arsine

Բակային համերգներ

-Աաա-րաա-մեեե, Աաա-րաա-մեեե… Դե իհարկե, եթե մեր բակից չես,ապա չես էլ հասկանա, թե ում մասին է խոսքը:

Արամեն եղբայրս է, 9 տարեկան է, սովորում է 3-րդ դասարանում: Նա կատարյալ «թաղային հեղինակություն» է և նրան անհնար է պատկերացնել առանց իր ընկերների: Ահա այս բացականչություններն ամեն օր կարելի է լսել մեր տան պատուհանի տակից՝ ուղիղ ժամը 3-ին: Սա այն ժամն է, երբ ես գալիս եմ տուն դպրոցից: Եվ ինչպես իրեն կզգա մի աշակերտ, երբ հոգնած ու սովամահ վիճակում, հազիվ հասել է տուն ու բաց պատուհաններից լսում է ընկերական «երգչախմբային» բղավոցներ:

-Աաա-րաա-մեեե, Աաա-րաա- մեեե… -Էրեխեք, Արամեն տանը չի, հենց գա՝ կիջնի:

Սրանք իմ ամենօրյա խոսքերն են, որոնցից հետո անշուշտ վաստակում եմ դժգոհ դեմքերով «լավ» -երը: Ու քանի դեռ Արամեն տուն չի եկել, ես դառնում եմ նրա պաշտոնական ներկայացուցիչը պատուհանի մոտ՝ մի քանի ժամով: Եթե ես կարծում եմ, որ վերջ, էլ չեն կանչի, ապա չարաչար սխալվում եմ. այս բակային համերգները կրկնվում են պարբերաբար: Բղավոցները նույնն են, իսկ արդեն մարդիկ այս անգամ՝ տարբեր թաղամասերից ու լրիվ ուրիշ բակերից: Երբեմն լինում է նաև այնպես, որ ես ստիպված եմ լինում խաբել երեխաներին, դե, որովհետև Արամեն դաս է սովորում, իսկ եթե լսի, որ իրեն կանչում են խաղի՝ «կթռչի» տնից:

Դաս սովորելու պրոցեսը սկսվում է ժամը 6-ին, երբ նա վերադառնում է տուն պարապմունքից: Իսկ այս ժամին բնականաբար կյանքը եռում է բակում, ու քանի դեռ «Աա-րա-մե» չեն կանչել, ես վազում եմ պատուհանի մոտ՝ րոպե առաջ հայտնելու Արամեի զբաղվածության մասին: Նայում եմ պատուհանից դուրս. սկսվեց: -Արսինե, Արամեն կիջնի՞ դուրս: -Էրեխեք ջան, տնայինն ա գրում, վերջացնի՝ նոր կգա,- ասում եմ ես՝ հանկարծ կողքի պատուհանից տեսնելով Արամեի դուրս հանած գլուխը: – Տղե՜րք, հեսա գալիս եմ, սպասեք, հանկարծ չսկսեք ֆուտբոլը, գալիս եմ: Դասերս էլ արդեն պրծել եմ, Արսինե:

Տղաները, հասկանալով, որ խաբում էի, սկսեցին ծիծաղել, իսկ ես ամոթից հետ քաշվեցի, փակեցի վարագույրն ու մտքում իհարկե սպառնալով՝ «Դե, Արամե, սպասիր»: