլ, ամեն անգամ այդ ամենից նեղսրտած, տուն էի վերադառնում մի հաստատ որոշմամբ՝ «էլ ղարաբաղերեն չեմ խոսալու»։

Հիմա անհուն թախիծով եմ նայում այդ օրերին։ Պատերազմ անունով չարագործը մանկությանս վառ Արցախի ներկապնակում միայն գորշ գույներ է թողել, ու կարծես ոչինչ էլ առաջվանը չէ։

Պատերազմից մեկ տարի անց կրկին Արցախում էի. Մորաքրոջս վերջին զավակի՝ կրտսեր որդու հարսանիքն էր։ Ոչինչ էլ առաջվանը չէր… Առաջին բանը, որ նկատեցի, Սուրիկ պապիկի բացակայությունն էր. Խանութն էլ փակել, փոխարենը մրգի խանութ էին բացել։ «Պատին տակն էլ» առաջվա պես լիքը չէր երեխաներով. երեխաներն արդեն մեծացել էին, հասուն մարդիկ էին։ Պատերազմը Ռաիսա բաբոյենց ընտանիքը չէր շրջանցել. Մի տղան զոհվել էր, մյուսի կյանքն էլ չարաբաստիկ քաղցկեղն էր խլել, որը պատերազմի օրերին ավելի արագ էր զարգացել։ Իլոնայենց տունն անգամ առաջվանը չէր. վերանորոգել էին, որի համար հա՛մ ուրախ էի, հա՛մ տխուր, տխուր, որովհետև մեկ քայլ էլ էի հեռացել մանկությունիցս, ու տան ոչ մի անկյունը էլ մանկություն չէր հիշեցնելու։ Աբրահամյանների տունն էլ առաջվանը չէր. երեխաները ամուսնացել էին, հյուրերը այլևս նույն եռուզեռով չէին գալիս-գնում: Բոլորի տանն էլ վիշտ կար, բոլորն էլ իրենցն էին…

Պատերազմ անունով չարագործը գորշացրել էր ողջ մանկությանս վառ պատկերները…